Հայ գրողը Պոեզիայի միջազգային փառատոնում

Կոլումբիայի Հանրապետության Մեդելին քաղաքը Լատինական Ամերիկայի մշակութային քարտեզին հայտնի է, նախ, ծաղկի, ապա պոեզիայի փառատոներով: Հուլիսի 19-27-ը այստեղ կայացավ պոեզիայի միջազգային մեդելինյան 24-րդ հանդիսությունը, որին մասնակցեց 39 երկրից ավելի քան 70 բանաստեղծ: Հեղինակավոր գրական այդ տոնակատարությանը հրավիրված և ներկա էր Հայաստանը (նաև` Արցախը) ներկայացնող բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանը, ով էլ դարձավ փառատոնի դափնեկիրներից:
Մեր զրույցի ընթացքում Հրանտ Ալեքսանյանը նշեց, որ Մեդելինի փառատոնն իր անենամյա պարբերականությամբ ձգտում է ընդգրկել բոլոր մայրցամաքների ներկայացուցիչներին և հեղինակային նման կազմով աշխարհի ամբողջականությունը պահպանել: Այս անգամ բացառություն էր Ավստրալիան, բայց դա առանձնապես չնվազեցրեց փառատոնի համահավաքության մակարդակը, որն այնպես ջանացել էին լավ ապահովել պատասխանատուները: Այս փառատոնի առավելություններից մեկն այն էր, որ ոչ միայն տիրապետող, հայտնի ազգերի պոետներն էին ներկա, այլև «փոքր ազգերինը»:
Փառատոնի ողջ ընթացքում գործել է մասնակից հեղինակների և այլոց գրքերի ցուցահանդես-վաճառք:
Փառատոնին նախորդել է մասնակից պոետների գործերի իսպաներեն անթոլոգիան: Հանդիպումների ժամանակ հյուր պոետները կարողանում էին նոր գործերով ներկայանալ, ոչ թե ամեն անգամ ընթերցել նույն բանաստեղծությունները: Այս քաղաքում հայկական համայնք չկա, բայց փառատոնը հաճելի անակնկալով ներկայացավ: «Հայկական թեմայով ամենահուզիչ պահը իմ ծանոթությունն էր կոլումբիացի երկու պոետների հետ, ովքեր ապրում են այդ երկրի Արմենիա քաղաքում: Անցյալ դարի 20-ական թվականներին Կոլումբիայի կառավարությունը ի համերաշխություն և ի պաշտպանություն եղեռն ապրած Հայաստանի, որոշել էր իր քաղաքներից մեկը վերանվանել Արմենիա: Եվ այդ քաղաքից եկած կոլումբիացի պոետների հետ իմ հանդիպումն, ըստ էության, հանդիպում էր հայրենակիցների հետ»,- ասաց պարոն Ալեքսանյանը:
Իսկ փառատոնին կհետևի ունեցած պայմանավորվածությունների իրականացումը, կլինեն թարգմանական փոխանակություններ ոչ միայն կոլումբիացի, այլև ամերիկացի, իսպանացի, չինացի պոետների հետ:

Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.