Բաց նամակ

 

dzizernagapertՀայաստանի Հանրապետության նախագահ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ պարոն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Մեծարգո Սերժ Ազատի, 1915 թվականի Հայոց ցեղասպանության առաջին զոհերը հայ գրականու­թյան ներկայացուցիչները եղան.
Դանիել Վարուժանը
Սիամանթոն
Ռուբեն Սևակը
Գրիգոր Զոհրապը
Տիգրան Չեոկյուրյանը
Թլկատինցին
Ռուբեն Զարդարյանը
Արտաշես Հարությունյանը
Գեղամ Տեր-Կարապետյանը (Մշո Գեղամ)
Մելքոն Կյուրճյանը (Հրանտ)
Երուխանը
Գեղամ Բաղդասարյանը:
Արհավիրքից պատահականությամբ փրկվեց, հետագայում քեմալական նախճիրին զոհ գնաց նաև Տիրան Չրաքյանը (Ինտրա):
Հայ գրողների այս աստղաբույլը, գրական հսկաների այս սերունդը ոչնչացվեց աներևակայելի, անմարդկային միջոցներով և մնաց անթաղ: Ցեղա­սպանը լավ գիտեր գրական խոսքի ուժը և հասկանում էր, որ իր ստոր նպատակին հասնելու համար նախևառաջ հայ ազգի ոգին մարմնավորողների գլխատումն էր անհրաժեշտ:
Այսօր, երբ մեր երկիրը և ողջ հայությունը պատրաստվում է նշելու Հայոց ցեղասպանության 100-ամյակը, երբ ունենք սրբազան մի վայր, ուր երկյուղածությամբ ծնկի ենք գալիս` հիշատակելու մեր միլիոնավոր անմեղ զոհերին, հարկ է, որ առանձնապես հիշենք նաև նահատակված մեր գրողներին և խոնարհվենք նրանց շիրիմների առաջ:
Եղեռնի հուշարձանի համալիրը, իր ողջ բովանդակությամբ և նշանակությամբ, ավելի կամբողջանա ու իր լրումին կհասնի, եթե արժանի ու համապատասխան մի կոթողով աշխարհին մատնացույց անի նախադեպը չունեցող այս եղեռնագործությունը: Նման կոթողի ստեղծման համար, համոզված ենք, իր նպաստը կբերի ամեն հայ` աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի: Մնում է, որ Ձեր գլխավորած հանձնաժողովը իր վրա վերցնի կազմակերպչական աշխատանքների հոգսը` գործին մասնակից դարձնելով հանրապետության և Սփյուռքի կարող ուժերին` գրողներին, պատմաբաններին, նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին: Թեև քիչ ժամանակ է մնացել մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումը, սակայն, կարծում ենք, դեռ ուշ չէ համազգային ուժերով հավերժացնելու մեր անշիրիմ գրողների հիշատակը:

Հարգանքներով`
Կարո ԱՐՄԵՆՅԱՆ (ԱՄՆ)
Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ (Հայաստան)

Մեկ մեկնաբանություն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.