ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

Մկրտիչ Սարգսյան

Երբ չես կարող ճամփիդ խոչուխութը հարթել,
Քո խեղճ ճշմարտությամբ այսքան սուտը հարթել,
Երազանքով լույսի թանձր մութը հարթել,
Ի՞նչ ես տանջվում, ե՛րգ իմ, Քրիստոսի նման…

Երբ ազնիվը թույլ է, ավազակը՝ հզոր,
Կեղծիքների, ստի ավազանը՝ հզոր,
Տիրողների վայրի գավազանը՝ հզոր,
Ի՞նչ ես տանջվում, ե՛րգ իմ, Քրիստոսի նման…

Խիզախիր ու երգիր, թեկուզ կտրեն լեզուդ,
Թող շառաչի ձայնդ գալիքներին ի հույս,
Թեկուզ քեզ խաչ հանեն, ինչպես մի նոր Հիսուս,
Տանջանքդ տար պատվով Քրիստոսի նման…

Բա՛վ է լոզունգ ուտես դու փոխարեն հացի,
Եվ ծիծաղես, խնդաս դու փոխարեն լացի,
Եվ խավարը պաշտես ինչպես լուսաբացի,
Եթե պետք է՝ խաչվի՛ր, Քրիստոսի նման…
1980 թ.

* * *
Քեզ՝ Ջավախք իմ հայրենի, վրացական իմ Արցախ,
Հայաթափել է ուզում ծույլ, ցուցամոլ վրացին,
Թալանում է հողդ սուրբ, պղծում դաշտերդ արձակ,
Ուզում արյունդ խառնել քո արդար աղ ու հացին…

Հողդ անգամ քոնը չէ, ոչ էլ տունդ է սեփական,
Դու անտուն ես քո տան մեջ և քո հողում՝ վաչկատուն,
Նա քո այսօրն է խլում, որ մորթի քո ապագան,
«Եղբայրությամբ» իր շողոմ, օրենքներով կեղտակուր…

Ի՞նչ է ուզում Զվիադ կոչեցյալ այդ վրացին,
Որ հանում է իրար դեմ հայերին ու վրացուն,
Երբ որ թուրքն իր դարանում դարձած սրած մի կացին,
Որոճում է եղեռնել վրացական հին ածուն…

Թուրքը հարուստ հարևան չի հանդուրժի, անկասկած,
Մանավանդ երբ ընկած է ճանապարհին իր բախտի,
Մանավանդ որ նա ունի ուրիշ հավատ ու աստված,
Գոցելու է վրաց դեմ բաց դռները դրախտի…

Եվ չե՞ս կարծում, Զվիա՛դ, որ դեմ կառնես ժեռ քարի,
Եվ քո փորձը կդառնա երկրիդ համար մեծ փորձանք,
Կկարճացնի դիվական գոյությունը քո գահի,
Եվ հորձանքվող արյունը կանի քո գահը կործան:

Զգուշացի՛ր, հարևա՛ն, և խելքի՛ եկ վերջապես,
Խաղաքարտը թուրքական մի՛ փորձարկիր դու իզուր,
Թուրքն իր որջում դարանած հայ արյունից, տե՛ս, հարբել,
Ձեզ լափելու հաճույքից արյունոտ թաթն է լիզում…

ՆԺՈՒՅԳ ԻՄ ԱԶՆԻՎ

Զուր ես վրնջում, նժո՛ւյգ իմ ազնիվ,
Գարնան օրերին մենք էլ չենք հասնի…

Էլ չենք սուրալու հողմին ընդառաջ,
Արծիվների հետ էլ չենք մրցելու,
Շուշան չեն թվա աստղերը սառած,
Եվ Աստծո հետ չենք զրուցելու…

Եվ չենք փնջելու կայծակներ ու շանթ,
Երազի ստին չենք հավատալու,
Մեզ կգուրգուրի աշնան երգն հիվանդ,
Լոկ երազանքը կտենչա գարուն…

Վրնջա՛, դոփի՛ր, նժո՛ւյգ իմ ազնիվ,
Հարկավոր չեն մեզ ո՛չ լաց, ո՛չ կական,
Մեկ է՝ աստղերին մենք էլ չենք հասնի
Ճանապարհներով տիեզերական…

Էլ սիրուններին մեջքիդ չես առնի,
Չես դառնա կանանց և սիրո գերին,
Հուշերի շղթան լոկ կսավառնի…
Այսպես է կյանքի օրենքը վերին…

Ի՞նչ ես վրնջում, նժո՛ւյգ իմ ազնիվ,
Գարնան օրերին մենք էլ չենք հասնի…
6.11.86 թ.

* * *
Մանկություն գնամ, թեկուզ և հուշով,
Ճամփան թեթև է՝ ոսկե մշուշով…

Աղբյուրները պարզ, երգիչներն իմ խենթ,
Կպատմեն սիրով հեքիաթ ու լեգենդ,

Ոսկե ձկնիկներ կբերի գետը,
Սիրո անմարմին գեղուհին հետը…

Եվ հետո ձուլված ջրվեժ արծաթին,
Կթռչեմ հեռու, հեռո՜ւ Ծիր Կաթին…

Հաղթելով հավետ չարության դևին,
Կդառնամ երկիր՝ Պեգասի թևին,

Անգիր սովորած մանկության լեզուն,
Տաղեր կհյուսեմ ծաղկանց հանդեսում,

Եվ ծաղիկների ժպիտի մեջ նուրբ
Կապրեմ վերստին մանկությունն իմ սուրբ…

* * *
Մի սուրճ պատրաստիր, որ քունս փախչի,
Որ ցնդի գլխիս մշուշը ցավոտ,
Սիրո՛ւնս, լա՛վս, իմ հրա՛շք աղջիկ,
Նստիր մոտս դու մինչև առավոտ…

Նստի՛ր դու մոտս լուսաբաց մինչև,
Ծանր ծամերդ իմ կրծքին թափիր,
Շքեղ երազի, սին կյանքի միջև
Տարուբերվողիս համբույրով խաբիր…

Թեկուզև խաբվեմ և քո տաք գրկի
Սուտ մաքրությունը ես սուրբ ճանաչեմ,
Թեկուզ հնազանդ քո անսանձ կրքին,
Ես քո փոխարեն, քո տեղ ամաչեմ:

Միևնույն է, ա՜խ, միևնույն է,
Փրկիր ինձ դաժան մենության ցավից,
Փրկիր իմ խեղված բախտից, որ կույր է
Ճակատագրի չջնջվող դավից…

Մի սուրճ պատրաստիր, որ քունս փախչի,
Որ ցնդի գլխիս մշուշը ցավոտ,
Սիրո՛ւնս, լա՛վս, իմ հրա՛շք աղջիկ,
Նստիր հետս դու մինչև առավոտ…

* * *
Հավասար ենք, հաշվենք այդպես, հավասար ենք,
հավասար,
Ես երեկ եմ հասել այնտեղ, ուր որ այսօր դու հասար,
Ես երեկ եմ հասել նրան, ում որ այսօր հասար դու,
Երբ դու ծոռն ես Անմահ ոգու, իսկ ես՝ որդին հարազատ…

* * *
Ամենաճշտապահը մահն է, մահն է, իմացե՛ք,
Ամենաերերունը Աստծո գահն է, իմացե՛ք,
Հավերժությունն անմահի թանկ պարգևն է Աստծո,
Անմահության մեկնարկը մահվան պահն է, իմացե՛ք…

* * *
Մահը ներել չգիտի, եղիր գիտուն ու կտրիճ,
Ո՞վ պիտի վաղն իմանա, թե կար մի խենթ Մկրտիչ,
Որ տաղեր էր արարում, սիրում գինի ու կանանց,
Որին մահը գողացավ գեղեցկուհու տաք գրկից…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.