Արտաշես Արամ

Արտաշես Արամ* * *
Մուշեղ Գալշոյանին՝ ծննդյան 75-ամյակին

Աղջամուղջի մեջ՝ կոչնակներ, դոփյուն,
Վար, լեռնալանջով վարգող ձիերի:
Արծաթե սափոր, արծաթե դափ ու
Խուլ շնկշնկացող ծառը ծիրանի:

Կրկին ամպել է սարը Մարութա,
Եվ Էրգրի դուռը գոց է տակավին:
Մեր կարոտները հին ու նոր ու թանկ՝
Նման վիրավոր, խոցված կաքավի:

Էն բարձր քարին Մանեն է կանգնած
Եվ որոտում է՝ Ծովասարն իմն է,-
Ձեռքը՝ թվանքին ու ճակատը՝ բաց.
«Էս որսատեղին Դավիթն է հիմնել»:

Ուզում եմ ձայն տալ ու ոգեկոչել,
Գալ ու քեզ փնտրել ձորում Տալվորի,
Ցավին անուն տալ ու ոգի կոչել
Եվ դարձն հույսին՝ հավատալ նորից:

* * *
Այդ ծիծաղելի խխունջը՝ սիրտը,
Շարժվո՛ւմ էր, ահա քարացավ մեկեն:
Չար դիպվածով մի ընդհատված՝ սեր, թե՝
Մեկը փորձում էր երազը բեկել,

Բեկե՛լ, աղճատե՛լ, խարխլել անկանգ,
Հետո դժգոհել ճապաղված կյանքից:
Եվ ամեն դարձին և ամեն անգամ
Հաշիվ պահանջել անսիրտ համայնքից:

Եվս մի հուլիս, դարձյալ՝ անխոստում,
Խոր գուբի նման աշխատատար օր:
Այրի կնոջ պես անսեր, անխոս դուռ,
Եվ մի ճանապարհ՝ ոչ մի տեղ տանող:

* * *
Հեռու անապատում մի մանուկ էր լալիս,
Եվ ես հանկարծ գտա լուսանկարը քո:
Էն հին սրբերի պես ինչքը այս աշխարհի
Ժխտե՛լ, սնվել օդով, լուսե նկանակով:

Ինչ լքյալ տեսք ունեն թաղարները քարե,
Եվ օրերի շուքը կորուսվել է կարծես:
Մի կին խամրած հուշը ոսկով եզրակարել,
Խոր ցավն իր սքողած, ծիծաղում է բարձր:

Լուսանկարը քո՛, ուր դու նման չես քեզ,
Թեթև ինչ-որ ժպիտ,- կիսակամար, անզարդ
Գար Հազարան հավքը և հմայքդ երգեր,
Եվ միջնորդեր բախտին, որ աղոթքիդ անսա:
* * *
Գալու է մեկը, գալու է վստահ
Եվ գաղտնագիրը քո կվերծանի:
Ստվերում Պայծառ Բուդդան էր նստած,
Եվ մի ծերունի հենվել էր ծառին:

Կուրորեն տենչալ, փնտրել անձկագին,
Երբ որոնելին կողքիդ է գուցե,
Կորուսված հասցե, կորած անձնագիր,
Անլուծելին զուր փորձում եմ լուծել:

Գարեջրի հին ու գոց մի կրպակ,
Ուր ջիներն են լոկ ելումուտ անում:
Անհայտով լեցուն ծոցեր ու գրպան,
Ուր հավերժորեն մութն է խտանում:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ինչ-որ հեղեղա՛տ: Անգղի կռի՛նչ:
Աղվեսակնիք քյոշքեր ու վրան:
Ինչ-որ վանական մազերով խռիվ
Եվ երկնակարկառ մատները նրա:

Ծեր մամիկների վույն ու կոծը խուլ,
Լեռներն ի վար վազող
մանուկնե՛ր, կանա՛յք:
Այնտեղ կիսավեր գավիթն է ծխում՝
Իբրև վշտի ու ողբի հանգանակ:

Խենեշ քրքիջով մատյանն այրեցին,
Սյանը խաչեցին մի լույս աղջկա…
Եվ ուշանում էր Հայոց այրուձին,
Սեգ կտրիճների փաղանգը չկար:

Հետո սևաշուք տեսիլքը ցնդեց,
Լոկ հեղեղատն է՝ երախը բացած…
Տրորված ակո՛ս, չծլած հունդե՛ր
Եվ փշերի մեջ՝ կորած մի կածան:

* * *
Ժամը հասավ կարծես, և հնչեցնես պիտի,
Որ ժամանակ չունես, որ ժամանակ չկա՛:
Եվ խամրել է անգամ փայլը այն ժպիտի՝
Ծաղկած շուրթին դալուկ-գունատ
այն աղջկա,

Որ քո պատանության անուրջներում հառնել
Եվ զուգել էր կյանքդ հուռութներով շենշող,
Նրբին իր մատներով հույս ու երազ խառնել,
Արբեցրել էր քեզ իր ցողաթաթախ շնչով:

Եվ ժամանակ չկա, և վատնվեց այն զուր
Հոգսերի մեջ ճղճիմ, պահերի մեջ ունայն:
Այստեղ մի աղջնակ հեկեկում է անզուսպ,
Այնտեղ թախծում է լուռ աղջիկը այն գունատ:

* * *
Վայրը անհայտ էր, սրահը՝ ծանոթ,
Գետնահար փայլը՝ սև դաշնամուրի:
Ծածկը կանգուն է ձող ու հեծանով,
Գինին չի՛ թողի, որ ցավը բուրի:

Եվ սառչող սուրճի գավաթին խավոտ
Դեռ կար մատներիդ հետքը շիկացած:
Իմ խոհերի մեջ մինչև առավոտ
Կայի՛ր, տևեցի՛ր, հետո չքացար:

Ծույլ շարժումներում պարող զույգերի
Ծանր ձանձրույթ կար, թախիծ կար վանող:
Ես՝ ինքնահալած, տնազուրկ էի,
Վայրը անհայտ էր, սրահը ծանոթ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.