ՄԱՆԿԱՊԱՏՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ

ՀԱՅԿԻ ԺԱՌԱՆԳԸ

Նա Հայկի ժառանգ ու հայկազուն է,
Նա ո՛չ հերոս է, ո՛չ դյուցազուն է,
Հեռվից, մշուշից հայտնվում, գալիս,
Միշտ էլ նույն հարցն ու
խորհուրդն է տալիս.
– Կանաչ աշխարհ է ու կարմիր արև,
Այս արևի տակ դու ի՞նչ ես արել:
Մի ծառ տնկե՞լ ես,
Մի ծիտ փրկե՞լ ես,
Մի ծուռ շտկե՞լ ես,
Մի սուտ ճշտե՞լ ես…
Մի՛ հուսահատվիր,
ուշ չէ երբեք էլ,
Թե ունես բարի
մտքեր ու ձեռքեր:

Նրա ձայնի մեջ պապերիս ձայնն է,
Նրա հետ, անշուշտ,
ես համաձայն եմ:
Նա շրջվում է լուռ, թողնում ու գնում,
Եվ ինձ հետ նրա հարցերն են մնում.
«Կանաչ աշխարհ է ու կարմիր արև,
Այս արևի տակ դու ի՞նչ ես արել:
Մի դաշտ վարե՞լ ես,
Մի պատ շարե՞լ ես,
Մի ճեղք քարե՞լ ես,
Մի բեռ տարե՞լ ես…
Մի՛ հուսահատվիր, ուշ չէ երբեք էլ,
Թե ունես բարի մտքեր ու ձեռքեր…»:

Ես նրան միշտ էլ մտաբերում եմ,
Ձայնը ընկալում ու տարբերում եմ,
Զգում եմ նույնիսկ առանց տեսնելու,
Գիտեմ, որ միշտ էլ նույնն է ասելու.
«Կանաչ աշխարհ է ու կարմիր արև,
Այս արևի տակ դու ի՞նչ ես արել…»:

Երվանդ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երգ` երկու քույր լճերին

Սևանա լիճն անո՜ւշ-անո՜ւշ,
Վանա լիճը` աղի՜-աղի՜,
Բայց անուշից եղիր զգույշ,
Իսկ աղիից դու մի՛ փախիր:

Անուշ ջուրը քաշում է ներս,
Աղին քեզ հետ խաղ է անում,
Երկու քույր են կարոտակեզ,
Որ երկնքով են միանում:

Սևանա լիճն անո՜ւշ-անո՜ւշ,
Վանա լիճը` աղի՜-աղի՜,
Օրորոց են անմահական
Իշխան ձկան ու տառեխի:

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Սրատես բազեն
Բազեն ակնոց չի կրում,
Ոչ էլ հեռադիտակ,
Սակայն ութհարյուր մետրից
Որսը տեսնում է արագ:
Տեսնում է ու սրընթաց,
Ճանկում է որսը դիպուկ,
Սլանում է դեպի բույն`
Կտցին ճուտիկ, գորտ կամ ձուկ:

Կատուն

Կարծես տուշով ներկել են
Պոչը և չորս թաթիկը,
Աչիկները կապույտ են,
Շատ փոքրիկ է կատվիկը:
Վագրի ցեղից է կատուն,
Վագրի նման բեղավոր,
Մաքրասեր է չափազանց,
Լվացվում է ամեն օր:
Ճանկերն ամուր ու սուր են:
Հանկարծ մի ցատկ է անում,
Մկան ջանքը իզուր է,
Կատվի թակարդն է ընկնում:

Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Սիրտը իմացել էր

Այդ օրը Մանուշակ տատս հագավ իր ամենալավ շորերը, վերցրեց ձեռնափայտը և մորս ասաց.
– Գնամ Թեմրազանց պառավի հետ մի քիչ զրից անեմ ու գամ:
– Գնա,- ասաց մայրս,- բայց նա՞ է մեծ, թե՞ դու, որ նրան պառավ ես ասում…
– Է՜, ա՛յ բալա, ինչի հետևից ես ընկել,- քմծիծաղեց Մանուշակ տատս,- յոթանասունից հետո էնա բոլորն էլ պառավ են, էլի…
Ասաց ու ճանապարհ ընկավ: Տատս քայլում էր աշխույժ, վստահ քայլերով, ասես հաստատելու համար, որ ինքը Թեմրազանց Հերիքնազ տատից ջահել է… Ես ու մայրս իրար նայեցինք և ուրախ ժպտացինք: Տատս, ասես ինչ-որ բան զգալով, հետ նայեց, ժպտաց ու շարունակեց ճամփան:
Արդեն մութն ընկել էր, երբ վերադարձավ: Ինչպես պարզվեց` միայն Հերիքնազ տատին չէր տեսել ու զրուցել…
– Թաղում ինչքան հասակակից կանայք կան, բոլորի տներն էլ մտա, բոլորի հետ էլ մի բոլ զրից արի,- խոստովանեց տատս,- դե, հո ամեն օր նրանց չեմ տեսնում, ոնց որ կարոտել էի, կարոտս առա:
– Լավ արիր, ա՛յ մեր, էդ ինչի ես էդպես արդարանում: Սիրտդ ուզել է, գնացել, ման ես եկել, հանդիպել քո ջահելության ընկերուհիներին: Երբ ուզենաս, էլի գնա, քեզ ո՞վ է արգելողը:
Մանուշակ տատս մի տեսակ հայացքով նայեց մորս, կարծես ասելիս լիներ` հա՛, բալա ջան, լա՛վ ես ասում, էդպես էլ կանեմ…
Երեկոյան հայրս դաշտից ուշ վերադարձավ: Ամռան աշխատանքների լարված օրեր էին. սկսվել էր խոտհունձը: Կոլտնտեսության եզ ու կովերի, ոչխարների համար ձմեռվա կեր էին կուտակում: Հազիվ մի կտոր հաց կերավ ու պառկեց քնելու: Ես էլ անկողին մտա: Գիշերը երազում անվերջ տատիս էի տեսնում: Ջահելացել, սիրուն աղջիկ էր դարձել, ծիծաղելով մորս ասում էր.
– Գնում եմ ընկերուհիներիս մոտ, կանչե՛լ են, մի քիչ զրից անեմ, կգամ:
Մայրս ոնց որ դժգոհում էր.
– Ա՛յ կնիկ, երե՞կ չգնացիր, էդ ի՞նչ ես իմացել: Հո ամեն օր զրուցելու չեն գնա հարևանների մոտ: Տանը հազար գործ կա, մի բանով օգնիր ինձ:
Ես հայացքով նախատում էի մորս.
– Թո՛ղ գնա, ի՞նչ ես ուզում էդ պառավ կնոջից:
Բայց, ինչ պառավ, տատս ջահել, թռվռուն աղջիկ էր դարձել, ջահելի հագ ու կապով, աչքերում ջահելի ժպիտ:
Երևի այդպես երկար տանջվում էի երազի մեջ, երբ զգացի, որ վերմակս վրայիցս քաշում են: Արթնացա: Աչքերս բացեցի: Հայրս տխուր կանգնած էր մահճակալիս մոտ.
– Տատը մահացել է, վե՛ր կաց: Շորերդ հագի, էս ա բարեկամները հավաքվելու են: Ամոթ է, որ տեսնեն դու տեղաշորում պառկած ես:
Մայրս, արցունքոտ աչքերը սրբելով, ասում էր.
– Ոնց որ սիրտը իմացել էր: Երեկ ոնց գնաց զրուցելու հասակակից կանանց հետ: Ասես մահից առաջ հրաժեշտ տալու գնաց…

Գառնիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ո՞Վ Է ՏԵՍԵԼ…

Այսպիսի բան ե՞րբ է եղել,
Ո՞վ է տեսել այսպիսի բան,
Որ ճնճղուկը չվի հարավ,
Մեղուն դառնա ամբարտավան,

Ագռավն ապրի միայն մի օր,
Թիթեռնիկը՝ հարյուր տարի,
Մոծակը փիղ տապալի ցած,
Օձը դառնա հեզ ու բարի,

Նապաստակը՝ մեծ ու անվախ,
Առյուծ արքան՝ վախկոտ ու թույլ,
Կրիան դառնա վազքի չեմպիոն,
Իսկ մրջյունը՝ անհոգ ու ծույլ,

Մեծ բերանը գետաձիու
Ասեղի անցք դառնա փոքրիկ,
Ուղտը՝ չքնաղ ու նրբիրան,
Իսկ խլուրդը թռչի երկինք,

Ոզնին թավիշ շորեր հագնի,
Փուշը բուրի վարդի նման…
Այսպիսի բան ե՞րբ է եղել,
Ո՞վ է տեսել այսպիսի բան:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Բջջային հեռախոսները

Հեռախոսով՝ նոր, բջջային,
Գնում են դասի,
Մեկ էլ զնգում, զնգզնգում են
Նրանք միասին:

Մե՛րթ` դասական, մե՛րթ` ջազային,
Մե՛րթ էլ` քոչարի,
Ամեն տեսակ զանգ է հնչում
Առանց դադարի:

Դասատուն է գլուխն առած
Փախչում դպրոցից,
Նրա անխիղճ հեռախոսն էլ
Զնգաց մի կողմից:

Հեռախոսից պրծում չկա,
Այն էլ` բջջային:
Կատուներն են մեզ ձեռ առնում
Ճիչով ջազային:

Էդվարդ ԱՎԱԳՅԱՆ

Դեղձերը

Ես պապիս հետ միասին
Դեղձ տնկեցի մեր այգում,
Երեք տարի նա աճեց,
Բայց բերք չկար, չէր ծաղկում:

Ախ, երբ պիտի պտուղ տա,
Սպասում եմ անհամբեր…
Ահա, ահա, վերջապես,
Նա դեղձ տվեց, ի՜նչ դեղձեր:

Կլոր, դեղին, փշփշոտ,
Հավաքեցի, բերեցի
Հասուն-հասուն դեղձերը
Ես զամբյուղում դարսեցի:

Եվ առաջին բերքը իմ
Ես տարա իմ պապիկին,
Կերավ պապս մեծ սիրով,
Ասաց՝ ապրես, իմ անգին:

Ժաննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Բժիշկ թութակը

Տեսեք՝ մի օր ինչ եղավ,
Ծանր ու մեծ իջավ բակ,
Չեք հավատա, բայց մտավ
Մանկապարտեզ մի թութակ:

– Դեղ եմ բերել, – ասաց նա,-
Դառն է դեղը ու լեղի,
Թող որ մի քայլ առաջ գա,
Ով նվում է անտեղի…

– Այդ դո՞ւ պարտեզ չես գալիս,
Դո՞ւ մեծերին չես լսում,
Խիստ թութակ եմ, սի-րե-լիս,
Միտքս պա՞րզ եմ ձեզ ասում:

Դե՛, ո՞ւմ եմ ես դեղ տալիս,
Առաջ եկեք մեկ-մեկիկ,
– Չէ՛, չէ՛, մենք խոսք ենք տալիս
Խելոք մնալ, ա՛յ պապիկ:

Կհետևեմ ձեր վարքին,
Ձեր խոսքը չեմ մոռանա.
Ու սպասում են թութակին
Փոքրիկները մինչ հիմա…

Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԻՆՉՈՒ Է ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ ԲԵՐԱՆԸ ԲԱՑ

Իլոս-իլոս կոկորդիլոսը փոքրիկ, արու ձագ է, որն ապրում է Նեղոս գետի ափին, տիղմի մեջ: Տիլի մեջ, ինչպես կասեր մայրս:
Կոկորդիլոսին անվանակոչել է տատիկ կոկորդիլոսը: Տատիկն ամենաերկարակյաց կոկորդիլոսն է, աշխարհի բոլոր-բոլոր կոկորդիլոսների մեջ: Իսկ մյուս ամենաերկարակյաց կոկորդիլոսը` պապիկն էր, որը սատկեց անցյալ տարի և փառավորապես թաղվեց գյուղակի կենտրոնում:
Ես մոռացա ձեզ պատմել, որ կոկորդիլոսները բնակվում են լճակի կողքին: Այն գոյացել էր Նեղոս գետի վտակից:
Այնտեղ կա մի փոքրիկ գյուղակ, որը գոյություն ունի մի քանի հազար տարի: Այդ գյուղի բնակիչները եգիպտական փարավոնների ծաղկուն շրջանից սկսած սրբացրել են կոկորդիլոսներին: Մարդիկ և սողունները ապրում են հարևանությամբ: Ոչ մի կոկորդիլոս չի վնասել իրենց պահապան գեղջուկներին:
Ավագ բնակիչները կերակրում են կոկորդիլոսներին հավերով, իսկ մանուկները լճակից բռնում են ձկներ և այդ ձկներով են կերակրում:
Այնպես չէ, որ Իլոս-իլոս կոկորդիլոսը որս չի անում: Նա մյուս սողունների հետ սնվում է լճի ձկներով: Չէ՞ որ շատ համեղ են լոքո ճարպոտ ձկները:
Իլոս-իլոսը հարթ կանաչ մաշկ ունի և շատ արագաշարժ է: Իսկ տատիկ կոկորդիլոսը ունի կոշտ, քյարթ-քյարթ կաշի, գույնն էլ գորշ է` վրան կանաչ ու շագանակագույն բծեր: Տատիկը պառկում է անշարժ, և նրա երախը միշտ բաց է: Երեխաներ, դուք գիտեք, Աֆրիկան ամենաշոգ մայրցամաքն է: Կոկորդիլոսներն էլ հովանում են բաց երախի շնորհիվ:
Իլոս-իլոսը դեռ այդքան ընտելացած չէ, որպեսզի նրա վրա էլ նստեն … երեխաները:
Իսկ տատիկը և մի քանի խոշոր սողուններ կուշտ ուտելուց հետո թույլ են տալիս, որ իրենց մեջքին նստեն չարաճճի մանուկները, և անշտապ քայլում են լճի ափով: Ասես երեխաները նստել են պոնի ձիուկի մեջքին և զվարթ ծիծաղում են…
Գյուղակի բնակիչները հին ժամանակից մինչ օրս նպաստ են ստանում, առաջ փարավոնից, հիմա Կոտ դը Իվուարի կառավարիչներից, սուրբ կոկորդիլոսներին պահպանելու համար:
Մայր կոկորդիլոսը 40-ից ավել ձվեր է ածում` խոր փոսի մեջ և հետո հետևում, որ ձվերը տարբեր կենդանիների կեր չդառնան: Կենդանի մնալու և մեծ կոկորդիլոս դառնալու հնարավորություն ունենում են ձվերից դուրս եկած մեկ-երկու ձագերը: Լճի մեջտեղում մեծ կղզյակ կա, որտեղ մայրիկ կոկորդիլոսները հսկում և կերակրում են ձագերին: Պատկերացրեք, նրանց առաջին թշնամին հայրիկ կոկորդիլոսներն են, որոնք հաճույքով կխժռեն անպաշտպան ձագերին: Նրանց ախորժակը փակում են մայր կոկորդիլոսները, որոնք պատրաստ են կյանքի գնով պայքարել և փրկել ձագուկներին:
Այս դեպքում իհարկե գործում է կենդանական բնազդը, որի շնորհիվ արդեն հարյուրավոր տարիներ Երկիր մոլորակի վրա ապրում են կոկորդիլոսները:

Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ

ԵՐԱՆԻ ԵՐԿԻՆՔԸ
ԳՈՒՆԱՎՈՐ ԼԻՆԵՐ

Անձրևից հետո երկնքում կամարվել էր ծիածանը: Անձրևաորդը դուրս էր եկել հողից և տաքանում էր արևի տակ: Մի պահ նայեց երկնքին ու որոշեց հաշվել ծիածանի գույները: Դրանք յոթն էին: Հետո հանկարծ մտածեց, թե ինչու՞ ողջ երկնակամարն այդպես գույն-գույն ներկված չէ: Գուցե ծիածանը ծու՞յլ է եղել, կամ թե քիչ են եղել ներկե՞րը:
Անձրևաորդը կրկնեց մտքում գույներն ու որոշեց օգնել երկնքին: Այսինքն՝ ներկել: Գնաց մրջյունի մոտ և ասաց.
– Ես այնպե՜ս եմ ցանկանում, որ երկինքը գունավոր լինի:
– Ճիշտ է, շատ գեղեցիկ կլինի, բայց դու ինչպե՞ս կներկես: Դու ներկեր չունես, անգամ դու ինքդ գույներ չունես: Տես, ինչքա՜ն գույներ ունի զատիկը՝ կարմիր և սև: Գնա զատիկի մոտ, գուցե նա քեզ ներկ տա:
Անձրևաորդն ուղևորվեց զատիկի մոտ: Նա բարձրացել էր ծաղկի տերևի վրա և տաքանում էր: Լսեց զատիկը, լսեց, մտածեց և համաձայնվեց.
– Ինչ կա որ, ես քեզ մի փոքր կարմիր ու մի փոքր էլ սև գույն կտամ:
Վերցրեց անձրևաորդը զատիկի տված գույները: Հետո մտածեց, որ ծիածանի գույները յոթն են:
– Ուրեմն էլի գույներ են հարկավոր: Գույներ ունեն և՛ միջատները, և՛ թռչուններից շատերը:
– Դեղձանիկն իր փետուրների վրա միանգամից մի քանի գույն ունի, – ասաց մրջյունը:
– Բայց, եթե ես գնամ դեղձանիկի մոտ, նա ինձ միանգամից կկտցի,- վախեցավ անձրևաորդը:
– Ես նապաստակի ականջին կասեմ, որ գնա ու խնդրի դեղձանիկին:
Եվ այսպես, մրջյունը պատմեց նապաստակին ողջ պատմությունը, իսկ նապաստակն էլ գնաց դեղձանիկի մոտ և խնդրեց նրանից գույներ: Երբ նրանք հավաքել էին շատ տարբեր գույներ, տեսան, որ նաև ունեն շատ բարեկամներ, որոնք ցանկանում են օգնել: Բոլոր միջատներին և թռչուններին հետաքրքրել էր՝ այդ երկինք ներկելու պատմությունը: Նրանք բոլորը միասին, ամեն մեկն իր ցանկացած գույնով ներկեց երկինքը:
Եթե դու էլ ցանկանում ես տեսնել, թե ինչ ստացվեց, նայիր երկնքին և կտեսնես: Իսկ եթե կցանկանաս ինքդ էլ ներկել, ապա՝ ներկիր, և երկնքին ավելացրու քո՛ գույնը:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
***
– Գարուն է,- ճչաց սերմը՝
Արթնացած ձմռան քնից,
Հարմար չէր քնած տեղը,
Ճչում էր,-բաց թողեք ինձ:
Ուզում էր աշխարհ տեսնել՝
Երկինք էր ուզում հողից,
Արևին աչքով չափել
Ու բացվել սիրո դողից:
Ճչում էր`տեսեք դուք ինձ,
Ծիլ եմ ես արդեն կանաչ,
Անուն չունեմ` հասկ եմ, սինձ,
Թե մանուշակ կապուտաչ:
Մեկ է, եկեք տեսեք ինձ,
Հողից ինչքան եմ վերև,
Ծիլ եմ, ծաղիկ եմ, թե գինձ՝
Գարունը ես եմ բերել….

Վաղինակ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Խելագար առուն

Արևի ոսկե
Վարսերը գարնան
Փարվել են առվին,
Գրկել են նրան:
Ասես, բարուր է
Առուն կապուտաչ,
Ճոճվում ճոճքի մեջ՝
Շուրթերին՝ կարկաչ:
Մեջքին՝ պերճ գոտի
Իսկ կրծքին՝ քնար,
Վարարեց դարձավ
Խենթ ու խելագար:

Ռոզա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեդեա
Աբրահամյան.
Մեներգ
թավջութակի համար
(Հատված վիպակից)

Երևի ընկերուհիներ դպրոցում ունեցել եմ, բայց քանի որ դեռ տարրական դասարաններում ինձ «բախտ» է վիճակվել առնչվել դավաճանության հետ, ես, առանց այդ էլ չափազանց ամաչկոտ լինելով, վերջնականապես պարփակվեցի ինքս իմ մեջ: Մտերիմ ընկերուհիս (համենայն դեպս, ինձ թվում էր, թե նա մտերիմ ընկերուհիս է) դասի ժամանակ հանկարծ ձեռք բարձրացրեց և զրնգուն ձայնով դիմելով ուսուցչուհուն՝ դասարանով մեկ հայտարարեց.
– Գիտե՞ք, Մեդեան Ստալինին չի սիրում:
Ուսուցչուհու հոնքերը վեր ելան, նա դիմեց ինձ.
– Ապա կանգնիր, Մեդեա: Դու իսկապե՞ս չես սիրում Ստալինին: Ապա ո՞ւմ ես սիրում:
Դիմացի պատին փակցված էին Քաղբյուրոյի անդամների լուսանկարները: Հայացքս հառեցի պատին: Ստալինի հարևանությամբ Վորոշիլովի լուսանկարն էր:
– Վորոշիլովին,- կողմնորոշվեցի ես:
– Նստիր, Մեդեա,- թեթևացած շունչ քաշեց ուսուցչուհին:
Որքան էլ զարմանալի է, այդ դիպվածը շարունակություն չունեցավ: Ըստ երևույթին, ուսուցչուհին ևս համակրում էր ոչ թե գեներալիսիմուսին, այլ՝ Քաղբյուրոյի ցածրաստիճան անդամներից մեկին: Ինչևիցե, ես մշտապես զգացել եմ հակակրանք ոչ միայն համադասարանցիներիս, այլև ուսուցիչներիս կողմից: Հավանաբար պատճառներից մեկն այն էր, որ ես ժողովրդի թշնամու զարմուհի էի, սակայն սովորական նախանձն էլ չէր բացառվում: Գրեթե յուրաքանչյուր քննություն ինձ համար արցունքների պատճառ էր դառնում: Չէի հասցնում միջանցքում երևալ, բարեսիրտ համադասարանցիներս չորս կողմից վրա էին տալիս, շտապում էին հայտնել, թե ինչ վատ եմ նվագել: Նրանց ծնողների կշտամբող կամ, լավագույն դեպքում, խղճալից հայացքները ուղղվում էին ինձ: Սակայն քննասենյակից դուրս էր գալիս հանձնաժողովի նախագահն ու հայտարարում գնահատականները.
– Մեդեա Աբրահամյան, գերազանց, հինգ ու խաչ:
Երբ ստուգողական աշխատանք էինք գրում, ամբողջ դասարանը օգտվում էր ծածկաթերթիկներից: Բայց ուսուցչուհին միայն իմն էր բռնագրավում, ուրիշներինը պարզապես չտեսնելու էր տալիս: Պարզվում է՝ ժամանակին մորս համակուրսեցին է եղել, և դեռ այն տարիներին մեջները «սև կատու» է անցել: Բոլոր ուսուցիչների սիրելին իմ համադասարանցի աղջիկներից մեկն էր: Նրա հայրը ատամնաբույժ էր, և բոլոր ուսուցիչներին ոսկե ատամներ էր սարքում:

Սարգիս ԿԱՐԵՅԱՆ

ՓՈՔՐԻԿ ՈՒԼԱՊԱՐՈՒՀԻՆ

Մեր սարերում շատ գայլեր կան,
Մութ գիշերով մեր տուն մտան,
Գոմում ունեմ ես երկու ուլ,
Երկուսն էլ չալ, սիրուն, պուճուր.
Վո՜ւյ, վո՜ւյ:

Որսորդ քեռիս հրացանով
Դեմներն ելավ մութ կածանով,
Գայլերը հենց քեռուս տեսան,
Լուռ թեքվեցին ու հեռացան.
Ջա՜ն, ջա՜ն:

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ԱԼԱ-ԲԱԼԱ-ՆԻՑԱ ԿԱՄ ԵԿԵՔ ՀԱՇՎԵՆՔ

Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Տեսնենք ո՞վ կկրակի
Այն աղվեսի վրա, որ
Բոլորին խաբել է, թե
Գնացել է մարզանքի,
Բայց առավոտ շուտ, թաքուն,
Սողոսկել է հավաբուն:
Քեռի Վաղոն շատ ունի
Աղ ու պղպեղով վառոդ,
Դե, շուտ վազիր նրա մոտ:

Ինի-մինի-մայնի-մուկ,
Կատուն բռնեց մի չաղ մուկ,
Մյուս մկները այդ տեսան
Ու կատվի վրա հասան:
Ինի-մինի-մայնի-մուկ,
Ի՜նչ աղմուկ է, ի՜նչ աղմուկ:
Շա՞տ երկար ես նստելու,
Գնա կատվին փրկելու:

Ալա-բալա-նիցա,
Արջ տեսա, շատ վախեցա.
Երբ գնացի ես անտառ,
Ուրախ էի ու կայտառ:
Շլդիկի հետ պարեցի,
Թութակի հետ երգեցի:
Թութակի հետ երգեցի:
Բակում տոթ է, շոգ ամառ,
Ո՞վ կգա ինձ հետ անտառ:

Գեորգի ՄԿՐՏՉՅԱՆ

ԳԱՐՈՒՆԸ ԿԳԱ

Իսկ ով է ասում՝ գարունը չի գա:
Գարունը կգա՜,
Գարունը կգա՜,
Ձմռան արևի
Ժպիտը վկա:

Վկա՝ աստղերի ժպիտը զվարթ,
Վկա՝ ձորերը, սար ու սարահարթ,
Կանաչ եղևնու արմատ ու սաղարթ:

Թեկուզև լինի
Յոթ սարի ետև՝
Գարունը կգա՜,
Կգա հևիհև…

Ու… կքչքչան առուները ջինջ,
Այս ձյունաբուքից,
Սառնամանիքից,
Չի մնա ոչինիչ:

Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Պապերիս պես

Պապերիս պես,
Սարին փարված,
Ապրեցի ու հաղթեցի,
Բերդի նման վեհասլաց`
Տուն ու տեղս պահեցի…
Պապերիս պես Սարեր ելա,
Որպես Արծիվ-Ֆիդայի,
Որ ոսոխը առաջ չգա,
Խաս Հողս չտրորի…

Պապերիս պես ճամփով Սարի
Կհեռանամ աշխարհից,
Սարը` Անո՜ւնս կպահի,
Ես էլ` սուրբ Հո՜ղը Սարիս…

Գևորգ ԴԱՎԹՅԱՆ

Խոպոպիկը

(Հատված վիպակից)
Թե ինչպես ծանոթացան Խոպոպիկն ու Բայկին, և ինչ էր ուզում Կռվակծիկը:

Լինում է, չի լինում, Այգեպատ անունով մի փոքրիկ քաղաք է լինում, որտեղ գեղեցիկ պուրակներ ու այգիներ կային: Այնտեղ ապրում էր մի աղջիկ: Նա շատ սիրուն էր` խոշոր, կանաչ աչքերով, երկար շագանակագույն մազերով: Քանի որ քաղաքում միայն նա ուներ շագանակագույն խոպոպներով մազեր, բոլորը նրան կոչում էին Շագանակագույն Խոպոպիկ: Խոպոպիկը զարմանալի աղջիկ էր: Նա շատ էր սիրում նկարել: Ի տարբերություն բոլորի, նրա նկարները կենդանանում էին: Խոպոպիկը երբեք չէր բաժանվում իր մատիտներից. նկարում էր ծառեր, ծաղիկներ, թփեր, կենդանիներ, բզեզներ, և բոլորը շունչ էին առնում: Քաղաքի մյուս ծայրում ապրում էր գեղեցիկ արտաքինով մի տղա: Այս տղան ուներ մի մոտոցիկլետ և, ինչպես Շագանակագույն Խոպոպիկն իր մատիտներից, նա էլ իր մոտոցիկլետից չէր բաժանվում, քանի որ մոտոցիկլետը կախարդական էր: Նա կարողանում էր շատ մեծ, ակնթարթային արագությամբ հասնել ուզած վայրը և գտնել ցանկացած մեծ ու փոքր ճանապարհ: Ու քանի որ նա էլ իր մոտոցիկլետից էր անբաժան, բոլորը նրան կոչում էին Բայկի:
Այդ ժամանակներում ապրում էր նաև մի չար մարդ, որը կախարդական հնարքների միջոցով ստեղծել էր իր սեփական աշխարհն ու այնպես էր արել, որ ոչ ոք չկարողանա գտնել այդ աշխարհը: Նրա անունն էր Կռվակծիկ: Նա մի չար ծրագիր ուներ, որի միջոցով կամենում էր վերացներ աշխարհի երեսից լավն ու բարին, գեղեցկությունն ու ուրախությունը, բայց քանի որ նրա կախարդանքը ի զորու չէր կենդանի էակներ ստեղծել, նա կարողացել էր միայն սարքեր ստեղծել, որոնց միջոցով պետք է իրականացներ իր չար մտահղացումները: Սակայն նա միայնակ չէր կարող գործարկել այդ սարքերը: Դրա համար նրան շատ ու շատ աշխատողներ էին պետք, և նա անընդմեջ և ամենուրեք փնտրում էր մի բան, որն իրեն կօգներ և կհաներ այդ դժվար իրավիճակից:

Անցան տարիներ: Շագանակագույն Խոպոպիկն ու Բայկին մեծացան: Մի օր Խոպոպիկը փողոցն անցնելիս մի գեղեցիկ թռչուն տեսավ: Մատիտը բերանին կանգնեց փողոցի կենտրոնում ու զմայլված սկսեց հետևել թռչնակին: Այդ պահին Բայկին իր մոտոցիկլետով արագ սլանում էր: Հանկարծ նկատեց, որ ուր որ է` խփելու է Խոպոպիկին: Մի կերպ խուսափում է բախումից: Բայկին մի փոքր հեռու ընկնում է իր մոտոցիկլետից և գլորվում դեպի մայթը: Նա կանգնում է, զայրացած մոտենում է Խոպոպիկին, որպեսզի նախատի նրան: Իսկ Խոպոպիկը դեռ կանգնած էր նույն տեղում և ապշած նայում էր կատարվածին: Երբ Բայկին մոտենում է, Խոպոպիկը նայում է Բայկի աչքերին, և նրա կանաչ ու խոշոր աչքերից այնպիսի լույս ու բարություն է ճառագում, որ Բայկին անմիջապես մոռանում է զայրույթի մասին ու երբ նայում է Խոպոպիկի աչքերին, հասկանում է, որ սիրահարվել է: Այդ պահին նրա մոտոցիկլետը վեր է կենում ընկած տեղից, իրեն թափ է տալիս և դռդռալով ու բռբռալով գնում-կանգնում է Բայկիի թևի տակ, որպեսզի նա հենվի իր վրա: Բայկին խնդրում է Խոպոպիկին, որ միասին գնան զբոսնելու: Խոպոպիկը սիրով համաձայնվում է, և նրանք, նստելով մոտոցիկլետ, սլանում են դեպի հիասքանչ այգին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.