ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ԴԱՎԱՅԱԹԱՂ Նորայր Ադալյանի նոր գիրքը՝ հին ու նոր ստեղծագործություններով / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ  ԴԱՎԱՅԱԹԱՂ Նորայր Ադալյան2013-ի տարեվերջին ընթերցողի սեղանին դրվեց Նորայր Ադալյանի նոր գիրքը՝ ինքնատիպ ու անսովոր վերնագրով. «Դավայաթաղ, Եվա, Լոմբարդ, Սարդը»: Չորս ստեղծագործություն՝ վեպ, երկու դրամա և մեկ պատմվածք: Գրողը կարող էր որևէ միասնական խորագիր գտնել, սակայն կարևորել է ստեղծագործություններից ամեն մեկը՝ այսպես նաև հուշելով-պարտադրելով այն միտքը, որ գրքում ներկայացված ստեղծագործություններից ամեն մեկն ունի յուրովի ընկալման առանձնահատկություն, որ դրանք փոխկապակցված չեն դիպաշարային ընդհանրությամբ, անգամ՝ գեղարվեստական լուծումներով, երբեմն նաև գեղագիտական վճիռներով և հաստատումներով: Դրանցից ամեն մեկը ձևավորում-հայտածում է գրողի ու ժամանակի փոխներթափանցման որոշակի խնդիր, ամեն մեկը մղվում է նոր գեղագիտական հեռանկարի հաստատման՝ այսպես մեր վեպն ու դրաման, փոքր կտավի ստեղծագործությունը դնելով յուրատիպ շարժման, էվոլյուցիայի մեջ՝ գեղարվեստական կերպարանափոխման, ժանրային նորահաստատման խնդիրը դարձնելով քննարկման նյութ ու առարկա: Ըստ էության, բոլոր ստեղծագործություններն էլ միտում ունեն վերածվելու ինքնահատուկ բանավեճի նորարարության շուրջ, նաև ուղենշելու գրողի որոնումների ընթացքը, արդի արձակի ու թատերգության սահմանների մեջ նրա մղած յուրատիպ բանավեճը, որի առարկան առաջին հերթին ոճաձևային խնդիրն է, ժանրային պատկերացումների և սահմանումների տրոհումն է: XX դարավերջի գրականության առաջնային խնդիրներից մեկը կապակցվում է ժանրին, ժանրի ու ձևի միասնության ավանդական սահմանումների ավերմանը, գեղարվեստական տարբեր ուղղությունների՝ մասնավորաբար պոստմոդեռնի ու պոստավանգարդի ներթափանցմանը, դրանց ինքնատիպ-պարադոքսալ գեղարվեստական սինթեզի ձևավորմանը: Սրանց զուգահեռ, «մարդու ճգնաժամի» հաղթահարմանը: «Մարդու ճգնաժամը» բնորոշ էր XX դարասկզբին, ինչին դեմ ելան Կյերկեգորը, Նիցշեն, Ֆրոյդը, սակայն որն արդեն դարավերջին հայտածվեց նոր ուժով ու նոր հայեցակարգերով, պարտադրեց իռեալի ու ռեալի զուգորդումները տեսնել անձի ու ժամանակի համադրությունների մեջ, Հոգու և Նյութի զուգադրման մեջ կարևորել-առանձնացնել Նյութի ազդեցությունը, Նյութն ու Հույզը քննարկել մեկ համատեքստում՝ նրանից բխեցնելով գրականության, մասնավորապես էպիկական ժանրերի նորագույն շերտավորումներն ու զարգացումները: Ն. Ադալյանի արձակն ու թատերգությունը, սույն գրքում ներկայացվողները, այս ամենի անդրադարձն ունեն իրենց մեջ, ստեղծագործություններից յուրաքանչյուրն առաջին հերթին ձգտում է հաստատել վերագնահատումների ժամանակը՝ այսպես նաև ձևավորելով գրողի անհատական ոճի և գեղագիտական ըմբռնումների յուրահատկությունը, այսպես հատկապես թատերգության մեջ հասնել պոստմոդեռնի ու սյուրռեալիզմի ինքնահատուկ շաղախին, որի խնդիրը խաղի դերի ու նշանակության վերաիմաստավորումն է, թատերաարտահայտչական համակարգերի մոդեռնացումը: Նորայր Ադալյանը ստեղծում է խաղի՝ որպես դրամատիկական պատմության ու գործողության միասնության, սեփական պարադոքսը, ձգտում «Եվա» և «Լոմբարդ» պիեսներում հաստատել Նյութի ու նրա աբստրահարման ձևերը՝ այսպես հրաժարվելով ավանդական՝ արիստոտելյան, դրամայի շատ ընկալումներից և ձևերից, կոմպոզիցիայի առանձնահատկություններից:
Գրքի առաջին ստեղծագործությունը «Դավայաթաղ» վեպն է՝ գրողի այն եզակի երկերից մեկը, որը ժամանակի մեջ գրեթե չգտավ իր գրականագիտական արժևորումը, ոմանք այս վեպին մոտեցան իբրև «էրոտիզմի» դրսևորման ու դատափետեցին գրողին՝ ավերելու համար պատկերացումները ավանդական բարոյականության մասին: Սակայն այս վեպն իր մտահղացման ինքնատիպությամբ ու թեմայի առանձնահատկությամբ իսկապես նոր գեղարվեստական իրողություն է մեր նորագույն վեպի ճանապարհին, որը հաստատում է «անցման շրջանի» գրականության նորույթը, ինքնատիպ պայքար մղում վեպի ու վիպականի մասին հաստատված ընկալումների դեմ, 1990-ականների շրջագծի մեջ քննարկում «վեպ-էպոպեայի» ու «պոլիֆոնիկ վեպի» տարածքից դեպի «կամերային վեպի» անցման խնդիրները, յուրովի շաղկապում վեպի չարենցյան ընկալումը ժամանակակից փորձարարությանը: Ն. Ադալյանի վիպական գրականությանը նվիրված մի հոդվածում («Նորայր Ադալյանի արձակը. Վիպագրության հիմնախնդիրներն ու առաջնահերթությունները» Ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրներ, Ե., Անտարես, 2013) մենք անդրադարձել ենք մի հետաքրքիր սիմբիոզի, որը հաստատում է Ադալյանը, շոշափում քաղաք և ժամանակ փոխառնչությունների հարցը և վիպական գրականության մեջ հաստատում մի նոր ֆենոմեն՝ ի դեմս քաղաքի: Ինչպես «Դավայաթաղից» առաջ, այնպես էլ դրանից հետո գրված վիպական ստեղծագործություններում գրողը հետազոտում է քաղաքը, նրա մարդկանց, պատկերում փոխազդեցությունների ու հակազդեցությունների խնդիրները, ցույց տալիս այն ինքնատիպ շրջափոխումը, որն ապրեց քաղաքը ողջ XX դարի ընթացքում, ապա այդ զարմանալի մոդիֆիկացիներն արմատավորեց արդեն XXI դարի քաղաքում: «Դավայաթաղը» երկու իրականության քաղաքի պատմությունն է ներկայացնում, հետանկախացման շրջանի իրականությունը բխեցնում այսպես կոչված խորհրդային իրականությունից՝ քայլ առ քայլ երևան հանելով հոգեբանական այն տարաձևումները, որոնք ծնեցին ժամանակի և իրականության պարադոքսները: Այս վեպում, ի տարբերություն հետագայում ստեղծված երկերի, գրեթե բացակայում է գիտական հոսքի գրականության ազդեցությունը, ամեն ինչ կառուցվում է «զգացմունքային հոսքերի» ուժգին դրսևորումների վրա՝ այդ բռնկուն-պոռթկուն զգացական հաստատումների կիզակետում պահելով Ն. Ադալյանի գրականության համար հիմնորոշ համարվող կին-տղամարդ փոխհարաբերությունների խնդիրը, որը պահպանելով իր հոգեբանական արտարծումների ողջ ավանդականությունը, այնուհանդերձ երևան է բերում ժամանակի հարցը, ամեն ինչ քննարկում այսպես կոչված առաջադիմության ու արդիականության համածիրի մեջ: Այս վեպի առանցքում սիրո և ժամանակի խնդիրների համադրում-հակադրումն է, ծանոթ սոցիալական «դեկորացիայի» տարածքում միանգամայն նոր ու գուցեև երբեմն արտառոց թվացող զգացմունքայինի պատկերման եղանակաձևերի նորույթն է, որն ամբողջապես մոտ ու հարազատ է պոստմոդեռնիզմի դրույթներին, որում արդեն ձևավորվում է մի նոր միֆ՝ անհետացող-հառնող քաղաքի միֆը՝ արտացոլված մարդկային տարատեսակ բնավորությունների ու սոցիալ-հոգեբանական բևեռացումների խորապատկերին:
Այս վեպը Սմբուլի և Իգնատի սիրո պատմությունն է: Պատմություն, որը հյուսվում է արտասովոր ու սովորական Դավայաթաղում, որը սովորական թաղ չէ երևանյան համայնապատկերին, այլ կամաց-կամաց մեռնող, դատարկվող, երեկն իր մեջ ամուր պահած ու նորի հետ «սիրախաղ» տվող մի աշխարհագրական տարածք, որն ապրում է իր ժամանակի մեջ, իր սովորությունների ու իր բնավորության մեջ: Գրողը «հին ու լքված նավ» է կոչել Դավայաթաղը, որը հեռանում է պատմությունից՝ իր հետ տանելով ոչ միայն յուրատեսակ առասպելը Սմբուլի ու Իգնատի սիրո մասին, այլև՝ մարդկանց, որոնցից ամեն մեկը սեփական կենսագրության և սեփական աշխարհայացքի դիրքերից է «կառուցում» Դավայաթաղը՝ քաղաք-խորհրդանիշը: Հենց քաղաք-խորհրդանիշ, որում հինն ու նորը, անցնող ու ներկա ժամանակները ձևավորում են մեծագույն պարադոքսները, կենցաղային ճշգրտությունն աստիճանաբար վերածում ֆանտասմագորիայի, ինքնահատուկ աբստրահարման, «կյանք թատրոնի», ուր ամեն ինչ ենթարկվում է խաղի ու «թատերայնության» տրամաբանությանը: Առաջին տպավորությունն այն է, թե Ադալյանը վերադարձ է կատարել դեպի նեոռեալիզմը, շոշափել բարոյական և էթիկական խնդիրներ, որոնք մոտ ու հարազատ էին XX դարի երկրորդ կեսի գեղագիտական պրոբլեմներին: Պատումի ընդգծված ռեալիստական դրսևորումը հենց այս եզրահանգմանն է տանում, սակայն նեոռեալիստականի տարրերի կիրառումը միջոց է՝ քայլ առ քայլ հեռանալու դրանից և հաստատվելու արդեն պոստմոդեռնի հանգրվանում՝ առավելապես կարևորելով ու շեշտելով իրականության ու գեղագիտական իդեալի պարոդիան, առաջ մղելով ժանրային և ոճային սինկրետիկան: Ադալյանը ոչ միայն ձգտում է ստեղծել նոր գեղարվեստական տեքստ, այլև վեպի տարածք է բերում մարդկանց, որոնք մատուցվում են գրողական հեգնանքի «դաջվածքով», «խաղի հնարքի» ազդեցության ներքո: Այս վեպը հեռավոր աղերսներ ունի Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի հետ՝ գեղարվեստականության որոշակի դրսևորումներով, հեգնանքի և ինքնահեգնանքի արտահայտություններով: Չարենցի վեպում արդեն իսկ նկատելի են պոստմոդեռնիզմի նշանները, իսկ դա զարմանալի չէ, քանի որ XX դարասկզբին արդեն նկատելի էր եվրոպական մշակույթի ու գրականության ճգնաժամը, որն էլ ծնեց պոստմոդեռնիզմ եզրը՝ այն հիմնականում կիրառելի դարձնելով դարի երկրորդ կեսին: «Դավայաթաղ» վեպում Ն. Ադալյանը ներկայացնում է ողբերգական ավարտ ունեցող սիրո պատմությունը՝ չվախենալով ստեղծել նոր ժամանակների, դավայաթաղյան Ռոմեո և Ջուլիետի առասպելը: Սակայն գրողի խնդիրը միայն ողբերգության պատկերումը չէ, երկու անձի սիրո պատմությունը ներկայացնելը չէ, այլ ողջ միջավայրի «ինտերակտիվ» ներկայությունը այդ պատմության մեջ: Երգիծանքը, որը տեղ-տեղ հասնում է սարկազմի, նուրբ քնարականությունը, պատումի մատուցման այլ եղանակաձևերը օգնում են տեսնելու որքան պարոդիկ, նույնքան էլ ռեալ ու «ճշգրիտ» կերպարներ, որոնք ձևավորում են մեկ ամբողջություն՝ Դավայաթաղը, այսպես մեր գրականություն է բերում մի նոր առասպել, որի գլխավոր հերոսը՝ ժամանակը, տրոհվում-ավերվում է, աստիճանաբար հեռանում դեպի անցյալ, որովհետև «պարտվում» է նոր ժամանակի հետ ունեցած բախումից: Հետևաբար, այս ստեղծագործության մեջ կոնֆլիկտը միջանձնային հարաբերությունների ծիրից հեռանում և դառնում է ժամանակների կոնֆլիկտ:
«Դավայաթաղ» վեպում սիրո արտահայտման ու պատկերման լավագույն ձև որպես՝ Ադալյանն ընտրել է «էրոտիկ» տեսարանների ներկայությունը: Սակայն սա չի նշանակում, թե գրողի նպատակն է եղել էրոտիզմը դարձնել հարաբերությունների և զգացմունքների գլխավոր արտահայտչաձև: Այդ տեսարանները հենվում են ոչ թե բնազդային-ֆիզիկականի պատկերումների, այլ զգացականի պոռթկման, զգացմունքի «ֆիքսացիայի» վրա՝ այսպես առավել ցայտուն դարձնելով Սմբուլի և Իգնատի սիրային զեղումները, փոխադարձ նվիրումները: Պատումի «քաոսի» միջից հառնող այս տեսարանները հարստացնում են գրական տեքստը, առավել ամբողջական դարձնում Իգնատի և Սմբուլի պատմությունը, գուցեև հաստատում «դավայաթաղյան գավառային մոդեռնը», որն իր վրա էր կրում նոր ժամանակների ազդեցությունները… Ուրեմն, ոչ թե ինքնանպատակ, այլ գեղարվեստական և հոգեբանական արդարացումների պահանջով են ծնվել այս տեսարանները՝ երբեք չդառնալով վիպական տեքստի առանցքները:
Գրքի մյուս ծավալուն ստեղծագործությունը «Լոմբարդ» ողբերգակատակերգությունն է, որը ստեղծվել է գրողի համանուն պատմվածքի հիման վրա՝ հատկապես Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի համար, որտեղ էլ այն վերջերս բեմադրվեց: Քանի որ այս պիեսին ու նրա բեմադրությանը մենք արդեն անդրադառնալու առիթն ունեցել ենք, միայն նշենք, որ ինչպես «Լոմբարդը», այնպես էլ գրքում տեղ գտած մյուս պիեսը՝ «Եվան», որը մաս է կազմում հեղինակի նոր եռերգության («Ադամ», «Օձը»), շարունակում է գրողի ինքնահատուկ հաստատումները մեր դրամայի տարածքում, առաջադրում նոր «կոդային նշաններ», թատերաարտահայտչական նոր համակարգեր, որոնց նպատակն է հասնել կյանքի ու թատրոնի պարադոքսալ սերտակցումներին, խաղի ու պայմանականության նոր հաստատումներին:
Նորայր Ադալյանի նոր գիրքն իսկապես նոր է, որովհետև այն ոչ միայն նոր հայացք է ձևավորում 1995-ին գրված «Դավայաթաղ» վեպի հանդեպ, այլև պարտադրում է խոսել ինչպես արձակում, այնպես էլ թատերգության մեջ գրողի բերած նորույթին, հատկապես իրավիճակների և իրողությունների մետաֆիզիկական ընկալումներին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.