ՊՈԵԶԻԱՅԻ 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ԱՐՑԱԽՈՒՄ

10748790_1487778554827400_809038300_n
Հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտում «Խաղաղություն և սեր» կարգախոսով մեկնարկեց պոեզիայի միջազգային 2-րդ փառատոնը, որին մասնակցում էին 10-ից ավելի պետությունների անվանի գրողներ, մշակութային գործիչներ: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, ողջունելով փառատոնի մասնակիցներին, նշեց, որ Անդրկովկասում առաջին անգամ կազմակերպել նման միջազգային փառատոն, այն էլ՝ նորաստեղծ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, սխրանք է թե՛ քաղաքական, թե՛ գեղարվեստական առումով: Նա հրապարակեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ուղերձը փառատոնի մասնակիցներին: «Մենք բանաստեղծությունը պարզել ենք մեր լեռների վրա՝ որպես խաղաղության, սիրո և հավատի խորհրդանիշ: Գրողներին, ովքեր ներկայացել են փառատոնին, մենք համարում ենք խաղաղության դեսպաններ և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր նախորդ փառատոնից մինչև այս փառատոնն ընկած ժամանակաշրջանում գրքեր են տպագրել Արցախի և Հայաստանի մասին, ովքեր ճանաչել են մեր հիմնախնդիրը, կանգնել են Արցախի կողքին, մենք մեր խոնարհումն ենք բերում բոլոր նրանց»,- ասված է ուղերձում:
Մասնակիցներին ողջունեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նա նշեց, որ տարին հոբելյանական է Արցախի համար: Պատերազմում զինադադարի հաստատման, ասել է թե՝ խաղաղության 20-րդ տարեդարձն է: Արցախում բոլոր մշակութային ձեռնարկներն անցել են այդ խորագրի ներքո՝ «Խաղաղություն Արցախին», բացառություն չէ նաև պեոզիայի փառատոնը:
ԼՂՀ ԿԳ փոխնախարար Արմեն Սարգսյանը, կարևորելով Արցախում պոեզիայի միջազգային փառատոն կազմակերպելը, նշեց` դրանով մեկ անգամ ևս փաստում ենք, որ Արցախը ժողովրդավարության հիմնաքարն է:
Հայ եւ օտարազգի պոետներն արտասանեցին իրենց ստեղծագործություններից: Ելույթներն ընդմիջվում էին երաժշտական կատարումներով ու պարերով:

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
ՇՈՒՇԻՈՒՄ ԵՎ ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄ

Փառատոնի մասնակիցներն այցելեցին Շուշի: Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մոմավառությունից հետո այցելեցին Շուշիի Արվեստի կենտրոն, գորգերի թանգարան, Կերպարվեստի թանգարան, որտեղ տեղի ունեցավ մեկ տասնյակից ավելի գրքերի շնորհանդես և պոեզիայի ժամ: Գրքերի մեծ մասը Արցախի և Հայաստանի մասին են և ծնվել են պոեզիայի միջազգային առաջին փառատոնից հետո.
Վարդան Հակոբյան` «Քարի շնչառություն» (բուլղարերեն), Հրանտ Ալեքսանյան` «Ոգու մատրիցա», Ռոբերտ Եսայան` «Ոգու թռչունների հայրենիքում», Կալինա Իզաբելա Զիոլա, Դարիուս Թոմաս Լեբիոդա, Ռոման Կիսյով` «Համբարձում» (հայերեն, ռուսերեն, բուլղարերեն), Վանյա Անգելովա` «Միշտ հիշելու եմ», Լյուբիցա Միլետիչ` «Արարատի հողմերը», Նվարդ Ավագյան` «Արցախյան օրագիր» (ռուսերեն), Էդուարդ Սաֆարյան` «Մասունքի խորհուրդը» և այլն:
Շնորհանդեսը բացեց Արցախի ԳՄ նախագահ Վ. Հակոբյանը: Նա նշեց, որ պատահական չէ գրքի շնորհանդեսը Շուշիում անցկացնելը. Շուշին գրքի, արվեստի, հայոց եկեղեցիների ու մշակույթի քաղաք է:
Գրող, լրագրող Կիմ Գաբրիելյանը ներկայացրեց Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» (բուլղարերեն) գիրքը, որը թարգմանել է Ռոման Կիսյովը:
Գրող, թարգմանիչ Գագիկ Դավթյանը ներկայացրեց բուլղար բանաստեղծ-գեղանկարիչ, պոեզիայի առաջին փառատոնի մասնակից Ռոման Կիսյովի երգակտավների եռալեզու գիրքը ու նաև սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչի երեք գրքերը, որոնք թարգմանել է ինքը՝ Գ. Դավթյանը:
Ելույթներով հանդես եկան գրքերի հեղինակները, որոնք բարձր գնահատեցին միջազգային փառատոնի դերն ու նշանակությունը:
Արաբ բանաստեղծ Աբդո Լաբաքիի «Ղարաբաղ» բանաստեղծությունը ներկաները վայելեցին Սարգիս Կիրակոսյանի թարգմանությամբ և արտասանությամբ:
Գրողները ներկայացրին Արցախին ու հայերին ձոնած ստեղծագործություններ, իսկ Աննա Սանտոլիքուիդոն (Իտալիա) և Աբդո Լաբաքին (Լիբանան) նաև երգեցին:
Միջոցառումը եզրափակեց բանաստեղծ Սոկրատ Խանյանը և խոսեց բուլղար բանաստեղծուհի Վանյա Անգելովայի «Միշտ հիշելու եմ» գրքի մասին (թարգմ.` Ս. Խանյան):

***
Հոկտեմբերի 21-ին փառատոնի մասնակիցներն այցելեցին Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիր:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունեց փառատոնի մի խումբ մասնակիցների: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ պոեզիայի միջազգային փառատոնի անցկացումն Արցախում դառնում է ավանդական՝ հավելելով, որ նման միջոցառումները կարևոր դերակատարություն ունեն մշակույթի զարգացման և Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում:

***
Փառատոնի մասնակիցներն այցելեցին Տիգրանակերտ և յուրաքանչյուրն իր պետության անունից ծառ տնկեց: Այնուհետև վայելեցին արցախյան ժենգյալով հաց ու գինի: Եվ բանաստեղծությունն սկսեց հորդալ: Գինի, բանաստեղծություն, պոեզիա…հյուրերը տպավորված էին Արցախով, արցախյան հյուրասիրությամբ ու պատմամշակութային արժեքներով:

ԳԱՆՁԱՍԱՐ. ԱՐԱԲԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐ

Փառատոնի մասնակիցները հոկտեմբերի 22-ին այցելեցին Գանձասար: Մոմավառությունից հետո «Ծովեն քարում» տեղի ունեցավ արաբական պոեզիայի ժամ:
«Իմ հայացքը Արցախի նկատմամբ հիացմունքի և ամբողջական վերացումի հայացք է, և ես գեղարվեստականորեն խոր ցնցում ապրեցի: Այս փառատոնն ավելացնելու է այն, ինչ որ Արցախն ավելացրեց իբրև գեղեցկություն, որովհետև ես Արցախի բնության մեջ զանազան նոր գույներ հայտնաբերեցի և այս փառատոնի ընթացքում հայտնագործեցի նոր մարդիկ, որոնք միշտ մնալու են իմ հիշողության մեջ: Եվ ես երբ վերադառնամ Լիբանան, քանի որ նաև նկարիչ եմ, իմ երանգապնակը կհարստանա արցախյան նոր գույներով »,- տպավորված Գանձասարով և, առհասարակ, Արցախով՝ մեզ հետ զրույցում անկեղծացավ արաբ բանաստեղծ Աթհամ Աթ Դիմաշկին (Լիբանան):
Պոեզիայի միջազգային փառատոնի անցկացումը Արցախում կարևորեց լիբանանահայ բանաստեղծ, թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը. «Այս փառատոնը՝ իբրև շարունակությունը առաջին փառատոնի, կարող ենք ասել, հայ բանաստեղծության միջազգայնացման նախաձեռնության ոսկե շղթայի երկրորդ օղակն է»,-շեշտեց նա:
Արաբական պոեզիան արաբական երաժշտության հնչյունների ներքո ներկայացրին լիբանանցի բանաստեղծներ Աբդո Լաբաքին, Աթհամ Աթ Դիմաշկին և Սարգիս Կիրակոսյանը:

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Բանաստեղծությունը և տիեզերական շարժումը» թեմայով: Զեկուցումներով հանդես եկան փառատոնի մասնակիցները՝ գրականագետ Արմեն Ավանեսյանը, Մարիուս Կելառոն, Աբդո Լաբաքին, Աթհամ Աթ Դիմաշկին, Սարգիս Կիրակոսյանը, Աննա Սանտոլիքուիդոն, Արշակ Տեր-Մարգարյանը, Վիլհելմ Բարչը, Դարիուս Թոմաս Լեբիոդան, Կալինա Իզաբելա Զիոլան, Սոկրատ Խանյանը:
Լեհ գրող Դարիուս Թոմաս Լեբիոդան Լեհաստան այցելության և եվրոպական մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար մրցանակներ ու հուշամեդալներ հանձնեց բանաստեղծներ Վարդան Հակոբյանին և Հրանտ Ալեքսանյանին:
Իտալացի բանաստեղծուհի Աննա Սանտոլիքուիդոն խորհրդանշական նվեր հանձնեց Արցախի ԳՄ նախագահին՝ գրականության զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Լեհ բանաստեղծուհի Կալինա Իզաբելա Զիոլան կանանց միջազգային ասոցիացիայի կողմից դիպլոմ և մրցանակ հանձնեց երիտասարդ բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանին: Բանաստեղծ Էդուարդ Սաֆարյանը պարգևատրվեց ԼՂՀ վարչապետի հուշամեդալով՝ Արցախյան շարժմանն ակտիվ մասնակցելու համար, որը նրան հանձնեց Վ. Հակոբյանը:
Ամփոփելով Պոեզիայի արցախյան երկրորդ միջազգային փառատոնի աշխատանքները՝ Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը փառատոնի մասնակիցներին հանձնեց փառատոնի դափնեկրի դիպլոմներ և դրամական պարգև՝ համոզմունք հայտնելով, որ փառատոնի մասնակիցները, վերադառնալով իրենց երկրները, միշտ կհիշեն Արցախը և կմտածեն Արցախի մասին:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.