ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Անուշ Վարդանյանի նոր գիրքը

Անուշ Վարդանյան բանաստեղծուհու սիրո սահմանները լայն են. նրանում իրենց առանձին բաժիններն ունեն մարդու արյունակից հարազատները, ոչ արյունակից, սակայն հոգեհարազատ ընկերներն ու բարեկամները, հայրենիքը` ներկա և կորուսյալ, մարդկության պատմական նվաճումների պահպանումը, աշխարհի նշանավոր մարդիկ` անցյալ ու մերօրյա: Անուշ Վարդանյանը գրում է ազատ ոտանավորով, նրա որոշ բանաստեղծություններում ուժեղանում է ներքին հանգավորումը, սակայն գիրքը գերազանցապես գրողի ասելիքը դրսևորում է ազատ ոտանավորով: Անուշ Վարդանյանի գիրքը ես կանվանեի նեոռեալիզմի մեթոդով գրված: Սովորական, առօրեական ընկալումը, կյանքի իրական մի դրվագը բանաստեղծուհու համար խոհ է դառնում. նա զրուցում է իր ընթերցողի հետ, ավելի շուտ կարիք ունի, որ իրեն լսեն, որովհետև ասելիքը կենսականորեն կարևորվում է: Սիրո մասին քնարերգությունը շարունակ վերածնվող կյանքի նման շարունակ նորոգվում է, պահպանելով ասելիքի հիմնական իմաստը, որը նույնն է անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը: Սերը մարդուն ոգեշնչում է, իսկ սիրված լինելը ցանկալիից` կյանքի գերագույն պարգևն է: Բանաստեղծուհու ներաշխարհում հայտնվում են աշխարհի նշանավոր կանայք` միֆական, իրական ու պատմական, սեփական պատկերներով և երբեմն միայն խոսքային նկարագրերով: Այդ կանանցից են Լեոնարդոյի Մոնա Լիզան և Հոմերոսի Պենելոպեն` կնոջ հավերժական նվիրումի խորհրդանիշը, որին բանաստեղծուհին հոգեհարազատորեն է հիշում: «Ինչու եմ գրում» բանաստեղծությունը մի յուրօրինակ խոստովանություն է, որից իմանում ենք, թե բանաստեղծուհին ստեղծագործելով փառքի չի ձգտում, այլ միայն հագուրդ է տալիս իր անհանգիստ ներքին ձայնին, որովհետև միտքը շարունակ թռչում է Եգիպտոսից Կարթագեն, Բարսելոնայից ճարտարապետ Անտոնիո Գաուդիի «Սագրադա ֆամիլիայից» մինչև Դալիի տուն-թանգարան, Աֆրիկայի Չադ լճից Փարիզի Մոնպառնաս փողոց:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

ՇՈՒՇԱՆԸ
Անսպասելի ջերմ փետրվար, պատուհանին ծաղկել է
վառ կրակագույն շուշանը…
Որպես նորօրյա Պենելոպե՝ հյուսում եմ
Գորգը, կարկատաններով բազում:
Ահա փաթուսխան ճոճուն և փայլուն` մանկությունն է.
Մորս փաղաքուշ խոսքերը. անուշս, Անուշ:
Մյուսը` ջինսե կարկատանը,
ուսանողությունն է ջահել,
«Բիթլզ», սիրո կարոտ, կյանքի ու
խոսքի հրճվանքը անափ:
Որդիներս՝ որպես բատիստ ու թանզիֆ
կաթնաբույր բարուր:
Մետաքս ժանյակի կտորները նուրբ, մեր սերն է բորբ`
Աստված իմ, լինել կինը բանաստեղծի,
Գուրգուրել գրականությունը նրանից հորդացող
Եվ չնկատել կենցաղի ոչ մի գորշ գույն:
Վերմակը հասավ կյանքիս նոր շրջափուլին.
Պատուհանին բոցկլտում է շուշան-պոեզիան….
Ինչ մեծ պատիվ է՝ վառել բոցը բանաստեղծության,
Տեսնել կրակի սպեկտորը բազմաձև,
Խայտաբղետ գորգ-վերմակը`
որպես ավազե ժամացույցը,
Կսորա նրբին խշշոցով….
Ահա և վերջ:

ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ
Ապրել եմ փոփոխությունների ժամանակում` բարդ:
Երջանիկ եմ, քանզի տեսել եմ
կործանումը կայսրության`
Աթեիստ, անգամ ոչ հեթանոս, այլ անաստված:
Կտակարանին ծանոթ եմ եղել
«Ծիծաղաշարժ Աստվածաշնչի»
Անհեթեթ պատկերների և մորս աղոթք մրմունջով:
Ապրում եմ բոլորից լավ, շնչում եմ լիաթոք,
Ազատության երգը իմ հիմնն է անանց.
Ես կնայեմ մահվան աչքերին պայծառ
Եվ ակնթարթում հրաշալի կտեսնեմ
Ապագան.
Այն չեմ կարող վերարտադրել,
Բայց զգում եմ նյարդերով, բջիջներով բոլոր՝
Տիեզերքը կպահպանի ամեն կերպ կյանքը փխրուն.
Կյանքը հրաշալի է…

ՈՍԿԵ ՕՂԱԿ
Որպես նորօրյա Ագաթա Քրիստի՝
Ափսեները լվալիս գրում եմ,
Գրում եմ բանաստեղծություն:
Ձեռքիս ռետինե դեղին ձեռնոցը
Չի թողնում զգալ մաքուր ափսեի ճռռոցը,
Ինչը հաճելի միակ կետն է
Առօրյա միապաղաղ գործի…
Մտքիս տախտակին հառնում են
Ճարտարապետական հոյաշեն կառույցներ.
Հոնենցի տաճարը, Այա Սոֆյան և
Վարագավանքի որբ քարերը`
Փոքրիկ դաս-դաս աղյուսների շարքը
Կործանված տաճարի…
Այն օրը, երբ նորօրյա ուխտագնացները
Մտան հայոց անշունչ կառույցները, և
Բիբերի հիացիկ սլացքը դիպավ
Անի քաղաքի պարսպի անսահմանության
Խորհրդանիշ կեռ խաչին,
Շինվածքները
Շունչ քաշեցին, և հույս հայտնվեց
Մոռացության
100 երկար ու ձիգ ամաժամկետից…
Երբ հոմոսապիենսը հիանում է
Ճարտարապետական կառույցով.
Քարերը վերազարթնում և վերակառուցվում են,
Տաճարները` բազում մարդկանց մտքի և հոգու
Ձեռակերտ կառույցները…
Բիբլոս քաղաքի պատ ու սալահատակները
Սպասում են հնագետների և զբոսաշրջիկների
Հիացիկ հայացքին…
Գենետիկ կոդը որպես փոխանցիկ դրոշ
Ինձ են հանձնել,
Վանա հազարամյա տարածքի
բնակիչներից`
Վարդան պապս և Օղիկ տատս:
Հանկարծ հայտնվեցի
Վանա լճի հրաշեկ արևից գոլ,
Աղի, ծիծղուն ջրերում:
Ես ոսկե օղակն եմ, կապում եմ
Վանա լճի աղի ջուրը, պայծառ երկինքը
Եվ տառեխ ձկան լողը…

ՍԿԻԶԲ
Կանգնած եմ անտառում,
ծառերի աղմուկը քամուց…
Թե չլինեի այստեղ այս պահին,
ով կտեսներ այն` փոթորիկը…
Նստած եմ ափին Միջերկրական
առասպել ծովի…
Ալիքները Միստրալից բարձրանում են,
բարձրանում` ճերմակ Պատը ջրե…
Զարդարուն զգեստներ, ոսկի ու արծաթ,
փիրուզ ու ջնարակ…
Ուր է իրականությունը և ուր՝
մտքերի բույլը բզզացող…
Գրամեքենաների ստեղները
թափվում են արագ հարվածներից:
Հոգուս փոթորիկը խախտում է
Պատրանքը.
Կյանք` բարեկեցիկ, իրեր, մարդիկ-
Միգուցե ինձ սիրող, միգուցե թանկ:
Դռան ետևում կանգնած է ուրու
Միայնությունը…
Մենության, ճերմակ թերթերի
միջից ես գտա քեզ, ընթերցող:

ՃԱՆԱՊԱՐՀ-ԿՅԱՆՔԸ
Նայիր հայելու մեջ
Եվ տուր մի հարց,
Դե, կարելի է ասել.
Հարցերի հարցը.
Ինչ ես ուզում դու
Կյանքից քո, այն հատվածից,
Որ տրվել է քեզ,
Օրինակ՝ 1999-2079.
Ախ, այդ գծիկը,
Որ կոչվում է կյանք.
Բազում, խելագար ընթացքներից,
Մեքենա, սուզանավ, օդանավ`
Ավելի սրընթացը:
Օրերը թռչում են, ձուլվում եթերին.
Ահա մանուկ օրերը, հուշեր քաղցրիկ.
Դպրոց-ուսանող արկածը հրաշալի:
Մի օր կարթնանաս, երբ 40-ամյակդ է,
Հյուրանոցում, տանը, Աստված մի արասցե,
Հիվանդանոցում…
Եվ առավոտյան հիգիենայի
ժամանակ կնայես հայելուն.
Եվ կհնչի հարցը.
Ի՞նչ եմ ուզում ես….
Անցյալի հուշերը դառն ու քաղցր
Քեզ չեն օգնի, չես կարող
Թաքնվել նրանց ետևում…
Նոր օր կբացվի և ընթացքը քո`
Թող լինի վերընթաց,
Երբ հնչի հարցը, պատասխանը միակն է.
– Ես սիրում եմ կյանքը…

ԿՅԱՆՔԸ
Պաստեռնակին
Փշրվեց սկահակը նրբագեղ,
Գաուդիի խեցեղեն պատկերներով զարդարուն:
Ապրել կյանքը, այնպես, ասես անցնում ես
Դաշտով գարնայնի…
Միմոզան բուրում է քաղցր դեղինով,
Թիթեռները ճախրում են բազում գույն-ձևով,
Բողբոջները խոստանում են հուռթի
ծաղկումը գարնան,
«Կյանքը ապրել՝ չի նշանակում դաշտն անցնել»…
Փշրված խեցիների գունավոր պատկերները
Հավաքում եմ մի մեծ պաննոյի վրա.
Աչքի առաջ հառնում է դաշտ գարնայնի.
Ապրել կյանքը ասես կտրում-անցնում ես
Տարածքով
Գարնանաշունչ…

ԼՈՒՍԱՆԿԱՐ ՓԱՐԻԶ ԵՎ ՎԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ
Ինչ հրաշք է լուսանկարը
Փարիզ քաղաքի հրաշքների ֆոնին,
Կանգնած եմ` ես
Երջանիկ, զվարթ քան երբևէ:
Դե, Մոնմարտրի մանուշակներ,
Տուլուզ Լոտրեկի Մուլեն Ռուժ,
Մոդելյանիի Մոնպառնաս 19,
Ինչպե՞ս միավորվեցինք ես և Փարիզը նորօրյա,
Ինչպե՞ս:
Ախ, թե կարելի լիներ
Միավորվել կարմրաշեկ ֆոնին Սուրբ Ախթամարի,
Կարսի սալահատակին տկտկացող,
Զարմացած կոշիկներս թողնեի
Դռան շեմին` մի մեծ թանգարան,
Որի վրա մնացել է, ով զարմանք, հայոց գիրը…
Իհարկե, դա ավելի հեշտ և սրընթաց
Կլիներ անշուշտ:
Չէ՞ որ նախնյաց վանեցի տոհմս
Կանգնած է թիկունքիս…
Քառասուն հոգի կին և այր,
Որոնցից փրկվեցին
Կամ…
Նրանց մեջ էր
Մայրս Արփենիկ,
Եվ հայրս Միսակ` Մալաթիա նահանգից:

ԲԻԲԼՈՍ
Անցյալի փառքերի կոթող ես,
ԲԻԲԼՈՍ,
Սիրտս կծկվում է 7000-ամյա մշակույթի
Անտեր, անտերունչ, անմռունչ
Լռությունից, համրությունից.
Ոչ ոք չի հասկանում զինվոր քարե արձանները
Քո մոռացված որդիների,
Փյունիկյան մայրաքաղաք, հույները
Անվանեցին քեզ գիրք քաղաք,
Առաջին տառերը քանդակված են
Թագավորական դամբանին հպարտ …
Անկապ կույտը մշակութաբանական
Խեղդում է պոեզիան, որ
Թափվում է գրունտային քչքչացող
Կարմիր ջրերում Ադոնիս աստծո,
Աֆրոդիտեն իր
Սիրելու մահը լացեց, և
Վերազարթնեց բնությունը:
Մինչ օրս կարմրում են ջրերը հուռթի,
Գարնանային՝ լեռներից քերելով
Կարմիր գրունտը:
Գետի ափին ծաղկում է
Կարմիր անեմուկը միայն,
Այլևս չկան հսկա մայրիները՝
Իսլամական շուկան սարքված է
Թավ անտառի գլխատված
Հողերին…
Օ՜, ԲԻԲԼՈՍ, դու ապրում ես
Քո կյանքով խորհրդավոր,
Այսօր քայլող ոտքերը քեզ
Ոչինչ չեն ասում:
Իսկ ինչքան է բերել իմ
Բախտը,
Առկայծեց միտքը.
Տիգրան Մեծ կայսրը
Վան քաղաքում բնակեցրել է
Մի քանի հազար հրեա:
Ինձ հաճախ կոչում են
«Հայի հրեա»…

ՀՐԵՇՏԱԿԸ ՍՐՏՈՒՄ
Անտիկ իրերի առևտրական Իոսիֆն
Ամուսնացավ հարուստ վաճառականի
Դուստր Սիրան Բեժանովայի հետ,
Եվ հայ մշակույթը աշխարհին
Տվեց քեզ` օ՜, Փարաջանով
Սարգիս, եղբայր իմ հեգ…
Թիֆլիսի, մանթաշովյան շարքերի
Խորշերից հորդում էին գույներ,
Բույրեր և հնչյուններ ապշեցնող…
Լավագույն քո նկար-կադրերը
Վերարտադրում են հուշերը մանկության…
Թիֆլիսի ազգային լոսկուտներից
Կազմված կարպետը քոնն էր ընդմիշտ,
Դու ոսկերիչ, հնավաճառ, նկարիչ
Արտիստների ճակատամարտն էիր տանում:
Քո կյանքը դարձրիր բեմ փորձարարական,
Ուր ռեժիսորն ու արտիստը դու էիր:
Քո հորինած աշխարհը հիասքանչ է…
Օ՜, Փարաջանով`
Մարդ հրեշտակը սրտում…
Փոքրիկ ծրարով մազերդ ուղարկեցիր
Ընկերոջդ.
Եթե չհասնեմ
Հայաստան, մազերս
Թաղիր հողում մեր…
Թիթեռի թևը, նուրբ ծաղկաթերթը
Զարդարում էին կոլաժները, որ
Հասնում էին կնոջդ դատապարտյալի հեռավոր
Էտապներից:
Քեզ դիպել էր հրեշտակը սիրո
Իր նրբին թևով, երբ դեռ մանուկ էիր ժիր,
Եվ դա ընդմիշտ է.
Բոլոր – բոլոր ժամանակների համար:

One thought on “ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

  1. Այս ի՜նչ անփութորեն գրված ու ոչինչ չասող նախաբան է: Կարծես դպրոցականի գրած շարադրություն լինի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.