«ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

girq..
Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում կայացավ իսրայելցի գիտնական, պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Արցախի գրական ընտանիքի անդամներ, դասախոսներ, ընթերցասեր հասարակայնության անդամներ:
Գիրքը տպագրվել է Հայոց մեծ եղեռնի 100-ամյակի շրջանակներում:
Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը բարձր գնահատեց հեղինակի կատարած աշխատանքը. «Նրա մեջ խոսում է ոչ թե հրեան, այլ՝ մարդը, ով չի ուզում, որ մարդիկ անտարբեր լինեն միմյանց նկատմամբ: Հենց փիլիսոփայական այս ելակետի վրա էլ կառուցված է նրա «Անընդունելի անտարբերություն» գիրքը:
Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս Անուշավան Պողոսյանն իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանությունը 1915 թվականին չի իրականացվել, այլ այն սկսվել է 19-րդ դարի 90-ական թվականներին և շարունակվում է մինչև այսօր:
Գրքի մասին խոսեցին գրողներ Սոկրատ Խանյանը, Արկադի Թովմասյանը, Զարինե Սառաջյանը:
Պատասխանելով ներկաների հարցերին՝ Յաիր Աուրոնն ընդգծեց. «Ես կշարունակեմ իմ պայքարը Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրությանը ճանաչելի դարձնելու համար: Ես կպայքարեմ մինչև վերջ և հավատարիմ կմնամ իմ մարդասիրական առաքելությանը»:
Հեղինակը գոհունակությամբ խոսեց նաև գրող, հրապարակախոս Զորի Բալայանի մասին՝ որպես մեծ մարդասերի, բարեկամի և ընկերոջ: Նա հիացմունքով խոսեց նաև հայոց բանակի մասին: Նախօրեին այցելելով սահմանագիծ՝ գրողը հանդիպել է զինվորներին և շնորհանդեսի ընթացքում իր մտորումներով կիսվեց ներկաների հետ:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.