Ինչպե՞ս փրկվեց Սևանը / Արմենուհի ԴԵՄԻՐՃՅԱՆ

Մաս 1. Ինչպե՞ս փրկվեց
Սևանը
Մենք այսօր հազար բան ունենք փրկելու, հազար բանից էլ փրկվելու խնդիր ունենք: Չգիտենք` որ կողմ նայենք, ձեռքներս ինչին մեկնենք, որ մի բացը, որ կիսատ-պռատը փակենք… Բայց, այնուամենայնիվ, եկեք խոսենք ջրից:
Տարիներ առաջ, երբ «մի լավ բան» լսելու համար հարցազրույցի գնացի Աղասի Այվազյանի տուն, դեռ հազիվ ծանոթացած, միանգամից հարցրեց.
– Գիտե՞ս, կյանքումս ամենից շատ ինչից եմ ուրախացել:
– Ինչի՞ց,- պայծառացա ես:
– Ստալինի մեռնելուց:
– Որ բռնագաղթածները վերադարձա՞ն:
– Չէ՛, որ բոլորս չգաղթեցինք: Հասկանո՞ւմ ես, Սևանը փրկվեց: Էդ բեղը որոշել էր` Սևանը ցամաքեցնելով մեր հախից գա: Բայց մեռավ կամ մեռցրին (նա, իհարկե, ավելի կոպիտ բառ ասաց), մենք էլ արանքում փրկվեցինք: Պատկերացնում ես, չէ՞. Սևանը չցամաքեց, Արարատյան դաշտը չխանձվեց, մենք էլ կամավոր ձևով Ալթայի երկրամաս, կամ ես ինչ գիտեմ որ սև ջհանդամը չտեղափոխվեցինք: Հասկանում ես, չէ՞…
Հասկանում էի:
Ճիշտն ասած, նաև զարմանում էի: Ընդամենը մի օր առաջ գրողը հրաժարվում էր «Հայաստանի Հանրապետությանը» հարցազրույց տալուց: Ասում էր` ինչ էլ ասեմ, դուք արդեն գիտեք, ի՞նչ ես ուզում, որ ասեմ: Ասացի` մի լավ բան, մի ոգևորող բան, որ ժողովրդին մի քիչ հույս տանք: Հեռախոսի մյուս ծայրում հառաչելով լռեց:
– Արի՛,- ասաց,- վաղը կսպասեմ:
Հենց այդ վաղն էր` 2001 թվականի ամառվա մի օր: Ետուառաջ անելով անընդհատ խոսում էր: Մեկ էլ կանգ առավ, ասաց.
– Երբ Թիֆլիսից եկա Երևան, բոյով տղա էի` Երևանի հողաշեն տներից բոյով: Կողքիս որ օտար մարդ էր լինում, ասում էի` այնպես կանգնեմ, որ այդ օտարը` ռուս լինի, վրացի թե լատիշ, չտեսնի մեր փոքր տները: Հիմա, փառք Աստծու…
– Տները բարձրացե՞լ են…
Հեգնանքով նայեց` իբր դու չէի՞ր ասում` մի լավ բան ասա:
– Գիտե՞ս, ամեն օր ինչ եմ մտածում,- խոսեց հավատացող ձայնով:- Ասում եմ` հիմա մեր ամենալավ ժամանակն է: Պարսիկից պրծել ենք, թուրքից պրծել ենք, բեղից պրծել ենք: Կարո՞ղ է` մենք մեր լավը չհասկանանք: Հո այնպես չի՞ լինի, որ ձեռքը բարձրանա ու ինքն իր գլուխը կտրի…
Ես դառը պատկերից սարսափեցի ու արագ գլխով արի, իբր` այդպիսի բան ո՞նց կլինի:
Հիմա այդ նույն դառը պատկերից ինքս ինձ կորցնում եմ: «Հո այնպես չի՞ լինի…»,- լսվում է գրողի ձայնը` հետևից մի երկա՜ր բազմակետ…

Մաս 2. Ինչպե՞ս էին փրկում ջուրը շա՜տ հնում
Ասում են` մեզանից 4000 տարի առաջ,- պատկերացնելո՞ւ բան է, այսինքն` Ուրարտուից առաջ,- Միջագետքի ժողովուրդները հայերիցս շա՜տ շնորհակալ են եղել: Դե, լավ, չասենք հենց հայերիցս, ասենք` մեր նախնիներից, մեր ապուպապերից: Իսկ ինչո՞ւ են շնորհակալ եղել, որովհետև մեր ապուպապերը այնքան լավ են բռնել լեռների ջուրը, որ Տիգրիսն ու Եփրատը անհարկի չեն վարարել և Միջագետքում ավերումներ չեն առաջացրել:
– Դե, լավ, էլի՜,- կասենք թերահավատորեն,- էլի գլուխներս գովեցինք, ցե­մենտ-բետոնով ջրամբարներ են սար­քել, չէ՞:
Պարզվում է… այո՛: Ցեմենտով ու բետոնով չէ՛, բայց սովորական քարերով, իրոք, սարքել են:
Այս մասին մենք չէ, որ ասում ենք: Այս մասին սևով սպիտակի վրա գրել է Աշխարհբեկ Քալանթարը` մի պայծառ մտավորական, դասական փայլուն կրթությամբ հնագետ, ով 1920-ականներին Արագածի վրա հսկայական ջրաբաշխական համակարգ է հայտնաբերել, այսինքն` ցամաքած լճերի ու ջրանցքների մի ամբողջ թագավորություն:
Երևույթի ազդարարիչները եղել են վիշապաքարերը` ջրի հսկա հուշարձանները: Սրանց մի մեծ խմբաքանակ 1909 – 10 թթ. գտել է ակադեմիկոս Մառը Գեղամա լեռներում, իսկ նրա աշակերտ Քալանթարը 1920-ականներին Արագածում գտել է 2-րդ խմբաքանակը` 20-ից ավելի վիշապներով, և պարզել, որ դրանց մոտ ցամաքած արհեստական լճեր ու ջրանցքներ են եղել: Սրան հաջորդել է է՛լ ավելի զարմանալի հայտնագործությունը. այն, որ բոլոր այդ լճերն ու ջրանցքները շղթայաձև կապված են եղել իրար:
Քալանթարը գծապատկերի տակ գրում է. «Բազմաթիվ առուները և նրանց վրա այստեղ ու այնտեղ տեղավորված արհեստական լճակները, որոնք մի ամբողջական սիստեմ են կազմում, իրենց ամբողջական ջրապաշարն ստանում են ձյունից. այլ խոսքով` նրանք հավաքում, բռնում ու պահում են հալվող ձյունի ջրերը` կատարելով ջրամբարի դեր»:
Հնագետը ցույց է տալիս, որ կիկլոպյան կառույցների ժամանակներից` ավելի քան 4000 տարի առաջ են ստեղծվել ջրային մեր համակարգերը: Ընդ որում, լճակները վերին մասերում ծառայել են անասնապահության համար, իսկ ստորին հատվածներում` ապահովել դաշտային ոռոգումները:
Այս հայտնագործությունից հետո Քալանթարը չի հանգստացել: 1930-ական թթ. անցել է Գեղամա լեռներ, նույնպիսի ջրաբաշխական ցանց գտել Աղմաղանում, բայց, ցավոք, Բյուրակնյա, Ծաղկունյաց և Առյուծ լեռներ հասնել չի կարողացել, որ դրանց գծագրերը նույնպես հանձներ թղթին ու ցույց տար, թե 4000 տարի առաջ Միջագետքն, իրոք, ինչքա՜ն պիտի շնորհակալ լիներ այս հողուջրի մարդուն:
Լավ, հիմա եկեք հարցնենք, թե ինչո՞ւ և ե՞րբ ցամաքեցին լճերը: Պարզվում է` վանեցիների գալով, այսինքն` Ուրարտուի ստեղծմամբ: Քալանթարը գրում է, որ նրանք հսկա արձանագրու­թյուններ են թողել` Արագածի և ընդհանրապես հայոց Միջնաշխարհի ժողովրդին թալանելու, ձկնակերպ հուշարձանները գլխատելու և Խալդի պաշտամունքը տարածելու մասին:
Ուրարտուի թագավորները հետո, ճիշտ է, ուղղել են իրենց սխալը, նոր ջրանցքներ են կառուցել, ոռոգել հողը, բայց դրանք կառուցել են հարթավայրերում: Լեռների ջուրն այլևս տեղում բռնել չեն կարողացել:
Իսկ ի՞նչ ենք անում մենք….
Անկախության օրոք, մի քանի տարի է` քամում, պարպում ենք Արարատյան դաշտի արտեզյան ավազանը, հիմա էլ աչքներս հառել ենք զուլալ Սևանին: Դե, պատրաստի ջուր է, էլի…
Մենք մեր պորտալարը կտրել և ամեն օր կտրում ենք մեր լույս պապերի բարձր մտածելակերպից, մեր ապուպապերի չարչարանաշատ առօրյայից: Հսկա քարերով հսկա պատնեշներ դնելու, նոր լճեր ստեղծելու փոխարեն տեղ-տեղ ոռոգման համակարգ ենք քաշում, բայց շատ ավելի արագ դատարկում հողի տակի անսահման ջուրը, հետո էլ ասում` Սևանը պետք է օգնության հասնի: Իսկ ի՞նչ ենք անելու հետո: Պորտալար կտրող ձեռքը ուրիշ է՞լ ինչ է կտրելու:
Դե, գլուխդ բարձրացրու, Աղասի՛ Այվազյան, և հարցրու.
– Հո այնպես չի՞ լինի, որ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.