ՊԱՐԶԱՊԵՍ ԼԵՎՈՆ` ՈՐԴԻ ԶԱՔԱՐԻ / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

Լևոն-Անանյան-5Մեկ տարի է Լևոնը չկա. կամ` նա ինչպես որ կա…
Նրան հիսուն տարի (դպրոցից մինչև ՀԳՄ) ճանաչողի պատվին ու հպարտությունն ունեմ: Հընթացս ճանաչել եմ ծնողներին, եղբայր-քույրերին, կնոջը, զավակներին, հարազատներին: Գենը, արմատը, ժառանգականությունը շատ է խոսել իր մեջ: Հայրը՝ Թուխարանց Զաքարը (խունկ ու հիշատակ շիրիմին) գյուղի ամենապատվարժան, ամենախելացի, ամենահումորով մարդկանցից մեկն էր և, իհարկե, ամենաբարձրահասակը: Մի քիչ քչախոս էր ու երևի թե ավելի շատ հողի, բնության ու Աստծո հետ էր խոսում ու հաղորդակցվում: Ապրում էր հաշտ ու խաղաղ՝ մեծ բարության դիմաց ոչինչ չսպասող ու անպահանջադիր: Ու զարմացավ, խիստ զարմացավ, երբ մի օր Լևոն որդին նկարեց իր պատկերը: Չէ՛, կտավին չնկարեց, թղթի վրա, բառերով.
Այգը աչքով է անում
Ծաղկառատ հանդին,
Հայրս ճամփա է ընկնում՝
Ուսած գերանդին:
Փաթիլ, փաթիլ հնձվելով
Մեռնում է օրը,
Խոտը դեզին է մնում,
Բուրմունքը՝ հորս:
«Պիոներ» ամսագրի էջը քառածալել ու երկար տարիներ պահում էր գրպանում, թաքուն ու անթաքույց հպարտությամբ կնոջը հասկացնելով. «Տես, բոլորը մոր մասին են գրում կամ սիրածների, բայց որդիս հո՛ր մասին է գրել, հո՜ր»: Սիրանույշ, դու Սիրան, պեծուկրակ Սիրան, փեշը դատարկ տուն չեկող, ոտքերն առվի մեջ, ձեռքը ծառի ճյուղին, անդադրում, մեղու Սիրան:
Լևոնը մոր մասին գրեց, թե չգրեց` չգիտեմ, բայց կրեց ու կրում էր նրա կամքը, եռանդն ու կյանքով իմաստնացած հանճարեղ պարզությունը:
Զաքարն անդիպլոմ պրոֆեսոր է, Սիրանն` անթիկնոց ակադեմիկոս: Դիպլոմներն ու իմացության թիկնոցները զավակներին են թողել, գենով, արյամբ: Լևոնը դեռ դպրոցում, դեռևս ուսանողական տարիներին «ուրիշ էր». առանձնահատուկ խելացի ու չսպառվող աշխատասեր: Հետաքրքրություններն էլ բազմազան էին` լրագրություն, արվեստ, թատրոն, գրականություն, հրապարակախոսություն ու ընդհանրապես՝ կյանք:
Այս հատկանիշներով օժտվածը, բնականաբար, իր շուրջն է հավաքելու նաև այլոց, և զարմանալի ոչինչ չկար, որ դեռևս ուսանող, բայց արդեն համախմբող որակներ ուներ՝ առաջնորդ էր, խորհրդատու, նպատակամետ, չնահանջող ու ամենակարևորը՝ համարձակ: Աշխատանքի անցավ, էլի նույնն էր` դեռ ավելին: Այն տարիներին բնությունը, անտառը դեռևս այսքան հոշոտված չէին, բայց Լևոնն արդեն իսկ զգում ու լսում էր տապալվող ծառերի մոտալուտ հառաչը և հրապարակավ ու գրքերով խոսում ու գրում էր աղետի մասին («Անտառը հավաքում է փեշերը») և շարունակ փորձում ցուցանել այն, ինչ հետո պատահեց ու հիմա էլ պատահում է ոչ միայն անտառի հետ:
Նա պրպտուն հեռատեսությամբ տեսավ նաև այն ժամանակ իսկ արդեն ծերացող ու նոր ժամանակների ասելաձևից ետ մնացող մեր թատրոնի, հայ թատրոնի ապագան` արդիականացման օրինակներ նշելով Ռուսաստանում և Եվրոպայում:
Սովետ Միություն կար` չէր կարելի, իրավունք չկար խոսել, խոսել ետընթացի, սխալների մասին, բայց Լևոն Անանյանը սրտացավ քաղաքացու, արժանապատիվ մտավորականի պահվածք ուներ ու չէր կարող չասել կամ դեռևս 70-ական թվականներին իմաստնաբար չտեսներ, չկանխագուշակեր կարմիր բռնապետության փլուզումը.
Չե՞ք տեսնում, այնտեղ` խավարում
իրական կերպարները թափառուն…
Իսկ ես զննում եմ հաջողակ դասի
պերճաշուք շենքերը,
որտեղ ամեն ոք կարծեցյալ անմահ է
և չի տեսնում փոսը խորացող…
Մութ ու խավար տարիներին քանի-քանի՜ շինծու մտավորականներ լքեցին հայրենիքը, փախան, հուսահատվեցին, հայհոյեցին, լավագույն դեպքում` լռեցին, իսկ Լևոնը, այդ նույն ցրտի ու զրկանքների մեջ, «Գարուն» ամսագիր էր տպում անխափան, ավելին` «Ապոլոն» հրատարակչությունը հիմնեց, և, տե՜ր Աստված, ինչ գանձեր ու մարգարիտներ էր, որ առաջին անգամ, բնագրային թարգմանությամբ հրամցրեց հայ ընթերցողին:
Ինքնին օրինաչափ ու ճշմարիտ էր Լևոն Անանյանի` Հայաստանի գրողների միության վարչության նախագահ ընտրվելու փաստը: Ճանաչելով նրան, այնուամենայնիվ, ապշած ու զարմացած մնացի. ոչ թե ընտրվելու, այլ իր համաձայնությունը տալու համար: Ախր, այդ ժամանակ ԳՄ-ում սոդոմ-գոմոր էր, անհաշտություն ու երկպառակտվածություն և ո՞վ կհամարձակվեր մտնել գազազած մեղվափեթակ, կամ դառնալ շաղված երամի առաջնորդ:
Լևոնն այդ համարձակն էր. արդարացված համարձակություն, ճշմարիտ, հայ գրողների ու բոլորիս համար շահեկան համարձակություն:
Լևոն Անանյանը մատը մշտապես կյանքի զարկերակին պահող այր է և նրան խորթ չեն ո՛չ նիագարական մոլագար գահավիժումը, ո՛չ էլ նորահարսի նմանվող լուսնի դալուկը: Լիրիկական, քնքուշ տողեր մի նորաթուխ բանաստեղծուհու մասին և ամեհի պոռթկում պատմական անարդարության դեմ… սպիտակ տենդով տառապող սփյուռք, կացնահարված Գուրգեն Մարգարյան, չդատապարտված Սումգայիթ, Հայ Դատ, ծնված, բայց ծննդյան վկայական չունեցող հրաշամանուկ` Ղարաբաղ, պանթուրքիզմ, ցեղասպանություն, երազված անկախություն, դժվար կայացող կամ չկայացող պետականություն… ահա անդրադարձների այն չփակվող շրջանը, որին առնչվում էր Լևոն մտավորականն ու քաղաքացին ամենատարբեր տեղերում ու առիթներով իր ունեցած ելույթներում ու հրապարակախոսական հոդվածներում:
Գրիչը զենք դարձնելու ամենացայտուն օրինակներն են Լևոն Անանյանի` Հայ Դատին, Սումգայիթին, Եղեռնին, մեր Ազգին ու գոյատևմանը վերաբերող ելույթներն ու հրապարակումները: Թուրք լրագրող Էջեփ Թեմելքուրանին տված նրա հարցազրույցը, առանց չափազանցության, մի նոր Սարդարապատ է` արժանապատիվ, հպարտ, չմոռացող ու չներող իսկական հայորդու իսկական ճակատամարտ. «Կարելի է կարծել, թե թուրքերի նախնիները Ալթայի տափաստաններից են ձիու թամբին, տիկերով տեղափոխվել Սև և Մարմարա ծովերը: Մենք մեր ծովերը կորցրել ենք, բայց օվկիանոս ունենք` մեր պատմության օվկիանոսը, հոգևոր վիթխարի ժառանգություն, որից սնվում է մեր մշակույթը»:
Իր ապրած տարիների մանկությունից, պատանեկությունից ի վեր Լևոն Անանյան քաղաքացին ու գրողը սրտացավ տագնապների մեջ է ապրել. «լուսամուտի գոգին հոգին տվող» մեղվի համար, «120 մղոն թռչող ու անմեղ սրտեր շամփրող գնդակի», «կաղնու անճար թափառող հոգու», «հեռվում երևացող պատերազմի վտանգների» համար… ու էլի, էլի. հայացքը` հուզված, հիվանդ անտառներին, աչքը` Սևանի հմայիլ արցունքին, «Սողոմոնանց պատշգամբից» հնչող մոլագար պորտապարը` իրեն ականջացավ, Ղարաբաղի կան ու չկան` սրտի լեղի: Ու էլի, էլի՜, գլուխն առներ ափերի մեջ ու ասեր. «Ո՞վ է ի վերջո այս անշքացող երկրի իրական տերը. նրա՞նք, թե՞ մենք: Նրա՞նք, որ արդեն քանի՜ տարի անհագ ու անպատիժ ավերում են, թալանում, ծախծխում են մեր նորանկախ երկրի վեմն ու շաղախը, թե՞ մենք, որ մաշկից դուրս ենք գալիս այդ ավերակների վրա հոգևոր հայրենիքը կառուցելու: Մի՞թե այսպիսի վախճան էր վիճակված անկախության դարավոր երազին…»:
Այո, անտարբեր չէր ոչնչի և ոչ ոքի նկատմամբ, վերաբերմունքն էլ բուտաֆորա չէր` միս ու արյուն էր, ջիղ էր ու շնչառություն:
…Հիշելիքը` շատ, ասելիքը` անհատնում, բայց չգիտեմ` զառանցո՞ւմ, թե՞ գրում եմ… ցավատանջ է այս ամենի մասին անցյալով խոսել, անհավատալի է, որ արդեն մեկ տարի Գրողների միության հարկերում, միջանցքներում ու աշխատասենյակներում այլևս չենք տեսնում նրա անվերջանալի շտապումները, այլևս չենք լսում նրա պոռթկուն ու անչար զայրույթը, այլևս չենք լսում նրա շիտակ հոգին պահող, մի քիչ թեքված մարմնի պինդ ու հաստատուն քայլերը:
Նա անդադրում էր, անհանգիստ, միշտ վազքի մեջ և շտապումները ուսերին, ձեռքերին, ոտքերին…
Ավա՜ղ, շտապում էին նաև սիրտն ու հոգին, և նա այսպես շտապ, այսպես արագ, այսքան անփույթ ընդառաջ գնաց իր մահվան… Մարգարեաբար տեսել էր այդ օրը.
Բայց մարդը համառ էր.
Սեփական ոտքերով գնա՜ց-եկա՜վ,
անցա՜վ-դարձավ`
տրորված ու նոր շավիղներով,
մինչև թխպոտ մի օր
ուրիշի ձեռքերը նրան տարան այնտեղ,
ուր սովորաբար վերջանում է ամեն ինչ…
Իր մասին է գրել… ճիշտ ու ճիշտ է, միայն մի բանն է սխալ. նույնիսկ այդ «թխպոտ օրվանից» հետո նա չվերջացավ… Այսքան արածը, այսքան բարին, այս երկար-երկար ճամփան ո՞նց կվերջանա…

Մեկ մեկնաբանություն

  1. ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻՆ՝
    Մարդուն,
    Ընկերոջը,
    Մտավորականին,
    Գրողին,
    ՀԳՄի Նախագահին…

    ***
    Կողբից ելած այն տղան,
    Կապած չուլքի թելերը,
    Սայլով եկել Երեվան
    Դյութել էր մեր սրտերը…

    ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.