Լյուբիցա ՄԻԼԵՏԻՉ

BeFunky_orinak2.jpgԲանաստեղծ, թարգմանիչ, էսսեիստ
(Սերբիա)

Ծնվել է 1948 թ. Բելգրադում:
Թարգմանվել է անգլերեն, իտալերեն, բուլղարերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, թուրքերեն, սլովեներեն, առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն (Մոսկվա, 2010) և հայերեն (Ստեփանակերտ, 2013, Երևան, 2013): Արցախյան և հայաստանյան առաջին փառատոների արգասիքն է Բելգրադում հրատարակված է «Արարատի հողմերը» բանաստեղծական ժողովածուն:
Գրական մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է:

ԳՐՈՒԹՅՈՒՆ
Ես կգրեի այս ամայացած
եզերքի մասին,
Ամեն ինչ լափող հրեշի քաղցի
Եվ անօրինակ գթասրտության,
Փրկության մասին,
Ցեղի կործանման
Եվ հերոսական մահերի մասին,
Պսակի մասին մարտիրոսության,
Բասիլիսկոսի ճտերի մասին,
Վիշապաբարո շառավիղների,
Տների մասին հրաճարակված
Եվ ժամանակի, որ ստիպում է
ապրել կուչ եկած:
Ես կգրեի, դավաճանո՛ւմ է
սակայն ձեռքս ինձ:

ՄԵՐ ՏՈՒՆՆ ԱՅՐՎՈՒՄ Է, ՀՐԵՇՏԱԿ
Մեր տունն այրվում է,
Իսկ մենք այդպես էլ
ուշքի չենք գալիս
Վազելու համար ջրի հետևից:
Փոխի՛ր հանդերձդ,
Թա՛փ տուր մոխիրը, հրեշտակ,
Թևի՛ր:

Տարեգրություն չէ՛ սա ամենևին –
Մեր այսօ՛րն է սա:

ՔԱՐՆ ԱՌԱԾ ԳԼԽԻՆ
Ինչ-որ մեկն այնտեղ
հնձվորից առաջ
Չհասունացած հասկերն է
փրթում յաթաղանն առած
Բլրակի բրդոտ գլուխն է
սանրում քամին անվրդով
Անտես մանգաղը արյունն է
հեղում խոտի և ծաղկի

Կաշկանդված իրենց ստվերների մեջ
Քարավաններն են ձգվում համրաքայլ ու զառանցագին
Անվերջ սաստկացող հողմին ընդառաջ
Ընդդեմ բացահայտ ու համատարած արգելանքների

Քայլում է մարդը իր տան կտուրը թևի տակ դրած
Երկրորդ թևի տակ` ջարդված սողնակով բեկորը դռան
Գլխարկի տեղակ հսկա գետաքար` արնոտ կառափին –

Ցասումով նետված խավարի միջից հակառակ ափի

ՄՈԼՈՔԸ

1
Ձեռքը ոսկեկոխ իր գանձարանում
Աչքը ուրիշի սահմանին նետած
Մոլոքը մտքում հաշիվ է անում
Թե քանի ցեղ կա իր կրնկի տակ…

Քանի պալատներ ու հանքեր ունի
Քանի աշխարհներ պիտի նվաճի

Հին արքաների պարտեզում նստած
Պճնված ոսկյա զարդարանքներով
Նա ինքնավստահ
Հաշվում է թե դեռ որքան
կենդանի ուժ ունի
Որքան պողպատ ու արճիճ

Իսկ երկրները որոնց բախտի շուրջ լուռ փիքր է անում
Գանգի մեջ նրա բախվում են իրար և չի հասկանում
Ում վրա ուղղի հարվածն առաջին

2
Մոլոքը բազմած
Երկաթե գահին
Ծրագրեր է որոճում թաքուն

Ինչպես նվաճի հարավը տաքուկ
Ինչպես գրավի Արևելքը հին
Հյուսիսի վրա ինչպես գրոհի

Որ այդ ամենին հասնելու համար գրո՛շ չզոհի

Մոլոքը հսկա խլո՛ւրդ է կարող
Զինված աշխարհի տակը փորելու հեռանկարով
Քիչ է ամենը որ արդեն ունի

Ահա թե ինչու չարացած է նա աշխարհքի՜ վրա
Որ ամենևին գլուխ չի հանում ո՜չ գործքից նրա
Եվ ոչ էլ իր նոր ազատությունից

ՍԿՅՈՒԹԱԿԱՆ
Երբ Արարչի աջը հոգնած չկարենա սանձը քաշել,
Սկյութները կհավատան, որ Հիսուսը մի ցցաշեն
Մսուրքում է ծնվել իրոք և, կշտապեն գոտի կապել,
Քերիչներով կթոթափեն խթանների ժա՛նգը, ապա
Կլողացնեն ու կթամբեն նժույգները ճերմակաբաշ:

Դե, ուրեմն, մի՛ արթնացրեք
Սկյութներին մեր ընդերքում:

Երբ արթնանան, էլ չեն նայի, թե կարող եք իրենց վառել,
Էլ չեն նայի, թե կարող եք նետահարել,
Նրանք միայն հարկադրված ձեզ կդնեն ոչ այլ ոքի,
Քան դևի տեղ սևահոգի:

Նրանց համար մեկ չի լինի, թե ում վրա պիտի գնան:
Երբ սկյութներն ապստամբեն (դա կա երգում)
Երբևիցե կանգ չեն առնի կիսաճամփին:

Դրա համար մի՛ արթնացրեք
Սկյութներին մեր ընդերքում:

Սակայն այդ ի՞նչ սկյութներ են – առանց կալի,
Առանց բերքի և ամբարի – բերնեբերան ցորնով լեցուն,
Առանց վանք ու եկեղեցու, առանց հմուտ Փակակալի,
Ի՛նչ սկյութներ, որ տակավին
Չեն կշտացել մատնությունից ու նենգ դավից:

Ի՛նչ սկյութներ, որ ընկել են, բայց ամոթից
Ջանք են թափում, որ վերստին
ելնեն ոտի:
Եվ ո՞վ է այն ենիչերին,
որ սահմա՛նն է անցել նորից –
Ո՞ւմ հարցնենք` Երկնավորի՞ն:

ԻՄ ՆԱԽԱՀՈՐ ԵՐԱԶԸ
Իմ նախահայրը երազում տեսավ դրախտի այգին,
Այնքա՛ն էր ծանոթ, ասես կորուսյալ եզերքում լիներ…

Եվ նա երկաթե գութանին լծված՝ հերկեց ծայրեծայր,
Ակոսներ բացեց երազի դաշտում:

Հա՛ց տեսավ ապա նախնիս երազում,
Որ հանգուցյալի հոգեհանգստի համար են թխում:

Ու երբ արթնացավ, սե՛րմը շաղ տվեց
Քառյակ ծագերում,

Որ իր տան շեմքին հացո՛վ ընդունի իր նախնիներին:

Թարգմանությունը՝
Գագիկ ԴԱՎԹՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.