Լավ թարգմանիչը դեսպանի պես բան է

antara_nizar_kabani_by_abosherkoshamalhawa-d4q1wjlՄայիսի 6-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արաբ բանաստեղծ Նիզար Կաբբանիի «Գիրք անձրևի» թարգմանական ժողովածուի քննարկումը. հեղինակը հայերենով ներկայացվում է առաջին անգամ: Թարգմանությունն իրականացրել է Ռուզաննա Մանուկյանը:
Պետրոս Դեմիրճյանը բացման խոսքում արժևորեց հայ գրականությունը օտար լեզուներով ներկայացնելու և այլ լեզուներից հայերեն թարգմանելու գործընթացը: Գրքի խմբագիր Շանթ Մկրտչյանը գնահատեց թարգմանչի` հետևողականորեն արաբական գրականությունը ներկայացնելու ձգտումը: Անդրադառնալով ժողովածուին` Շ. Մկրտչյանը նշեց, որ Ն. Կաբբանիի բանաստեղծությունները հեղինակի արձագանքն են այսօրվա արաբական աշխարհի հանդեպ: Մանասեն, անդրադառնալով գրքի կառուցվածքային առանձնահատկություններին, ընդգծեց, որ ժողովածուում ընդգրկված ինքնակենսագրական էջերը գրքին տալիս են կառուցիկ, ամփոփ վիճակ: «Լավ թարգմանիչը դեսպանի պես բան է, եթե լավ է ներկայացնում, ընթերցողն էլ արդեն տրամադիր է լինում հետագայում նորից այդ գրականության հետ առնչվել»,- վստահեցրեց նա:
Ըստ Գագիկ Դավթյանի` կարևոր է, թե որքանով է համարժեք թարգմանված գործը բնագրին և վստահեցրեց, որ այս առումով Ռուզաննան կարողացել է ստեղծել այդ մթնոլորտը:
Մհեր Բեյլերյանը, զուգահեռ տանելով հին եգիպտական գրականության հետ, նշեց. «Ն. Կաբբանիի մոտ արխայիկ մարդու արտաժամանակյա զգացողություն կա, մշակույթների, քաղաքակրթությունների անընդհատականությունը կա, և դա թարգմանիչը կարողացել է զգալ, հաղորդել առանց պաթետիզմի, չափի զգացողությամբ»: Կարինե Խոդիկյանը արժևորեց Ռ. Մանուկյանի թարգմանչական խղճմտանքը, բառի հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումն ու հավատարմությունը հեղինակի հանդեպ: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Ռուզաննա Մանուկյանը: «Կաբբանին հենց այն տեսակն է, որ զգույշ նստում է կողքիդ առանց վերամբարձ, պաթետիկ ձևերի ու ստիպում է, որ ինքդ քո առաջ մերկանաս, նայես ինքդ քո հոգու մեջ, անկեղծանաս»,- ասաց թարգմանիչը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.