Ազգային արժանապատվության կորո՞ւստ, թե՞ «Գորշ գայլեր» / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Ահաբեկչական գործողություններ իրականացնող թուրք ազգայնամոլական այս կազմակերպության մասին քիչ է շոշափվել, որովհետև տարիներ շարունակ նրանք գործել են գաղտնի, Թուրքիայի և օտար երկրների հատուկ ծառայությունների ծրագրերով, մինչև նրանց գործունեության ոլորտը չբախվեց խոշոր տերությունների շահերի հետ, ինչպիսիք են՝ Կիպրոսի ազատագրությունը, քրդական շարժումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և այլ հարցեր: Նրանք հատկապես այն երկրներում են բույն դրել, որոնց քաղաքական լծակնեըը մեծ ազդեցություն ունեն միջազգային ասպարեզում, ինչպես, օրինակ՝ ԱՄՆ-ն, Անգլիան, Հոլանդիան, Գերմանիան, էլ չեմ խոսում Ադրբեջան կոչված երկրում: Այդ կազմակերպության մեջ ընդգրկված են գիտնականներ, պատմաբաններ, տարբեր մասնագիտության տեր մարդիկ ու նաև հանցագործներ, որոնք ազգայնամոլական գաղափարների ֆանատներ են: Նրանցից մեկին՝ 1915 թ. թուրքական 4-րդ բանակի հրամանատար, Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական ջարդերի մասնակից, Ուրֆայի հայությանը արյան ծովի մեջ խեղդող Ջեմալի թոռանը՝ Հասան Ջեմալին, վերջերս հանդիպեցինք, ոչ ավել, ոչ պակաս, ԵՊՀ-ում, «Սիվիլիթաս»-ի «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով: Նրբորեն մշակված նրա այցի նպատակը ոչ թե պապի արածների համար ներողություն խնդրելն էր կամ իր գրքի բովանդակության մեկնաբանությունը, այլ 1,5 միլիոն հայերի կոտորածների մասնակից մի հրեշավոր չարագործի՝ հայ վրիժառուների՝ ԱՍԱԼԱՅԻ կողմից վրեժխնդիր լինելու փաստը ահաբեկչություն կոչելը, Սևրի ու Ղարսի պայմանագրերը չեղյալ հայտարարելը և համոզվելու նաև՝ հայ երիտասարդությունը Ցեղասպանության ճանաչո՞ւմ է ուզում, թե՞ պահանջատիրական իրավունքներ ունի: Ինչևէ, ես նամակ գրեցի Ռաքել Դինքին, խնդրելով հրաժարվել հիմնադրամի նախագահի պաշտոնից, սակայն եղածն եղած էր, և սրանով գոնե կանխվեցին հաջորդ այցերը: Մեր անհորիզոն ներողամտությունը, որ ականատեսն է ներկա օրերի «ֆուտբոլային ծրագրին», ցյուրիխյան ու ադրբեջանական ամենօրյա սադրանքներին, ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակատամարտով քողարկելու թուրքական նոր ու խորամանկ հնարքներին, դարձյալ կախվել է ճակատագրի փեշից՝ հզոր ազգային բռունցք դառնալու փոխարեն: Զարմանալի է…
«Գորշ գայլերը» Թուրքիայի միտքն են ու ձեռքերը՝ պանթյուրքիզմի ծրագիրը անխափան իրականացնելու ճանապարհին: 1813 թ. ծնված այդ հակամարդկային ծրագիրը Արևմտյան Հայաստանում ծնեց 1894-1896 թթ. սուլթանհամիդյան ջարդերը, վերջինս, որպես վիժվածք՝ ժառանգություն թողեց երիտթուրքերին, որոնք իրականացրին հայոց ջարդերը, սրանց հետագա գործողությունները վերարտադրեցին «Գորշ գայլերին»… Նրանց արնախում գործունեության ձեռագրերը դեռ երկար կմնան չբացահայտված, բայց այն, ինչ կա, միանգամայն բավարար է այդ ահաբեկչական կազմակերպությունը էնվերների, թալեաթների ու ջեմալների ժառանգորդներ համարելու համար: 1975 թ. փետրվարի 24-ին Կիպրոսում լույս տեսնող «Բօզկյուրտ» թերթը խմբագրականում գրել է. «Նոր դաս կտրվի հայերին, եթե շարունակեն հիշեցնել իրենց հայրերի ու պապերի կոտորածների մասին»:
Դիվանագիտության մեջ չափազանց ճկուն հարաբերություններով ընթացող Թուրքիան, օգտվելով ՄԱԿ-ի կոնվենցիաներում բացակա հայրենազրկության մասին կարևոր որոշումից, իր երկրի խնդիրները կապեց էթնիկ զտումների հետ, որի առաջին զոհերը հայերն էին: Մինչև օրս շարունակվող թուրքական վանդալիզմը իրականացնելիս՝ Արցախյան ազատագրական շարժման դեմ վարձու մարդասպաններ հանելը, Միջագետքի հայկական գաղութներում՝ Քեսաբում, Հալեպում, անգամ Դեր Զորում հայկական հետքերը վերացնելը իրականացրին «Գորշ գայլերի» ակտիվ միջամտություններով: Դեռ վերջերս Շվեյցարիայում նրանց ակտիվ ներկայացուցիչ, թուրք ազգայնամոլ Դոքու Փերենչեքը Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար դատապարտվեց ազատազրկման: Այս անլեգալ կազմակերպությունը իրականացնում է իր երկրի քաղաքականությունը: Հրանտ Դինքի սպանությունը նրանց համար առիթ էր Թուրքիայի ներսում նոր հայկական հարց առաջացնելու: Պատահական չէր, որ Թաքսիմի հրապարակի դեպքերը փորձ էր արվում կապել հայերի հետ, ինչը չհաջողվեց: Քրդական հարց չկա Թուրքիայում, կա միայն Հայկական հարց – սա է վերջին տարիների նրանց կարգախոսը: Ինչպես 1915 թ., այնպես էլ 1993-ին, փորձելով կրկին քրդերին հայերի դեմ լարել, «Գորշ գայլերը» հայտարարեցին, որ ՌԿԿ-ի ղեկավար Օջալանը հայ է, և հայեր են նրանց բոլոր ղեկավարները: «Գորշ գայլերի» պարագլուխներից մեկը՝ Թալեաթի աներորդի Իսմեթ Ինոնյուն, որ 1943 թ. Թալեաթի աճյունը տեղափոխեց Թուրքիա, 1924 թ. թուրքական թերթերից մեկում հայտարարել է, որ ինքը երեք ամսում ավելին է արել հայերին բնաջնջելու համար, քան Սուլթան Համիդը՝ 30 տարում: Ահա նրանք, Հասան Ջեմալի կողմից ափսոսանքի արժանացածները, որոնց արյունալի գործողությունները մարդկության կողմից ճշմարտությունը վերարտադրող հայելիների աղերսներ ունեն: «Գորշ գայլերի» ղեկավար Բաշբուղ Թյուրքեշը, շարունակելով Թալեաթի ազգայնամոլական քաղաքականությունը, շատ հետաքրքիր միտք է արտահայտել. «Կարելի է գրավել մի ազգի բազում ամրոցներ, բերդեր, բազմիցս պարտության մատնել նրա բանակին, բայց այնքան ժամանակ, քանի դեռ նրա սիրտն ու հոգին չես գրավել, այդ ազգը չես նվաճել»: Եվ պատահական չէ, որ Թուրքիա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները երբեմն շփոթված էին թուրքերի «քծնախառը» վերաբերմունքից: «Գորշ գայլերի» մոլի գաղափարախոսներից մեկը՝ Նիհալ Աթսըզը պահանջում էր թուրքական ռասան մաքրել այլ ազգերից՝ հայերից, չերքեզներից, ալբանացիներից… Նույն Իսմեթ Ինոնյուն 1925 թ. «Թուրքական օջախների» համագումարում հայտարարել է, որ անհրաժեշտ է թրքացնել բոլոր նրանց, ովքեր ապրում են Թուրքիայի տարածքում: Դե ինչ, Դերսիմի ու Մուշի, Վանի ու Դիարբեքիրի տարածքներում ապրող թաքնված հայերը գրեթե մոռացել են իրենց ազգային լեզուն. մի՞թե սա ազգային ողբերգություն չէ:
Աշխարհի հնագույն ու քաղաքակիրթ ազգերից մեկը լինելով, արտաքին ու ներքին թշնամիների ամենօրյա սադրանքների պատճառով օտարանալով մեր արարչական բնօրրանից, դարձել ենք ամերիկահայ, ֆրանսահայ, կանադահայ, թուրքահա՛յ… Թե շատերին ո՜ւր կհասցնի երկրիս ներկայի հայաթափությունը՝ դժվար է ասել…
Գյումրու ծանր ողբերգությունը, խաղաղ ընտանիքին սաֆարովյան ձեռագրով սպանդի ենթարկելը ցնցեց ոչ միայն մեզ, այլև խղճի պակաս չունեցող օտարներին: Հասկացա՞նք արդյոք, որ սեփական հողի վրա անգամ խաթարված է մեր խաղաղությունը, և եթե կարապի ու խեցգետնի նման Հայրենիքը աջ ու ահյակ ենք քաշում, մեր ներսի ու դրսի թշնամիներն են միայն օգտվում դրանից: Չեմ ուզում պարտադրել որևէ մեկին, սակայն ուսումնասիրելով «Գորշ գայլերի» արյունախում գործողությունները, մտովի սահմռկեցուցիչ դեպքը թուրքական ձեռագրի նմանեցրի՝ ով էլ որ գործած լինի այդ հանցանքը… Շատերս զարմացանք Մաշտոցի պողոտայում հայտնված «Գորշ գայլերի» խորհրդանիշը համարվող՝ լուսնի վրա ոռնացող գայլը տեսնելիս… Գաղտնիք չէ, որ Հայաստանում այսօր 4000-ի հասնող հասարակական կազմակերպություն կա: Մշակութային, կրոնական, սոցիալական, իրավական ոլորտների անվան տակ քողարկված, նրանք ումի՞ց և ինչպիսի՞ գրանտներ են ստանում և ի՞նչ են անում, երբ արտագաղթն ու աղքատությունը, բարոյազրկությունն ու կոռուպցիան խեղդում են մեզ. այդպես էլ անհասկանալի է մնում գրանտակեր օտարածինների մուտքը մեր հայահալած փոքրիկ աշխարհ: Ամռանը թերթերը գրեցին՝ «Գորշ գայլերն» ազատ շրջում են Երևանով»: Հոդվածը չվրիպեց իմ ուշադրությունից. նրանք հենց այնպես, այն էլ Եղեռնի տարելիցին, չէին հայտնվի Երևանում: Ու չերևաց, թե որևէ մեկը բանի տեղ էր դրել այդ ինֆորմացիան, սակայն եկողն իր գործն արեց ու գնաց, ահաբեկչությունները մեկ օրում չեն նախապատրաստվում… Հայտնի դարձավ, որ Հայաստանում գործող Եվրոպական ինտեգրացիա հ/կ-ի ուժերով, 100-ամյա տարելիցին ընդառաջ, պրոթուրքական գիրք է տպագրվել, որի հեղինակը Անգլիայի թագուհու խորհրդական Ջեֆրի Ռոբերտսոնն է: Արքայական հովանավորությամբ տպագրվող այդ գրքի նպատակը՝ թուրքը, որ փրկել է ինձ, նշանաբանն է, խորքում՝ թուրքերի նկատմամբ սեր արթնացնելը: Եթե թագուհու խորհրդականին թվում է՝ մենք գլխի չենք ընկնում, չարաչար սխալվում է: Թուրքերը եթե սրախողխող չեն արել, ապա միայն մանկամարդ հայ աղջիկներին, որոնց կնության են վերցրել, փոխելու համար իրենց արատավոր ժառանգական հատկանիշները: Ջեֆրին թող գենետիկ ուսումնասիրություն սկսի. նրանց 80 տոկոսը, համոզված եմ, հայ է, թեև Սուլթան Համիդի կողմից կազմակերպված առաջին խոշոր ջարդերի ժամանակ 6000 թրքացած հայ մանուկների սերնդի «թուրք» ժառանգներն այսօր, ինչպես Էրդողանն ու Գյուլը, ավելի թուրք են…
Եվ այս գայլերի երախում բռունցքվելու, համահայկական դաշինք ստեղծելու փոխարեն կարծես մեր դեմ ենք աշխատում՝ մեր անհորիզոն բարության մեջ տեսնելով մեր պաշտպանվածությունը: Ազգերի հետ բարեկամանալու յուրօրինակ սխալ ճանապարհ ենք ընտրել. գույք՝ պարտքի դիմաց, հողերը՝ չկոտորվելու դիմաց, զոհերը՝ սխալ դիվանագիտության դիմաց… Ազգային շահը տեսնելու, սեփական գենը սեփական հողի վրա պահելու փոխարեն ընկել ենք սեփական զավակներին ու սեփական հարստությունը դուրս մղելու հետևից: «Գորշ գայլերի» սերունդները Հրանտ Դինք են սպանում, մենք նրանց ժառանգներին Հայաստան ենք հրավիրում մեր սերն ու նվիրվածությունը հայտնելու, շքանշաններ տալու համար, քիչ էր մնում՝ ադրբեջանցի գրողին Հայաստանի քաղաքացիություն շնորհեինք, ինչ է, թե երկու լավ խոսք էր ասել Հրանտ Մաթևոսյանի մասին: Ինչ է, չասե՞ր, չպարծենա՞ր, որ նման հանճարը իրեն բարևել է, հա՛, վերջում էլ խոստովանեց. «Ես փրկել եմ իմ ազգի պատիվը»: Պատվասեր հայերս ինչո՞ւ ենք այսքան խեղճացել: Ազգային արժանապատվության կորուստը հիշողության կորուստ է: 1975 թ. մի խումբ երիտասարդներ որոշեցին աշխարհի ուշադրությունը հրավիրել մի մոռացված պատմության՝ Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման խնդրին: Նրանք, որ իրենց կոչել էին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ, հետագայում ստացան ԱՍԱԼԱ անունը և պատմության մեջ մնացին որպես Հայոց ցեղասպանության ճանաչման և հայրենազրկումի առաջին մահապարտներ: Սկզբում նրանց փորձեցին որակել ահաբեկիչներ, սակայն 1,5 միլիոն հայերի ողբերգությանը չկարողացան դիմադրել անգամ օտար դատարանները: Ազգային վրեժխնդրությունը, ինչպիսի անուն էլ որ տանք, այդ ազգի գոյության խորհրդանիշն է: Եթե դա չլիներ, այսօր հայոց սահմանները անխոցելի չէին լինի թշնամու դեմ, և Արցախի ազատագրության համար չէր ստեղծվի մահապարտների գումարտակ: Արևմտյան Հայաստանը բռնազավթելու և հայրենիք ստեղծելու թուրքական գործոնը այսօր էլ ճիգ ու ջանք չի խնայում պատմության էջերից մաքրելու իր ցեղի անօրինական բռնազավթման հետքերը՝ Հայոց մեծ եղեռնը: Այն հսկայական գումարները, որոնք ներդնում է ցեղասպանությունը միջազգայնորեն չճանաչելու համար, հայտնի է ոչ միայն մեզ, այլև աշխարհի առաջադեմ մարդկությանը: Լինեն «Գորշ գայլերը» թե Թուրքիայի նախագահ Էրդողանը, միևնույն է, աշխարհասփյուռ հայերն ավելի մեծ փաստ են, քան Թուրքիայի, Անգլիայի ու Գերմանիայի արխիվներում ժամանակի թողտվությանը սպասող Մեծ եղեռնի իրական փաստերը:
Հայերս պետք է վերանայենք մեր իրավունքի ռազմավարությունը, որովհետև թուրք դիվանագետների և նրանց հակահայկական լոբբինգներ իրականացնող արնախում գայլերի փոխարեն մենք պետք է գործենք միջազգային իրավունքների դաշտում, ապացուցելով, որ մոլորակի վրա ամենամեծ էթնիկ զտումը իր պատմական տարածքներում իրականացվել է հայ ժողովրդի հետ:
Այո՛, Թուրքիան իր շողոմ քծնանքով կաշառելով, քաղաքական տարբեր զիջումների գնալով, երբեմն դիվանագիտական կապերը խզելու սպառնալիքով որոշ տերությունների ստիպում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, ինչպես վերջերս արվեց Ավստրալիայի հետ: Աշխարհը միշտ էլ ընդունել է ուժն ու հզորությունը. իրականությունն ու հավերժությունը իրարից չտարբերող պետությունն ու ազգերը, միևնույն է, պատասխան են տալու ժամանակի առաջ:

Հ.Գ. Արցախյան ազատագրական պայքարի ոգին ապացուցեց, որ հայերն իրենց համախմբվածության շնորհիվ հզոր են և անկոտրում: Պահպանենք մեր ազգային, պետական մտածողության և համամարդկային դիվանագիտության բանալին, որ շնորհեց մեզ Արցախյան մեծ հաղթանակը՝ մեզ վերադարձնելով հայի Ոգին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.