ԼԻԼԻԹ

Մորս` Մետաքսեին
Հոգուս նման է
Երկինքը դարձել,
Լցվել է, մթնել,
Եվ արցունքների
Հեղեղ է թափվում
Քաղաքի վրա…
Ես չեմ արտասվում,
Միայն զգում եմ,
Կաթկթոցների ճիչերն
Անսահման
Ինչպես են հոգուս
Ծանրություն բերում…
Դու հեռվում
Հանգչող իմ միամորիկ,
Գիտեմ, որ միայն
Քո սիրտն է լալիս
Իմ ցավի համար…

***
Առավոտները արթնանում եմ
Ծտերի ծլվլոցից,
Մայթերը կամաց-կամաց
Լցվում են
Իրենց հոգսերի ետևից
Շտապող մարդկանցով,
Շուրջս ամեն ինչ
Հոսում է կյանքի
Սահմանված կարգով,
Միայն դու չկաս…
Քո զարդերն ու հագուստները
Ամեն օր համբուրում եմ,
Որ քեզ ունենամ կողքիս…
Կարոտս խեղդում է կոկորդս,
Եվ քո ջերմության պակասից
Հոգիս շնչահեղձ է լինում
Ու հիշում եմ Հիսուսի խոսքերը.
– Աստված իմ, ինչո՞ւ ինձ
Մենակ թողեցիր…

***
Վախենում եմ դիպչեմ
Մատնահետքերովդ
Լեցուն արդեն
Փոշոտված գրասեղանիդ,
Որ քո ջերմությունից
Մի հյուլե անգամ
Սենյակի պատերի ներսում
Չպակասի…
Վախենում եմ դիպչեմ
Գրքերիդ, կահույքին,
Սպասքեղենին,
Որ քո գոյության
Պակասից խամրել
Ինձ են նայում
Հայացքով օտարացած…
Վախենում եմ սրբեմ
Մանրահատակ, գորգ
Ու պատուհան,
Որ քո էության
Շռայլ բարիքից
Տունս հանկարծ
Չդատարկվի…

Մնա ինձ հետ
Քաղաքի ձյունոտ մայթերը
Նման են սպիտակ
Սրունքների,
Եվ գիշերը հագցնում է նրանց
Իր սև զուգագուլպաները…
Հեռու աշխարհից ու մարդկանցից՝
Հոգնած նստել եմ
Եվ այլևս ոչ մի տեղ
Չեմ շտապում.
Մնա ինձ հետ…
Դրսում ձյունը իր
Բարության սերմերն է
Շաղ տալիս,
Որ մարդիկ արթնանան
Չարությունից,
Ու փրկեն հողագունդը
Աթոռակռվի ծանրությունից…
Ինձ հետ մնա
Ու ծանոթացրու
Շուրթերս քեզ հետ,
Ես շատ երկար եմ
Քեզ սպասել…

Աշնանային նատյուրմորտ
Շրջանակը պոկվեց
Մեխից
Ու վայր ընկավ,
Մեկը լիներ
Գար ու հարցներ,
Թե ինչո՞ւ է նա մենակ…
Ծառի ստվերն է գրկել
Պատուհանս փակ,
Չի ուզում, որ քամին
Իրեն համարակալի
Որպես մենակյաց,
Գոնե թախիծը
Ներս ու դուրս չաներ,
Որ ասեի, թե կյանք է,
Պատահեց…
Հիմա պիտի փնտրեմ
Նոր անուն շրջանակի
Համար,
Որ մեխին սիրաշահի,
Որպես բախտի ընծա…
Մեկը գար տեսներ՝
Ծանրացել է րոպեն
Ժամանակի ձեռքում,
Պարզապես ապրելու
Համար
Վայրկյանն է միշտ պակասում…
Մեկը լիներ՝
Չնայեր շուրջբոլորը,
Չլսեր ոչինչ,
Իր քայլերը շրջանակեր
Սենյակիս նկարի մեջ…

Պահմտոցի
Մի՛ փնտրիր ինձ,
Որ շուրթերս համբուրես,
Ասա, այդ քո սովորույթն է…
Ջնջիր հեռախոսահամարս,
Անջատիր հեռախոսդ,
Որ ինձ չհիշես…
Քայլիր փողոցներով
Եվ հանդիպող
Բոլոր մարդկանց ժպտա,
Որ հավատաս, թե ազատվել ես
Հիշողության իմ բեռից,
Ճանապարհին ինձ հանդիպելիս
Իջեցրու գլուխդ,
Իբր չես տեսնում…
Տանը
Զայրույթից սպասումդ
Խփիր պատեպատ
Եվ ինձ տենչալով
Տիրացիր ուրիշ մի կնոջ…
Տեսնում ես
Դու վարպետ
Պահմտոցի խաղացող ես,
Իսկ լռությունը
Ճաք է տալիս…

Օրը
Չապրված օրը
Կծկվեց մուրացկանի
Ափում
Եվ հարբեցողի դատարկ
Շշերի շրխկոցով
Ծեփվեց պանդոկի
Պատին,
Անբարո կինը
Խղճաց անարցունք
Մինչև լուսաբաց
Օրվա պատանքը կարեց…
Չապրված օրը
Իր դատարկությամբ
Կուչ եկավ հեռու
Գերեզմանոցի
Համր անկյունում,
Մարդիկ չտեսան նրան,
Չլսեցին ձայնը,
Միայն ինչ-որ մեկը
Քայլեց տխուր
Ու գլխիկոր…

Մենք
Մենք բարձրանում ենք
Լեռները,
Որ մաքրությունը
Լողացնի մեզ
Իր կապույտում,
Եվ չհանդուրժելով
Մեր փոքրությունը,
Իջնում ենք ասֆալտե
Մայթերին՝
Ոտնատակ անելու նրա
Խեղճությունը…
Մենք մեզ հատկացված
Ժամանակը
Կորցնում ենք՝
Կյանքի արձանագրությունը
Վերծանելու,
Եվ կարդում ենք
Միայն այն,
Ինչ մեր հոգին և կամքը
Վերցնում են ճակատագրից…
Մենք մեր շարունակությունը
Ապավինում ենք սիրո
Աշխարհում
Ծնված երեխաներին,
Որ մեզ ետ վերադարձնեն
Կրկնության տեսիլքներից,
Եվ մի օր քնում ենք
Հողի հետ,
Մենք մեզնից կիսատ մնալով…

Քեզ
Տաքսի կանգնեցրու
Եվ ինձ ուղարկիր
Տուն,
Ես այլևս չեմ
Դիմանում
Տառապանքին…
Խոստանում եմ՝
Երբեք չեմ արթնացնի
Երազներդ,
Ես այնտեղ էլ չկամ…
Քո նվիրած նկարում
Աշունը
Մենության դատարկություն է
Շաղ տալիս…
Որտե՞ղ ես դու,
Որտե՞ղ եմ ես…
Սակայն գիտեմ, որ բոլոր
Ճանապարհները
Դեպի քեզ են բերում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.