ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ / Գրիշ ԴԱՎԹՅԱՆ

Գրիշ  ԴԱՎԹՅԱՆՀայերեն տառերի գյուտի, թարգմանչաց շարժման և հայ մշակույթի դասական երախտավորներին հայոց եկեղեցին երկու տոն է սահմանել. հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին` Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնը և հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը սուրբ Թարգմանիչների տոնը՝ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Հովսեփ Պաղնացու, Հովհան Եկեղեցացու, Ղևոնդ Վանանդեցու, Կորյուն Սքանչելիի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Մովսես Խորենացու, Մամբրե Վերծանողի, Աբրահամ Զենակացու, Խոսրովի, Ղազար Փարպեցու, Գրիգոր Նարեկացու և այլն: Դիտավորությամբ եմ հիշատակում այս սրբանունները, որովհետև նրանք պատմական նվիրականության ջերմությամբ են լցնում մեր սրտերը: Սա տոնն է սուրբ գրքերի թարգմանության, այնուհետև հայ դպրության ու գրականության պանծացման տոնը:
Հայտնի է, որ հայոց եկեղեցու՝ թարգմանիչներին նվիրած տոնը, Գարեգին Արքեպիսկոպոս Հովսեփյանցը, ով 1938-43 թթ. ամերիկահայության առաջնորդն էր, հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, առաջադրել է տոնել որպես մշակույթի տոն: Առաջարկը ժողովրդականացավ: Այնուհետև նախ Սփյուռքում, ապա հայրենիքում հոկտեմբերի երկրորդ շաբաթը դարձավ Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տոն, հայ մշակույթի տոն:
4-րդ դարի սկզբից քրիստոնեության հաստատման հետ Հայաստանում մեծ ծավալով տարածված էր հունարենի ազդեցությունը: Արևելյան տարածքներում զորավոր էր ասորերենը: Քրիստոնեական կրոնական արարողությունները կատարվում էին հունարեն կամ ասորերեն Սուրբ Գրքերի օգտագործմամբ, ինչը հասկանալի չէր ժողովրդին: Առաջնային կարիք էր արարողությունը հայերենով անցկացնելու և այդ գրքերի հայերեն թարգմանելու խնդիրը: Թարգմանիչ հայրերն սկսեցին արարողությանը համընթաց տեքստերի հայերեն թարգմանությունը: Սուրբ Գրքի խոսքը պետք էր ճշգրիտ թարգմանությամբ մատուցել ժողովրդին:
Հայերեն Աստվածաշունչը հազար տարիներից ավելի ժամանակաշրջանում զորավոր դեր է կատարել մեր ժողովրդի դաստիարակության, գրաճանաչության, ուսումնառության, կրթության ու զարգացման գործում: Մինչև 19-րդ դարի վերջերը` մատաղ սերունդներին գրաճանաչ դարձնելու, կրթելու համար, որպես դասագիրք Աստվածաշունչն էր գործածվում:
Կաթողիկոս Սահակ Պարթևի հովանավորությամբ Թարգմանչաց շարժումն արդեն 5-րդ դարում սկսեց պայքար մղել հունական և ասորական, ապա նաև պարսկական ազդեցությունների դեմ: Հայոց դպրոցների հիմնումով կրթությունը դուրս եկավ մեհենական-եկեղեցական մենատիրությունից՝ հասարակության ավելի լայն շերտեր ընդգրկելով: Թարգմանվեցին քրիստոնեական բազմաթիվ գրքեր, հայահնչյուն դարձավ եկեղեցական ծիսակատարությունը, ինքնուրույն հայալեզու դպրություն, գրականություն սկզբնավորվեց: Այդ ամենը հայ ժողովրդի ազգային ինքնուրույնությունն ամրացնող ու պահպանող ամենակարևոր հիմնաքարերից էին: Ժամանակի հայոց վերնախավը և Արշակունի Վռամշապուհ թագավորը միացան Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի թարգմանչաց շարժման ազգային պայքարի առաքելությանը, որովհետև այդպես հայկական պետականության շահն էր պահանջում:
Հայ դասական գրականության մատենագետները մինչև վերջերս զարմանում էին, թե տառերի գյուտից անմիջապես հետո գրաբարն ինչպես հաջողեց այնպիսի արտահայտչական կարողություն ու ճկունություն ձեռք բերել, որպեսզի հնարավոր լիներ այդքան հարազատությամբ ու գեղարվեստականորեն բարդ տեքստերը հայերենով վերարտադրել: Հավատացած եմ, որ դա թարգմանիչների տքնաջան աշխատանքի արդյունքն էր, ովքեր կրոնական արարողությունների ընթացքում, իրենց բանավոր թարգմանությունների միջոցով մշակում, կոկում ու հղկում էին գրաբարը, վարժվում էին թարգմանության աշխատանքում, ու երբ գործը հասավ սուրբ գրքերի հիմնավոր թարգմանությանը, նրանք արդեն պատրաստ էին: Սրանով պիտի պայմնավորել, որ սուրբ և մնացյալ կարևոր գրքերի ու երկերի թարգմանությունը հաջողությամբ իրականացրին:
5-րդ դարում Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը հայտնի է որպես «Թարգմանությանց Մայր Թագուհի»: Այդ ժամանակաշրջանում հունարենից և ասորերենից հայերեն թարգմանվեցին նաև բազմաթիվ այլ երկեր, ինչպես՝ Աթենաս Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Սեբերիանոս Գաբաղացու, Կյուրեղ Երուսաղեմցու, Եվսեբիոս Կեսարացու, Եփրեմ Խուրի Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու, Պրոկլի, Դիոնիսիոս Թրակացու, Փիլոն Եբրայեցու, Տիմոթեոս Կուզի, Պորփյուրի, Արիստոտելի, Պլատոնի գործերը: Այդ երկերից մի քանիսի բնագրերի կորստյան պատճառով այսօր հայերեն օրինակները բնագիր են համարվում:
Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշխատասիրած հոգևոր և ծիսական երկերը, Կորյուն Սքանչելիի, Ղազար Փարպեցու, Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու, Եղիշեի և մյուսների գործերը հեղինակային աշխատություններ ու ստեղծագործություններ լինելով՝ շահվել են նաև թարգմանական գործունեությունից: Մեր օրերում մշակութային, բանասիրական, մատենագիտական և գրական տոներով ենք փորձում ըստ արժանավորի մեծարել հայ դասական թարգմանիչներին և գրական ստեղծագործող քանքարավորներին, նրանց, որ թարգմանչաց շարժման հիմնադիրը եղան:

Գլենդել, Կալիֆոռնիա

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.