ԱՄԵՆ ԻՆՉԻ ԳԵՐՇԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է / Սամվել ԿՈՍՅԱՆ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Բաքու այցելության նախաշեմին Ադրբեջանի ՊՆ-ում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության առաջնային թեման կրկին սպառազինությունն էր, և դա այն դեպքում, երբ ազերիներն այնքան են սպառազինվել, որ հետագայում խնդիր է, թե ազերի զինվորը միանգամից քանի միավոր զինատեսակ կարող է կրել: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ ադրբեջանական բանակը հիմնականում համալրվում է ռուսական տեխնիկայով և զենքով, Բաքուն փորձում էր ՌԴ պաշտպանության նախարարին ռազմական հարցերի առավել լայն շրջանակ ներկայացնել, թեև Բաքվի կողմից ռուսական զենքի գնումներն արդեն իսկ հատել են բանականության սահմանը: Վերջին 4 տարում Ադրբեջանը մոտ 3,5 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք է գնել, որի 80 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին: Ադրբեջանը շարունակում է զինվել, և դժվար չէ կռահել, որ ազերիները խաղաղություն «պոռալով» պատերազմ են տենչում, և խնդիրը պայմանավորված չէ միայն ղարաբաղյան հակամարտությամբ: Ոչ մի կերպ հունի մեջ չի մտնում Իրան-Ադրբեջան երկխոսությունը:
Այս սեպտեմբերին Բաքվում հակաիրանական, անջատողական գաղափարախոսություն կրող «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» հերթական նիստի ընթացքում կրկին ի հայտ եկան ազերիների զավթողական նկրտումները, և կրկին շահարկվեց իրանցի ազերիների խնդիրը: Միաժամանակ նիստի մասնակիցները շարունակում էին Իրանի հյուսիսային նահանգները որպես «Հարավային Ադրբեջան» ներկայացնել: Նկատի ունենալով, որ այդ երկրում առանց իշխանական վերնախավի գիտության միջոցառումները բացառվում են, դժվար չէ նաև պաշտոնական Բաքվի կողմնորոշումը կռահել: Իրանի դեսպանու­թյունը անմիջապես քննադատեց նման հակաիրանական գործունեությունը, Ադրբեջանի իշխանություններից պահանջելով խստագույնս արձագանքել նմանատիպ կառույցների գործողություններին, որոնք կասկածի տակ են դնում Իրանի տարածքային ամբողջականությունը, սակայն ադրբեջանցիները կարծես իմունիտետ են ձեռք բերել իրանական սպառնալիքների նկատմամբ: Առայժմ Իրանը խուսափում է կոշտ գործողություններից՝ փորձելով առավել մեղմ միջոցների դիմել: Բանն այնտեղ է հասել, որ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը ստիպված է բացատրել, թե ովքեր են Իրանի ազարիները. «Մենք թուրք չենք, պարզապես լեզուն, որով խոսում ենք` թուրքերենն է: Մենք ազարի ենք, արիացիներ, թուրքերը պատկանում են մոնղոլոիդ (դեղին) ռասային: Իրականում ազարի լեզու չի եղել, եղել է ազարիական բարբառ, որը ինչպես գիլաքին, լորերենը կամ լաքերենը, բարբառ լինելով՝ ժամանակի ընթացքում դուրս է եկել գործածությունից»: Սակայն ազերիների նախնիներ գտնելու մոլեռանդությունը, որը նրանց թույլ կտար պատմության մեջ իրենց տեղը գտնել, խանգարում է ականջալուր լինել առողջ հորդորներին և իրատեսական բանականու­թյանը: Ինչպես նշում է իրանցի փորձագետ Մեհդի Փեզեշքին. «Պանթուրքական քաղաքականությունը Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգում առկա կարևոր հարցերից է: Իրանի ազարիաբնակ նահանգները ժամանակ առ ժամանակ հայտնվում են պանթուրքական քաղաքականության թիրախում»: Եվ ոչ միայն այդ տարածքները: Պանթուրքիզմի ջատագովները վաղուց կանաչով են ներկել նաև հայոց և այլ երկրների տարածքները: Թուրքերին և նրանց կրտսեր եղբորը ոչ մի կերպ չի հաջողվում հաղթահարել քոչվորական բնազդները և հարգալից լինել այլոց ունեցվածքի նկատմամբ: Բաքվի իշխանությունը, Թեհրանից քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով, քանիցս ձևացրել է, իբր, պատրաստ է Թեհրանի հետ հարաբերությունները կարգավորել, սակայն ապարդյուն: Իրանը դեռ համբերում է, չնայած Իրանի ռազմական և քաղաքական ղեկավարությունները Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու տարբեր դիրքորոշումներ ունեն: Զինվորականները, նկատի ունենալով Ադրբեջանի կողմից վերջին տարիներին Իրանի դեմ կատարված բազմաթիվ սադրիչ գործողությունները, որոնցից վերջինը ազերիների տարածքից Իրան իսրայելական անօդաչու հետախուզական սարքի հայտնվելն էր, կասկածանքով են վերաբերվում Բաքվի հարաբերությունները կարգավորելու հայտարարություններին: Քաղաքական իշխանություններն էլ փորձում են Ադրբեջանում իրենց տնտեսական և քաղաքական ներկայության մեծացման միջոցով թուլացնել Թուրքիայի ազդեցությունը, դրանով իսկ նպատակ հետապնդելով չեզոքացնել հյուսիսային նահանգների հանդեպ ադրբեջանաթուրքական դաշինքի կողմից պարբերաբար իրականացվող ոտնձգությունները: Այդ ռազմավարության շրջանակում է նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի առաջիկայում նախատեսված այցը Ադրբեջան, ինչը դեպքերի նման ընթացքով պայմանավորված, հնարավոր է չեղյալ հայտարարվի: Չափազանց շատ և խորքային են այս երկրների հարաբերություններում առկա խնդիրները, որպեսզի կայունության նշանները նկատելի լինեն: Գործընթացը բարդ է նրանով, որ աննշան առաջընթացն անգամ մտահոգության առիթ է Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցներ Թուրքիայի և Իսրայելի համար, ովքեր հազիվ թե թույլ տան, որպեսզի իրանաադրբեջանական հարաբերությունների զարգացումը դուրս մնա իրենց վերահսկողությունից: Նրանք են հիշեցնում և թելադրում Ալիևին, թե իրականում ինչպիսի քաղաքականություն պիտի վարել Իրանի հետ: Ադրբեջանն էլ, չգիտես ինչ հեռահար նպատակներով, անընդհատ զինվում է, մոռանալով, որ ամեն ինչի, մանավանդ զենքի գերշատությունը վտանգավոր է, այն էլ իրականության զգացողոթյունը կորցրած վիճակում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.