ՆԱՄԱԿՆԵՐ` ԳՐՈՂԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՌԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ / ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Գուրգեն ԽանջյանԳուրգեն Խանջյան, «Նամակներ ընթացքից», պատմվածք, էսսե, կոլաժ, Երևան, հեղինակային հրատ., 2009 թ., 272 էջ:

Վերջին տարիներին Գուրգեն Խանջյանի ստեղծագործական կարելիություններն ավելի շատ դրսևորվում են վիպագրության ու դրամատուրգիայի ժանրային տարածության մեջ, իսկ ահա փոքր արձակի, ի մասնավորի` պատմվածքի ու էսսեի ոչ այնքան հաճախակի երևումներն ընկալվում ու մեկնաբանվում են իբրև «վեպից վեպե ստեղծագործական տարածության միջանկյալ փորձարկումներ ու հրապուրանքներ: Սա գուցե ճշմարիտ է գրողի ընթացային ներկա օրինաչափությունների համապատկերում, սակայն ընդհանրական, նախընթաց զարգացումները պարագրկող հայացքի պարագային փաստ է, որ Գուրգեն Խանջյանը մեր ժամանակների լավագույն պատմվածքագիրներից է, արդեն կարելի է ասել` իսկական վարպետ, ում փոքր արձակն իր մասնավոր հատկականություններով մեծապես նպաստել է ժանրի արդի նկարագրի ձևավորմանը:
1994թ. լույս տեսած «Շարժասանդուղքե պատմվածքների ժողովածուն, որն, ի դեպ, Խանջյանի առաջին գիրքն է, հատկանշվում էր երևույթների էքզիստենցիալ փորձընկալմամբ, որը պայմանավորում էր համապատասխան կառուցվածք ու պատում: Թեմատիկ-բովանդակային երբեմն ընդգըծված սևեռվածությունն ու գտնված հնարքների հաճախակի կրկնությունները ինչ-որ չափով թուլացնում էին ընդհանուր տպավորությունը, սակայն «Շարժասանդուղքովե հայ պատմվածքի զարգացման, ժանրային նկարագրի թարմացման համար բացվում էին նոր հեռանկարներ: «Ստվերներ խամաճիկների փողոցումե (1998) ժողովածուում ընդգրկված պատմվածքներն արդեն որակական նոր աստիճան էին հատկապես պատումի բնույթով: Եթե նախորդ ժողովածուում ինքնատիպությունը առավել հաճախ ներկայանում էր միջնորդավորված հղումների համատեքստում, ապա այստեղ Խանջյանի` ինքնացման տանող գրողական ջանքերը ոչ միայն զգալի էին, այլև համակարգված: Էքզիստենցիալ սևեռումներն այստեղ իրենց տեղը զիջել էին էքզիստենցիալ խաղարկումներին, որը հնարավորություն էր ընձեռում ոճական ու թեմատիկ ուշագրավ համադրումներ անել: «Մարդկանց տուն ուղարկիրե (2004) ժողովածուի փոքր արձակը ներկայանում է կոլաժի ու էսսեի ներժանրային մասնավորություններով: Հատկապես կոլաժի խանջյանական իրացումները հատկանըշվում են տպավորիչ լուծումներով: Սա, հիրավի, պատումի նոր մակարդակ է, որ հուսով եմ` դեռ դրսևորվելու է Խանջյանի գրականության մեջ:
Ներկա` «Նամակներ ընթացքիցե նոր ժողովածուն, ահա, ամփոփում է Խանջյանի գրեթե բոլոր պատմվածքները, կոլաժներն ու էսսեները, որոնք ընդգրկված էին վերը հիշատակված ժողովածուներում, ինչպես նաև նույն ժանրերի` 2004թ. հետո գրական մամուլում հրապարակված ստեղծագործությունները: Այլ կերպ ասած` Խանջյանն այս գրքով ամփոփում-ամբողջացնում է իր փոքր արձակի նկարագիրը: Նշեմ, սակայն, որ սա հերթապահ մտահղացում չէ, այլ գրողական փորձառությամբ լուրջ ստեղծագործական իրացում` գեղագիտական նպատակասլաց առանցքով, որի խնդիրը ոչ թե նախընթացի հավաքումն է մեկ գրքում, այլ` նախընթացով նոր գիրք ստանալը: Այս առումով` կարևորվել է երկու հատույթ:
Նախ` Խանջյանն ամբողջովին կամ մասնակիորեն վերամշակել է ժողովածուում ներառված գրեթե բոլոր գործերը, հատկապես` «Շարժասանդուղքումե ընդգրկվածները, քանզի դրանցում է, որ առկա էին գրողական սկըզբին բնորոշ թերացումներն ու անհըստակությունները:
Եվ ապա` ժողովածուում Խանջյանը պատմվածքների, կոլաժների ու էսսեների համար ապահովել է նոր համատեքստ, այսինքն` ընկալման ու մեկնաբանման նոր հնարավորություններ: Այս իմաստով` շատ կարևոր է նաև ժողովածուի վերնագրի ընտրությունը:
Վերնագրում առկա նամակ բառը ցուցանում է Խանջյանի ժանրընկալման նոր մեկնակետերը: Այստեղ լավագույնս բնութագրված է Խանջյանի գրականության ու մասնավորապես` փոքր արձակի գործառնականության բնույթն այսպես ասած` հասցեատիրոջ առումով, մյուս կողմից` Խանջյանի պատումն իր չընդհատվող երկխոսական բնույթով, էպիստոլյար ժանրերին բնորոշ խոստովանական տարրերով, դիմումնային ձևերի հաճախադեպ կիրառությամբ` առավել հարազատ է նամակի ներքին տարերքին: Մյուս կողմից` գրողական փորձառության հեռադրությունը, կամ գուցե նաև` պատմվածքների` անցյալ ժամանակում ստեղծված լինելու պարագան են մղել Խանջյանին սեփական ստեղծագործություններն ընկալել ու իմաստավորել իբրև նամակներ:
Արդի հայ գրականության կայացման, ընդհանուր օրինաչափությունների ձևավորման գործում Գուրգեն Խանջյանի ավանդը, հիրավի, նշանակալից է: Արդեն պատկառելի ծավալ ունեցող նրա ստեղծագործական ժառանգության յուրաքանչյուր մասնավորություն թե՛ թեմատիկ, թե՛ ժանրային իրացումների առումով հարստացրել է արդի հայ գրականության նկարագիրը: Ուստի` ստացվել է այնպես, որ Խանջյանի գրականության մասին խոսել, դիտարկումներ կատարելը, չնչին բացառություններով, նույնն է, թե արդի հայ գրականության մասին խոսելը: Այդ առումով` եթե նրա «Թատրոն 301ե ժողովածուն լիարժեք պատկերացում էր տալիս նաև վերջին տարիներին հայ դրամատուրգիայում կատարված բոլոր տեղաշարժերի ու նորարարությունների մասին, ապա` «Նամակներ ընթացքիցե ժողովածուն ամբողջացնում է ոչ միայն Գուրգեն Խանջյանի փոքր արձակի ընդհանուր նկարագիրը, այլև բազմաթիվ առումներով մեկնակետեր է տալիս ժանրի արդի տեղաշարժերի համապատկերը ներկայացնելու համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.