Կա՛ ժամանակակից հայ բանաստեղծություն (անդրադարձ պոեզիայի 14.11. 2014-ի լիանիստին) / Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆՍուրենին մեր մտերմիկ զրույցներում էի ասել՝ արձակի հետ ինչ արիր-չարիր, պոեզիային ձեռք չտաս, դու պոեզիա չես հասկանում: Կարծում եմ՝ երեսին ասելուց և պոեզիայի՝ նոյեմբերի 14-ի լիանիստից հետո բարոյական իրավունք ունեմ մեկ-երկու բան ասելու:
Դահլիճում լսել չէր լինում Սուրեն Աբրահամյանի զեկույցը, «Գրական թերթում» տպվելուց հետո էլ՝ կարդալ: Պատճառը շատ պարզ է. գրվածը որպես զեկուցում-բանավոր խոսք չէր մտահղացված. վաղուց գրված ինչ-որ բաների վրա ճաշի վերջում ավելացված խառը կանաչի էր:
Իրոք, իմ բարեկամ Սուրեն Աբրահամյանն իր ելույթով ապացուցեց, որ պոեզիա չի հասկանում, այլապես, նկատեցի՞ք, որ զեկույցի 80-90 տոկոսը նվիրված էր «Ի՞նչ է պոեզիան» հարցադրմանը: Պետք է ասել, որ զեկուցման մեխը սա էր, և այս առումով, թերևս, արդարացված էր նրա անդրադարձը Հենրիկ Էդոյանին, քանի որ, իմ կարծիքով, մեզանում այս բանաստեղծը խոսքի գեղագիտության և ծրագրայնության բանաստեղծն է: Իսկ մյուս հեղինակների՝ պոեզիային վերաբերող մտքերի ու տողերի ետևից ընկնելով՝ Աբրահամյանը, բնականաբար, պիտի խճճվեր, ու այդպես էլ եղավ. իր պոետները ասում են՝ պոեզիան այն է, ինչ պոեզիա չէ, բանաստեղծությունը ապաբանաստեղծականացված բանաստեղծությունն է, և այսօր արդեն հնաբույր նմանատիպ ձևակերպումներ, որոնցից ինչ ուզես, կենթադրես: Ա՛յ մարդ, պարզվում է՝ 60-70-ականների սերնդով է մեր բանաստեղծությունը «դառնում ավելի մարդկային» (մեջբերումը՝ Ս. Աբրահամյանի զեկուցումից. «Գրական թերթ», նոյեմբերի 28), Նարեկացին մարդկային չէր, Մեծարենցը մարդկային չէր:
Ի՜նչ ասես, սովետական տարիների մի քանի հանգաթուխների դեմ կռիվը վերածեցին հայ պոեզիան «ավելի մարդկային» դարձնելու էպոխայի: Կռիվ՝ հողմաղացների դեմ, որ չէր կարելի այդքան ուռճացնել, քանի որ չկային այն օբյեկտներ-անձինք-բանաստեղծները, որոնց դեմ մինչև այսօր կռվում են մեր գրականագետներից շատերը:
Իսկ պոեզիայի այդ «մարդկայիններից» մեկը Սուրենի մեջբերումն է, որի մեջ ասվում է, որ բանաստեղծի պատմական աշխարհում անձրև էր գալիս, ծաղիկներից ու վարդերից (վարդը ծաղիկ չէ՞.- Թ.Տ.) թարմ ներկի հոտ էր փչում, ողբերգությունը սկսելու համար բավականին ժամանակ կար, դրա համար նա թափառում է դեկորացիաների մեջ ու ծխում (եթե չձանձրացաք, շարունակեմ), նրա պայմանական աշխարհում այսօր սոսկալի եղանակ է, և նրա պայմանական տունը կաթում է սարսափելի, իսկ նա պահարանում նստած ծխում է իր սիգարետը… (Չէ՛, էլ չեմ շարունակի: Ասեմ, որ այս տողերը տառացի մեջբերումներ են Ս. Աբրահամյանի նախընտրած բանաստեղծություններից, ես պարզապես առանց տողատելու և առանց չակերտների եմ մեջբերել: Ասեմ, որ բանաստեղծության հեղինակը Հ. Գրիգորյանն է, ումից, իմ համոզմամբ, շատ ավելի լավ բանաստեղծություններ մեջբերելու հնարավորություն կա, բայց քանի որ զեկուցողը սևեռված էր «ի՞նչ է բանաստեղծությունը» հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ, կատարել է անհաջող մեջբերումներ: Իմիջիայլոց, «ասեք, թե ինչ մեջբերումներ է կատարում զեկուցման հեղինակը, և կիմանաք, թե ով է նա (կամ թե ինչպիսի գրականագետ է նա)»: Դեռ պիտի մաքրենք Ձեր նախշուն բառից, Ձեր սիրուն հանգից պոեզիան մենք մեր.Դ. Հովհաննեսը նույնպես, հաստատ, ավելի լավ տողեր ունի, որոնք բանաստեղծություն են և ոչ թե բանաստեղծության տեսություն, բայց քանի որ, ասացինք ու կրկնենք, Սուրենն իրոք չի զգում պոեզիան, հոգեբանորեն անընդհատ հակվում է նման տողերի, որոնք տվյալ հեղինակի բուն բանաստեղծության մասին այնքան էլ շատ բան չեն ասում: Ու եթե Դ. Հովհաննեսն ասում է, թե պոեզիան այն է, ինչ պոեզիա չէ, ինքը դրանից չի շփոթվում՝ հակառակ մի քանի գրականագետների: Բայց ես էլ իմն եմ ուզում ասել՝ ո՞նց կարող է պոեզիան պոեզիա չլինել, ընկե՛ր գրականագետներ, մի՛ շփոթվեք, ա՛յ մարդ, պոեզիան պոեզիան է:
Ս. Աբրահամյանը պարզապես չի կարողանում նկատել, որ եթե շատ-շատ հեղինակների, իրոք, տանջում է բանաստեղծության տեսական ընկալման տագնապը, և նրանք նաև նման վարժություններ են անում, ապա կան նաև այնպիսի հեղինակներ, ովքեր այդ բանաստեղծությունը գրո՛ւմ են: Ուղղակի պետք էր խոսել ա՛յդ բանաստեղծությունների մասին: Պետք չէր խոսել չեմ հիշում՝ որ դարի 60-70-ականների, 80-90-ականների պոեզիայի մասին: Պետք էր խոսել վերջին 3-4 տարիներին լույս տեսած գրքերի, այս ու նախորդ 1-2 տարիներին «Նորք»-ում, «Անդին»-ում, «Գարուն»-ում, «Գրական թերթ»-ում, «Գրեթերթ»-ում, «Նարցիս»-ում, «Գրանիշ»-ում (և այլն) ներկայացված բանաստեղծության մասին (Ամոթ չէ՞ «Գարուն»-ի հասցեին ժահրոտ խոսք ասել, ինչ է թե այդ ամսագիրը համարձակվել է տպագրել այնպիսի համարձակ հոդվածներ, որոնք, մեղմ ասած, քննադատում են զեկուցման հեղինակին և հեղինակությունների: Հետո էլ սկսում են բողոքել, երբ համարժեք պատասխաններ են ստանում: Չի՞ կարելի չվիրավորել):
Իրոք, չարժեր մեկժամանոց զեկուցում կարդալ ոչ թե ժամանակակից պոեզիայի մասին, այլ այն մասին, թե ժամանակակից պոեզիան ինչ է ասում պոեզիայի մասին:
Նման հոգեբանական անլիարժեքության կոմպլեքս-վիրուսով է Ս. Աբրահամյանը խոսում նաև Հակոբ Մովսեսի, Հրաչյա Թամրազյանի, Արևշատ Ավագյանի և մյուսների ստեղծագործությունների մասին:
Կարծում եմ՝ ժամանակակից հայ պոեզիան Ս. Աբրահամյանի պատկերացրածի չափ եսասեր չէ, որ միայն իր մասին խոսի:
Ժամանակակից հայ պոեզիան, ըստ էության, ոչ թե պոեզիայի, այլ երկրի ու երկնքի՛ մասին է խոսում, այդ երկրի ու երկնքի արանքում տառապողի՛, մեղքի և արդարության արանքում մոլորվածի՛, ազնիվ ապրողի և նրա՝ հաճախակի դարձած երկվությունների՛, աշխարհի ու հայրենիքի՛, մարդո՛ւ մասին է խոսում: Մարդո՛ւ: Ոչ թե իր: Ոչ թե ի՛ր, հարգարժա՛ն գրականագետ: Թեև նման զեկուցումների պատճառով երբեմն ստիպված նաև իր մասին է խոսում: Երբե՛մն: Ո՛չ միշտ:
Կա՛ն, Հայաստանում այսօր կա՛ն երկրի ու երկնքի, այդ երկրի ու երկնքի արանքում տառապողի, մեղքի և արդարության արանքում մոլորվածի, աշխարհի ու հայրենիքի, մարդո՛ւ մասին պոեզիա ստեղծող պոետներ, գտե՛ք նրանց և ոչ թե նավթալինոտ ու վատ ասմունքողի պես ամեն անգամ բեմ ելնելիս արտասանեք ձեզ նախորդող «ասմունքողի» գտած-բերած բանաստեղծությունը՝ դու երկու տառ, դու՝ հասարակ մի դերանուն…:

2 thoughts on “Կա՛ ժամանակակից հայ բանաստեղծություն (անդրադարձ պոեզիայի 14.11. 2014-ի լիանիստին) / Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

  1. ՀՐԱՇԱԼԻ ՀՈԴՎԱԾ Է,ՀՐԱՇԱԼԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ…ԻՐՈՔ,ԳՏԵ՛Ք ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՄՈԼՈՐՎԱԾ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԳԻՐՔԸ,ՈՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԿՈՉՎՈՒՄ Է.«ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ»։

  2. Միանգամայն համամիտ եմ պարոն Տոնոյանին: Հայ պոեզիան եղել է, կա ու լինելու է: Սրանում էլ ես եմ վստահ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.