ԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ «ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅԱՄԲ» / Սամվել Կոսյան

Տարեսկզբից ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ազերիներն առավել ինտենսիվ և ցինիկորեն են սկսել խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, հրաձգային զինատեսակներից բացի, գործողության մեջ դնելով նաև ականանետեր, տարբեր տիպի նռնականետեր, ինչը իրավիճակի լարման նոր մակարդակ է: Ինչպես նշում է Stratfor (Strategic Forecasting Inc.) ամերիկյան վերլուծական կազմակերպությունը, Ադրբեջանը 2015 թվականին փորձելու է Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն վիճարկել շփման գծում ռազմական առավել ակտիվության միջոցով, կրկին շրջանառելով իր քարոզչության չարչրկված թեզը, իբր, «մինչև չհանձնեք Լեռնային Ղարաբաղը, ձեզ հանգիստ չենք տա»: Փաստ է, որ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որի ժխտողականության առաջամարտիկը լինելու պատիվը փորձում է նվաճել Ադրբեջանը, ներքին սոցիալական լարվածությունը, նավթի գնանկումը, արաբական գարնան կրկնության վախը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ճնշումը և այլ գործոններ, ստիպելու են պաշտոնական Բաքվին այս մարտահրավերների պատասխանները փնտրել ռազմադաշտում և դրանց հետևանքներից պաշտպանվել ռազմատենչ հռետորաբանության խրամատներում: Առայժմ, անհասկանալի է, տարբեր շահերի խաչմերուկում ով և ինչպես է Ադրբեջանի այս ապակառուցողական քաղաքականության, ինչը էականորեն վտանգում է տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը, իրական գնահատականը տալու, վերջապես իրերն իրենց անուններով կոչելու: Միջազգային հանրությունն այդ առաքելությունը կարծես ամբողջովին ԵԱՀԿ Մինսկի խմբին է վստահել, սակայն Ադրբեջանը վաղուց անհաղորդ է Մինսկի խմբի հորդորներին, հայտարարություններին և միջամտություններին: Այս խմբի հեղինակազրկության լավագույն օրինակը ազերիների կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքն էր, երբ այդպես էլ չհաջողվեց համոզել ազերիներին օդաչուների դիակները տեղափոխել: Վերջերս էլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումը, չնայած պայմանավորվածությանը, ձախողվեց ադրբեջանական կողմից արձակված կրակոցի պատճառով: Անառարկելի է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս ամբողջովին չի տիրապետում իրավիճակին, և նրանց միջնորդությամբ բանակցային գործընթացը կարծես սպառել է իրեն: Եթե չի հաջողվում ազերիներին հեռու պահել սահմանային միջադեպերից, սադրանքներից ու արդեն հոգնեցնող ռազմատենչ հռետորաբանությունից, ապա այն տպավորությունն է, թե հայկական կողմը համակերպվել և համաձայնել է, որ բանակցությունները շարունակվեն ազերիների դավադիր կրակոցների «նվագակցությամբ», ինչը հակասում է ոչ միայն առողջ տրամաբանությանը, այլև բանակցությունների ձևաչափին ու բովանդակությանը: Ազերիների ռազմատենչությունը խրտվիլակի պես գնալով ավելի է վախեցնում և չի թողնում խաղաղությանը տարածաշրջան մտնել: Իսկ Մինսկի խումբն այսքան տարի չուզեց կամ չկարողացավ գոնե հրադադարի ռեժիմը պաշտպանել: Այս դեպքում ո՞րն է հայկական կողմի գործառույթը, երբ դիմացինը խուլ է կամ չի ուզում լսել, իսկ միջնորդները զբաղված են միայն գործընթացը շպարելով: Եթե թշնամու ագրեսիան ու սադրանքները զսպող մեր միակ երաշխավորը մնացել է հայկական բանակը, ապա բանակն առանց ԵԱՀԿ-ի էլ կատարում է իր առաքելությունը: Ընդդիմադիրները հակափաստարկ են ներկայացնում «ավելի լավ է վատ բանակցություններ, քան պատերազմ» կարգախոսը, որը վաղուց կորցրել է իր նշանակությունը: Ազերիներն արդեն պատերազմում են, և այս ռազմավարությունն է նրանց պատերազմը` սահմանը լարված պահելով ահաբեկել հայ ժողովրդին, խուճապի մատնել, ստիպել հեռանալ իրենց բնակավայրերից: Նրանց կողմից առավել լայնամասշտաբ ռազմական գործողությունները, գոնե այսօր, բլեֆի ժանրից են: Միջազգային վերլուծական շրջանակները նույնպես գիտակցում են, որ Ադրբեջանն այդ ներուժը չունի, և պատերազմ սկսելը նրա համար մեծ ռիսկեր է պարունակում: Մինչդեռ լարվածության հրահրումը դիրքային առավելություն է տալիս, երբ իրենց փորձում են համոզել պատերազմ չսկսել, ինչն, ըստ նրանց, լավ միջոց է հնարավորինս դիվիդենտներ կորզելու: Իրադարձությունների դինամիկան ցույց է տալիս, որ սահմանային միջադեպերը շարունակվելու են և շարունակվելու են առավել ագրեսիվ, ստոր ու վայրագ դրսևորումներով: Ակնհայտ է, որ միջազգային կառույցների արձագանքներն ու քննադատություններն այնքան էլ լսելի չեն Բաքվին: ԵԱՀԿ Մինսկի խմբինը՝ առավել ևս, որը վաղուց վերածվել է դիտորդի կամ ուղեկցորդի, երբ տեսնում, բայց ոչնչով չի կարող միջամտել: Նման իրավիճակում իրականն այն է, որ հայկական կողմը, բանակցություններից հրաժարվելով, իր պայմաններն առաջարկի, որոնցից առաջնայինը հրադադարի հաստատումն ու Արցախի վերադարձն է բանակցային գործընթացին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.