ՍՈՓՈԿԼԵՍ «ԷԴԻՊՈՒՍԸ ԿՈԼՈՆՈՍՈՒՄ»

ՍոֆոկլեսՍՈՓՈԿԼԵՍ
«ԷԴԻՊՈՒՍԸ ԿՈԼՈՆՈՍՈՒՄ»,
տողեր 668–719 (անտիպ)

ՊԱՐԵՐԳԱԿՆԵՐ

Ձիահարուստ այս եզերքի
Ընտիր անկյունն ես եկել, հյո՛ւր,
Կոլոնոսում ես ձյունաթույր,
Ուր երգեցիկ սոխակն անդուլ
Իր թախծալի երգն է երգում
Կանաչավետ թավուտներում`
Պատսպարված մուգ բաղեղի
Կամ աստծո նվիրական,
Բազմապտուղ թփերի մեջ,
Որտեղ չկան կիզիչ արև,
Սառը քամի, և շարունակ
Խենթ Բաքոսը ու իր դայակ
Դիցուհիք են այցի գալիս:

Ուր երկնային ցողով ջրվում,
Միշտ փթթում է գեղածաղիկ
Նարգիզ` երկու մեծ դիցուհու
Հին պսակը, նաև` քրքում
Ոսկեշողուն: Այստեղ անքուն,
Անսպառ հոսքն է Կեփիսոսի,
Որ լայնակուրծք այս եզերքի
Արոտներով քոչվորի պես
Անցնում է և գիշեր ու զօր
Վճիտ ջրով հողերն իսկույն
Բեղմնավորում. և սիրում են
Նրան խումբը Մուսաների
Ու ոսկեսանձ Ափրոդիտեն:

Այստեղ ունենք ծառատեսակ,
Որ չի ծաղկում ո՛չ Ասիայում,
Ո՛չ Պելոպսի դորիական
հսկա կղզում:
Վայրի է այն ու ինքնաբույս
Եվ սարսափն է ոսոխ զորքի.
Շատ է աճում մեր եզերքում
Մանկասնույց ծառը կանաչ
Ձիթապտղի, որ ո՛չ ծերի,
Ո՛չ պատանու ձեռքով երբեք
Չի կոտրատվի ու չի հատվի,
Քանզի աչքը Զևս Մորիոսի
Ու Աթենան պայծառաչյա
Պահպանում են այն հավիտյան:

Շատ եմ գովում և մեծ աստծո`
Մայր քաղաքիս տված ընծան,
Փառքը երկրի. բյուր
նժույգներ ու քուռակներ,
Եվ արվեստը նավարկության:
Քոնն է պատիվն, ո՛վ Պոսեյդոն,
Կրոնոսի՛ զարմ, մեր տիրակա՛լ.
Այս վայրերում հորինեցիր
Նժույգներին զսպող սանձը,
Եվ ամրաթի նավն այստեղից,
Բազուկներին հնազանդված,
Մի հրաշքով ծովը ճեղքեց`
Ուղեկցելով Ներեսների
Հարյուրոտն երամներին:

Թարգմանությունը հին հունարենից ՝
Արամ ԹՈՓՉՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.