ՄՈՎՍԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ – 60

Մովսես ՄանուկյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն

ՄՈՎՍԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ

ծննդյան 60-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Մեր ստեղծագործական տան նվիրյալ պահապանը

Ամեն անգամ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տանը աշխատելու օրերին ակամա հիշում եմ մեր գրական այն մեծերին, ում հետ բախտ եմ ունեցել զրուցելու, լսելու նրանց խոսքն ու խորհուրդները: Նրանք` Աղավնին ու Գևորգ Էմինը, Սերո Խանզադյանն ու Խաժակ Գյուլնազարյանը, Սիլվա Կապուտիկյանն ու Անահիտ Սահինյանը, Միքայել Շաթիրյանը և շատ-շատերը ոչ միայն իրենցով լցնում էին և իմաստավորում մեր գրական այդ օջախը, այլև իրենց հուշերով մեզ համար վերակենդանացնում Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի և մյուս դասականների սիրելի կերպարները, որոնց աշակերտել էին իրենք: Ծաղկաձորի մեր ստեղծագործական տունը մի տեսակ, ասես, «պապոնց տուն» էր դառնում նորերիս համար, հարգանքով լցնում մեր հոգին հին ու նոր բնակիչների հանդեպ:
Ես, ինչպես իմ սերնդակիցներից շատերը, Ծաղկաձորի ստեղծագործական տանն ենք գրել մեր բազմաթիվ գրքերը. պատմվածքներ, վիպակներ, բանաստեղծություններ: Գրել ենք սիրով, ոգեշնչումով, որ տվել է մեզ Ծաղկաձորի հրաշագեղ բնությունը և մանավանդ մեր տան երկարամյա նվիրյալ տնօրենը` Մովսես Մանուկյանը: Այո՛, Մովսեսը իր եզակի մարդկային առաքինություններով, ջերմ ու բարի, համբերատար բնավորությամբ կարողացել է առանց բացառության հաղորդակից լինել բոլոր գրողների հոգսերին` ավագ լինեն թե երիտասարդ, հնարավորություն ստեղծել նրանց համար ցանկացած ժամանակ գնալ Ծաղկաձոր թե՛ հանգստանալու, թե՛ ստեղծագործելու:
Հայտնի բան է. գրողները փոքր-ինչ քմահաճ, «խռովկան» մարդիկ են, և հեշտ չէ նրանց ցանկությունները կատարելը, մանավանդ հիմա, տնտեսական հազար ու մի դժվարություններով լի մեր օրերում: Իսկ մի՞թե կարելի է մոռանալ մութ ու խավարի տարիները, երբ շատ ստեղծագործական տներ փակվեցին, վաճառվեցին, չգիտեմ ուրիշ ինչ փորձությունների ենթարկվեցին, իսկ «մեր տունը» մեր գրականությանն ու գրողներին անմնացորդ նվիրված աննկուն տնօրենի ջանքերով պահպանվեց, մնաց և մինչ օրս տարին կլոր ծառայում է մեր գրողներին:
Ուրեմն, սրտանց շնորհավորելով «մեր տան» սիրելի տնօրենին ծննդյան 60-ամյակի առթիվ, երկար կյանք մաղթենք նրան, որ այսուհետև ևս շարունակի մնալ «մեր տան» նվիրյալ պահապանը:

Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Ծաղկաձորով լեցուն հոբելյան

Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տունը մենք մտերմաբար ասում ենք Գրողների տուն: Բառերով չէ միայն, էությամբ է այդպես: Եվ եթե մի շինություն մարդու համար տան արժեք է ստանում, պիտի ընդունենք, որ պատերի կամ շրջակա բնության շնորհիվ չէ դա, այլ այդ շինությունը պահող, տնօրինող մարդկանց:
Ես այդ տան անդամն եմ երեսուն տարուց ավելի, սքանչելի օրեր եմ ապրել այնտեղ և խոստովանեմ` հաճախ այնտեղի մեկ օրը ինձ համար ավելի արգասաբեր է եղել, քան երևանյան մեկ ամիսը: Դարձյալ պիտի կապեմ մեր տունը պահող, տնօրինող մարդկանց հետ:
Այսօր այդ բարի մարդկանց շղթայից պիտի առանձնացնեմ մեր Մովսեսին, իսկ քանի որ ծննդյան 60-ամյակն է՝ քիչ հանդիսավոր ասենք՝ Մովսես Մանուկյանին: Նա շատ երիտասարդ մուտք գործեց Գրողների տուն և միանգամից դարձավ այդ տան անդամ, երիտասարդներիս հետ ընկերանում էր արագ, մեծերին ընդգծված հարգանքով էր վերաբերվում, կարդում էր բոլորի գրքերը, ճանաչում էր գրողներին իրենց մարդկային թույլ և ուժեղ կողմերով և ջանում էր ամեն մեկի «նազը» տանել բարեմտորեն, ինչպես որ լինում է իսկական տներում:
Սիրվելն ըստ երևույթին շնորհ է, որ տրվում է կամ չի տրվում մարդուն:
Նրան սիրում են և գնահատում գրողների սերունդները, հյուրերը, համաքաղաքացիները: Սիրում են, համոզված եմ, այն բոլոր ծառերն ու ծաղիկները, որոնց իրավունքի համար պայքարել ու պայքարում է Մովսես Մանուկյանը, որպեսզի Ծաղկաձոր անունից չհեռանան նրանք, որպեսզի շատ ու շատ տարիներ ուրախությամբ ասենք՝ սիրելի՛ Մովսես, շնորհավոր Ծաղկաձորով լեցուն հոբելյաններդ:

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Ծաղկաձորի մեր եղբայրը

Տարիներ առաջ մեր բոհեմական խմբով պատահում էր՝ անակնկալ հայտնվում էինք Ծաղկաձորի գրողների հանգստյան տանը՝ Վիոլետը, Ռաֆայել Նահապետյանը, Լևոն Խեչոյանը, Վահան Թամարյանը, Մանուկյան Խաչիկը, Սիփան Շիրազը, ես… Դե, Մովսես Մանուկյան, տղա ես՝ դիմացիր… Դիմանում էր, ավելին՝ համբերատար ու հոգատար, էլ ավելին՝ սիրով: Որովհետև Մովսեսը գրականությունն արժևորող, գրականության նկատմամբ՝ հոգատարությամբ, սիրով, միշտ մեր կողքին էր: Հետագայում էլ նրա հոգատարությունը լավ գրողների նկատմամբ անդավաճան էր ու նույն հոգատարությամբ երիտասարդ գրողների ու գրականության կողքին է:
Եղել եմ նաև նրա տանը՝ հյուրասեր, բարեհամբույր, իսկական հայի օջախում: Այսպես ահա, գրականության մա՛րդ, սրտանց շնորհավորում եմ հոբելյանդ, սիրելի՛ Մովսես, առողջությամբ, եռանդով, զվարթությամբ ու հաջողություններով լեցուն բազում տարիներ եմ ցանկանում քեզ, եղբայրս:

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.