ՀԵՐՄԱՆ ԲԱՐ / ՆՈՐ ԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ / DIE MODERNE

Հերման Բար
(1863-1934 թթ.)

Ավստրիացի գրող, դրամատուրգ, ռեժիսոր, քննադատ: Ավստրիական մոդեռնիզմի ներկայացուցիչ, «Երիտասարդ Վիեննա» գրական ընկերության տեսաբանն ու գաղափարախոսը, զբաղվել է հասարակական ակտիվ գործունեությամբ, տարվել է մարքսիզմի գաղափարներով: Ժամանակի համար ծրագրային նշանակություն են ունեցել նրա՝ արվեստի և գրականության տեսական հարցերին նվիրված խոհագրությունները, ինչպես, օրինակ, «Նատուրալիզմի հաղթահարումը», «Իմպրեսիոնիզմ», «Նատուրալիզմի ճգնաժամը», «Արվեստը և քննադատությունը» և այլ գործեր:

Ես քայլեցի հյուսիսի ավազուտ հարթավայրերով, Ալպյան հավերժական սառույցները մագլցեցի, մեծ քաղաքների աղմուկը թողած՝ անցա Պիրենեյան ձյունապատ անդաստաններով, մոլոր կանգ առա ծովերի դեմ, ուր տարերքն է մոլեգնում: Ամենուրեք սրտակեղեք հեծեծանք, դառն աղքատություն: Եվ ո՛չ մխիթարություն, ո՛չ խորհուրդ, ո՛չ հույս…
Իմաստունների խոսքին հետամուտ՝ գլուխս գրքերի մեջ թաղեցի, ականջս հպեցի սրտերին՝ կարոտի թրթիռն հասկանալու: Հարցում արի ամենքին անհագուրդ տենչով, և ոչ մի տեղ պատասխան չգտա:
Մի անմարդկային խոշտանգում է անցնում այս ժամանակի միջով, և ցավն արդեն դառնում է անտանելի: Եվ այս տիեզերածավալ աղաղակն առ Աստված, և խաչվածներ, ահա, ամենուր… Արդյոք համատարած մա՞հ է իջնում երկրի վրա:
Արդյոք հասե՞լ ենք վախճանին, խոնջացած մարդկության մահվանը և հոգեվարքի վերջին ջղաձգում ենք ապրում: Գուցե հայտնվել ենք սկզբի շեմքին, մոտեցել նոր մարդկության ծնունդին, և սա գարնանային ձնահոսք է սոսկ: Արդյոք բարձրանո՞ւմ ենք աստվածության ճանապարհով, թե՞ գահավիժում գիշերի ու ոչնչացման մեջ, և չի մնում ոչինչ:
Որ ցավից ամոքում կգա, և ողորմածություն՝ հուսահատությունից, որ այս զարհուրելի խավարից հետո լույս կլինի, և արվեստը կհանգրվանի մարդկանց մոտ, այս հարության շեմին, ահա մեր ժամանակի հավատը:
Սոսկ հավատ՝ գետնամած, դողդոջ , ոչինչ չխոստացող, ոչնչով չերաշխավորված:
Կարող են ասել՝ ահա և վախճանը. վաղը երկրագունդը ճեղքվելու է: Ապրենք վայելքներով՝ արբեցումի մեջ, գրգանքի մեջ. համաշխարհային ջրհեղեղից առաջ:
Այո, մենք անպաշտպան ենք մեր միամիտ կարոտի մեջ, հակառակ խելացիների քմծիծաղի: Վկայություններ կամ պատգամ չունենք, միայն Աստծո խոստումն ունենք մեր սրտերում: Ում նա ընտրել է, նա մեզ հետ է: Թշնամիներին կարող ենք լոկ սպանել մեր խղճահարությամբ:
Մենք ուրիշ գիտություն չունենք, միայն գիտենք, որ գոյություն չունի կյանք հավատից դուրս: Մենք տրվում ենք նրան՝ կործանումի դեմ համառությունից: Պարզ ու հասարակ փորձ ենք անում. եթե չենք կարող աքաղաղին լռեցնել և թասը մինչև վերջ դատարկել, հակառակ ամեն ինչի, ուրեմն ճշմարտությունը պետք է նրա մեջ լինի:
Նորագույնը մեր ցանկությունների մեջ է, և դրսում է, և ամենուր է՝ մեզանից դուրս: Նա մեր ոգու մեջ չէ: Նա դարաշրջանի տառապանքն ու հիվանդությունն է՝ տենդագին, տվայտող, որովհետև կյանքը խուսափում է ոգուց: Կյանքը նետված է մինչև ամենախոր անդունդը, և նորից ու նորից է գլորվում, բոլոր օրերը, անմնացորդ, անփոփոխ: Իսկ ոգին մնում է նույնը, անփոփոխ, անշարժ և տվայտում է անօգ, քանզի մենակ է և կյանքից լքված:
Այդ է պատճառը, որ կորցրել ենք ամբողջականությունը՝ հայտնվելով կեղծիքի մեջ: Մեր մեջ շարունակ հորձանք է տալիս անցյալը, մեր շուրջը ծավալվում է ապագան: Եվ չի կարող խաղաղություն լինել. ատելություն է, գժտություն՝ թշնամանք, բռնություն ժայթքող: Մարմինը արշավում է ոգու դեմ, նոր հասարակության մարմինը՝ հարյուր տարի ի վեր: Նա ծնում է մղումներ, ցանկություններ՝ նախկինում անծանոթ և այսօր էլ դեռ չհասկացված, քանզի ոգին նկուն է, խոնարհ ու բզկտված: Մեզ ցավ պատճառողը նոր մարմինը չէ, ցավը նրանից է, որ դեռ նրա ոգին չունենք, այդ նոր մարմնի:
Ճշմարիտ լինենք, ենթարկվենք արտաքին պահանջին և մեր ներքին կարոտին միաժամանակ: Լինենք այն, ինչ մեր շրջակա աշխարհն է դառնում: Թոթափենք մեր հեղգ անցյալը, որ վաղուց խամրել է, մեր հոգիները բանտել իր խունացած խաշամում: Լինենք ներկայում: Իսկ անցյալը մեծ էր, հաճախ սիրելի: Նրա համար հանդիսավոր մահախոսական կարդանք: Եվ երբ թագավորը թաղված է, ապա կեցցե մյուս թագավորը:
Պատուհանները լայնորեն բացենք, որ արևը մեզ հասնի, նորատի գարնան շողշողուն արևը: Բացենք մեր զգայարանները, բացենք մեր նյարդերը և ականջ դնենք և ունկնդիր լինենք: Ցնծությամբ ծունր դնենք և ողջունենք լույսը, որ իշխանություն է նվաճում ընդարձակ սրահներում:
Ճիշտ չէ, թե մեծ արարքներ ու նաև հզոր մեսիաներ են հարկավոր: Հարկավոր է միայն սովորական, պարզ սեր ճշմարտության նկատմամբ: Թողնենք վես հպարտությունը, որն ուզում է վարպետորեն դիմակայել մտքերին:
Դրսում՝ այս օրից ծնվող գալիքում է փրկությունը: Այնտեղ՝ երեկվա ժառանգության մեջ է նզովքը: Նեղ, մութ կիրճերից ուխտագնացության ելնենք լայնատարած ու լուսավոր բարձունքները, ուր թռչուններն են երգում՝ հույսի ուխտավորները:
Այո, վստահենք միայն զգացմունքներին, ինչ են նրանք ասում և ինչ են հրամայում: Նրանք արտաքին աշխարհի սուրհանդակներն են, ուր ճշմարտության մեջ երջանկությունն է ապրում: Նրանց ծառայել: Արտացոլենք յուրաքանչյուր ցանկություն, ուր նրանք կամացուկ շարժվում են: Սովորենք յուրաքանչյուր պատասխան, որ նրանք տալիս են աշխարհին կյանքի անցուդարձից: Ամեն մի հնչյունը որսանք:
Մինչև ծնունդ կառնի նոր ոգին, որտեղ հինը անդարձ անհետանա, և իրականությունը ծնվի: Մինչև այս անծանոթ հսկան, փողոցում մռլտացող այս վիթխարամարմին հրեշը մեր մեջ իր հոգին կդնի՝ իր նման վիթխարածավալ, անպարփակ ու վայրի: Մինչև որ սուտը մեր մեջ՝ ուրիշ կերպ լինելու, հեղձամահ լինի:
Մենք այլ անելիք չունենք, քան արտաքինը ներքին դարձնել, որ երկար չմնանք եկվոր, այլ դառնանք սեփականատեր: Բայց նախ պետք է մեզ մաքրենք, մինչ առաջիկա վերաբնակեցում, մաքրենք բռնակալներից: Մեր մեջ չպետք է հին տեսակետ մնա, դպրոցի մոլորություն, որևէ շշուկ, որ զգացմունք չէ: Պետք է ճյուղակոտոր արվի, որ ազատության վաղորդայնի՝ սերմերը ներս քշող քամին շնկշնկա: Կացինը մահացու պետք է իջնի մացառուտի վրա:
Սա է մեծագույն խնդիրը. դուրս նետենք մեր հոգիներից ավանդույթի փլատակները և անմնացորդ կերպով բորբոքենք մեր մեջ ոգին մոլեգին թափով, մինչև անցյալի բովանդակ հետքը սրբվի: Դատարկենք, դատարկենք մեր հոգիները մեր հայրերի ուսմունքներից, հավատից, գիտությունից, հիմնովին դատարկենք: Հետո նորից կլցվենք:
Բայց օրհնությունը, որ մեզ լցնելու է, գալու է դրսից, մի պարգև կյանքից: Բացվենք միայն: Մեր գիրկը նվիրումով տրամադրենք, և պտուղը կծնվի:
Պետք չէ անվերջ գոտեմարտել և տվայտել:Խոնարհաբար գոհանանք շուրջը եղած ճշմարտությամբ: Ահա այն, դրսում: Այն ներմուծենք հոգու մեջ, արտաքին կյանքի մուտքը ներքին ոգու մեջ. ահա նոր արվեստը:
Բայց ճշմարտությունը երեք շերտ ունի, երեք շերտ ունի կյանքը, այդ իսկ պատճառով երեք շերտ ունի նաև նոր արվեստի կոչումը: Մի ճշմարտությունը մարմինն է, մի ճշմարտությունը զգացմունքների մեջ է, մի ճշմարտությունը մտքերի մեջ է:
Ուսումնասիրենք մարմինները, եզակին և ամբողջը, որում ապրում է մարդկությունը, հայտնաբերենք՝ ինչ օրենքների են նրանք ենթարկվում, ինչ ճակատագրեր են ունենում, ինչպիսի ծնունդներից դեպի ինչպիսի մահերն են գնում, արձանագրենք ամենը, ինչպես կա: Զգացմունքներ փնտրենք մեր սրտերում և ուրիշների, որոնք ինչ-որ տեղ հառաչում են, երազում են կամ տրտնջում են… Եվ երբ հոգիներում հանդիպած ճշմարտությունը ոգեղենի վերածվի, ոգեղեն խոսք ընդունի և հստակ խորհրդանիշներ ստեղծի, երբ վերջապես ողջ արտաքինը ամբողջովին ներքին դառնա, և այս նոր մարդը նոր բնույթի լիակատար նույնությունը լինի՝ կրկին աստվածության պատկերը այդքան երկար աղավաղումից հետո, այս նոր ոգին ենք ուզում մենք արտահայտել՝ ինչ կարծիքներ ու պահանջներ ունի:
Մենք բարձագոչ բառեր չունենք, և հրաշքներն էլ մեզ համար չեն: Չենք կարող երկնային արքայություն խոստանալ, միայն ուզում ենք, որ սուտը դադարի, ամենօրյա սուտը, դպրոցներից, գրասենյակներից, գահերից, սուտը, որ տգեղ է, հոռի:
Մենք ուրիշ օրենք չունենք, բացի ճշմարտությունից, ինչպես յուրաքանչյուրն այն զգում է: Նրան ենք մենք ծառայում: Ոչինչ չես կարող անել, եթե այն կոպիտ է, բռնացող, հաճախ չարախինդ ու դաժան: Մենք հլու կամակատարն ենք նրա պահանջի: Երբեմն դա մեզ էլ է զարմացնում, երբեմն վախեցնում է մեզ, բայց մենք չենք կարող մեզ օգնել:
Այս է լինելու նոր արվեստը, ինչպիսին մենք այսպես ստեղծելու ենք: Եվ սա նոր կրոն պիտի լինի: Քանզի արվեստը, գիտությունը, կրոնը նույն բանն են: Նույն ինքը՝ ժամանակն է՝ ամեն անգամ մի նոր խմորում հունցված:
Գուցե մոլորվում ենք: Գուցե զառանցանք է, թե ժամանակը նորոգվել է: Գուցե ընդամենը վերջին սարսուռն է սա, ամենուր գալարվող վերջին ջղաձգումը անգոյություն տանող ընդարմացումից առաջ:
Իսկ թե մոլորություն է, ապա աստվածային, քանզի այն հեշտացնում է մահը:
Թե նետվում ենք շվայտության և այլասերման գիրկը՝ չզգալու համար ժամանակի ծանրությունը:

Գերմաներենից թարգմանեց
Ամալյա ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.