ԻՄ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐ Է / Անի ՓԱՇԱՅԱՆ

Իր առաջադրած մարդասիրական գաղափարներով, հայրենիքը և հայ մարդուն լիարժեք ներկայացնելու ազնիվ մղումներով 60-70-ականներին և դրան հաջորդած ժամանակներում հայ արձակում իր ուրույն տեղն ամրագրեց Աղասի Այվազյանը, ում արձակի ուսումնասիրությամբ ավելի տեսանելի են դառնում 21-րդ դարի գրականության հետագա զարգացման ուղիները: Իր ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում նա քայլեց խիստ ինքնատիպ, միայն իրեն հատուկ ստեղծագործական ճանապարհով: Դա դեպի մարդն ընթացող երկարատև ուղևորություն էր, որը սպիտակ թղթին ճշմարիտ խոստովանությունների համար էր սկսվել: Այս առումով նրա ճաշակած տառապանքը աղերսներ ունի Նարեկացու հետ: Այվազյանը նույնպես գնաց դեպի մարդը՝ երկրային, մեղքերով, հաճախ խեղճ ու միայնակ, բայց հոգու ներսույզով: Գրողը ճանաչեց նրան՝ ամենաբազմազան, բարդ ու բազմաշերտ, բարի ու նենգ, մարդասպան ու հանցագործ: Այս առումով Աղասի Այվազյանին կարելի է անվանել հոգու պատմահայր: Արվեստի հանդեպ իր բուռն հետաքրքրություններով տաղանդավոր արձակագիրը, դրամատուրգը, էսսեիստը, կինոսցենարիստը նոր խոսք ասաց կյանքի ու տառապանքի, ցավի ու երջանկության, սիրո ու տագնապի, գոյության ու ճակատագրի, ցեղի ու տոհմի շարունակության մասին: Եվ գրականություն բերեց հետաքրքրաշարժ հերոսների ու բնավորությունների խառնարան, հայտնաբերեց աշխարհն ու նրա բնակչին անսահման սիրող, լքված ու միայնակ մարդուն: Չափազանց բարդ խառնվածք ունեն Այվազյանի անսովոր հերոսներն իրենց փնտրտուքներում: «Գրականությունը,- գրում է Այվազյանը,- սկսվում է խղճի ձայնից: Ասածս պարզունակ բարոյականություն չէ: Խոսքս մարդու էության մասին է: Գրողն իր ներսում պայքարում է իր կոմպրոմիսների դեմ: Դա գերմարդկային ճիգ է, մարդ ապրելու միակ ելքը»: Ե՛վ վիպակներում, և՛ պատմվածքներում Այվազյանի՝ բարդ խառնվածքով և բնավորության բազմաշերտ կառուցվածքով հերոսը ձգտում է դեպի մյուս մարդը: Այս հետաքրքիր փնտրտուքում հերոսը ծանր ապրումներ է ունենում, հաճախ լքվում, օտարանում, հասկանում, որ Ուրիշը, Մյուսը չի կարող օգնել իրեն, ճանաչել ու հասկանալ: Այստեղից էլ՝ այվազյանական հերոսի մեծ միայնությունն ու ողբերգությունը. «Մի պահ ես ինձ ահավոր մենակ զգացի, զգացի, որ մարդը դատապարտված է նույնիսկ ամենամոտիկ մարդու կողմից չհասկացված լինելու վտանգին: Եթե մենք այսօր իրար ծաղիկներ տանք վայրկյանը փրկելու համար, մենք ավելի կամրացնենք մեր կեղևը: Այդ սարսափելի կեղևը, որ բանտի խցիկի քարե պատերից էլ դաժան է և կործանարար: Այդ կեղևը մարդուն անզորության է մատնում, ամեն ինչ դարձնում է անիմաստ, մարդն ինքն իր դեմ է լինում և չի հասկանում այդ»,- այսպես է խորհում «Ես՝ իմ մայրը» պատմվածքի գլխավոր հերոսը: Այսպիսի հոգեվիճակում են հայտնվում Այվազյանի հերոսներից շատերը: Գրողի սերն այսպիսի հերոսի հանդեպ ակնհայտ է: «Ես ծնվել եմ սիրելու համար: Իմ նոր պատմվածքը չի նմանվում նախորդին: Միայն սիրելով կարող եմ նորը ստեղծել: Իմ գրականությունը սեր է»,- ասում է գրողը հարցազրույցներից մեկում: Անսովոր է նաև մայրը Այվազյանի գրականության մեջ: Նրան հետաքրքրում է մոր սերը. Ինչպե՞ս է սիրում մայրը որդուն, պահում- պահպանում, փրկում կամ կործանում: Մեր գրականության մեջ հազիվ թե գտնվի մի ամբողջ ստեղծագործություն, որտեղ մայրը, կորցնելով որդուն, այդպես գնահատի որդու ողջ կյանքը՝ անցյալը, սերը, հայրենիքի հանդեպ տածած նրբագույն զգացումը: Որդու ուղեղի պատկերում մայրը տեսնում է ամեն ինչ, ում համար մութ է այլևս կյանքն առանց որդու («Մորս լացը մեռած եղբորս վրա»): Անսովոր են Այվազյանի պատկերած մայրերը՝ մեր գրականության մեջ բոլորովին նոր կերպավորումներ («Պորտը վրան», «Մեդալիոնը«, «Ուստի՞ գաս», «Ծեր Եպրաքսին և նրա տարեց տղան»): Գրողի հայացքը որսում է մասնավորը, աններդաշնակը, հակասության ու թյուրիմացության փաստը: Մեկ մասնավոր դեպքը կարող է բնորոշել որակ, որ ամբողջանում է արդեն իսկ պատմվածքում: Այվազյանի արվեստի բանալիներից մեկն էլ փաստի կարևորության առկայությունն է: Գրողի համար հաճախ հենց դա է դառնում առաջնայինը: «Ես շատ եմ սիրում իմ մորը և չէի պատկերացնում, որ կարող եմ առանց նրա ապրել, բայց ապրում եմ: Յուրաքանչյուր փոքրիկ աղջկա մեջ ես իմ մորն եմ տեսնում»,- խոստովանել է գրողը: Խաղաղության երգը» վերնագրով պատմվածքը գրողը նվիրել է մորը՝ Եղիսաբեթ Այվազյանին: Այվազյանի արձակում անսովոր է հյուսված նաև կնոջ կերպարը: Ուժեղ, մոգական, երբեմն աներևույթ ու անշարժ՝ նրանք են որոշում՝ ինչպիսին պիտի լինի տղամարդու ճակատագիրը: Հաղթանդամ և ուժեղ ձեռքերով Աֆիմյան «Աղի կոմսը» վիպակում խորհրդանշում է կամք, ուժ ու հաստատակամություն: Նա խորհրդանշում է Ռուսաստանը: Երկիրը հզոր է այսպիսի կնոջ ներկայությամբ: Իսկ ուժեղ կինը կարող է դեպքեր և իրադարձություններ շարժել: Նա գիտի իր հզորության գաղտնիքը. Ճանաչում է իրեն («Խոսրովադուխտ»): Գրողի գեղագիտական բարձրակերտը «Հեքիաթի» կնոջ կերպարն է, որի ետևից մշտապես շարժվում է և շարժվելու է տղամարդը: Այսպիսի կնոջ բնավորության բացառիկ գծերը ուրվագծվում են նրա ստեղծած բոլոր լավագույն կին հերոսների դրսևորույթներում՝ Բերյաշի, Սասեի, Կոռնելիայի, Աֆիմյայի: Գրողը լավ է ճանաչում կնոջը, գիտի նրա անեզր հոգու գաղտնիքները: Շոշափելիորեն նկարագրելով նրա ցավը, տառապանքը, թախիծը, լքվածությունն ու նվիրումը՝ ստեղծել է կանանց ինքնատիպ կերպարներ՝ գեղագիտական շենշող գույներով: Ինչպես շատ գրողներ, այնպես էլ Այվազյանը, պատկերել է հոգու քաղաք- աշխարհակետ: Թիֆլիսն է, որտեղ գրողն ապրել է իր կյանքի կեսը: Հյութեղ, կերպարային պատմվածքների մի ամբողջ շարք է նվիրել արևելյան այս քաղաքին: Այստեղ է կայացել նրա գրական մկրտությունը, որն իր նիստուկացով, ուրախության և տխրության արարողակարգերով, շուկաների առևտրով, բաղնիքներով, վարքուբարքով Այվազյանի համար եղավ ստեղծագործական հզոր մի լաբորատորիա իր բոլոր հատկանիշներով: Սուրեն Աղաբաբյանն արժևորել է գրողի հատկապես թիֆլիսյան շարքը՝ այստեղ տեսնելով մարդու նախնականության և բնականության հենց այն բարոյախոսական-փիլիսոփայական մեկնակետը, որով հետո գրվել են հետագա տարիների շատ գործեր: Այվազյանը ֆանտաստիկ գույներով է պատկերել Թիֆլիսը, ստեղծել նմանատիպ կերպարներ ու բնավորություններ, ասել է թե՝ քաղաքը և մարդը լրացնում են մեկմեկու իրենց արտասովոր վարքագծով: Խաչատուրը ձգտում է սիրո գոյակներով կործանել ատելությունն ու չարը քաղաքում («Սիրո գոյակներ»), Մաշոն տուն է բերում բոլորովին օտար մարդկանց՝ որպես իր հոր՝ գեներալ Բարսեղովի թոռներ և պահում («Թիֆլիս»), Ճիպռոն, սիրահարված իր քաղաքին, կում-կում խմում է նրա անձրևը և երջանիկ է զգում դրանից («Սուրբ ճշմարտություն»), Շուշանիկը սրբասուրբ հոգիներ է ծնում և նվիրում Թիֆլիսին («Ուղեցույց Թիֆլիս քաղաքի»): Ինքնատիպ արևելյան այս քաղաքի գեղագիտության պատկերումը հարստացնում է գրողի ստեղծագործական տարածքը նոր ձայնով ու ռիթմով. «Թիֆլիսում ծիածանի բոլոր գույներով Կախեթի գինիներ կային, Երևանի ծիրան, Թավրիզի խաղողն էր ինքն իրեն փարվում զամբյուղների մեջ, պարսիկները տապակած քյալլա էին գլխի վրա թավայով ման ածում ու ցրում նրա բուրմունքը, սրսկում ամեն քունջ ու պուճախ…. Թիֆլիսում հնդկական խուրմա կար, դարչին ու մեխակ, արաբական գունավոր քաղցր ջրեր, ղալիան, ու թևածում էին նրանց հոտերը քաղաքի վրա, միանում իրար, մի կախարդիչ ու գունավոր ամպ դառնում»: Սակայն Այվազյանի ստեղծագործությունների հենակետերից ամենահաստատունը ազգային նկարագրի, ցեղի անցյալի ու ապագայի, հայրենիքի ու նրա բնակչի, հայ մարդու հոգու ու բնավորության մասին խոհերն ու մտորումներն են, այն կարևոր եզրահանգումները, որ անում է գրողն աշխարհն ու մարդուն ճանաչող իր հայացքով: Այվազյանի՝ ազգային կյանքին վերաբերող հարցազրույցներից մեկի ժամանակ արձակագիրը նշել է. «Հայաստանի թեման ինձ հուզել է ողջ կյանքիս ընթացքում: Ծնվել եմ Վրաստանում, Ախալցխա քաղաքում, բայց երբ ինձ հարցնում են, թե որտեղից են իմ արմատները, ես միշտ պատասխանում եմ՝ Էրզրումից, որտեղ ծնվել են իմ ծնողները: Չգիտեմ, լավ է դա թե ոչ, բայց իմ մեջ շարունակում է ապրել նախնիներիս, ցեղիս ծննդաբանությունը: Չնայած նրան, որ ես երկար ժամանակ ապրել եմ Վրաստանում, չեմ փոխել ո՛չ լեզուս, ո՛չ մտածելակերպս, ո՛չ ավանդույթներս… Ամենայն հավանականությամբ՝ իմ արմատները շատ խորն են: Դա իմ վաստակը չէ, ես ուղղակի այդպես եմ ապրում»: Խորն են ցեղի արմատները, որ արդեն պոկված դեռ զգում են ցավն ու կորուստները: Ու տնքում են այդ արմատները: Մի մեծ ցեղից մասնատված արմատը՝ Եսայի Մակարյանը («Աղի կոմսը»), ամբողջ կյանքում պիտի չմոռանա իր Երկիրը՝ Էրզրումը: Եվ հայացքն Աստծուն՝ պիտի փնտրի իր մեծ հարցի պատասխանը. Էրզրում, մի՞թե դու քաղաք չէիր: Ի՞նչ պատահեց քեզ: Նույն հարց-կանչը կա նաև Կենտիկենց Կարապետի հոգում («Մանչերը»): Գաղթական Ավետիս Յափնջյանը ստիպված էր Սև ծովի ափով շարժվել դեպի արևելք՝ մեջքին անդամալույծ քույրը («Սովորական մարդու գինը»): Անընդհատ շարժվելով կյանքի բավիղներում՝ հոգում՝ «ինչի՞ համար»: Գրողի անթաքույց համակրանքը իր երկրում շիվ տվող և հաստատվող մարդու կողմն է: Ուժեղ է մարդը միայն իր երկրում: Գրողի կարծիքով՝ բոլորը մի օր կվերադառնան՝ շենացնելու իրենց երկիրը՝ և՛ Արամ Արմանը, և՛ Ռուբեն Բիբյանը, և՛ Գուրգեն Մահարին, և՛ կինոսիրող Աիդան, և՛ Դավիթ Անհաղթը («Կոմպոզիցիայի հարցը»). «Ու ով էլ ասի ինձ, որ ուզում է մեկնել Հայաստանից, ես կասեմ նրան՝ կոմպոզիցիայի հարց է…»: Գրողի հայացքը նաև հայ մարդու բնավորության խոր վերլուծություններին է ուղղված՝ պարզելու նրա բնավորության առանձնահատկությունները ու բոլոր շերտերը: «Երաժշտական զանգ հին ինտելիգենտի տանը» պատմվածքում գրողը կարևոր եզրահանգում է անում, որ «մտերմությունից ու անկեղծությունից կարող է կոպտություն ծնվել, ու շատ սիրելուց, շատ հավատալուց, շատ վստահելուց կոպտում են իրար էս մեր հայերը»: Նաև մի շատ հետաքրքիր բնավորության գիծ է հայտնաբերել գրողը հայ մարդու կերտվածքում. շատ սիրելուց, շատ հավատալուց և վստահելուց կարող են մեծ կռիվ սկսել («Կռվարարները»): Իսկ կռիվն այդ հին է: Դա չկայացած ցեղի, չկայացած երջանկության մեծ վրեժ-պատասխանն է: Բողոքում են ցեղի արմատներն իրենց արյունակցի դեմ. «Հըբը ո՞ւր տանինք, ո՞ւմ խարջինք այդքան ատելությունը…»: Եվ այս ամենի հիմքում նա տեսնում է հոր բացառիկ ներկայությունը՝ որպես երկրի, հայրենիքի հզոր հենասյուն: Հայ հայրը՝ գերագույն մտածողն ու օջախի հիմնադիրը, գրողի երազանքների խտացումն է: Այվազյանի պատկերած հայրն ընկալում է Աշխարհն իր բոլոր զգայարաններով: «Մանչերը» պիեսի Կարապետը լիովին առողջ է ուզում տեսնել զավակին, ոչ միայն զավակին, այլև ամբողջ Աշխարհը, Ազգը, որ Մեծ Մարմնի մասն է: Խորթ է Սուրենը, թույլ է տեսնում նրան՝ մերժված կյանքից. «Մարմնի մի մասը, որ կփչանա, շտկել է պետք, որ մարմինը իր բիչիմը չկորցնե, որ մարմինը կրնա շարունակել իր գոյությունը»: Մի ուժեղի հաղթանակը երկրի տիրոջ հաղթանակն է խորհրդանշում: Միայն ուժեղ ցեղն իրավունք ունի շարունակել իր ընթացքը դեպի հեռու հորիզոններ: Ուժեղ ցեղ, հայրենի հող, ընտանիքի հայր՝ սա է գրողի երազանքը: Ինչպես նաև երկրից հեռացածների վերադարձը: Գրողի հայացքը յուրաքանչյուրի հոգուն է ուղղված: Յուրաքանչյուրի վարքագծից է բոլորվում հայրենիքի ամբողջությունը՝ իրական, առաջ շարժվող: Ուրեմն՝ «Սիրի՛ր ինքդ քեզ, փշուր, և դու կսիրես ամբողջությունը քո» («Հավատ»): Աղասի Այվազյանն իր ստեղծագործական կյանքում ժամանակ առ ժամանակ անդրադարձել է արվեստագետներին: Այսինքն՝ գրական կերպար է դարձրել գրողին, նկարչին, մտածողին: Գրողի կարծիքով՝ նա մարգարե է, որ ներկ է դնում կտավին, գույների մեջ տեսնում հրաշքը: Էսսեի ժանրը, ավելի ճիշտ, պարականոն էսսեի, օգնում է գրողին առանց դիմակի գունավորել Արվեստի գոյությունը, թափանցել արվեստագետի հոգու օվկիանը, գտնել տառապանքի գիծը: «Պարականոն դիմասրահում» նա ինքնատիպ իրավիճակներ է ներկայացնում: Ստեղծել է մի շարք արվեստագետների դիմանկարներ՝ Լոնդոնի, Մայակովսկու, Ռոսլինի, Գոգոլի, Չարենցի… Անտոն Չեխովը սիրում էր նայել կրակին, մոխրամանի մեջ հրդեհներ առաջացնել և երկար դիտել («Չեխովի մոխրամանը»), Մոպասանը անդրշիրիմյան աշխարհում ապրում է իր սիրուհիների հետ՝ ինչպես դրախտում («Մոպասան»): «Երեք էսսեում» ներկայացնելով Վան Գոգին՝ հիշատակում է նկարչի՝ իր ականջը կտրելու փաստը: Սրանով ցույց է տալիս արվեստագետի մեծ սերը աշխարհի հանդեպ: Ըստ նրա՝ մեծ նկարիչը նվիրեց թանկագինը, այդպես կարող էր նվիրել իր սիրտը, մարմինը: Բայց նա արել էր ավելին. աշխարհին էր նվիրել իր մեծ արվեստը. «Արևը մեծացրեց-մեծացրեց և արևով լցրեց աշխարհը, ու ինքը մտավ արևի մեջ: Ու նորեն մեծացրեց-մեծացրեց և դարձրեց» Աստված» («Վան Գոգ»):
Աղասի Այվազյանի արձակը, արդի գրականության բարձր արժեքներից մեկը լինելով, իր մեջ կրում է խոհափիլիսոփայական մտածողություն: Գրողը նորովի է նայում վաղածանոթ և սովորական դարձած, բայց միևնույն ժամանակ շարժման մեջ գտնվող կյանքի ընթացքին: Հերոսների շարժման ընթացքը հոգեբանական տարածության և ժամանակի մեջ դնելը ստեղծում է հետաքրքրաշարժ պատում, որի մեջ միաժամանակ կարող են շաղախվել և՛ անցյալը, և՛ ներկան, և՛ թե ապագան: Գրողը ստեղծում է մարդու կյանքի իր պատմությունը՝ կերպավորելով հոգեվիճակային ամենատարբեր տարածություններ, ուր ապրում էր, ապրում է և ապրելու է: Հերոսի ճանապարհը՝ կյանքը, նույնիսկ մեկ օրը, մի մեծ վեպ է նրա հոգու, հույզերի ու տառապանքի մասին: Այվազյանի հերոսներն անվերջ հայտնվում են կյանքի մեծ ճանապարհներին, որտեղ տարածությունն ու ժամանակը փոխում և շարժում են վաղուց հաստատվածը: Եսայի Մակարյանի կյանքը («Աղի կոմսը») սկսվում է ճանապարհներից և ավարտվում է ճանապարհով: Էրզրում, Ախալցխա, Սղնախ, Աստրախան, Պետերբուրգ: Այս ճանապարհ-կյանքը բացում է իր ճյուղերը, ապա ենթաճյուղերը, որտեղ հստակ երևակվում է ճանապարհ-կյանքի կեղևը՝ տառապանքը, կսկիծը, հուշը, տագնապն ու մտորումը: Սինյոր Մարտիրոսը կամային ճանապարհորդություն է սկսում ամբողջ աշխարհի շուրջը: Նա չի հագենում դրանից, չի խորշում օրեր շարունակ ոտքով քայլելուց: Նրա կյանքը ճանապարհի մաս է դառնում («Սինյոր Մարտիրոսի արկածները»): Մի ամբողջ տոհմի անհանգիստ, հախուռն, խիստ անկանոն շարժում կարելի է անվանել «Նեգրոնք» պատմվածքը, որի հերոսներին ճանապարհները բերում են Լենինական, Թիֆլիս, Ալավերդի, Կիրովական, Սիբիր, Չինաստան, իսկ հետո տանում Իտալիա, Ամերիկա: Այվազյանի տարածաժամանակային գեղագիտության մեջ ինքնատիպ կերպավորում է ստացել Տառապանքը: Պատումն այս դեպքում գտնվում է մշտական լարվածության մեջ: Հերոսները անասելի բարդ հոգեվիճակներում են հայտնվում, որոնք գրողը պատկերում է թնջուկի, փակվածքի, խողովակների, փակարանների պատկերների ձևով: Այվազյանի տարածաժամանակային աշխարհայացքի գեղագիտության մեջ կարևոր է խորքի, ներսի, հատակի փիլիսոփայությունը: Գրողի կարծիքով՝ ճշմարիտը ներսն է, և ներսը, հատակը լսելով կարելի է ճանաչել ճշմարտությունը: Վիթխարի նշանակություն ունի գեղարվեստական ժամանակը Այվազյանի պատումային պոետիկայում: Ոչ միայն համատեքստը, անգամ վերնագրերը մի շարք ստեղծագործությունների, խոսում են այն մասին, որ գրողի հայացքն առաջին հերթին ժամանակին է՝ այն «կենդանի», «անփոփոխ», «անշարժ», «հավիտենական» անեզրությանը, որի մեջ տեղավորված մանրաժամանակները կարող են «տրոհվել», դառնալ «բիծ», «կետ», «գնդիկ», նաև մեծանալ, ահագնանալ՝ անվերջ խորանալով անցյալի շերտերի ու հիշողությունների բավիղները: Այվազյանի պատմողը, կարծես, խաղում է ժամանակի հետ: Ներկայացնում է իր կյանքը, նույնիսկ ապագան՝ ետևում մնացած: Բազմաթիվ ստեղծագործությունների հիմքում դնելով ժամանակը՝ որպես կենդանի և անշարժ իրողություն՝ Այվազյանը ստեղծում է գեղարվեստական այնպիսի միջավայր, որի մեջ ամփոփված ապրումների ուժը հարուստ կերպարների ներկայությամբ զարմացնում է ոճի նրբագեղությամբ և ինքնատիպ եզրահանգումներով: Այվազյանի արձակում կարևորագույն տեղ են զբաղեցնում նաև ռիթմական հարուստ պատկերները: Նրա պատումը հսկա շարժման պոեզիա է, և կոմպոզիցիան այսպիսի պատումում խարսխվում է արագության ու դանդաղության, սլացքի, թռիչքների ու անկումների վրա: Հոգու տագնապը՝ որպես ռիթմական պատկերի արտահայտման միջոց, երևում է «Տագնապներ» պատմվածքում: Տագնապի ծնունդով է հենց սկսվում պատմվածքը. «Աղոթքներն ու անեծքները մի կաթսայում էին եփվում, խաշվում, բլթբլթում էին ու եռման կետում մի մարմին դառնում, մի իմաստ ստանում»: Այվազյանի շատ հերոսների շարժումն արտահայտվում է անվերջ քայլքի և փնտրտուքի մեջ: Նրա հերոսները քայլում են ժամերով, օրերով, շաբաթներով: Միևնույն ժամանակ քայլքի հետ հավասար հոգում ծայր են առնում բազմաթիվ մտորումներ, բազմաբարդ ապրումներ («Արմինուս», «Սինյոր Մարտիրոսի արկածները», «Ամերիկյան աջաբսանդալ», «Զարմացած, սիրահարված զբոսաշրջիկը», «Շշուկ» և այլն): Ռիթմական պատկերների բազմաթիվ հակադրություններ կան «Ձիերին հատկացված ճանապարհը», «Թիֆլիս», «Երաժշտական զանգ հին ինտելիգենտի տանը, «Լեզգինկա, «Ործկոց, «Իսկական կրիան, «Հնդկական օվկիանոս», «Չորս րոպե կատակլիզմ» և այլ ստեղծագործություններում: Միևնույն կերպարի՝ կրիայի մեջ բախվում են բնական դանդաղկոտությունը և ձեռքբերովի արագությունը, որ կրիան հայտնաբերում է ինքնաթիռում: Կրիային դուր է գալիս արագությունը. «Արա՜գ, արա՜գ, ավելի արա՜գ,- գոռում էր Իսկական կրիան՝ հրաժարվելով արագությունից ու նայելով ցած, որտեղ ետ էին մնում մեքենաները, գնացքները, թռչունները և նույնիսկ ամպերը» («Իսկական կրիան»): Այվազյանի պատկերավոր մտածողության մեջ կարևոր են հատկապես այն մետաֆորները, որոնք մշտական տեղ ունեն մի շարք ստեղծագործություններում, առանց որոնց գրողը շատ բան կկորցներ: Այդպիսի կարևոր մետաֆորներ կարելի է համարել լույսը, լեռը, վանքը, վախը, ժպիտը, կետը, բիծը, կառքը, ավտոբուսը: Հարուստ է Աղասի Այվազյանի բառապաշարը, որն, իրավամբ, կարելի է հեղինակային բառապաշար անվանել: Աղասի Այվազյանի գեղարվեստական խոսքն աչքի է ընկնում բազմաթիվ նորակազմություններով, որոնք շատ համահունչ են նրա պատկերային մտածողության ողջ համակարգին:
Աղասի Այվազյանը նաև ինքնատիպ դրամատուրգ է: Չհրաժարվելով ավանդականից՝ նորարար է, հատկապես սյուժեի և հերոսների արտասովորությամբ, երկխոսությունների լարվածությամբ, շարժուն և ազատ ռեմարկներով, գաղափարախոսությամբ: Այստեղ ևս հետաքրքիր քննություն են բռնում տարածաժամանակային մտածողությունը, հագեցած խոսքը, անսպասելիությունը, թեմաների բացառիկությունը, ինչպես նաև պիեսների վերնագրերը: Աղասի Այվազյանը ստեղծել է նոր դրամատուրգիա, որովհետև արվեստագետն օժտված էր նաև արտասովոր բեմազգացողությամբ: Նրան կարելի է համարել մեր ժամանակների ամենաինտելեկտուալ դրամատուրգը, ում պիեսները կարող են զարդարել ցանկացած բեմ: Հայկականության և ազգային գույներով ներծծված նրա ստեղծագործությունը, թեև ամբողջովին չբացված իր օրերում, բայց ապագային հայող խորիմաստ հայացքով՝ հաջորդ սերունդների համար է: Աղասի Այվազյանն ուզում էր երկար ապրել, որպեսզի տեսներ Հայրենիքի բարգավաճումը: Ուզում էր տեսնել Հայաստանից մեկնածների վերադարձը: Եվ գուցե սպասում էր նաև, որ իր գրականությունը կարդացողները կկարողանան փոխել մեր փոքրիկ հայրենիքի հոգեբանական նկարագիրը: Ապրեց այնքան, որքան սահմանված էր ի վերուստ և երբեք վայր չդրեց գրիչը: Նա այն եզակի արվեստագետներից է, ով գրեց մինչև իր կյանքի վերջին օրը: Թողնելով ստեղծագործական մեծ ժառանգություն՝ Աղասի Այվազյանը մեր մտավոր մշակույթի պատմության մեջ բացառիկ դեր ունեցավ, որովհետև վերակերտեց հայ ժողովրդի ազգային բնութագրի լավագույն որակները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.