ՇԻՐԱԿ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԱԶՈՂԸ / Վազգեն ԱՌԱՔԵԼՅԱՆ

Պատվական ՂուկասյանԱյս տարվա սեպտեմբերին լրացավ գյումրեցի արձակագիր Պատվական Ղուկասյանի ծննդյան 80-ամյակը:
Պատվականը երկրաշարժի անմեղ զոհերից է: Երկար տարիներ ղեկավարել է Շիրակի գրողների
միավորումը, լինելով սիրված ու ճանաչված բոլորի կողմից:

ՇԻՐԱԿ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԱԶՈՂԸ

Պատվական Ղուկասյանի ստեղծագործական հենքը ներհյուսված էր Շիրակ աշխարհի հետ: Դեռ առաջին հոդվածից, գրական էսսեից, պատմվածքից երևաց նրա ինքնատիպ ոճը, յուրօրինակ մտածողությունը, կերպարներ ստեղծելու հմտությունն ու ձիրքը:
Նրա յուրաքանչյուր հոդվածը, ակնարկը, էսսեն, նովելն ու պատմվածքը, շնչում էին այդ օրերի և ժամանակների հարցադրումներով, խնդիրներով, բարձրացված թեմաների հրատապությամբ:
Որպես մարդկային տեսակ էլ` առանձնանում էր իր համեստությամբ, խոհեմությամբ, ամենատեսությամբ` ընկածի՛ն, նեղյալի՛ն հասնելու-օգնելու իր պատրաստակամությամբ: Նրա մարմնավոր խմորը ազնիվ նյութից էր, հոգևոր հացը` բուրավետ ու թարմ:
Մանկությունն անցել էր գյուղում, ճաշակել էր կյանքի դառն ու լեղին, պատերազմական տարիների (իր սերնդին հատուկ) ողջ դժվարությունները` սով, քաղց, հիվանդություններ… Եվ իր հերոսներին դուրս էր «քաղել» հենց այդ միջավայրից:
Մասնագիտությամբ բժիշկ էր, բայց կոչումով ու կանչվածությամբ՝ գրող: Առաջին գրքի տպագրությունը և արձագանքը տպավորիչ էր: Գրականագետներն ու ավագ գրողները ջերմությամբ ընդունեցին նրա մուտքը, նրա ստեղծագործության մեջ տեսնելով հայ գրականության լավագույն ավանդույթների շարունակողին: Ղուկասյանն իր խոսքն էր բերում, իր ինքնատիպ մտածողությունը, իր գրողական «նայվածք-տեսնվածքն» ուներ: Սկիզբը գյուղաշխարհն էր` կոլեկտիվացում, պատերազմ, անհատի պաշտամունքի տարիներ և այլն: Հետագայում նրա գրողական աշխարհում տեղ գտավ նաև քաղաքային կյանքը: Հիացած եմ նրա գրական կերպարներ կերտելու հմտությամբ, ներհուն արվեստագետին հատուկ գրական տեքստի (սյուժեի) լեցուն ավարտվածությամբ, իսկ վիպակները ձևված են ավելի լայն ու ընդգրկուն ժամանակների և մարդկային ճակատագրերի համայնապատկերի վրա: Ղուկասյանը կերպար ստեղծելիս անվրեպ էր, նրա հերոսները կատարյալ են, ինքնատիպ ու լիարյուն, շարունակում էր Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Համաստեղի գրական լավագույն ավանդույթները:
80-ամյակի կապակցությամբ հրատարակվող նրա գրքի «ձեռագրերն» ընթերցելիս էլի նույն կարծիքին էի, որ դրանց ուժը, ներգործությունը չի թուլացել-թոշնել, մանավանդ «անտիպ էջեր» բաժինը, որն էլ նրա տաղանդի մի նոր բացահայտումը կլինի ընթերցող-երկրպագուների համար: Հազա՜ր ափսոս: Պատվականը կարճ ապրեց: Դեռ ինչե՜ր կտար մեր բանարվեստին: Բայց ապրողներս, սփոփվում ենք, որ նրա թողածը ծանրաբեռ է ու անկշռելի, որ հայոց հարուստ գրականության խորանում նա էլ իր տեղն ունի, որը միայն իրեն է պատկանում, իր վառած անհանգչելի արվեստի մոմը, որի բոցը չի երերում ժամանակների քամիներից:
Պատվական Ղուկասյանն ընտրվել և երկար տարիներ ղեկավարում էր Շիրակ աշխարհի գրական միավորումը: Հաճախակի էր գալիս Երևան, Գրողների միություն` Հովհաննես Մելքոնյանի մոտ: Երկու ազնվագույն շիրակցիներ, որոնց հետ նստել-ելել եմ պատանությանս տարիներին: Աչքիս առաջ է Պատվականի բարի դեմքը, հմայիչ ժպիտը, անփոխարինելի ու անկրկնելի մարդկային տեսակը: Նրանք երկուսն էլ` իմ գրող-եղբայրները, եկան… ու վաղաժամ գնացին` մեկը երկրաշարժից, մյուսը ավտովթարից:
Ամեն ինչ փոխվեց ցավի ու թախծի, կսկիծի ու տրտմության: Մինչև հիմա էլ ինձ թվում է, թե մենք նստած ենք «Դերասան» սրճարանում, իսկ դրսում` գարուն է, խաղողի որթերն ու կապույտ յասամանները խնդությունից լալիս են, և կյանքը թվում է անվերջակետ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.