ՀԱՆԴԻՊՈՒՄ ՅԱՇԱՐ ՔԵՄԱԼԻ ՀԵՏ / Սիրանույշ ԳԱԼՇՈՅԱՆ

Սիրանույշ  ԳԱԼՇՈՅԱՆ  Յաշար Քեմալ (ծնվ. 1922թ.). 20-րդ դարի թուրքական արձակի առավել ճանաչված դեմքերից մեկը, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, ծագումով` քուրդ: Վեպերը և պատմվածքների ժողովածուները թարգմանվել են շատ լեզուներով, այդ թվում` հայերեն: 1975 թ. թարգմանվել են Յաշար Քեմալի «Ցախ Մեմեդը» վեպի առաջին և երկրորդ հատորները` վաստակաշատ թուրքագետներ Խաչիկ Ամիրյանի և Հակոբ Մարտիրոսյանի թարգմանությամբ: Ստորև ներկայացնում ենք արևելագետ-գրականագետ Սիրանույշ Գալշոյանի հուշերը Յաշար Քեմալի հետ հանդիպման մասին (խմբ.):
Կոստանդնուպոլիս, Պոլիս… Ստամբուլ… Աչքիդ առջևով գալիս-անցնում է աշխարհի փոփոխվող քարտեզը՝ Բյուզանդական կայսրությունից մինչև Օսմանյան կայսրություն: Երկար ու ձիգ դարերի խորքից հառնում են հռչակավոր նվաճողներն այս մի քաղաքի անվան շրջապտույտում: Այսօր Ստամբուլն ապրում է թե՛ եվրոպական և՛ թե արևելյան` իրեն հարիր միտումներով: Արդեն երրորդ անգամ եմ այցելում այս մեգապոլիսը` ավելի սուր ընկալելով նրա ոչ թուրքական լինելը. տարբեր քաղաքակրթությունների իսկական մի խաչմերուկ… Ստամբուլը որքան էլ փողփողա թուրքական կիսալուսին և աստղ պատկերող դրոշների ներքո, միևնույն է, դեռ կանգուն հունա-հռոմեական շինությունները «իրենք» են պատմելու այս քաղաքի երբեմնի վեհության, փայլուն ճարտարապետության մասին (բուն թուրքական ճարտարապետու­թյան մասին խոսում են գեթ անշուք` ծեփապատ կամ էլ վերջին շրջանի մոդեռն շենքերը):
2006 թ. աշնանը Քեմալի հետ հանդիպումը ինձ համար շատ անսպասելի, անգամ հապճեպ էր: Երկար տարիներ զբաղվում էի նրա ստեղծագործությունների, մասնավորապես, դրանց լեզվաոճական առանձնահատկությունների ուսումնասիրությամբ, բայց երբևէ չէի մտածել, որ կկարողանամ տեսնել գրողին, զրուցել` ակնկալելով ստանալ ինձ հուզող հարցերի պատասխանները: Նախօրոք Քեմալն արդեն տեղեկացվել էր մեր այցելու­թյան մասին, գիտեր, որ հյուրը Հայաստանից է և հետաքրքրվում է իր գրականությամբ: Սիրով համաձայնել էր, թեև Թուրքիայում նմանատիպ հռչակ ունեցող արվեստագետները խուսափում են «պատահական» այցելուներից:
…Գրողը բնակվում է Ստամբուլի Վանիքյոյ թաղամասում: Եվ քանի որ Վանիքյոյը շատ զառիվայր էր, մենք, կարելի է ասել, բնակարան կարողացանք մուտք գործել… ճոպանուղով, որը շենքի առաջին մուտքային հատվածը կապում էր մյուս հարկերի հետ: Տեղ հասանք նշանակված ժամից մի փոքր շուտ: Դուռը բացեց Քեմալի երկրորդ կինը` Այշեն: Բարեհամբույր ժպտալով մեզ` թուրքերեն «համեցեք» ասաց ու ներս հրավիրեց: Հյուրասենյակի հսկա պատուհանները բացվում էին դեպի Բոսֆոր, և ծովն իր անասելի գեղեցկությամբ բնակարանից բացվող բնապատկերի մի մասն էր կազմում: Պատուհանի մոտ, բազկաթոռում ընկղմվել էր Յաշար Քեմալը: Մեզ տեսնելով՝ ոտքի կանգնեց, ժպիտով և ձեռքսեղմումով ողջունեց` իսկույն զգուշացնելով. «Ben Ermeni değil, kՖrdՖm»՝ («Ես հայ չեմ, քուրդ եմ»): Պատասխանեցի, որ տեղյակ եմ ու նրան մեկնեցի «Արարատ» կոնյակը (հայերիս այցեքարտն ամբողջ աշխարհում): Քեմալը նախ փորձեց հեգելով կարդալ կոնյակի լատինատառ պիտակի գրությունը` Ար-ար-ատ, հետո շիշը փոխանցեց կնոջն ու հավելեց. «Ուշացրել ես, հիմա չեմ խմում, շաքար ունեմ»:
Ներս մտնելուն պես ուշադրությունս գրավել էին պատերից կախված մեծադիր գեղանկարները, հսկայածավալ գրադարանը: Տանտերն սկզբում հարցրեց, թե որտեղ եմ սովորել թուրքերենը, ինչ նպատակներ ունեմ` համալսարանում դասախոսություններ կարդալուց բացի: Տեղյակ էր նաև, որ աշխատում եմ իր ստեղծագործությունների մասին թեկնածուական թեզիս վրա, ու կարծես շոյված էր: Հետո սկսեց ինքնաբուխ ու կատակին տալով խոսել հայերի, քրդերի, թուրքերի մասին: Պատմեց, թե ինչպես իր պապը ջարդերի ժամանակ փրկել է ոմն Հովհաննես ամջայի (հորեղբայր), ով հետագա ամբողջ կյանքում, երախտահատույց լինելով, տարին մեկ անգամ նրան մի նժույգ էր նվեր ուղարկում: Այս ամենը պատմելիս Քեմալը կարծես շեշտում էր հայերի և քրդերի «եղբայրական բարեկամությունը»: Հետո պատմեց մի դեպք, որը մեծ տպավորություն էր թողել իր վրա: Մի օր իրենց տան դուռը թակում են: Դուռը բացելով` տեսնում է հաղթանդամ տղամարդու, որը տուն մտնելով խոսում է անգլերեն: «Եվ ես,- շարունակեց Քեմալը,- քանի որ լավ անգլերեն չգիտեի, իսկ հիանալի անգլերեն խոսող կինս տանը չէր, ձեռք ու ոտքի լեզվով սկսեցի նրա հետ բացատրվել: Մտքերի փոխանակումը մեր միջև այդպես դժվար կշարունակվեր, եթե չհարցնեի` դուք որտեղացի՞ եք: Ի պատասխան, նա Թուրքիայի քարտեզի վրա ցույց տվեց Բիթլիս քաղաքը…»: Ապա խորհրդավոր հյուրն ասել էր, որ գիտի քրդերեն, ինչն անչափ ուրախացրել էր Քեմալին. «Վերջ ի վերջո ամեն ինչ սահուն ստացվեց, երբ քրդերեն խոսեցինք… Իմ առջև կանգնած էր աշխարհահռչակ գրող Վիլիամ Սարոյանը»: Այս ասելով՝ գրողը շունչը պահեց, ակնդետ նայեց մեզ` անշուշտ ակնկալելով մեր զարմանքն ու հիացմունքը…
Իմ դիտարկմանը, թե նրա ստեղծագործությունների գործողությունները ծավալվում են Վանում, Էրզրումում, Դիարբեքիրում (Տիգրանակերտ, Ամիդ), Կարսում, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհի տարածքներում, գրողը քմծիծաղով պատասխանեց.
– Ես այդ տարածքներում եմ ծնվել, մեծացել: Ի՞նչ կա զարմանալի: Ուստի գրում եմ այդ շրջանների և տեղի բնակչության մասին: Դուք գիտե՞ք, որ ես եմ դեստանների «վերակենդանացնողը», թյուրքյուների տարածողը… Ժամանակակից թուրք գրականության մեջ առաջին դեստանջին եմ:
Անդրադառնալով «տարածքների խնդրին»` ասաց, թե այդ շրջաններում ապրել են հայեր, թուրքեր և քրդեր: Այնուհետև հարցրեց, թե կա՞ ապացույց, որ դրանք հայկական են: Անթաքույց արտահայտեցի զարմանքս… Գրողը խոսում էր կոտորածից փրկված Հովհաննես ամջայի մասին, բայց և պաշտպանում Թուրքիայի շահերը… Մոտենալով գրասեղանին` ցույց տվեց ձեռագրերը, հավելեց, թե չի օգտվում համակարգչից. ապավինում է միայն թղթին ու գրչին: Իր մակագրությամբ նվիրելով մի շարք գրքեր՝ ասաց, որ դրանք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: Ուրախացավ ու զարմացավ` իմանալով, որ կա նաև իր հայտնի վեպի՝ «Ցախ Մեհմեդի» հայերեն թարգմանությունը, խնդրեց մեկ օրինակ ուղարկել իրեն: Թեև պայմանավորվել էինք, որ մեր հանդիպումը տևելու է առավելագույնը կես ժամ, սակայն զրուցում էինք արդեն երկու ժամ… Տարօրինակ էր Քեմալի կարծիքը, իր բնորոշմամբ, «Սայաթ-Նովա առեղծվածի» մասին, ըստ նրա… Սայաթ-Նովան քուրդ էր, ով պարզապես լավ տիրապետել էր հայերենին, ադրբեջաներենին, վրացերենին և թուրքերենին… Ուղեկցողս պոլսահայ «Սայաթ-Նովա» երգչախմբից էր, բնականաբար, իսկույն ընդդիմացավ: Զրուցելիս անկարող էի չանդրադառնալ նրա հայտնի լեգենդների շարքին, որտեղ փորձել է ապացուցել թուրքերի ու քրդերի վաղնջական ներկայությունը: Քեմալն անթաքույց շեշտում էր քրդերի «կարևոր դերն ու նշանակությունը» պատմական Հայաստանում… Հիմա` տարիներ անց, մտածում եմ, որ Քեմալի գրական գործունեության գերնպատակը հենց քրդերի «հայրենիքաստեղծությունն է»՝ ի հաշիվ իր բնօրրանում բնաջնջված հայ ժողովրդի: Քեմալն իր ստեղծագործություններում, օգտագործելով հատկապես հրաշապատման ժանրը, փորձել է միաձուլել իրականությունն ու հեքիաթայինը` «բացահայտելով» քուրդ ժողովրդի թվացյալ հայրենիքի ոդիսականը…
Երբ պատրաստվում էինք դուրս գալ, ցույց տվեց ծաղկամանի մեջ դրված չորացած ծաղկեփունջը և հարցրեց. «Գիտե՞ս, թե ինչ ծաղիկ է»: Պատասխանեցի. «Անթառամն է»… Իհարկե, կարդացել էի Քեմալի «Ճlmez otu» վեպը (հայերեն` «Անմահ խոտը» կամ «Անթառամը»): Հիշելով այդ գրքի բովանդակությունը՝ հասկացա, որ Քեմալը, ծաղիկը ցույց տալով, իրեն յուրահատուկ խորհրդանիշների լեզվով հասկացնում էր, որ իր ժողովուրդն անմահ է: Իսկ ես, «Արարատ» կոնյակը նրան նվիրելով, հասկացրել էի, որ հայ ժողովուրդն էլ երբեք չի հրաժարվելու իր պահանջատիրությունից…

Սիրանույշ ԳԱԼՇՈՅԱՆ
ԵՊՀ թյուրքագիտության ամբիոն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.