Leges artis / Անի ՓԱՇԱՅԱՆ

Անուշ
Արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի գրական մուտքը «Բարի գալուստ, իմ հեքիաթե` պատմվածքների և նովելների ժողովածուն է: Հետաքրքիր ձեռագրով այս շարքին հնարավոր չէ հպանցիկ հայացք ձգել: Այն իր ծննդյան օրվանից որդեգրել է դեպի իրեն կանչող հայացք և Բնավորություն: Եվ, ահա, դեռևս անտիպ «Քո մասին է, Չիկագոե պատմվածք-էսսեն, որ անմիջապես գրավեց ուշադրությունս դարձյալ անսպասելի ու թարմ պատկերների առատությամբ, գաղափարով: Փոքր արձակի նրբանուրբ կանոններով գրված այս էսսեն կարելի է նորույթ համարել արձակի ռիթմի բացառիկությամբ: Ռիթմ, որի ներսում երգում է քամին, մրրիկը, ձանձրացող աչքը, ոչնչով չհիացող ու չհրապուրվող մարդը: Հեղինակը ներկայացնում է նոր հերոսի, ում հնարավոր չէ խաբել կեղծ «գեղեցկություններովե: Պարզվում է, որ մեծ և շքեղ քաղաքում ոչ մի հերոս չկա, եթե կա էլ, ապա ստվարաթղթե է, և հավերժական մրրիկների այս քաղաքում հնարավոր չէ երջանիկ լինել: Քաղաք, որի ամպերը լալիս են, իսկ մարդիկ անակնկալի են գալիս, բայց ուրախ չեն դրանից, զարմանում են, բայց ոչ` հիանում, ունկնդրում են, բայց ականջալուր չեն այլևս: Մնում է մի բան` անծայրածիր հորիզոնին նայելը… Ենթադրում եմ, որ ընթերցողը կսիրի այս պատմվածքը: Կփնտրի և կգտնի ի՛ր քաղաքը և քաղաքում ի՛ր դեմքը` այստեղ:

«Քո մասին է, Չիկագոե
(Հատված)

Այս ֆիլմը հավանաբար քո՛ մասին է, Չիկագո, քանի որ անվերջ ձգվող ժապավենի անթիվ կադրերում միայն քեզ եմ տեսնում ու ոչ մի շունչ: Քեզ տարիների խորքից եմ փրկել, որ չխունանա ժապավենդ, չգիտեմ էլ` ինչու: Ամառանոցի իմ սենյակում, մի հին պահարանի հին գրպանիկում, մետաղյա տուփի մեջ միայնությունից այնպես է գունատվել, որ արևի լույսի տակ էլ վերծանել չի լինում. դատարկ են կադրերը: Կադրեր են… կադրեր են… կադրեր մի մեծ քաղաքի, որում հերոսներ չկան:
Մեկ էլ մետաղյա տուփից, ասես անէությունից անսպասելիորեն հայտնվելով, մի փոթորիկ է ներս ընկնում, մոլեգնում կատաղի, սվվում ժապավենի բոլոր պարույրներում, ականջներումս, շունչս բռնվում է: Իզուր բացեցի: Այս ի՞նչ սոսկալի մրրկահողմ է, որից սենյակս փլվում է, քաղաքը դողում է… Օդում իմ գրվածքների սպիտակ թերթիկներն են, որ պտտվում են, խփվում աչքերիս, սպառնում կուրացնել մի հավերժական լռությամբ, լռեցնել կուրությամբ հավերժական, որ հիշելով մոռանամ, որ մոռանամ չհիշելով… Հուշերը մոլեգնում են, լցվում տիեզերքս, լիճը վրդովեցնում են… Որքան ամայություն կա այս մի արկղիկում: Այս ֆիլմը հավանաբար քո՛ մասին է, Չիկա՛գո, քանի որ բացի քամուց ոչ ոք չի ապրում այս կադրերում, ու պարույրներն արդեն սառցակալում են:
Հավերժական մրրիկների այս քաղաքում հնարավոր չէ լինել երջանիկ, քանի որ ահռելի երկնքում անթիվ ինքնաթիռներ կան, որոնք երկնաքերների մեջ մխրճվելու գայթակղություն ունեն: Հավերժական երկնաքերների այս լաբիրինթում ինքնաթիռները թիթեռի ցանցով որսալու գայթակղություն ունեմ, քանի որ Երկվորյակ քույրերը դեռ մխում են հոգումս, աղերսում աղոթել անթաղ հոգիների համար, որ մի ժամանակ սիրում էին… Հավերժական քամիներն այդ ո՞ւմ ասես ու որտեղից ասես, որ չեն բերել քո ափերը, Միչիգա՛ն, բայց ինչպես բերել, այնպես էլ տարել են, քանի որ ոչ ոք չգիտի այնտեղ ապրելու օրենքները` բացի բնիկներից: Պատմությունն այնտեղ անդադար կրկնվում է` ով հողմապտույտի հետ դուրս կպրծնի, նա փրկված է: Այս է իրողությունը:
…Նեղ փողոցով ձգվող պատկերասրահների վերին ու ներքնահարկերն են, փոքրիկ սենյակներ, որոնցում մոդեռն արվեստի խենթավուն գլուխգործոցներն են: Սենյակներից մեկում խաղաքարտերի քարացած հերոսներն են ստվարաթղթից, սևի վալետը, պարզվում է, դու ես: Դու շարժում ես թևդ` կարծելով, որ պիտի անակնկալի եկած ցնցում ապրեմ, ես անակնկալի գալիս եմ, բայց ուրախ չեմ: Դու ձեռքիցս բռնած ման ես տալիս բոլոր սրահներով, որ պիտի զարմանամ ու հիանամ, ես զարմացած եմ, բայց ոչ հիացած: Դու ինձ պատմում ես մի երանավետ անկախության ու ազատության մասին, որ մարդուն տալիս է թռիչքի զգացողություն, որ միայն այս քաղաքում կա… Ակնկալում ես, որ կսավառնեմ, ես ունկնդրում եմ, բայց տեղում գամված եմ: Ես որոշել էի մի անգամ հետևել նրան, ում չեմ հավատում, մի անգամ դուրս գալ իմ խեցուց, մի անգամ հորիզոնին նայել: Ես որոշել եմ լարախաղացի պես ճոճվել երկինքն ու երկիրն իրար կապող պորտալարի վրա: Ես հարբածի պես եմ, չեմ ընկնում, չեմ փախչում, լալիս եմ ամպերիդ արցունքներով, Չիկագո:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.