Խաչիկ Խաչերը հայ և իրանական գրականությունների միջև կապող օղակ

Ապրիլի 28-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Թռիչք կռունկի հետ» խորագրով ժամանակակից 65 հայ գրողների ստեղծագործությունների պարսկերեն անթոլոգիայի շնորհանդեսը: Բանաստեղծությունները պարսկերեն է թարգմանել Խաչիկ Խաչերը (Թեհրան):
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով Խաչիկ Խաչերին իբրև կապող օղակ հայ և իրանական գրականությունների միջև, նշեց, որ «Թռիչք կռունկի հետ» ժողովածուն գրող-թարգմանչի 17-րդ հրատարակությունն է, ինչը վկայում է, որ Իրանում նա շարունակ իր մասնակցությունն է բերում հայ գրականության տարածման գործում: Արժևորելով Խաչիկ Խաչերի մեծ առաքելությունը արդի հայ գրականությունը օտարալեզու ընթերցողին ծանոթացնելու առումով` Էդ. Միլիտոնյանը հավելեց. «Այսօր շեշտը պիտի դնենք մեր գրականության, մշակույթի տարածման վրա: Աշխարհը պիտի իմանա, որ ունեցել ենք դասական հրաշալի գրականություն, այսօր էլ ունենք ներկայանալի ժամանակակից պոեզիա, արձակ և գրականագիտական միտք»:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ժողովածուն համարեց կարևոր քայլ հայ-իրանական հարաբերությունների զարգացման առումով: «Այսօր կարևոր խնդիր ունենք մեր մշակույթը հանրահռչակելու առումով, որովհետև ունենք տաղանդավոր գրողներ և պիտի կարողանանք նրանց գործերը ինչպես հարկն է ներկայացնել աշխարհին: Թարգմանական գրականությունը պետք է դառնա մեր կարևոր ուղղություններից մեկը»,- ասաց նա:
Ըստ իրանահայ գրող Անդրանիկ Սիմոնյանի` Խ. Խաչերը ճշմարիտ նվիրյալ է հայ գրականության, նա իր ուժն ու ավյունը այս ուղղությամբ է դրել` հայ ստեղծագործողներին պարսիկ ընթերցողին ներկայացնելով պարսկերենով:
«Խաչիկ Խաչերի այս աշխատանքը ոչ միայն նվիրում, գնահատանք է հայրենի գրողի, մշակույթի հանդեպ, այլև առաջին հերթին զոհողություն է, որովհետև ինքը վաղուց, երկար տասնամյակներ հայտնի է որպես օժտված և՛ արձակագիր, և՛ բանաստեղծ, բայց զուգահեռաբար ներկայացնում է նաև իր գրչակիցներին»,- ասաց Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը և տեղեկացրեց, որ Խ. Խաչերի այս անթոլոգիան ներկայացվելու է Թեհրանի ամենամյա գրքի միջազգային փառատոնին:
Ելույթ ունեցան բանաստեղծներ Կարինե Աշուղյանը, Արևշատ Ավագյանը, Գոհար Գալստյանը, Լիլիթը, Հակոբ Հարությունը, Շանթ Մկրտչյանը, Անուշ Վարդանյանը, գրականագետ Հասմիկ Հակոբյանը:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Խաչիկ Խաչերը, նշելով, որ բանաստեղծություններն ընտրել է ինքը, թարգմանելուց հետո ներկայացրել է իրանցի խոշոր գրողների, որոնցից մեկը գրքի վրա գրել է հետևյալ տողը. «Այսքան լավ բանաստեղծությունները մարդուն կյանքի հույս են տալիս, և իզուր չէ, որ ես այսչափ սիրում եմ հայերին»: Իսկ գրքի խորագիրը հուշել է Սոնա Վանի բանաստեղծություններից մեկի տողը: Ամփոփելով ասաց, որ ինքը շարունակելու է հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները թարգմանելու և պարսիկ ընթերցողին ներկայացնելու առաքելությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.