ՔՈՒՐՈՆ / ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հովիկ-Վարդումյան 20-րդ դարավերջին պարտադրված պատերազմից մենք կարողացանք հաղթանակով դուրս գալ: Մոտ վեց տարի տևող պատերազմում կարողացանք ոչ միայն 70-ամյա գերությունից ազատագրել ԼՂԻՄ-ը, այլև նրա հարակից 6 շրջանները` Դաշտային և Լեռնային Ղարաբաղի մեծ մասը: Մեր փոքր ու մեծ հաղթանակները հրաշքի տպավորություն էր թողնում: Երկու օրվա մեջ Շուշիի նման ամրոց քաղաքի ազատագրումը զարմացրեց ոչ միայն մեզնից շատերին, այլև մեր հակառակորդին ու աշխարհի ուժեղներին:
Սակայն կատարվածը հրաշք է թվում առաջին հայացքից, իրականում ամեն ինչ օրինաչափ էր: Կռվողների առջևից գնում էր միավորված ազգի վերակենդանացած հզոր ոգին: Իսկ միավորված, բռունցքված ազգից հզոր ուժ չկա: Այդ տարիներին թշնամու դեմ կռվում էինք ազգովի: Հատկապես մեծ էր և կարևոր կանանց մասնակցությունը: Նրանք բուժքույր էին, դիպուկահար, ջոկատի հրամանատար, շարքային զինվոր… 70-ից ավելի կանայք ու աղջիկներ մարտնչում էին խրամատներում, իրենց եղբայրների կողքին: Այդ նվիրյալներից 15-ը հերոսական մահով ընկան մարտերում: Կանանց ներկայությունը կամավորական ջոկատներում ու զորամասերի ստորաբաժանումներում բարձրացնում էր մարտիկների ոգին, պարտավորեցնում, մղում հերոսական արարքների…

Սուլող գնդակների և թռչող բեկորների միջով վազում էր: Յուրաքանչյուր քայլից հետո կարող էր գնդակի կամ շիկացած բեկորի հանդիպել, բայց ոչինչ չէր զգում: Տղերքը կռվում էին: Ոչ ոք նրա վրա ուշա­դրություն չէր դարձնում՝ թշնամին գրոհում էր: Չզգաց էլ, թե ինչքան տևեց խելագար վազքը: Տեղ հասնելով՝ շրմփոցով պառկեց վիրավոր զինվորի կողքին: Նոր համա­լրված տղերքից էր: Շունչ առնելու ժամանակ չկար: Անմիջապես զննեց վերքերի ցավից գալարվող զինվորին: Մի քանի տեղից բեկորային վերք էր ստացել: Զինվորը բարձրացրեց գլուխը, աղաչական հայացքով նայեց: Վերքերը խորն էին՝ բավականին արյուն էր կորցրել:
– Չվախենաս, ախպերի՛կ, վերքերդ թեթև են,- զինվորին հանգստացնելու համար բուժքույրը խաբեց և մկրատը պայուսակից հանելով՝ սկսեց կտրտել շալվարի փողքերը:
Զինվորը, ճիգ գործադրելով, հաղթահարում էր վերքերի ցավը, ապա խնդրեց.
– Քուրո՛, փրկիր ինձ… Դեռ չեմ հասցրել ապրել, Քուրո՛… Չեմ ուզում մեռնել…
– Չվախենաս, ախպերի՛կ…- չիմանալով ինչ պատասխանել, կրկնեց բուժքույրը,- քեզ նմանների՞ն եմ հանել կրակի տակից: Հիմա արագ կվիրակապեմ, ու դուրս կգանք:
Արնաքամվում էր: Արագ վիրակապեց, ինչքան հնարավոր էր դադարեցրեց արնահոսությունը, ապա ցավազրկող ներարկեց:
Ուրիշ անգամներ մեկ-երկու զինվոր էր գալիս, օգնում վիրավորին դուրս հանել: Սակայն բուժքույրը գիտեր, որ այս անգամ մենակ է տանելու՝ թուրքերը նորանոր ուժեր էին առաջ նետում: Հարմար պառկեց զինվորի կողքին և կիսագրկելով՝ սկսեց քաշել դեպի ետ: Զինվորը բավականին ծանր էր: Ուժասպառված ոտքերով հենվում էր գետնին, մարմինը հրում առաջ:
– Ապրես, ախպերի՛կ,- ասաց բուժքույրը,- եթե այդպես օգնես, գործս կհեշտացնես:
Մի ձեռքը բուժքրոջ ուսով գցած, մյուս ձեռքով և վիրավոր ոտքերով անընդհատ հրվում էր:
– Ինչ փափուկ ես…- նվաղող ձայնով կատակեց զինվորը:
Բուժքույրը ծիծաղեց.
– Հիմա դրա ժամանակը չի, ա՛յ ախպեր, թող հլա մի էստեղից ողջ-առողջ դուրս գանք…
Մարտը չէր դադարում: Գնդակները սուլոցով շրմփում էին գետնին: Այստեղ-այնտեղ հողի շատրվաններ էին բարձրանում: Բուժքույրն ուշադրություն չէր դարձնում:
Քաշում-տանում էր վիրավորին: Աշխատում էր շուտ հասցնել մոտիկ բլրակի ետևը:
Չնայած վիրակապերով ամուր կապել էր վերքերը, բայց շարժվելուց և լարումից արնահոսությունը գնալով ուժեղանում էր: Վիրավոր զինվորի ուժերն արագ սպառվում էին: Աստիճանաբար ողջ ծանրությունն ընկնում էր բուժքրոջ վրա: Լարելով ուժերը՝ նա անընդհատ սողում էր առաջ: Գերլարումից ուժասպառվում էր: Հոգնելով, կանգ առավ՝ մի պահ շունչ առնելու: Հույսով նայեց զինվորների կողմը՝ գուցե մեկնումեկին հրամանատարն ուղարկեր օգնության: Սակայն մարտը թեժանում էր: Թուրքերը մոտենում էին խրամատին: Հասկացավ, որ օգնության ոչ մի հույս չկա, որ մինչև վերջ մենակ է լինելու:
– Հոգնեցի՞ր…- մեղավորի նման ասաց զինվորը,- ներիր, որ քեզ տանջում եմ… Եթե չես կարողանում, թող էստեղ, գնա…
– Հիմար բաներ ես ասում,- բարկացավ բուժքույրը, ապա կատակեց,- եթե մի քիչ նիհար լինեիր, մի քիչ փոքրամարմին՝ ավելի հեշտ կլիներ:
– Ես ի՞նչ անեմ, ծնողներիս ասեիր,- նույնպես կատակեց վիրավորը:
Բուժքույրը մերթընդմերթ նայում էր, թե ինչպես է արյունը ծորում թրջված վիրակապերից: Հապաղել չէր կարելի: Հարկավոր էր հանել մարտի դաշտից, վիրակապերը թարմացնել, անշարժ պառկեցնել մինչև շտապ օգնության մեքենան մոտենար: Հիմա հրամանատարը հետները կապված կլինի: Գուցե արդեն եկել, բլրի հետևում իրեն են սպասում:
Նորից սկսվեց տառապալից երթը: Վիրավորի ոտքերը թուլացած կախվում էին: Միայն արմունկով էր աշխատում օգնել ամեն քայլից հետո ուժասպառվող բուժքրոջը:
Բուժքույրն անընդհատ նայում էր փրկարար բլրի կողմը: Թվում էր, թե այն գնալով հեռանում է:
Վերջապես զինվորն անօգնական կախվեց վզից: Մինչև բլուր դեռ բավականին տարածություն կար: Հուսահատությունն աստիճանաբար տիրում էր: Փորձեց շալակել և արագ վազքով դուրս բերել կրակի գոտուց, բայց մի քանի քայլ անելուց հետո փռվեց գետնին: Վիճակն ավելի վատացավ՝ թուրքերը նկատեցին, սկսեցին կրակել իրենց ուղղությամբ: Ստիպված էր անշարժ պառկել, մինչև կրակը դադարի:
Ժամանակն անցնում էր: Հուսահատությունից լացը գալիս էր: Թվում էր, թե ամբողջ աշխարհում ինքը մենակ է մնացել իր ուժասպառվածությամբ, սուլող գնդակների և դանդաղ մահացող այդ զինվորի հետ:
– Քուրո՛… – շշնջաց վիրավորը,- չես թողնի չէ՞, ինձ…- հիմա, երբ ուժասպառվելուց անօգնական էր դարձել, չէր կարողանում ասել՝ թող գնա: Վախենում էր մենակ մնալուց:
– Մի՛ վախենա, ախպերի՛կ,- հուզվեց բուժքույրը,- քանի կենդանի եմ, չեմ թողնի:
– Քուրո՛, ես քեզ սիրում եմ,- ասաց զինվորը,- կյանքում ոչ մեկին չեմ սիրել… Դու իմ առաջին սերն ես…
– Ինչ մի սիրելու բան եմ,- նյարդային ծիծաղեց բուժքույրը,- էս սարերի անտերության մեջ բոլորդ սիրահարվում եք… Որովհետև ուրիշ կին չկա,- և հուզմունքից աչքերը մշուշվեցին:
– Ցավերը զոռում են, Քուրո՛,- խնդրեց զինվորը,- մի հատ էլ սրսկի…
– Էդքան չի կարելի,- ասաց բուժքույրը,- պիտի դիմանաս: Արդեն քիչ է մնացել:
– Ինչ լավն ես,- ցավը հաղթահարելու համար շարունակեց կատակել վիրավորը,- եթե չմեռնեմ, ողջ կյանքում չեմ մոռանա քո մարմնի փափկությունը:
– Լռի՛ր,- սաստեց բուժքույրը,- ուժերդ խնայիր, որ օգնես ինձ:
Զինվորը, հաղթահարելով գիտակցու­թյունը մթագնող ցավն ու թուլությունը, նորից էր բուժքրոջ շարժումներին համաչափ հրվում առաջ:
– Դե, մի քիչ էլ, մի քիչ էլ…- համոզում էր բուժքույրը,- քիչ է մնացել…
Նայեց բլրին: Քիչ էր մնացել: Հանկարծ զգաց, որ զինվորն անբնականորեն ծանրացավ: Ահաբեկված կանգ առավ, վիրավորին շրջեց, հենվեց արմունկներին, նայեց: Գիտակցությունը կորցրել էր: Ստուգեց զարկերակը: Թույլ տրոփում էր: Արյուն շատ էր կորցրել: Չէր հասկանում՝ ինչու, բայց չէր կարողանում զգացմունքներին իշխել: Գուցե նրանից էր, որ մենակ էր: Գուցե զինվորը շատ էր ջահել՝ իր տղայից մի քանի տարով էր մեծ ու էս անտեր սարերում սիրահարվել էր: Այս էլ երկրորդ անգամ աչքերը խոնավացան: Աններելի թուլություն էր, զինվորը թուլանալու իրավունք չունի: Նորից սկսեց շարժվել: Քիչ հետո վիրավորն աչքերը բացեց, շաղված հայացքը հառեց բուժքրոջը, փորձեց ժպտալ.
– Քուրո՛, մեռնում եմ… Չկարողացար փրկել…
Հնազանդ տեսք ուներ: Դա ավելի անհանգստացրեց բուժքրոջը:
– Էլ մի՛ չարչարվիր, Քուրո…
Բուժքույրն զգում էր, թե ինչպես է զինվորը յուրաքանչյուր կաթիլ արյան հետ մեռնում: Եթե շտապ արյուն չներարկվեր, փրկելն անհնարին կդառնար: Անհասկանալի, գերբնական ուժ եկավ վրան: Ոտքի ցատկեց, վիրավորին թեթևությամբ շալակեց և ուշադրություն չդարձնելով սուլող գնդակներին՝ վազեց դեպի բլուրը: «Երևի հիմա այնտեղ շտապ օգնության մեքենան սպասում է,- մտածում էր,- եթե կարողանամ հասցնել, կփրկեմ…»:
Վազում էր: Շնչահեղձ էր լինում: Զարկերակները պայթում էին: Շարունակում էր վազել: Բայց, դեռ բլրին չհասած, ուժերն սպառվեցին, զգաց, որ շունչը կտրվում է, որ այլևս անզոր է քայլ անել: Վիրավորի հետ միասին շրմփաց գետնին: Նայեց բլրին: Քիչ էր մնացել: Բոլորովին քիչ… Հուսահատ կատաղությունից սկսեց լաց լինել:
– Քուրո՛…- կանչեց վիրավոր զինվորը:
Ականջներին չհավատաց: Կարծում էր՝ արդեն մահացել է:
– Քուրո՛,- ասաց զինվորը,- ի՞նձ համար ես լաց լինում…
– Լաց չեմ լինում,- արցունքները մաքրեց բուժքույրը,- չվախենաս, ախպերի՛կ, մի քիչ հանգստանամ, նորից կշարժվենք, արդեն հասել ենք:
– Չէ՛,- ասաց զինվորը,- ես գիտեմ, որ մեռնելու եմ, մի՛ ստի…
Ապա ասաց.
– Մրսում եմ, Քուրո՛… Գրկիր ինձ… Համբուրիր… Ես սիրում եմ քեզ… Այդպես հեշտ կլինի մեռնելը…
Բուժքույրը մարմնով կպավ նրան, գրկեց և ճակատը համբուրեց:
– Չէ՛, համբուրիր ինչպես տղամարդուն,- ասաց զինվորը,- այսօր իմ տասնութը լրանում է…
Բուժքույրն այլևս չկարողանալով դիմանալ, սկսեց բարձր հեկեկալ և պինդ-պինդ գրկելով՝ համաբուրեց զինվորի գունատ շուրթերը:
Վիրավորը փակեց աչքերը: Բուժքույրը, նստած նրա կողքին, անզորությունից լաց էր լինում: Հանկարծ կանչեր լսեց: Սանիտարները, պատգարակը թափահարելով, վազում էին: «Եթե շուտ հասցնեն, կփրկվի»,- մտածեց բուժքույրը:
Սանիտարները մոտեցան: Բուժքույրը, դեռ վիրավոր զինվորին գրկած, բարձրաձայն լաց էր լինում: Մի պահ զարմացած նայեցին նրան, ապա զինվորին արագ դրեցին պատգարակին:
– Քո՞ տղան է,- հարցրեց սանիտարներից մեկը:
– Բոլորն իմ տղաներն են… – արցունքները սրբելով պատասխանեց բուժքույրը:
Երբ սանիտարները բարձրացրին պատգարակը, բուժքույրը կռացավ, համբուրեց զինվորի գունատ շուրթերը և շշնջաց.
– Չմեռնես, ախպերի՛կ,- և վերցնելով սանիտարական պայուսակը՝ վազեց դեպի խրամատները: Տղերքը ետ էին մղում թուրքերի հերթական գրոհը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.