ՊԵՊՈ ՍԻՄՈՆՅԱՆ

ՊԵՊՈ ՍԻՄՈՆՅԱՆ
Բեյրութում իր մահկանացուն կնքեց նշանավոր գրող, լիբանանահայ մշակութային կյանքի երևելիներից, երկարամյա ուսուցիչ, լրագրող, հասարակական գործիչ, սիրված անձ Պեպո Սիմոնյանը (Պետրոս Գալայճյանը):
Պեպո Սիմոնյանը ծնվել է 1937 թ., Ալեքսանդրիայում: Երկու տարի անց ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ: Նախնական կրթությունն ստացել է Նշան Փալանչյան ճեմարանում և Անթիլիասի դպրեվանքում: Այնուհետև ավարտել է Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի արևելյան դպրության կաճառի հայագիտական ճյուղը: Քառասուն տարուց ավելի Պեպո Սիմոնյանը զբաղվել է մանկավարժությամբ, զուգահեռաբար նաև՝ լրագրությամբ: Նա Լիբանանահայ գրողների համախմբումի և քարտուղարության անդամ էր, աշխատակցում էր «Կամար-գրական»-ի և «Շիրակ»-ի խմբագրակազմում:
Պեպո Սիմոնյանը հեղինակ էր բազմաթիվ չափածո, արձակ, գրաքննադատական և հրապարակախոսական ժողովածուների: Նրա բանաստեղծական գրքերից առավել ակնառու են «Նախերգանք» (1968), «Կանաչներու առասպելը» (1977), «Մարդեղություն» (1981), «Ծառին ճիչը» (1991), «Միջերկրականի լույսերուն դիմաց» (2004) ժողովածուները: Արձակից հիշատակելի են «Ծվեն-ծվեն» (1981), «Մայրիներու արմատները» (1986), «Ակնթարթներ մարդու և կյանքի առօրյայեն» (2012) գրքերը:
Պեպո Սիմոնյանի գրականագիտական ուսումնասիրությունները ամփոփված են 2012 թ. լույս ընծայված «Էջեր և նյութեր գրականության» երկու հատորներում:
Պեպո Սիմոնյանի վաստակը գնահատված էր ըստ արժանվույն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսը նրան պարգևատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով, իսկ 2012 թ. Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի:
Սքանչելի գրողի և մտավորականի հայրենանվեր վաստակը մի ամուր և անխորտակ կամուրջ էր Սփյուռքի և Հայրենիքի միջև, որը կշարունակի երկար խանդավառել ճշմարիտ արվեստասերների սրտերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ
ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԵՌԱԳՈՒՅՆԸ ԱՐԱՐԱՏԻ
ԳԱԳԱԹԻՆ

Համանուագ կայ այսօր բնութեան
մէջ եւ օդին՝
Ճռուողիւններ սիրակա՛նչ համերգի
պէս ներդաշնակ,
Կըդաշներգեն ցնծագին մեղեդիներ
գարնայի՜ն.
Երկինքն այսօր է՜ կարծես երգեհոն
մը հովուերգակ:

Անշուշտ, տարիներ առաջ այս տողերը հանգերգելիս բանաստեղծը մտքով չէր կարող անցկացնել, որ գարնանային նման մի օր հուղարկավորվելու է ինքը: Միայն թե սգակիրների թափորը նրան ոչ թե Բեյրութի Ֆռըն Շըբբեքի ազգային գերեզմանատունը, Արարատ է տանելու: Ամբողջ կյանքի նվիրական փափագը, նպատակն էր՝ «Վրաննիս զարնենք Արարատի լանջին»:
…Ազգային ճակատագիր գոյություն ունի՞: Իհարկե՜ ունի: Պարոնյանը, Վարուժանը իրենց ապրած ժամանակի (և ոչ միայն իրենց ապրած ժամանակի) խոշորագույն գրողներն էին, բայց քանի որ հայ գրողներ էին, միաժամանակ ուսուցիչներ էին, կուսակցական ու մշակութային գործիչներ: Գրականությունը, մանկավարժությունը, կուսակցությունը, մշակույթը նրանց համար տարագիր հայ ժողովրդին ծառայելու կերպ էր, հայապահպանման ազդակ ու խթան:
Պեպո Սիմոնյանը բանաստեղծ էր ծնվել, բայց քանի որ արտերկրում էր ծնվել, ճակատագրով պիտի դառնար մանկավարժ՝ Ռուբինյան վարժարանի, Հ.Կ.Բ.Մ-ի Սահակյան և Լևոն Մկրտչյան կրթարանի, Հ.Բ.Ը.Մ.-ի այլ ուսումնական հաստատությունների երկար տարիների ուսուցիչ ու տնօրեն, զինվորագրվեր ազգային մայր՝ Հնչակյան կուսակցությանը, ուսանողական, երիտասարդական շարքերում թրծվելով ընդհուպ ընտրվեր կենտրոնական վարչության անդամ, մի խումբ նախանձախնդիրների հետ հիմնադրեր «Նոր սերունդ» մշակութային միությունը:
Այս բոլորով հանդերձ, այս բոլորով մեկտեղ, քանի որ գրող էր, չէր կարող չգրել, գրեց ու հրատարակեց «Նախերգանք», «Կանաչներու առասպելը», «Մարդեղություն», «Ծառին ճիչը», «Միջերկրականի լույսերուն դիմաց»՝ բանաստեղծական, «Ծուէն ծուէն երիզներ», «Մայրիներու արմատները»՝ արձակ, «Ակնթարթներ մարդու եւ կեանքի առօրեայէն», «Մարդկային իրաւանց հարցեր»՝ իմաստասիրական, «Խորհրդածութիւններ Հայաստանի գրողներու Ե համագումարի սեմին», երկհատոր «Էջեր եւ նիւթեր գրականութեան» գրականագիտական գրքերը:
Իր ավելի քան կեսդարյա գրական, մանկավարժական, կուսակցական, հասարակական-մշակութային գործունեության համար Պեպո Սիմոնյանն արժանացել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսության «Սուրբ Մեսրոպ», Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց», բոլորովին վերջերս՝ Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» պատվանշանների, բայց դա ի՛նչ մխիթարություն էր, նրա նպատակը Արարատ հասնելը, սրբազան լանջին վրան խփելն էր: Բանաստեղծի մեջբերված «Գարնանային մեղեդիներ» քերթվածը խորհրդանշական ավարտ ունի.

Կ’արձագանգեն հոգւոյս մէջ
նուագները բնութեան,
Յուզումներու թրթիռներս
ձայնանիշեր կըդառնան.
Ծնունդ կ’առնեն արիւնէս նոր
երանգներ խազերու,
Կ’այլափոխուի տարօրէն հոգիս
վինի բազմալար,
Կըզգամ ցաւը երկունքի ծնելիք նոր երգերու:

Պեպո ջա՜ն՝ նա մտերիմների համար միշտ էլ «Պեպո ջան» էր, հավատա՜, մենք անպայման հասնելու ենք Արարատ, վրան ենք խփելու ձյունափառ լանջին, ու դու մեզ հետ ես լինելու: Կտեսնե՜ս՝ տաքանալու համար խարույկ չենք վառելու: Եռագույնի հաղթական, հպարտ ծփանքը մեզ ջերմացնելու է:

Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

***

Վերջին շրջանում տագնապի հուզումով ենք հետևում Լիբանանի հայ համայնքի ճակատագրին, անհանգստանում, որ բեղուն ու ստեղծագործ համայնքը նոսրանում է: Տագնապը ավելի է խորանում, երբ գուժում են մի մտավորականի մահը, ով անմնացորդ նվիրումով լծվել է այդ համայնքի հասարակական, կրթական և հոգևոր նորոգումներին:
Կյանքի 78-րդ տարում կյանքից հեռացավ լիբանանահայ բանաստեղծ, գրականագետ, գրական քննադատ, մանկավարժ Պեպո Սիմոնյանը, ով ամբողջ կյանքը ոչ միայն նվիրաբերեց լիբանանահայ համայնքի գրական-հասարակական կյանքի ակտիվացմանը, այլև անընդհատական փորձով կամրջում էր Սփյուռքի կյանքը հայաստանյան իրականությանը` այն դիտարկելով մի ամբողջություն:
Բանաստեղծ Պեպո Սիմոնյանը երբեք իրեն չի պարտադրել: Անաղմուկ, անխոնջ մշակի նման տարիների ընթացքում ստեղծել է քերթվածներ, որտեղ խոհը համերաշխվում է պոռթկուն բռնկումներին: Այժմ, երբ hետադարձ հայացք ենք ձգում նրա բանաստեղծական ընթացքին, ականատես ենք լինում մի պատշաճ ժառանգության, որն, անշուշտ, լրջագույն ուսումնասիրության առարկա է:
Անչափ կարևոր ներդրում են նաև Պեպո Սիմոնյանի գրականագիտական հայացքները: Միայն այն, որ Սփյուռքում տպագրվող գրականագիտական հոդվածները հիմնականում մակերեսային էին ու զուրկ գիտական հայացքից և այս համաբանության մեջ ունենալ քննական մոտեցում գրական երևույթներին՝ արդեն խոսում է այն ուշարժանության մասին, որին արժանի է նրա գրականագիտական վաստակը: «Էջեր եւ նիւթեր գրականութեան» խորագիրը կրող հոդվածների և ուսումնասիրությունների երկու հատորը (Ա հատոր. 2007, Բ հատոր, 2009) ցույց է տալիս, որ Պեպո Սիմոնյանի աչքից չի վրիպել սփյուռքահայ գրական կյանքի գրեթե ոչ մի արժանահիշատակ երևույթ:
Պեպո Սիմոնյանի գիտական այս գործունեությունն ուղեկցվել է մանկավարժական ակտիվ գործունեությամբ: Քառասուն տարուց ավելի նա լծվել է լիբանանահայերի ազգային կրթության շնորհակալ գործին:
Պեպո Սիմոնյանի գործունեությունը հատկապես վերջին տարիներին նկատվել և գնահատվել է տարբեր կազմակերպությունների կողմից, արժանացել է բարձր պարգևների, սակայն այս գնահատականներն ու ապագա հիշատակությունները չեն կարող լրացնել այն թափուրությունը, որն ազգանվեր մտավորականի մահով բաժին ընկավ լիբանանահայությանը և գրական աշխարհին:

Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.