ԲՈՒԼԱՏ ՕԿՈՒՋԱՎԱ – 90

ԲՈՒԼԱՏ  ՕԿՈՒՋԱՎԱ - 90Վերջերս, երբ գրողների Պերեդելկինոյի ստեղծագործական տանն էի, առիթ ունեցա լինելու Բուլատ Օկուջավայի պետական տուն-թանգարանում և ուրախությամբ, հպարտության զգացումով տեսա-համոզվեցի, որ այցելուների հոսքն այնտեղ պարզապես չի դադարում: Մեր օրերի համար անսովոր երևույթ: Հետաքրքիր նյութերի ծանոթացա, հուզիչ մի ֆիլմ դիտեցի ու լրացուցիչ շատ բան իմացա լեգենդար այդ մարդու մասին, որ նաև մեր ազգակիցն է: Երևի քչերը գիտեն, որ նրա մայրը հայուհի էր՝ Աշխեն Նալբանդյանը, ընդ որում՝ Վահան Տերյանի տոհմից: Իսկ երբ 1937-ին, ամուսնու գնդակահարությունից հետո, հայտնվել է ստալինյան ճամբարում, մայրական տատն է տասներեքամյա տղային առել իր հոգածության ներքո, ծանր պայմաններում, կարիքի ու զրկանքների մեջ մեծացրել, կրթության տվել որբացած թոռնիկին:
Ես տեսա նաև տուն-թանգարանի հարևանությամբ գտնվող բացօթյա այն բեմն ու համերգասրահը, որտեղ ամեն տարի Օկուջավայի ծննդյան ու հիշատակի օրերին պոեզիայի ու երգի իսկական տոն են կազմակերպում նրա երկրպագուները: Իսկ նրանք այսօր հազարավորներ են՝ տարբեր տարիքի ու զբաղմունքի, տարբեր նախասիրության տեր մարդիկ, որոնք 2014-ը հայտարարել են Օկուջավայի տարի (իհարկե, այդպես է և պետականորեն), ու բազմաթիվ միջոցառումներով, համերգներով, նրա ստեղծագործությանը նվիրված փառատոներով ու կոնֆերանսներով առանձնահատուկ շուքով նշանավորում են Ռուսաստանի «թիվ 1 կիթառով բանաստեղծի», «Արբատի երգչի» 90-ամյակը: Բնականաբար, այս տարի նրանք ավելի հաճախ էին հավաքվում մոսկովյան հանրահայտ Արբատի կենտրոնական հատվածում և թիվ 109 կրթական կենտրոնի բակում գտնվող նրա հուշարձանների մոտ, որոնց երկուսի հեղինակն էլ, ի դեպ, մոսկվայաբնակ հայ մեծահամբավ քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն է…
Երբ խորին շնորհակալությամբ հրաժեշտ տվեցի անչափ բարեհամբույր, իր գործի իսկական գիտակ էքսկուրսավարուհուն, մեջս հրաշալի բանաստեղծին նորի՛ց, ավելի խորությա՛մբ ընթերցելու, նաև թարգմանելու՛ ցանկություն կար արդեն, ու իսկույն գնեցի, հետս վերցրի «20-րդ դարի պոեզիա» մատենաշարով հրատարակված նրա բանաստեղծությունների նոր ընտրանին:
Թարգմանելու ընթացքում հաճախ էի մտաբերում ավելի քան 25 տարի առաջ բանաստեղծի հետ ունեցած իմ միակ, բայց անմոռանալի հանդիպումը, այդ հանդիպումից իմ մեջ տպավորված նրա մի խոսքը հատկապես: Երբ մենք (Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացների ունկնդիր երիտասարդ գրողներ) նրան հարցրինք, թե ինչ է համարում իրեն առաջին հերթին. բանաստե՞ղծ, արձակագի՞ր, երգի՞չ, թե՞ երգահան, նա շատ կարճ պատասխանեց. «Ես ինձ համարում եմ պարզապես զրուցակից»: Ըստ իս, բանաստեղծի, գրողի, առհասարակ արվեստագետի կոչման ու առաքելության փայլու՛ն ձևակերպում էր: Իսկ ի՞նչ է ենթադրում իսկական զրույցը. անկեղծություն, անմիջականությո՛ւն, խոսքի պարզությո՛ւն, ասելիքի հստակությո՛ւն: Բանաստեղծությունից բանաստեղծություն ես նորից ու նորից համոզվում էի, թե որքան ճիշտ ու դիպուկ բնութագրեց նա իրեն այն ժամանակ, ու որքան խորք, կարևոր ասելիք կա նրա թվացյալ պարզ, հասարակ տողերում: Ես կասեի, ճիշտ ինչպես մեր մեծ Վարպետի՝ Համո Սահյանի մոտ: Իմ խորին համոզմամբ առաջին հերթին հենց դա՛ է Բուլատ Օկուջավայի աներևակայելի ճանաչման, համաժողովրդական սիրո ու գնահատանքի գաղտնիքը:

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

***
Որդի՛ս, հայրդ մի լոթի է անբան՝
Ամենահմուտն իր տեսակի մեջ,
Ծանոթ չեն նրան ո՛չ մուրճ, ո՛չ գութան,
Թե չես հավատում, կարող եմ երդվել:

Երբ պատերազմն էր երկրում մոլեգնում,
Սպանությունը գին ուներ կարգին,
Սակայն մի վերքով նա այդ գեհենում
Ամբողջ իր պարտքը վճարեց մահին:

Երբ Արևելք էր ընթանում մոլոր՝
Դառնահեծ մարդկանց քարավանն անտուն,
Նշանառուի հարմար պաշտոնով
Ապաստան գտավ նա խրամատում:

Ո՛չ բահ ու լինգով, ո՛չ խոսք ու ճառով՝
Ի բարօրություն իր հայրենիքի,
Նա աշխատեց լոկ տողո՛վ ու բառո՛վ
Վաստակել փողն ի՛ր ու քո՛ շապիկի:

Մի՛ եղիր, սակայն, չոր ու անտարբեր,
Նրա հանդեպ դու դաժան մի՛ եղիր,-
Շնորհավորիր, որ չի՛ սպանվել,
Թեև չի ներում նա փրկվելը իր:

Գոհանար գուցե ուրիշ մի կյանքով,
Էլ հեռուների կանչով չխաբվեր,
Բայց ուշ է՝ ապրել նոր մի փեշակով,
Անո՛ւն, շապի՛կ լոկ կարող է փոխել:

***
Այս առավոտ ևս ես, որերո՛րդ անգամ,
Ո՛չ թե արթնացա, այլ ծնվեցի՛ վերստին…
Կեցցե՛ արշալույսի ցոլքը պատուհանում,
Կեցցե՛ն մեր մեջ ապրող բառերն ու մեղեդին:

Պատմությանն ինչքան էլ փորձես հակառակվել,
Նա ի՛նքն է տերը իր, ինքն՝ իրեն հենարա՛ն:
Կեցցե՛ նա, ով կյանքում ի զորու է փրկել
Պատմության էջերը բարբաջանքից ունայն:

Չէ՛, ամենքի վրա բախտը չի՛ սավառնում,
Ու հաջողությունը չի՛ ժպտում բոլորին…
Կեցցե՛ նա, ով մի օր կվերծանի կյանքի
Ո՛չ թե նպատակը, այլ՝ խորհուրդը վերին:

***
Տղե՛րք, տեսա՞ք, մեզ նորի՛ց խաբեցին.
Կրկին ուրիշ տեղ հայտնվեցինք մենք:
Հազիվ ողջ կրծքով խոր շնչել էինք,
Բայց թույլ չտվին, որ արտաշնչենք:

Հազիվ ողջ կրծքով մենք շնչել էինք,
Մեր սրտի կանչով ընտրել ճանապարհ,
Կորացած մեջքը մեր շտկել էինք,
Բայց ստիպված ենք կռանալ դարձյալ:

Դավաճանեցի՛ն մեզ նորից, տղե՛րք.
Ձմեռվա շունչն է դռանը էլի,
Ու ճշմարտության խոսքը կարճատև
Կախված է մթնում, հանց հեգ աղավնի:

ՓՈՔՐԻԿ ԵՐԳ
Խի՛ղճ, ազնվությո՛ւն ու ապաշխարա՛նք-
Ահա որն է մեր զորքը սրբազան:
Դու ձեռքդ նրանց մեկնիր համարձակ.
Քեզ կրակո՛ւմ իսկ կփրկեն նրանք:

Վե՛հ են միասին, հավերժ անբաժա՛ն,
Արժե, որ կյանքդ նրանց նվիրես:
Գուցե երբևէ հաղթող չդառնաս,
Բայց, դե, որպես մարդ գոնե կմեռնես:

***
Ոչի՛նչ, որ ուշ տեսան քո վաստակն ու ձիրքը.
Ինչ որ ձեռք ես բերել, ողջը քո՛նն է ահա:
Միայն թե փոխվել է, խամրել հայրենիքը,
Ինչ էլ երգեն ոմանք նրա մասին հիմա:

***
Խնայի՛ր մի քիչ դու ինձ, ժամանա՛կ,
Չափավորի՛ր քո վազքը անտեղի:
Հեշտ չէ դիմանալ անտես բեռան տակ
Անթիվ կորստյան ու տագնապների:

Բարեգու՛թ եղիր, պա՛րզ եղիր ու մե՛ղմ,
Ինձ չարությամբ մի՛ պաշարիր կրկին:
Տես՝ և Լեթա՛ն է երևում այնտեղ՝
Արդեն մոտերքո՛ւմ, անկյունադարձի՛ն:

Էլ ուշ է զղջալ, լալ ու հանձնվել
Դեպի ափ ձգվող թեք արահետին:
Ափից այդ, ամուր, անառիկ, ահեղ,
Լայն դարպասներն են նայում դրախտի:

Կրակոցները իզուր դուրս եկան,
Բանի պետք չեկան թագ ու գավազան…
Իսկ հենց Քարոնի թիերի վրա
Ճակատագիրն ու կյանքը համրացան:

***
Քանի խաբելուց ետ չենք վարժվել՝
Ի հեճուկս հին ավանդույթների,
Քանի դեռ դժգոհ չենք բացականչել.
«Այս ու՞ր, ախր մենք այս ու՞ր ենք հասել»:

Քանի փոս ընկած մեր կրծքերից դեռ
Դուրս չի պրծել խոսքն ապաշխարանքի,
Դատապարտված ենք քաշել, հա՛ քաշել
Լուծն այս՝ ճորտության ու անարգանքի:

***
Հավատացյալները համարձակ տենչերի,
Ունևորներն ոսկո՛ւ, տերերն իշխանությա՛ն,
Ինչ-որ բան են կորցրել, բաց թողել երևի
Դարերի անթափանց մթնում վաղնջական:

Ո՞նց իմանալ՝ ի՞նչ կա պատուհանից այն կողմ,
Ու ի՞նչ հաշիվներ է ժամանակը անում…
Լոկ ուսերդ են կքվում, հոգուդ իջնում է դող,
Այրող արցունքներն են այտերդ ի վար իջնում:

Սակայն ուշացած այդ խուլ հեկեկանքները
Իզուր չեն մեզ հուշում ճշմարտությունը այն,
Որ կփրկեն աշխարհն այս՝ տառապանքնե՛րը,
Ոչ թե գեղեցկությունն ու սերը անպայման:

***
Անծիր սրահ է կյանքը սպասման՝
Մանկությունից մինչ ափը ծերության:
Ապրելու ինչքա՛ն գիտություններ կան,
Իսկ ելքը մեկն է, միշտ նո՛ւյնն անպայման:

***
Ընկե՛ր իմ, եղբա՛յր գրչի ու թղթի,
Մենք բախտով վերուստ կապված ենք իրար:
Ինչու՞ մտածել՝ ո՞վ ում կհաղթի.
Ախոյաններ չենք, ախր, մենք հարմար:

Այս հողի հանդեպ նո՛ւյն սիրով ենք լի,
Ու դեպի նա՛ է թևում մեր երգը,
Իսկ թե ո՞վ է մեծ պոետ ավելի՝
Թող որոշեն Տերն ու Ժամանակը:

***
Զգում եմ՝ ժամն է իմ հրաժեշտի,
Դա երևում է ամեն մանրուքից:
Չե՞ք ուզում, արդյոք, դուք գալ ինձ այցի.
Երգենք, զրուցենք միասին մի քիչ:

Ընթրիք կլինի, կլինի կիթառ,
Խոսք ու զրույց, ոնց օրերին մեր հին:
Ձեզ կծառայեմ որպես շվեյցար,
Թափ կտամ ձյունը ձեր մուշտակներից:

Որ հարմարավետ լինի ձեզ համար,
Ինչպես հիմա է ընդունված ասել,
Սիրով կդառնամ ձեզ և խոհարա՛ր,
Եթե պետք լինի՝ մինչև իսկ լակեյ:

Եկե՛ք անպայման, ի՞նչ եք կորցնելու.
Դռներս բաց են, ու լույսերս՝ վառ;
Սեղան կգցի Օլյան միջանցքում
Տասնչորս հոգու համար շատ հարմար:

Ոչնչի համար չենք ափսոսա մենք,
Գինով լիքը իմ բաժակը պարզած՝
Վերջին կենացս ես կարտասանեմ,
Բոլորիդ բարին կմաղթեմ սրտանց:

Ո՛չ թե աշխարհի առաջ ես ըմբոստ
Իմ գլուխն արդեն պիտի խոնարհեմ…
Պարզապես, գուցե, միաժամանակ
Եվ որպես պոետ ես ձեզ ծառայեմ:

Այնքան էլ հարթ չէր ճանապարհը մեր,
Դառը կլինի ժա՛մն էլ բաժանման…
Թող որ ուղեկից լինի մեզ հավերժ
Ոգին գաղտնիքի ու պայծառացման:


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.