ՓՈՍ ՓՈՐՈՂՆ ԻՆՔՆ Է ՓՈՍՆ ԸՆԿՆՈՒՄ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Սամվել-ԿոսյանԱդրբեջանում գործող երկու արմատական իսլամիստական կազմակերպություններ «Մեշագարդաշլարը» (Անտառի եղբայրներ) և «Ջեյշուլլահը» (Ալլահի բանակ) հայտարարել են, որ պատրաստվում են Ադրբեջանի իշխանության դեմ ռազմական գործողություններ սկսել: Ըստ ադրբեջանական «Jam. Az» կայքի՝ «Անտառի եղբայրների» ներկայացուցիչը նշել է, որ իրենց այդ քայլը շատ չի ուշանա: «Ալլահի բանակն» էլ նշել է, որ Ադրբեջանում ջիհադ (սրբազան պատերազմ) են հայտարարելու: Թե ինչու են վահաբականների վերահսկողության տակ գտնվող այս խմբավորումները նման որոշում ընդունել, միանշանակ դժվար է պատասխանել, քանի որ խնդիրն առավել խորքային և բազմաշերտ է: Մի բան ակնհայտ է, որ Ադրբեջանի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հարաբերությունները նոր չեն ձևավորվել, սկիզբ են առել դեռևս 1990-ականներից, երբ ադրբեջանական բանակի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ ձախողվեց: Իրավիճակը փրկելու համար ադրբեջանական կառավարությունը հայերի դեմ հանեց միջազգային ահաբեկիչներին և ծայրահեղական խմբավորումներին Աֆղանստանից, Թուրքիայից, Չեչնիայից, ինչպես և այլ երկրներից, որոնք հենց այդ տարիներից խրամատավորվեցին ազերի հասարակության մեջ: Ծայրահեղ իսլամիստական հոսանքներն այսօր արդեն խոր արմատներ են գցել և գործունեություն են ծավալում նույնիսկ Ադրբեջանի պետական և այլ կառույցներում: Բաքվում այս ամենը չտեսնելու էին տալիս, լռում էին, մինչև հայտնի դարձավ, որ վերջին տարիներին միայն Սիրիայում 100-ից ավելի ադրբեջանցի վահաբիտ է զոհվել: Լռել են նաև ընդդիմադիր կուսակցությունները, որոնցից ոչ մեկը ոչ մի անգամ հարցը չի բարձրաձայնել, ոչ մի միջոց չի ձեռնարկել պայքարելու նրանց դեմ, ովքեր խթանում են ադրբեջանցիներին մեկնել և կռվել Սիրիայում: Անառարկելի է, որ իսլամական կազմակերպություններն իրենց չափազանց ազատ են զգացել Ադրբեջանում, գործել են առանց արգելքների, ինչի մասին բացահայտ խոսել է նաև ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն, ասելով. «Երիտասարդների ուղեղը լվանում են, նրանք էլ իզուր զոհվում են Սիրիայում»: Ադրբեջանի «Ժողովրդավարական» կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն նույնպես վկայում է, որ «Սիրիայում սպանվածների թիվը խոսում է այն մասին, որ որոշակի ուժեր լուրջ քարոզչություն են իրականացնում երիտասարդների շրջանում»: Ըստ նրա՝ դրա հիմնական պատճառներից է. «Ճնշումը, որը քաղաքական դաշտում գործադրվում է ընդդիմության նկատմամբ, ինչպես նաև երկրում տիրող հակաժողովրդական միջավայրը մեծացնում են քաղաքացիների հակումը ծայրահեղականության նկատմամբ: Երիտասարդ ուժերը, տեսնելով, որ երկրում ժողովրդավարական միջոցներով փոփոխություն չեն կարող անել, անցնում են գաղտնի այլ միջոցների»: Նա միաժամանակ նշել է. «Սոցիալ-տնտեսական խնդիրները նույնպես մղում են ծայրահեղության: Մարդիկ նախընտրում են «իսլամի» կարգախոսով սպանել, քան սովից մահանալ»: «Մուսաֆաթի» ներկայացուցիչ Թուրալ Աբասլին էլ գտնում է, որ այդ ամենի պատճառը գաղափարական դատարկությունն է: «Կառավարությունը այդ դատարկու­թյունը լցնելու փոխարեն փորձում է հասարակության վզին իր կեղծ գաղափարախոսությունը փաթաթել»: Կարելի է այլ պատճառներ ևս փնտրել, սակայն բոլոր բացատրու­թյունները կվերաբերեն այսբերգի երևացող մասին միայն՝ բացառելով խորքային երևույթները: Արմատական իսլամիզմը պատրաստվում է նոր, առավել բացահայտ և ագրեսիվ մարտահրավերների առաջ կանգնեցնել Բաքվի իշխանությանը, որը հայտնվելով իր իսկ լարած հակահայ և ռազմատենչ նկրտումների ծուղակի մեջ, կորցրել է իրականության զգացումը: Բացառված չէ, որ Սիրիայում կռվող ադրբեջանցի գրոհայինները օգտագործվեն Արցախի ու Հայաստանի դեմ: Թերևս դա էլ ազերի իշխանությունների թաքուն նպատակն է: Բայց առայժմ տագնապալին սպանված և սպանվող ազերիների թվի շարունակվող աճն է: Տագնապալի են նաև վահաբականների հայտարարությունները, որոնց տրամաբանությամբ, հնարավոր է թվում սիրիական սցենարի կրկնությունը նաև Ադրբեջանում: Այնպես որ, «փոս փորողն ինքն է փոսն ընկնում»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.