ՀՐԵՇՏԱԿ ՀՐԵՇՏԱԿ ԸՆԿԵՐ ՆՈՒՆԻԿԸ / Գևորգ Սարգսյան

Գևորգ ՍարգսյանԵրբ սկսվեց Համաշխարհային երկրորդ պատերազմը, ես նախապատրաստական դասարանում էի: Նախապատրաստական դասարանը կամ ինչպես այն ժամանակ էին ասում` զրո դասարանը, առաջին դասարանի համար «զարգացած» աշակերտներ պատրաստելու համար էր:
Վեց տարեկան էինք, չգիտեինք` ինչ է դասաժամ, չգիտեինք` ինչ է ուսուցիչ և չգիտեինք` ինչ է դասամիջոց. երբ ուզում` լաց էինք լինում, երբ ուզում` ասում էինք «տուն տարեք մեզ», երբ ուզում` դուռը բացում, դուրս էինք գնում, երբ ուզում` տեղափոխվում էինք ուրիշ նստարանի, երբ ուզում` մեջքով էինք նստում դեպի գրատախտակը: Իսկ երբ մեզնից մեկը լաց էր լինում և ասում` «մայրիկիս եմ ուզում», բոլորս նրա հետ լաց էինք լինում և գոռում` «մայրիկիս եմ ուզում»…
Մեկ-երկու շաբաթից արդեն բավական «զարգացել» էինք և բադերի նման բերաններս մեծ բացելով՝ որքան ուժ ունեինք, ճղղում էինք.
– Մեծատառ «ա», փոքրատառ «ա»…
Մեր ուսուցչուհին բոլորովին չմտածելով, որ այդ զարհուրելի ճղղոցից մի շաբաթ անց կարող է խելագարվել, ժպտում էր, խրախուսում և խնդրում, որ երկու անգամ էլ կրկնենք: Երբ երկու անգամից հետո զարհուրելի ճղղոցները լռում էին, ուսուցչուհին երջանիկ ժպտալով ասում էր.
– Ապրեք, հրեշտակնե՛րս, հիանալի է…
Մենք ուրախությունից ծափ էինք տալիս և ժպտում: Ես նայում էի կողքիս նստածին, տեսնում նրա մինչև ականջները հասնող ժպիտը, ծիծաղում` չկասկածելով, որ իմ ժպիտը գուցե մինչև ծոծրակս է հասնում:
Քանի որ նախապատրաստականի դասերը սկսվում էին կեսօրին, ինձ դպրոց էր բերում և դասերից հետո տուն տանում մայրս կամ ինձնից մեծ երեք քույրերիցս մեկը: Մի շաբաթ անդադար ամբողջ ճանապարհին գոռում էի` «մեծատառ «ա», փոքրատառ «ա»: Մի շաբաթ անց էլ ամբողջ ճանապարհին նույն կատաղու­թյամբ գոռում էի` մեծատառ «բ», փոքրատառ «բ»…
Եթե մայրս էր ինձ տուն տանում, հիացած լսում էր, եթե հազար անգամ էլ կրկնեի` հաճույքով կլսեր, եթե մեծ քույրս էր տանում` մեկ-երկու անգամ ասում էր` «լավ է, ապրես», հետո ասում էր` «հասկացա, բավական է», հետո գոռում էր` «վերջ տուր, գլուխս տարար», իսկ հետո մի երկու անգամ գլխիս տալով ասում էր` «զզվեցրիր, էլի», իսկ տանը մոտենալիս ասում էր` «չասես, որ գլխիդ տվել եմ, թե չէ` գիտես, հա»…
Տուն մտնելուն պես գոռում էի` «մեծատառ «ա», փոքրատառ «ա»…
Մայրս, հայրս, միջնեկ և փոքր քույրս ժպտալով լսում էին, բայց մեծ քույրս այնքան էր զայրացած, որ փախչում էր դուրս և ծնողներիս խնդրում, որ մի շաբաթ իրեն «հանգիստ» տան: Երբ փոքր քույրերս էին ինձ դպրոցից տուն բերում, սկզբում նրանք էլ համբերում էին, հետո մի երկու անգամ հասցնում, հետո` ձեռքս պինդ բռնած քարշ էին տալիս իրենց հետևից, քթի տակ ինչ-որ երգ երգելով, որ ձայնս չլսեն…
Իսկ դպրոցում ամեն ինչ լավ էր. իրար հետևից տառեր էինք սովորում, և դասի սկզբից մինչև վերջ մեր ճղղոցը չէր լռում: Ինձ տուն տանելիս դարձյալ օրվա դասը ճղղում էի, դարձյալ քույրերս տալիս էին գլխիս, իսկ երբ տանը շարունակում էի ճղղալ` երեք քույրերս էլ դուրս էին փախչում, բայց նախօրոք ծնողներիս կողմը նայելով ու մի երկու-երեք անգամ գլխիս տալուց հետո:
Հայրս էլ մորս նման ժպտալով ու սիրով լսում էր իմ բադային ճղղոցը, բայց քիչ հետո ժպիտն անհետանում էր, և նա ինձ վրա նայում էր այնպիսի հայացքով, որը նշանակում էր` «Այս ի՞նչ օրն են գցել տղայիս, այսպես ճղղալով սա մի տարի կարո՞ղ է ապրել»: Հայրս համբերությամբ սպասում էր մինչև հոգնեմ, աչքերս փակվեն ու ինձ գրկած տանի անկողին:
Զարմանալին այն էր, որ չգիտես ինչու, քույրերիս «սիրալիր» գլխիս տալուց չէի բողոքում ո՛չ հորս, ո՛չ մորս, բայց երեք քույրերիցս երկուսի զզվանքն այն աստիճանի հասավ, որ երկար տանջվելուց հետո հնարը գտան. սկսեցին բողոքել, թե ինձ տուն բերելու պատճառով դասերը պատրաստել չեն հասցնում և կսկսեն երկուսներ ստանալ: Ծնողներս նրանց ասածներն ականջի հետև գցեցին, իսկ ես գլխիս տալու մասին էլի ոչինչ չասացի: Երևի կարծում էի, որ զրո դասարանում բոլորի գլխին էլ տալիս են: Իսկ մայրս վերջապես ընդառաջեց բողոքող քույրերիս և ասաց.
– Ոչինչ, բալիկնե՛րս, դուք էլ ձեր մեծ քրոջ նման շաբաթը մեկ արձակուրդ կստանաք, դուք ձեր դասերը պատրաստեք, որ հետ չմնաք, իսկ նրան ես կբերեմ:
Խեղճ մայրս ինձ հետ անգիր արեց բոլոր երեսունինը տառերը, նաև Լենինին ու Ստալինին նվիրված մի քանի դժվարամարս աշուղական ոտանավոր:
Իսկ դասարանում ամեն ինչ գերազանց էր` մենք անընդհատ նոր ու ավելի գեղեցիկ տառեր էինք անցնում, միաձայն կրկնում տառերի անունները և քանի որ նաև թվաբանություն էինք անցնում, թվաբանության դասին էլ ճղղում էինք` մեկին գումարած մեկ հավասար է երկուսի: Մայրս ամեն օր ինձ տանում էր դպրոց և բերում տուն և դարձյալ մեծ ուրախությամբ հայոց լեզվի ճղղոցներս լսելուց հետո լսում էր նաև թվաբանական ճղղոցներս:
Զարմանալին այն էր, որ մեր ուսուցչուհին ամեն օր գալիս էր դասարան և ո՛չ գլուխն էր կապած, ո՛չ էլ մեզ զզվանքով էր նայում: Հակառակը, այնպիսի ուրախու­թյամբ էր ներս մտնում և այնպիսի սիրով էր մեզ նայում, կարծես երեկվա դասերից հետո ո՛չ հաց է կերել, ո՛չ ջուր խմել, ո՛չ էլ քնել, այլ անհամբեր սպասել է, թե երբ է դպրոց գալու, որ մի անգամ էլ մեզ տեսնի, մի անգամ էլ լսի մեր անմարդկային ճղղոցները, հիացմունքից լաց լինի ու արագ-արագ համբուրի մեր գլուխները… Այնպիսի հրեշտակային համբերությամբ ու սիրով էր մեզ «ա», «բ» և մեկին գումարած մեկ սովորեցնում` մեր առաջին ուսուցչուհի հրեշտակ ընկեր Նունիկը, որ միայն հրեշտակները կարող էին այդքան համբերատար ու սիրալիր լինել: Հայրս ու մայրս ինչ-որ մեկի մասին խոսելիս ասում էին` «նա հրեշտակի համբերություն ունի»: Ես արդեն գիտեի, որ նրանք առանց անունը տալու նկատի ունեն մեր հրեշտակ ընկեր Նունիկին:
Ես, ինչպես և նախապատրաստականի բոլոր երեխաներն արդեն գիտեինք, որ երկու մայր ունենք. մեկը` տանը, մյուսը` դպրոցում: Երբ որևէ առիթով հանդիպում էին իմ տնական և դպրոցական մայրիկները, ես զարմանքով տեսնում էի, թե որքան նման են նրանք: Թե որքան մեծ էր լինում մեր երջանկությունը, երբ ընկեր Նունիկը շոյում էր մեր գլուխը, պատմելու բան չէ: Բայց երջանկությունը դառնում էր անչափելի, երբ հրեշտակը գրկելով մեր ուսերը, նստում էր մեր կողքին ու հիացմունքով մեր անընթեռնելի տառերին նայելուց հետո ժպտալով ասում էր:
– Շատ գեղեցիկ ես գրել, սիրելիս: Խնդրում եմ այդպես գեղեցիկ էլ տանը երկու էջ «ա» և «բ», երկու էջ էլ «1» ու «2» գրես:
Եվ հրեշտակ ընկեր Նունիկը հրեշտակային ձեռագրով էլ մեր տնային տետրերի մեջ, էջերի վերևի տողերին, տառերի ու թվերի գեղեցիկ-գեղեցիկ օրինակներ էր գրում: Երբ տանը սկսում էի եռանդով «ա» գրել և առաջին երկու տողը մերոնց ցույց տալով ասում էի այս երկու տողերի բոլոր տառերն էլ «ա» են, հայրս ու մայրս վախեցած նայում էին իրար, հետո շոյելով գլուխս ասում.
– Իհարկե, «ա» են, բալիկս, ես էլ, մայրիկն էլ տեսնում ենք, որ դրանք հենց «ա» են:
Դասերի ավարտից հետո պատահում էր, որ մեկ-երկու երեխայի մայր ուշանում էին: Հրեշտակ ընկեր Նունիկը խնդրում էր որևէ ծնողի, որ տուն գնալիս մտնի ուշացած երեխայի ծնողների տունը և հայտնի նրանց, որ երեխան դպրոցում է, որ չանհանգստանան, որովհետև ուսուցիչը նրանց հետ է, և թող գան, երբ կկարողանան: Նա ուշացած երեխաներին նստեցնում էր դպրոցի մուտքի առաջ ամրացված երկարավուն նստարանին, բացում վաղվա դասի էջը և սկսում էր նրանց հետ պարապել: Հաջորդ օրը դպրոցում մնացած այդ մեկ-երկու երեխան մյուսներին ուրախությամբ պատմում էին հրեշտակ ընկեր Նունիկի հետ անցկացրած րոպեների մասին, ցավելով միայն, որ տնեցիները շուտ էին եկել ու իրենց տուն տարել:
Եթե ձմեռ էր, հրեշտակ ընկեր Նունիկը աշակերտին տանում էր պահակի սենյակը և այդ տաք տեղում էր կրկնում վաղվա դասերը: Երբ հիվանդանում էինք, հրեշտակ ընկեր Նունիկն ամեն օր դասերից հետո գալիս էր մեզ տեսության և անպայման երեք-չորս հատ «մոմպաս» էր բերում: Իմ հիվանդության ժամանակ այդ մոմպասներն ամիսներով մնում էին պահարանում, որովհետև ո՛չ ես էի ուտում դրանք, ո՛չ էլ թույլ էի տալիս, որ քույրերս ուտեն:
Մի օր էլ պատահեց ամենասարսափելին. հիվանդացել էր հենց ինքը` հրեշտակ ընկեր Նունիկը… Սովորականի նման անհամբեր սպասում էինք մեր հրեշտակ ընկեր Նունիկին, երբ ներս մտավ ուսմասվարը, մեզ հայտնեց, որ ընկեր Նունիկը հիվանդ է, չի գալու և մեզ մոտ կգա փոխարինող մի ուրիշ ուսուցչուհի: Այդ լուրն այնպես ազդեց մեզ վրա, որ ուսմասվարի գնալուց հետո բոլորս սկսեցինք սրտապատառ լաց լինել: Մի քանի րոպե անց ամբողջ դպրոցը լսեց մեր ձայնը, լուրը հասավ տնօրենին, և նա շտապով եկավ: Նայելով նրա սարսափահար դեմքին` մենք ավելի բարձրաձայն լաց եղանք: Տնօրենը սկզբում ուզեց բարկանալ, բայց տեսնելով մեր անկեղծ ողբը, լռեց, խղճահարվեց ու սկսեց մտածել: Մեկ վայրկյան անց նա ժպտաց, ասաց, որ համբերեն և դուրս վազեց: Մի քանի վայրկյան անց էլ ներս եկավ մի տարեց ուսուցչուհու ձեռքը բռնած: Ուսուցչուհին սիրալիր բարևեց մեզ, իսկ տնօրենը նրան ցույց տալով ասաց, որ նա լավ ուսուցչուհի է և երկու օր փոխարինելու է ընկեր Նունիկին: Մենք այնքան էինք շփոթվել, որ լռեցինք ու քարացանք: Տնօրենը մեր լռությունը համաձայնության նշան համարեց և ժպտալով արագ դուրս գնաց: Երբ տնօրենը դուրս գնաց, մենք սթափվեցինք, նայեցինք տարեց ուսուցչուհու սպիտակ մազերին, համեմատեցինք մեր հրեշտակ ընկեր Նունիկի սև մազերի հետ և… և մեր լացի ձայնը նորից տարածվեց ամբողջ դպրոցում: Տարեց ուսուցչուհին շփոթված նայեց մեզ, չկարողացավ որևէ բան ասել և նույնպես շտապով դուրս գնաց: Քիչ անց, առանց տնօրենի ուղեկցության եկավ գեղեցիկ ու երիտասարդ մի ուսուցչուհի և միանգամից անցավ նոր դասը բացատրելուն: Մենք դարձյալ չէինք ուզում լսել գեղեցիկ ու երիտասարդ ուսուցչուհուն, բայց նրա գեղեցկությունը նկատի ունենալով` մեր լացը փոխեցինք հեկեկոցի: Գեղեցիկ ուսուցչուհին գրատախտակին գրեց «ը» տառը և ասաց, որ դա «ը» տառն է: Մենք նայեցինք նախ ուսուցչուհու գրած «ը»-ին, մտածեցինք, որ հրեշտակ ընկեր Նունիկը չէր կարող այդքան տգեղ «ը» գրել, հետո ավելի ուշադիր նայեցինք իրեն` երիտասարդ ու գեղեցիկ ուսուցչուհուն, համեմատեցինք մեր հրեշտակ ընկեր Նունիկի հետ և տեսանք, որ ուսուցչուհին ոչ միայն նման չէ ընկեր Նունիկին, այլև` բոլորովին գեղեցիկ չէ ու… ու ավելի բարձրաձայն սկսեցինք լաց լինել: Ոչ գեղեցիկ ուսուցչուհին լուռ կանգնեց և առանց որևէ բառ ասելու հանգիստ դուրս գնաց: Կես ժամ անց, նորից եկավ նույն ոչ գեղեցիկ ուսուցչուհին, ժպտաց և ասաց.
– Սիրելի երեխաներ, այժմ տնօրենի մոտ ժողով է, երբ ժողովն ավարտվի, նա կգա և կխոսի ձեզ հետ, խնդրում եմ չաղմկեք: Հանեք ձեր տետրերը և գրեք կամ կարդացեք նախորդ դասը, մինչև տնօրենի գալը:
Մենք հանեցինք մեր տետրերը, բացեցինք և քանի որ արցունքի պատճառով ոչ մի տառ չէինք տեսնում, կիսաձայն շարունակեցինք մեր լացը: Ոչ գեղեցիկ ուսուցչուհին մի քանի վայրկյան մեզ լուռ նայելուց հետո դարձյալ հանգիստ ու ժպտալով դուրս գնաց: Կես ժամ անց եկավ տնօրենը դարձյալ ոչ գեղեցիկ երիտասարդ ուսուցչուհու և նույն տարեց ուսուցչուհու հետ, դարձյալ ժպտաց և ուրախ-ուրախ ասաց, որ մենք պետք է հանգստանանք, խաղաղվենք, որովհետև քիչ հետո, ամբողջ դասարանով գնալու ենք ընկեր Նունիկին տեսության: Մենք իսկույն լռեցինք, ոտքի ելանք, և անսահման ուրախությամբ վազեցինք, փաթաթվեցինք տնօրենի ոտքերին ու բաց չթողեցինք: Տնօրենն ասաց.
– Գիտեմ ինչ եք ասելու, բայց մենք դա էլ ենք նախատեսել. արդեն տորթ ենք առել և մի փունջ գեղեցիկ ծաղիկ:
Մենք բաց թողեցինք տնօրենի ոտքերն ու խմբով հարցրինք.
– Իսկ մոմպա՞ս:
Տնօրենը զարմացած նայեց կողքին կանգնած ոչ գեղեցիկ ուսուցչուհուն, որն էլ ժպտալով ասաց.
– Ընկեր Նունիկը գիտե, որ երեխաները մոմպաս շատ են սիրում և հիվանդ ժամանակ նրանց տեսակցության գնալիս մոմպաս է տարել:
– Չէ, պետք չէ, ընկեր Նունիկի տանը մոմպաս կա, ինչո՞ւ ժամանակ կորցնենք: Հիմա դասավորեք ձեր պայուսակները, առանց շտապելու իջեք բակ ու մուտքի մոտ սպասեք:
Քիչ անց բոլորս կազմ ու պատրաստ բակում կանգնած էինք ոչ գեղեցիկ ուսուցչուհու կողքին: Եկավ նաև մեզ արդեն ծանոթ տարեց ուսուցչուհին, և ասաց, որ ճանապարհին իրար չկորցնելու համար պետք է զույգ-զույգ շարք կանգնենք: Մենք իսկույն շարք կանգնեցինք, իսկ երկու ուսուցչուհիները անցան շարքի երկու կողմերը, և մենք, սկզբում քայլելով, հետո վազելով ճանապարհ ընկանք: Ոչ գեղեցիկ ուսուցչուհին և տարեցը նախ պահանջեցին չվազել, հետո խնդրեցին, բայց տեսնելով, որ չենք լսում` ստիպված եղան մեզ հետ վազել:
Վերջապես բոլորս միասին, ծանր շնչելով կանգնեցինք մի փոքրիկ տան առաջ, արագ կարգի բերեցինք մեր հագուստները և ոտքերի թաթերի վրա ու շունչներս պահած ներս մտանք… Նախասենյակում կիսախավար էր և ստիպված էինք միմյանց բռնած դանդաղ առաջ գնալ: Միջանցքի վերջում դուռը բացվեց ու վերջապես մտանք հյուրասենյակ, որը նաև ննջարանն էր: Ուսուցչուհիները մեզ շարեցին պատերի տակ, և մենք կարողացանք տեսնել մահճակալին պառկած մեր հրեշտակին, հենց իրեն` ժպտալով մեզ նայող, գունատ, նիհարած, բայց ավելի գեղեցկացած մեր հրեշտակ ընկեր Նունիկին: Երբ համոզվեցինք, որ այդ նիհարած, գունատ ու շատ ավելի գեղեցկացածը մեր ընկեր Նունիկն էր, մի պահ լռեցինք ու միմյանց նայելով, բոլորս միասին սկսեցինք մեր լաց-ճղղոցը:
– Սիրելիներս, խնդրում եմ լռեք, ես ձեզ շատ կարևոր բան ունեմ ասելու,- ժպտալով ու շատ ցածր ձայնով ասաց հրեշտակ ընկեր Նունիկը,- նստեք:
Սենյակը փոքր էր: Այդ փոքր սենյակում ընկեր Նունիկի մահճակալն էր, մի նեղ ու բարձր պահարան, մի փոքր սեղան, երեք աթոռ և մի աթոռակ: Աթոռներից մեկին նստեցին տարեց ուսուցչուհին և ոչ գեղեցիկ երիտասարդ ուսուցչուհին, մյուս երկուսին և աթոռակին նստեցին մեզնից մեկական աշակերտ, մենք էլ` նրանց ծնկներին ու կազմեցինք երեք երկար շարք, որոնց առջևի ծայրերը երկարելով մոտեցան ու կպան ընկեր Նունիկի մահճակալին: Ընկեր Նունիկը տեսնելով, թե որքան արագ ու հարմար տեղավորվեցին երկու ուսուցիչները, և մենք` քսանութս, սկսեց այնպես ծիծաղել, որ երկար ժամանակ չէր կարողանում խոսել: Եվ նա ասաց այն կարևոր բանը, որը քիչ առաջ խոստացել էր.
– Իմ սիրելիներ, վաղը դուք ուշադիր կլսեք այս խելոք, այս երիտասարդ ու գեղեցիկ ուսուցչուհուն, որին ես շատ եմ սիրում և որը հայերենի դաս է տալու, կլսեք նաև այս մյուս հրաշալի ուսուցչուհուն, որը թվաբանության դաս է տալու, իսկ մյուս օրը ես կգամ ու մինչև դասարան մտնելը կհարցնեմ ուսուցչուհիներից` արդյոք գո՞հ են եղել ձեզնից:
Մենք նայեցինք ոչ գեղեցիկ երիտասարդ ուսուցչուհուն, որին մեր հրեշտակ ընկեր Նունիկը «խելոք ու գեղեցիկ» անվանեց, և հանկարծ տեսանք, որ նա իրոք գեղեցիկ է ու խելոք և ծափահարեցինք նրան: Գեղեցիկն ու խելոքը ժպտալով և ամաչելով ոտքի կանգնեց ու «շնորհակալ եմ» ասաց: Հետո ոգևորված ծափահարեցինք թվաբանության ուսուցչուհուն, որովհետև նա իրոք հրաշալի էր և շատ բանիմաց, քանի որ տեսանք, թե նա ինչ համեստությամբ ու գլխի զուսպ խոնարհումով «շնորհակալ եմ» ասաց:
Նեղվածքի պատճառով շատ ափսոսացինք, որ չէինք կարող պարել ընկեր Նունիկի համար և ցույց տալ, թե որքան ենք սիրում իրեն, որոշեցինք հենց իրար ծնկի նստած էլ երգել ու ձեռքներս թափահարելով ոտանավոր արտասանել: Այդպես էլ արեցինք և տեսանք, որ նա շատ է հավանում մեր արածը, որովհետև բերանը բաց, վախեցած մեզ էր նայում, երևի կարծում էր, թե առաջին երգից հետո էլ չենք երգելու, բայց մենք վեց երգ երգեցինք և ութ ոտանավոր արտասանեցինք… Երգ ու արտասանությունից անմիջապես հետո գեղեցիկ ու խելոք ուսուցիչներն ասացին, որ մենք պետք է գնանք: Բայց ընկեր Նունիկը մինչև երկուական մոմպաս չտվեց մեզ և բոլորիս չհամբուրեց` չթողեց դուրս գնանք: Առաջին նստածը վեր կացավ, մոտեցավ հրեշտակ ընկեր Նունիկին, ստացավ իր երկու մոմպասը և շուտ բաժանվելու ցավից իսկույն լաց լինելով դուրս փախավ: Նույնն արեց հաջորդ ծնկի նստածը, հետո` մյուսը, և երբ դրսում բոլորս լուռ լաց էինք լինում, եկան երկու ուսուցչուհիները, մխիթարեցին մեզ, ասելով, որ միայն մի օր ենք համբերելու, հետո շոյեցին մեր գլուխները, նորից շարք կանգնեցրին և վերադարձանք դպրոց…
Հաջորդ տարի մենք` արդեն «բոլորովին զարգացած» քսանութ զրո դասարանցիներս, ընդունվեցինք առաջին դասարան: Հրեշտակ ընկեր Նունիկը մինչև երրորդ դասարան մեր դասղեկն էր, հետո տեղափոխվեց ուրիշ դպրոց, և մենք այլևս նրան չտեսանք: Երեք տարի անց տեղափոխվեցինք Նալբանդյանի անվան դպրոց, որը պատերազմի ժամանակ զինվորական հիվանդանոց էր եղել ու…
Ոչ, ես հրեշտակ ընկեր Նունիկից չբաժանվեցի, նա միշտ ինձ հետ մնաց: Նա ինձ հետ ավարտեց Նալբանդյանի անվան դպրոցը, ինձ հետ էլ ինստիտուտ ընդունվեց, միասին ավարտեցինք, միասին աշխատանքի անցանք: Նա իմ հարսանիքին էլ կողքիս նստած ժպտում էր, ինձ հետ էլ գրկել էր իմ առաջնեկին ու գրկեց մյուս երեխաներիս… Կարծում եմ, որ նա միշտ իր բոլոր աշակերտների կողքին է եղել` նրանց ամբողջ կյանքում:
Հիմա էլ, երբ արդեն շատ եմ մեծացել, ամեն անգամ գրասեղանի առաջ նստելիս տեսնում եմ նրան` իմ առաջին ուսուցչուհուն` հրեշտակ ընկեր Նունիկին, որից բարություն ու սեր էր տարածվում շուրջը: Նա ուզում էր մեզ էլ դարձնել իր նման, որ մենք էլ մեր շուրջը բարություն ու սեր տարածենք…
Հրեշտակ ընկեր Նունիկը երեխաներ չուներ, բայց ամեն տարի սեպտեմբերի մեկին միանգամից քսանհինգ-երեսուն երեխա էր ունենում, իսկ այդ քսանհինգ-երեսուն երեխան ունենում էին իրենց երկրորդ հարազատ մայրը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.