ԻՍԱՀԱԿՅԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ / ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

ԻՍԱՀԱԿՅԱՆ
XX դարի երկրորդ կեսին իսահակյանագիտությունը զգալի ձեռքբերումներ արձանագրեց` արդեն կուտակված ու ձևավորված ավանդույթներին միավորելով նորերը, ասպարեզ բերելով գիտնականների, որոնք դարի մեծագույն բանաստեղծներից ու մտածողներից մեկի ստեղծագործությունը մեկնաբանեցին միանգամայն նոր և ուշագրավ դիտանկյուններից, խորքային թափանցումներով և ինքնահատուկ փիլիսոփայական-գեղագիտական արժևորումներով տեսան այն բացառիկն ու յուրահատուկը, որը հառնում է ազգային գեղարվեստական մտքի պատմության մեջ որպես համամարդկային-համաշխարհային ներսուզումների արտահայտություն:
Ավետիք Իսահակյանի ստեղծագործության ուսումնասիրությունն, անտարակույս, դյուրին խնդիր չէ, քանզի մեծ բանաստեղծն ու ինքնատիպ արձակագիրը ոչ թե հեղափոխական շրջափոխումների կրքով, այլ գեղարվեստական որոշակի հետևողականությամբ ընթացել է դեպի գրականության մեջ նոր արժեքների և գեղագիտական նոր միտումների հաստատումը` միահյուսելով XIX դարի գրականության ավանդական միտումները XX դարասկզբի յուրահատուկ էքսպերիմենտներին, ոճական նորահայտնություններին: Հենց Իսահակյանն էլ իր անաղմուկ ու արդարացված նորարարությամբ ազգային բանաստեղծությունը տարել է եվրոպական տիրույթներ, գեղարվեստական արձակում ոճավորել «Ուստա Կարոյի» պարադոքսալ-զարմանալի ներկայությունը, մի վեպի, որը միջնադարյան արձակի ու XX դարասկզբի գեղարվեստական փորձարարության արտացոլումն ունի իր մեջ, մի արձակ երկի, որը կոչված էր Չարենցի «Երկիր Նաիրիի» հետ ձևավորել ազգային վեպի գոյության նոր ընթացքը: Ավետիք Իսահակյանի հարուստ գրականությունը իր շուրջ քառասնամյա գրականագիտական հետազոտությունների նյութն է դարձրել բանասիրության դոկտոր Ավիկ Իահակյանը, ով այսօր իսահակյանագիտության մեջ ամենաերևելի դեմքն ու անհատականությունն է: Գրականագետի մի շարք հետազոտություններ («Ավետիք Իսահակյանի արձակը», «Ավետիք Իսահակյանի պոեմները», «Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը», «Ավետիք Իսահակյան. գիտական կենսագրություն») հիմնարար աշխատություններ են, իսահակյանագիտության մեջ մեծ արժեքներ: Այս ամենին է գումարվում գրականագետի նոր գիրքը` «Բարև՛, Վարպետ» վերտառությամբ, որն իր քնարական-հրապարակախոսական վերնագրի տակ լուրջ գրականագիտական ուսումնասիրություններ է ներառել, որոնք անդրադարձ են Իսահակյանի ստեղծագործություններին, հրապարակախոսությանը, կենսագրական մի շարք իրողություններին, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում և նպաստում են բանաստեղծի ստեղծագործության համակողմանի ուսումնասիրությանը, նրա գեղարվեստական մեթոդի քննարկմանը:
Ստվարածավալ իր գրքի սկզբում, որպես նախաբան, Ավիկ Իսահակյանը կենսագրական-զգացական մի պատում է ներկայացնում, անդրադարձ կատարում Երևանի Պլեխանովի փողոցի թիվ 32 տանը, ուր անցել է իր մանկությունը և ուր նա ներկա է եղել մեծ բանաստեղծի երկրային կյանքի վերջին տասնամյակի ընթացքին ու զարգացումներին: Հենց այս տունն է իր բազմաթիվ հուշերով, իսահակյանական գրավոր մասունքներով ապագա գրականագետին տարել դեպի պապը, դեպի նրա ստեղծագործության ուսումնասիրությունը: «Ներկա գիրքը այդ ձեռագրերի շուրջ կեսդարյա ընթերցման արդյունքն է, երբ ես խիզախեցի հայացք գցել բարուց և չարից անդին…Եվ այդ իմաստուն ձեռագրերի միջից կրկին երևաց մեծ հորս նվիրական կերպարը, և ես հանդգնեցի ասել. «Բարև՛, Վարպետ»,- գրում է գրականագետը` ապահովելով ինքնօրինակ մուտքը, այսպես բացահայտելով իր և Վարպետի գիտական-ստեղծագործական «երկխոսության» նախահիմքերը: Օբյեկտիվ հայացքի, գիտական վերլուծության մեթոդաբանական կարևորագույն տարրերի գերակայությամբ Ավիկ Իսահակյանին հաջողվել է ոչ միայն նոր էջեր ու կենսագրական գծեր ներկայացնել` դրանցով ամփոփելով մեծ բանաստեղծի գիտական կենսագրությունն ու մեկընդմիշտ վերջակետել որոշ վեճեր ու բանավեճեր, այլև գրականագիտության հարստացող-զարգացող ավանդույթների դիրքերից գնահատել մի շարք ստեղծագործություններ, մերժել այն սխեմատիզմն ու պարզունակ-ճակատային գնահատությունները, որոնք տևական ժամանակ գիտական շրջանառության մեջ գտնվելով` չափազանց անձկացրել են իսահակյանագիտության տիրույթները: Թե՛ «Ավետիք Իսահակյան. գիտական կենսագրություն» աշխատության մեջ, թե՛ «Ավետիք Իսահակյան. բանաստեղծի ճակատագիրը» գրականագիտական էսսեում, որով բացվում է գրքի առաջին մասը («Իսահակյանի ստեղծագործության ծիրում»), Ավիկ Իսահակյանը վերջնական պատասխան է տալիս Իսահակյանի ծննդավայրին նվիրված հարցին, ուղղում այն սխալը, որը մեծ բանաստեղծի երկրային կյանքի ավարտից հետո տեղ գտավ ուսումնասիրություններում և դասագրքերում և մեկընդմիշտ հաստատում այն ճշմարիտ և հիմնավորված փաստը, որ «Ավետիք Իսահակյանը ծնվել է պատմական Հայաստանի հյուսիսում` Ալեքսանդրապոլ… քաղաքում»: Հենց այս հաստատումն էլ առիթ է տվել գրականագետին անդրադարձ կատարելու Իսահակյան-Գյումրի առնչություններին, կարևորելու քաղաքի տեղն ու նշանակությունը բանաստեղծի աշխարհայացքի ձևավորման հարցում: «Հին Գյումրին նվիրական զգացումների մի ամբողջ աշխարհ է զարթեցնում իսահակյանասերի մոտ. սա այն քաղաքն է, ուր անցել են բանաստեղծի կյանքի ամենաերջանիկ տարիները` մանկությունը, ուր ծընվել են նրա պոեզիայի առաջին տողերը, ուր սկիզբ է առել նրա մեծ սիրո տխուր պատմությունը, ուր գիտակցվել է հայրենիքի ազատագրմանը զինվորագրվելու անհրաժեշտությունը, ուր ծրագրվել են բազում ռոմանտիկ երազներ` կապված Հայաստանի անկախության հետ…»,- գրել է գրականագետը: Հիշատակված հոդվածում ուսումնասիրողը նաև մի մեծ ու կարևոր հարցի պատասխանն է տվել. տևական ժամանակ այն թյուր տպավորությունն էր ստեղծվել, թե նորաստեղծ խորհրդային պետության մեջ Իսահակյանը, 1926-1930 թթ.՝ մինչև երկրից մեկնելը, ապրել է երջանիկ կյանքով, չի ենթարկվել բոլշևիկյան իշխանությունների հետապնդումներին իր քաղաքական հայացքների համար, թե բանաստեղծի առջև բաց են եղել բոլոր ճանապարհները: Ավիկ Իսահակյանը վավերական նյութերի համադրումներով պատկերում է ճշմարտությունը, ներկայացնում այն հեղձուցիչ մթնոլորտը, որում գտնվել է մեծ բանաստեղծը:
Ավիկ Իսահակյանը փշրում է բանաստեղծի «երջանիկ ճակատագրի» մասին միֆը, ներկայացնում հզոր անհատի մեծ ողբերգությունը, որը չի արտահայտվել մեծ ու ցասումնալից կռվով, այլ ինչ-որ տեղ դառնալով ներհակ` իր արտացոլումն է գտել նրա ստեղծագործության մեջ: Ինչու՞ 1930-ականներից ի վեր քիչ է գրել Իսահակյանը, ինչու՞ չի ավարտել «Ուստա Կարոն», երբ, թվում էր, թե աստանդական կյանքը մնացել էր հեռվում, երբ ստեղծված էին բոլոր պայմանները «անվրդով» ստեղծագործելու համար: Ավիկ Իսահակյանը տալիս է այս հարցերի պատասխանները: Իր ժողովածուի համար գտնելով յուրատեսակ «շրջանակ», Ավիկ Իսահակյանը գրքի վերջում տեղադրել է «Գրական թերթում» տպագրված և ընթերցողական բացառիկ հետաքրքրության արժանացած «Վարպետի մահը» պատումը, որը կարող է հայրենի հուշագրության լավագույն էջերից մեկը դառնալ, որում քնարական շարադրանքը, հույզերի և տաքուկ հուշերի անդրադարձումները մի հրաշալի ամբողջություն են ձևավորել` պատկերելով մեծ մտածողի ու բանաստեղծի վերջին օրերը:
Գրքի առաջին մասում Ավիկ Իսահակյանը բանասեր-հետազոտողի կրքին ու հետևողականությանը զուգադրել է բանասեր-մեկնաբանի դիտողականությունն ու խորագնա թափանցումները, մի շարք հոդվածներում անդրադարձ կատարել Իսահակյանի ստեղծագործությանը` միանգամայն նոր դիրքերից և չափումներից քննարկել բանաստեղծի գեղարվեստական ժառանգությունը: «Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունը», «Մասըսա Մանուկը». Իսահակյանի հեղափոխական պոեմը», «Աբու-Լալա Մահարի» պոեմի հերոսը և հեղինակը», «Անիի իսահակյանական տեսիլը» և այլ գլուխներում Ավիկ Իսահակյանը բանաստեղծի չափածո երկերի ծիրում հասնում է նորահայտնությունների, մեկնաբանությունների նոր սկըզբունքների և առավել խորքային թափանցումներով անդրադառնում իսահակյանական նորարարությանը` այն դիտարկելով որպես նորագույն որակ ազգային բանաստեղծության մեջ: Իր ուշադրությունը սևեռելով հատկապես Իսահակյանի պոեմներին, Ավիկ Իսահակյանը առաջինն է մեր գրականագիտության մեջ տալիս դրանց համակողմանի վերլուծությունը, գիտական համադրումների և բանասիրական հետազոտության մեթոդներն ուղեցույց համարելով` հասնում մեծ մտածողի գեղագիտական իդեալի ընկալմանն ու յուրահատուկ մեկնությանը, վերոհիշյալ հոդվածներում ակնհայտում բանաստեղծի թե՛ գլուխգործոցի, թե՛ սակավ հետազոտված էպիկական պոեմի գեղարվեստական ու պատմական բացառիկ առանձնահատկությունները: Գրքի առաջին մասում Ավիկ Իսահակյանն անդրադառնում է Իսահակյանի և համաշխարհային ու ազգային գրականության, փիլիսոփայության առնչությունների խնդրին` «Ավետիք Իսահակյանը և Գրիգոր Նարեկացին», «Իսահակյանը և Լերմոնտովը», «Ավետիք Իսահակյանը և Ֆրիդրիխ Նիցշեն» հոդվածներում հանգելով գրականագիտության համար նոր ու հետաքրքիր հայտնությունների: Մասնավորաբար գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում «Ավետիք Իսահակյանը և Գրիգոր Նարեկացին» հոդվածը, ուր բանասեր-հետազոտողը ընդհանրություններ է տեսել ազգային գրականության երկու կոթողային արժեքի միջև, մեկտեղել նրանց փիլիսոփայական հենքերը, շեշտել անհատի և իրականության բախման թեման որպես գրականության ու մարդաբանության մշտնջենական թեմայի: Իսահակյան-Նարեկացի զուգահեռը Ավիկ Իսահակյանը բացատրում է ոչ միայն սիմվոլների միասնական-ընդհանրական ընկալումներով, Տիեզերքի և աշխարհաստեղծման առեղծվածի նույնական ընկալմամբ, այլև բանաստեղծի կերպարի հանդեպ երկու մտածողի ունեցած վերաբերմունքով: Բանաստեղծի կերպարի մատուցման տարբեր եղանակներ են ընտրել Նարեկացին ու Իսահակյանը. եթե Նարեկացու մոտ նույնացված-մեկտեղված են հեղինակն ու բանաստեղծի կերպարը` դառնալով կրկնաբևեռ միասնություն, ապա Իսահակյանը բանաստեղծի կերպարը տրոհել է հեղինակի և Աբու-Լալայի միջև. «Նարեկացին թե՛ որպես բանաստեղծ և փիլիսոփա, թե՛ որպես հոգևորական և աստվածաբան իր պոեմի անմիջական հերոսն է, գլխավոր գործող անձը, որի կողմից առաջին դեմքով ընթանում է ողջ պոեմը: Մինչդեռ… Իսահակյանն այստեղ հանդես է գալիս հանձին իր հերոսի կերպարի, ինչպես ինքն է գրում. «Աբու-Լալա Մահարին այդ ես եմ, միայն ուրիշի վերարկուի տակ, իմ երկրորդ եսն է նա», այսինքն` հեղինակն այստեղ պոեմի միջնորդված հերոսն է: Բայց ոչ թե Իսահակյանն է Մահարու դերակատարը, այլ` Մահարին Իսահակյանի»,- գրում է Ավիկ Իսահակյանը` բացահայտելով հղացումների առանձնահատկությունը:
Ավետիք Իսահակյանի կենսապատումի արժեքավոր-բաղկացուցիչ մասն է կազմում գրքի «Իսահակյանի կյանքի պատմության ծիրում» մասը, որի գլուխներն իրենց արտացոլումն են գտել հեղինակի ստեղծած «Ավետիք Իսահակյան, գիտական կենսագրություն» աշխատության մեջ` այնտեղ ձևավորելով առանձնակի միատարրություն ու ամբողջականություն, մինչդեռ այս գրքում դրանք ներկայացված են առանձին ուսումնասիրությունների տեսքով` գիտական շարադրանքի լրջությունը միահյուսելով պատումի տաք ու անմիջական շնչին, ուրույն հրապարակախոսականությանը, քնարական զեղումներին: Առհասարակ Ավիկ Իսահակյանը պատկանում է գրականագետների այն տեսակին, որոնք գիտական նյութը մատուցելիս մտնում են նյութի «կաղապարի» ու «տրամադրության» մեջ, գրականագիտական հետազոտման մեջ տեղ տալիս պատկերավորման միջոցներին, վառ արտահայտչականությանը. երևույթներ, որոնք չափազանց սրտամոտ են դարձնում նյութը, հետազոտողի սերը փոխանցում ընթերցողին: Հենց այսպես էլ գրված են «Ավետիք-Աննա. սիրավեպ նամակներում», «Ավետիք Իսահակյանի փարիզյան հանդիպումները» և այլ գլուխներ, որոնք բացառիկ տաղանդով ստեղծված գրականագիտական էսսեներ են: Այս շարքում ընթերցողի ուշադրությանն է արժանանում «Հորս «Հայրս» գիրքը»: Հեռանալով Ավետիք Իսահակյանից` Ավիկ Իսահակյանն այս պատումի մեջ նաև անդրադարձել է իր հոր` Վիգեն Իսահակյանի ճակատագրին` նույնպես առաջինը մեզանում խոսակցություն բացելով հիրավի տաղանդավոր մի արվեստագետի մասին, որի կյանքն այդպես էլ «չստացվեց». «Երբ ես դիտում եմ այն ժամանակահատվածը` սկըսած 1937 թվականից, որի մասին չի ցանկացել Վիգենը պատմել, վերհիշել, մեկնաբանել, մի զգացում է ինձ պարուրում, որ հորս կյանքը երկփեղկվել է, չի ստացվել այնպես, ինչպես որ պետք էր, և ոչ իր մեղքով: Այն տարիներին, երբ Իսահակյանը համազգային հեղինակություն էր, որդին երբեք կուրծք չի թմբկահարել, իրեն չի նետել առաջին պլան, չի հավակնել բարեկեցիկ վիճակի: Դա նրան թույլ չէր տա իր խառնվածքը, նա պարզապես այլ կրթություն էր ստացել: Էությամբ լինելով խորաթափանց, մտածող մարդ, նա միևնույն ժամանակ ի վիճակի չեղավ, ավելի շուտ` չուզեց դրսևորել իրեն «նոր կյանքում»: Իր այս պատումով Ավիկ Իսահակյանը ներկայացնում է նաև Վիգեն Իսահակյանի մեծ դրաման` այսպես պատասխանելով տարիներ շարունակ առկախ մնացած այն հարցին, թե ինչու Սորբոնի համալսարանի երբեմի ուսանողն ու փարիզյան գեղարվեստական միջավայրի ծնունդ Վիգեն Իսահակյանը, ով բանավոր զրույցներում ներկայացնում էր բոլորովին այլ կինոմտածողություն, որը մերձենում էր Դալիի ու Քոչարի, Պիկասոյի գունային ու գծային մտածողությանը` այդպես էլ ինքնաբացահայտման չհասավ կինեմատոգրաֆում… Այս պատումի ուրույն շարունակությունն է կազմում «Կորուսյալ ժամանակի» վիգենյան որոնումները» վերտառությամբ էսսե-գրախոսությունը, որի հիմքում ունենալով Վիգեն Իսահակյանի «Փարիզ, Քոչար, անցած օրեր» գիրքը, Ավիկ Իսահակյանը հեռանում է գրախոսողի դիրքերից և ներկայացնում մի շքեղ պատում փարիզյան բոհեմի և Երվանդ Քոչարի մասին` դիտարկված վիգենյան զգացողությամբ…
Ավիկ Իսահակյանի «Բարև՛, Վարպետ» գրքում կան հոդվածներ, որոնք կարող են առաջարկվել բուհական ուսումնասիրությունների և ուսումնառության համար: Այսպես. «Հայկական հարցի» ազդարարը» հոդվածը լրացնում է հայագիտության կարևորագույն էջերից մեկը, պատկերացում տալիս Իսահակյանի` «Հայկական հարցի» նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին: Վերջերս պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Քառյանը ընթերցողին ներկայացրեց «Հովհաննես Թումանյանը և հայ ժողովրդի ողբերգությունը» ուսումնասիրությունը` ներկայացնելով Թումանյան- «Հայկական հարց» առնչությունները: Ավիկ Իսահակյանի հոդվածն էլ մեր առջև վեր է հանում Վարպետի հուժկու ներկայությունը իր ժողովրդի քաղաքական ճակատագրում:
Կարևոր ներդրում է մեր լրագրության պատմության մեջ «Էությունը նույնն է» հոդվածը, որում բանասերը ներկայացնում է Ավետիք Իսահակյանի հրապարակախոսությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Իր ամբողջությամբ Ավիկ Իսահակյանի «Բարև՛, Վարպետ» համահավաքը դառնում է խոշոր ներդրում իսահակյանագիտության մեջ և առաջադրում-հաստատում մի շարք նոր դիտումներ ու ուղղություններ մեծ բանաստեղծի ապրած կյանքի և գրական ժառանգության վերաբերյալ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.