Ոսկան Երևանցու դասերը / Հրաչիկ ՄԻՐԶՈՅԱՆ

voskan

Հայ գրքի պատմությանը քիչ թե շատ ծանոթ ամեն ոք գիտի այդ ասպարեզում Ոսկան Երևանցու մատուցած վիթխարի ծառայության մասին, որի մեծագույն արգասիքը եղել ու մնում է հայերեն Աստվածաշնչի հրատարակությունը: Եվ բնավ պատահական չէ, որ հայ գրքի պատմության բոլոր մասնագետներն առանց բացառության անչափ բարձր են գնահատել նրա վաստակը հայ մշակույթի պատմության մեջ: Ի հաստատումն ասվածի՝ բավական է վկայակոչել միայն ավելի քան հարյուր տարի առաջ մեծն Մաղաքիա Օրմանյանի տված հետևյալ գնահատականը. «Ոսկանի անձնաւորութիւնը արժանի է մեր ազգին մտաւոր զարգացման տեսակէտէն՝ մեր երախտաւորներու կարգը դասուիլ, եւ Հայ տպագրութեան իսկապէս մղում տուողը ճանչցուիլ: Նախընծայ տպագրութիւն ճանչցուած 1512 եւ 1513 տարիներու Յակոբի հրատարակութիւնները, միայն ժամանակագրական փառք մը ունեցան, առանց իրական օգուտի: Աբգար Եւդոկիացիին ձեռնարկն ալ ամփոփուած ու սեղմուած մնաց, ու անհետացաւ. Ոսկանի գործն է, որ իր տարաբախտ մահուանէ ետքն ալ շարունակեց, եւ չորցած բոյսէ մը թափուած սերմերու նման բողբոջները բազմացան»:
Ճիշտ է, հայ գրատպության 500-ամյակի տոնակատարության ընթացքում դրվատական խոսքեր հնչեցին նաև Ոսկանի մասին, իսկ նրա անունը կրող տպագրատուն-հրատարակչությունը վերահրատարակեց Հ. Ղուկասյանի «Ոսկան Երևանցի» պատմավեպը, բայց և այնպես երախտագիտության զգացումը պարտավորեցնում է մեկ անգամ ևս անդրադառնալու այդ մեծ հայի կյանքին ու գործունեությանը, քանզի այս տարվա հունվարին լրացավ նրա ծննդյան 400-ամյակը, իսկ փետրվարի 4-ին՝ մահվան 340-ամյակը:
Սովորաբար մտավորականների հոբելյանները նշելիս ներկայացվում են նրանց կյանքը, գործունեությունը և թողած ժառանգությունը, բայց այդ ամենը հնչում է զուտ որպես պատմական անցյալ՝ առանց կարևորելու դրանց դերն ու նշանակությունը ներկայի, առավել ևս՝ ապագայի համար: Խախտելով այդ ավանդույթը, ցանկանում եմ Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակի առթիվ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել նրա կենսագրական որոշ փաստեր, որոնք, իմ խորին համոզմամբ, կարող են ուսանելի դասեր լինել թե՛ նոր կյանք մտնող պատանիների, թե՛ կյանքի որոշակի փորձառություն ունեցողների և թե նույնիսկ մեծահասակների համար:
1. Հավանաբար քչերը գիտեն, որ հայ տպագրության մեծ երախտավորը թեև կոչվել է Երևանցի, բայց ծնվել ու հասակ է առել Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում: Ասենք նաև, որ Ոսկանի ու նրա Հովհաննես, Ավետիս և Միրզախան եղբայրների նման շատերը նույնպես, ծնված լինելով 1604 թ. շահաբասյան բռնագաղթի հետևանքով Պարսկաստան տարված հայ ծնողներից, ի հիշատակ ծնողների նախկին բնակավայրի, կոչվել են Երևանցի (օրինակ՝ Ոսկանի գործակից, իսկ ապա հակառակորդ Թադեոս Երևանցին), Դաշտեցի (1653 թ. Նոր Ջուղայում ծնված նշանավոր բանաստեղծ, հրապարակախոս, նկարիչ ու վաճառական Ստեփանոս Դաշտեցին) և այլն: Սա նշանակում է, որ բռնությամբ հայրենազրկված հայ (հավանաբար ոչ միայն հայ) մարդու հիշողության մեջ շա՜տ երկար է մնում կորսված հայրենիքի կարոտը, այն վերագտնելու հույսն ու երազանքը: Արդյոք դա չէ՞ պատճառը, որ մեր հայրենակիցներից շատերը, ծնված ու ապրած լինելով Արևելյան Հայաստանում, սերնդեսերունդ իրենց համարում են խոյեցի, սասունցի, մշեցի և այլն: Զարմանալի բան. վերջերս առիթ ունեցա ծանոթանալու Նոր Զելանդիայի անգլիախոս մի քաղաքացու հետ, ով առերևույթ ոչինչ չուներ հայկական, բայց պարզվեց, որ նա նույնպես սերում էր… շահաբասյան բռնագաղթի հետևանքով Պարսկաստան տարված երևանցի նախնիներից:
2. Բարեբախտաբար Ոսկան Երևանցին ոչ միայն գրել է ստուգապատում ինքնակենսագրություն, այլև 1669 թ. անձամբ այն տպագրել ու սերունդներին է ավանդել անխաթար վիճակում: Պարզվում է, որ վաղ պատանեկության տարիներին ցանկանալով հաճախել Նոր Ջուղայի հոգևոր առաջնորդ Խաչատուր Կեսարացու նորաբաց հոգևոր դպրոց՝ ստիպված է եղել հակադրվելու ծնողներին, որոնք ցանկանում էին իրենց որդուն տալ աշխարհիկ կրթություն և, ամենայն հավանականությամբ, նախապատրաստել վաճառականական գործունեության, որն այդ ժամանակ Նոր Ջուղայում ամենահարգի ու շահավետ զբաղմունքներից էր: Տեղեկանալով, որ իրենց որդին գաղտնաբար հաճախում է Կեսարացու դպրոց՝ նրանք, ինչպես գրում է Ոսկանը, «բազում անգամ գնացեալք պատճառանօք ինչ բերեալ առ ինքեանս ոչ թողուին անդրէն դառնալ, իսկ ինքն այնքան ջանաց փախստեամբ, մինչ ձանձրացեալք ծնողացն թոյլ ետուն նմա մնալ անդ»: Երանի՜ այսօր ևս յուրաքանչյուր հայ պատանի կարողանար Ոսկանի նման անձամբ ընտրել իր ապագա մասնագիտությունը՝ անսալով սեփական ներքին ձայնին ու ցանկություններին:
3. 30-ական թթ. գալով Էջմիածին՝ երիտասարդ Ոսկանը ծանոթանում է կաթոլիկ նշանավոր քարոզիչ Պողոս Պիրոմալու հետ, հրապուրվում նրա բազմաբնույթ գիտելիքներով և դառնում նրա աշակերտը: Ինքնին հասկանալի է, որ փորձառու քարոզիչն աստիճանաբար նրան գցում է իր գաղափարական ազդեցության տակ, որի համար Ոսկանն արժանանում է թե՛ բարեկամների և թե՛ անբարյացակամների հանդիմանանքին, անգամ իսկ ենթարկվում հալածանքի, ինչպես ինքն է գրում, «աշխատութիւնս, հալածանս և ստրկութիւնս յոլովս կրեաց՝ թէ ի կաթուղիկոսէն, թէ յընկերակցաց իւրոց՝ և թէ յազգէս մերմէ. և թէ ի ստրկագունից արանց քան զինքն, քանզի ամենեքեան ի վերայ նորա յարեան իբրև ի վերայ օտարի՝ և ոտնահարք եղեն խրոխտալով և մեծաբանելով և ի տրամաբանութիւնս ձեռնարկելով և հակաճառելով՝ զորս ոչ ուսեալ էին, և ոչ լուեալ, ուր թողից զկրթութիւնն և զներհուն գոլն»: Այդ վիճակից դուրս գալու ճշմարիտ ելքը Ոսկանը տեսնում է ոչ թե կրքեր բորբոքելու, խոսքակռիվ տալու, այլ միայն ու միայն ստեղծագործական աշխատանքի մեջ, ուստի սկսում է լատիներենից հայերեն թարգմանել քերականական ու այլաբնույթ մի շարք գրքեր՝ ստեղծելով մատենագրական բավական հարուստ ժառանգություն:
4. Տասնամյակներ անց Ոսկանի վաճառական եղբայր Ավետիս Երևանցին, ինչ-ինչ հանգամանքների բերումով Ամստերդամում տեր դառնալով Հովհաննես Ծարեցու տպարանին, այն աշխատեցնելու նպատակով Ամստերդամ է հրավիրում այդ ժամանակ արդեն Ուշիի Ս. Սարգիս եկեղեցու վանահայր, եպիսկոպոս Ոսկան Երևանցուն, որը ամենայն
հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու հատուկ հանձնարարությամբ մեկնում է Եվրոպա և 1662 թ. Լիվոռնոյում հանդիպում Ավետիսին, սահմանված կարգով ձևակերպում տպարանին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը և դառնում նրա օրինական սեփականատերը: Շուրջ երկու տարի փորձելով տպարանը տեղափոխել Իտալիա, բայց համոզվելով, որ ապարդյուն ջանքեր է գործադրում, ստիպված 1664 թ. հասնում է Ամստերդամ և ամբողջությամբ նվիրվում տպագրական գործունեության՝ իրար ետևից լույս աշխարհ բերելով նորանոր գրքեր: Ինչ խոսք, Ոսկանն ստիպված է եղել հաղթահարելու բազում ու բազմապիսի դժվարություններ, որոնց անդրադառնալը դուրս է իմ ներկա խնդրից, ուստի կցանկանայի կանգ առնել դրանցից միայն մեկի վրա. խոսքը վերաբերում է մայրենի լեզվի հարցին, որը, անշուշտ, նոր չէր ծագել, այլ վաղուց ի վեր եղել ու մնում էր օրակարգային: Բանն այն է, որ Ոսկանի ժամանակ այն ավելի էր բարդացել, քանզի մի կողմից այն ներկայանում էր մայրենիի և օտար լեզվի, ի մասնավորի լատիներենի, իսկ մյուս կողմից՝ մայրենիի ներսում գրաբարի և նոր զարգացող աշխարհաբարի փոխհարաբերության տեսքով: Դրանցից առաջինին Ոսկանն առնչվել էր դեռևս երիտասարդական տարիներին, իսկ երկրորդն ամենասուր ձևով ծառացել էր տպագրական գործունեության ընթացքում: Ընդ որում, թե՛ մեկը և թե՛ մյուսը ունեին ոչ այնքան տեսական, որքան գործնական նշանակություն: Առաջին խնդիրը լուծելու համար Ոսկանը մասամբ տուրք է տվել լատինաբանությանը և հայոց լեզու ներմուծել լատիներենի ինչ-ինչ երևույթներ, իսկ երկրորդ դեպքում՝ տպագրելով հիմնականում գրաբար գրքեր, այնուամենայնիվ ընդառաջել է ժամանակի հրամայականին և տպագրության պատրաստել աշխարհաբար առաջին տպագիր գիրքը՝ «Արհեստ համարողութեան» մաթեմատիկական աշխատությունը, որը միտված լինելով հայ վաճառականության գործնական պահանջմունքների բավարարմանը, լույս է տեսել նրա մահվանից հետո՝ 1675 թ. օգոստոսին: Ուշագրավ է, որ այս խնդիրներից առաջինի ոսկանյան լուծումը ըստ էության լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, ուստի հայ տպագրիչը փորձել է տեսականորեն ձևակերպել իր մոտեցման բուն էությունը: Ըստ այդմ, 1668 թ. իր աշակերտ Կարապետ Ադրիանացու հետ տպագրած «Նոր կտակարանի» հիշատակարանում մանրամասն թվարկելով իր կատարած լեզվական-խմբագրական աշխատանքները՝ վերջում հավելել է. «Թէպէտ ուրեք-ուրեք ըստ տեղւոյն բերման, և ըստ նախնեացն դիտաւորութեան բարւոք վարկաք. նաև ոչ իշխեցաք այլայլել. զի մի մեք մեզէն եպերեալք լիցուք» (այս և հետագա ընդգծ. իմն են -Հ.Մ.): Ինչպես տեսնում ենք, Ոսկանը մի կողմից ընդունում է, որ անհրաժեշտության դեպքում կարելի է լեզվում կատարել որոշակի փոփոխություններ, և ինքն արել է դրանք, իսկ մյուս կողմից զգուշանում է, որ այդ ամենը չպետք է խաթարի մայրենի լեզվի բուն նկարագիրը, այլապես չափն անցնելու դեպքում մենք ինքներս մեզ կարժանացնենք պարսավանքի: Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Ոսկանի այս դատողությունը այսօր ևս հնչում է որպես նախատինք ու հանդիմանություն բոլոր նրանց, ովքեր բանավոր ու գրավոր խոսքում անխղճորեն աղավաղում են մայրենի լեզուն՝ չհասկանալով, որ նման արարքը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ինքնապարսավանք:
5. Ինչպես ասվեց, Ոսկանն ստիպված է եղել հաղթահարելու տարաբնույթ բազում դժվարություններ, պարզվում է, սակայն, որ նա ունեցել է նաև հուսահատության ու հուսալքության պահեր, անգամ իսկ առժամանակ դադարեցրել է տպագրական գործունեությունը, բայց և այնպես կարողացել է ուժերի գերագույն լարումով դուրս գալ ճգնաժամային վիճակից և նորից նվիրվել իր սիրած գործին: Իսկ թե դա ինչպես է հաջողվել նրան, ավելի լավ է լսենք իրեն. մահվանից մեկ տարի առաջ տպագրած «Ժամագրքի» (Մարսել, 1673) առաջաբանում համառոտակի վերհիշելով իր կրած դժվարություններից մի քանիսը՝ դառնությամբ հայտնում է, որ հատկապես Աստվածաշնչի տպագրության համար կուտակված պարտքերի պատճառով «յուսահատեալ քանի մի տարի բարձիթողի արարի, վասն նեղութեան և վտանգին, որք հասին ի վերայ իմ, և պատեցան զինև»: Բարեբախտաբար այս հոգեվիճակը երկար չի տևել, քանզի հասկանալով, որ «յուսահատութեամբ լքանիլն ոչինչ օգնէ, այլ յաւէտ զվնասս հասուցանէ» թե՛ իրեն, թե՛ մեր ազգին, նաև վերհիշելով մեր մեծերից շատերին և հատկապես Մովսես Խորենացուն, ովքեր, «փոխանակ գովասանութեան և շնորհակալութեան», արժանացան պարսավանքների ու նախատինքների, Ոսկանը գոտեպնդվում է նրանց օրինակով և հույսը դնելով ամենազոր Աստծու օգնության վրա, նորից սկսում է գրքեր տպագրել «առ ի դիւրահասութիւն թերակատարից՝ և ի յօժանդակութիւն տհասից և պակասակրթից, զի մի ի սխալիլն վհատեալք լքցին, այլ իբրև զձեռնտու և զզօրավիգ ինքեանց առեալ կայասցին ու ուղղեսցին, յենլով իբրև ի ցուպ»:
Այո՛, միանգամայն իրավացի էր Մաղաքիա Օրմանյանը, որ պահանջում էր Ոսկան Երևանցուն դասել մեր ազգի երախտավորների շարքը, քանզի անմնացորդ նվիրվելով հայ գրատպության ազգօգուտ գործին՝ նա ոչ միայն նյութական ոչ մի շահ չունեցավ, այլև զոհաբերեց իր կյանքը, անգամ իսկ Հովհաննես և Ավետիս եղբայրների դրամական միջոցները՝ լույս աշխարհ բերելով տպագիր բազմաթիվ գրքեր, որոնք շուրջ 350 տարի է, իբրև խավարում վառվող մի-մի ջահ, լուսավորում են հայ մարդու միտքն ու հոգին:
Ո՜ւր էր, թե մերօրյա հայազգի եթե ոչ բոլոր գործարարները, ապա նրանցից թեկուզ ոմանք ապրեին ու գործեին ոսկանաբա՛ր կամ սկսեին մտածել նրա օրինակին հետևելու մասին…

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: 2018 – 2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 8-3 ԴԱՍԱՐԱՆ. ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.