Ֆեյսբուքյան պատմություն / Արա ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Արա Նազարեթյան

Էսօր լավ օր էր…
Առավոտ վաղ քամին աշնան տերևի պես քշել-տարել էր Վերնիսաժ, պիջակի հետևից, հնավաճառ կինն ասեց՝ քիչ է հագած, բայց գինն էլ մի բան չի… հա, մեկ էլ դոշի էդ մուգ բիծը, ասեց, ծիտն է ծրտել, լվանաս՝ կանցնի… լավ է կովերը չեն թռչում:
Ջինսե տաբատը դեռ գարնանն էի գնել:
Էսպես, ուրեմն, չորացած ծերտը մեդալի պես կրծքին ջինսե պիջակի մեջ տաք-ապահով, Սիտիմարկետ եմ մտնում (տան հրամանատարը լվացքի փոշի էր հանձնարարել), մուտքի մոտ սպա ու զինվոր կային, սպան իմ բոյի էր, փոխգնդապետ, իմ հասակի փոխգնդապետ տեսած չկայի, դեմքին նայեցի…
– Աշոոո՛տ…
Ոնց որ գլխով ասաց՝ հա, բայց… Բայց ու… հիշեեեց… Ոչ զինվորական, բայց մշտակիր գլխարկիս տակ պսպղան աչքերս ճանաչեեեց… Քսան տարի է անցել: Փոխգնդապետական սառը դեմքը թռավ… մի ողջագուրաաանք, պաչպռոշտի…
Ինձ մատնացույց, զինվորին ասաց.
– Մենակ ինքն էր, որ լրիվ նահանջել էինք, Յանշակը գրաված առաջ էր գնում Քելբաջարում…
Գլուխը ետ գցած՝ նայեց.
– էդ ջինսերիդ մեջ լավ էլ ջահել ես երևում… Բեղե՞րդ ուր են… Երևի լևի էլ ես գնում:
– Ի՞նչ իմանամ:
– Այսի՞նքն…
– Եսի՞մ… Վերջերս, մեկը կար, պարտքով փող խնդրեց, ճարեցի, մի երկու անգամ սիրաբոցավառվեց, համարեց պարտքը մարած, ամաչեցի ետ ուզեմ… Հիմա մեզնից ո՞րն էր լևի գնացել, որը՝ պռավի:
– …Ծիտը ծրտել է, ասում են` հարստանալու նշան է:
Ի՞նչ իմանաս, կարող է` ճիշտ նշան է, գուցե նախկին տերը իրոք հարստացել է:
Զինվորը, գլուխը կախ, կանգնած էր:
Ծիծաղելով կրկնեց.
– Յանշակը մենակ գրաված, առաջ էր գնում Քելբաջարում…
– Յանշա՞կն էր, թե՞ Չափռին:
– Չափռին մինչ էդ էիր գրավել…
Կարծեմ 94-ին էր, գնդի շտաբի պետը կանչեց, թե՝ գիշերը հարձակվում ենք, Պուշկինոյի գումարտակը տեխնիկա քիչ ունի, կգնաս իրենց հետ, ինչ պետք է՝ իրենք կասեն, իրենք էլ ասեցին` զորասյան առաջից դու կգնաս: Դե, առաջ առջևի գնացողին են խփում, կողմնակին ես էի, ասեցին՝ էդ ճանապարհը բռնի ու գնա ապահով՝ մենք քո ետևից հասած, գալիս ենք… Մութ էր, լուսաքողարկված ու օտար անծանոթ ճանապարհ, ինչքան տևեց… մինչև մի քարափի տակ ճանապարհը հատավ: Չգիտեմ՝ հիմա ուր գնամ, ռացիան էլ չի աշխատում, երևի ֆիննական պատերազմից էր, որպես ժառանգություն, հասել ինձ, երբեմն խռխռում, ավելի շատ լուռ էր որպես հայրենական սպառազինության վրա քաշած գերեզմանաքար:
Հանկարծ, երևի էդ հազվագյուտ պահերից մեկն էր, մեկեն գոռաց.
– Որտե՞ղ ես…- վանաձորցի Աշոտն էր Սարգսյան, կապի վաշտի պետը:
– Տեղ եմ հասել:
Միալար ձայնը փոխվեց աշխույժ-կայտառի.
– Արդեն… Բաքու ե՞ս:
Դե, ճանապարհը վերջացել էր, չգիտեի` ուր գնամ էլ:
– «Հարձակվի» գետի հոսանքով վեր,- ծիծաղեց:
– Ո՞նց… Դուք ո՞ւր եք, մեր թիկո՞ւնքն են անցել…
– Դու ես անցել իրենց թիկունքը:
Քսան տարի առաջ էր…
– Բա,- կրկնեց արդեն փոխգնդապետ Սարգսյան Աշոտը:- Միայնակ Յանշակը գրաված, առաջ էր գնում Քելբաջարով մեկ…
– Իիինչ գրավել, նրանք ձեզանից շուտ էին փախել, ես էլ մեջտեղում միամիտ մնացել էի, դու փրկեցիր, թե ինչ ուղղությամբ «հարձակվեմ», մինչև եկա հասա մերոնց…
Աշոտը առաջինն ու մշտականն էր հա վիրավոր ու վիրակապով… Քսան տարի անցել է, ես առաջինը ճանաչեցի – դե, ինքը զինհամազգեստով, հեշտ էր ճանաչելը երևի, ինձ գլխարկիս տակի աչքերով տեղը բերեց:
– Հա,- ասաց,- դիտմամբ անկազմակերպ նահանջ էր, ծուղակը գցելու համար, որ դրանք սարերից իջնեին, իսկ դու` պոզերդ խրած, առաջ էիր քշում:
Հետի զինվորը, մեկ էլ նկատեցի՝ չկար, ամաչեց երևի, որ փոխգնդապետին էդպես մարդկայնորեն թույլ տեսնում է (մարդ է, ո՛ւմ հետ չի պատահում), մեկ էլ տեսա՝ չկար…
Արդեն էլի փոխգնդապետորեն ծանր ու լուրջ, Աշոտն ասաց.
– Էդ դոշիդ մեդալը… Հին ծրտած է:
Ձայնը տխուր էր:
Հետո ասեց… Էլ բան չասեց: Ես էլ:
…Էսօր լավ օր էր:

Գրառված է՝ 29 սեպտեմբերի
Հասանելի է բոլորին
Հավանել են սա…
Մեկնաբանություններ…

Մել Օհանյան- Շատ լավն էր ժամանակների հանդիպումը
22:01-ին
– Հո աչքերս չտեսա՛ր… չնայես, էսօր էն Քեռին չեմ բեղերով…
22:05-ին
Մել Օհանյան- Չեմ տեսել, բայց շատ կուզեի տեսնել (ժպիտ)
22:10-ին
– Էսօր-չէ! Բեղերս սափրել եմ վաղուց, որ ջահել երևամ, բայց տես, որ սիրտս է բարակել…
22:16-ին
Մել Օհանյան – …(ժպիտ)
22:36-ին
Gayane Paytyan …երևի գլխարկիս տակի աչքերով ինձ տեղը բերեց:
8 ժամ
Melik Melkumyan Հզոր զինվորը նա է, ով ճիշտ է գնահատում թե՛ հրամանատարին, թե՛ նրա հրամանները:
Մի օր Յանշակն է մենակ գրավում,
Մի օր՝ միայնակ փոշի է առնում…
ժամ
Հավանել 2
– Դե ամբողջ կյանքում էդպես-ով հրամանատար, ես ծառայողը…
5 ժամ Հավանել 3

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.