ՆԱ ԱՊՐԵՑ ԱՍԿԵՏԻ ՈՒ ԱՍՊԵՏԻ ՊԵՍ / Հասմիկ ԳՈՒԼԱԿՅԱՆ

Խեչոյան«…Ես իմ գործողությունների, արարքների հանրագումարն եմ, այլ ոչ թե մտադրությունների հանրագումարը»:
Իոսիֆ Բրոդսկի

Մեր ժամանակի հանրահայտ մտավորականներից մեծ մասի հետ ծանոթացել եմ աշխատանքի բերումով: Սակավաթիվ են այն նշանավորները, որոնց հետ երբեք չեմ առնչվել: Պատճառները հաճախ նույնիսկ անբացատրելի են: Իսկ նրանց անսպասելիորեն կորցնելուց հետո չեմ կարողացել ինքս ինձ ներել. պարզապես արդարացում չեմ գտել: Նույնն արձակագիր Լևոն Խեչոյանի պարագայում էր, թեև նրա կյանքից հեռանալն անսպասելի չէր…
Չգիտեմ ինչու, միշտ հետաձգում էի նրա հետ հանդիպումը: Շատ էի հավանում հատկապես նրա մարդկային ու քաղաքացիական նկարագիրը, հայի ազնվական տեսակն ու կերպարը և ուզում էի հրավիրել մասնակցելու «Բարոյականությունը և մենք» («Վէմ» ռ/կ, FM 101,6) հաղորդաշարին, երբ տարածվեց բոթը` Լևոնն անբուժելի հիվանդ է…
Այն ժամանակ ուզում էի, որ Լևոն Խեչոյանը գար մեր ձայնասրահ և խոսեր պետությա՛ն բարոյականության մասին, որին անդրադարձել էր նաև 2005-ին` գրողների համագումարում` իր ելույթում.
«Մեր արմատն է մեզ փրկելու, հակառակ դեպքում՝ ամենակատարյալ բիզնեսը, հաջողակ դիվանագիտությունը, լավագույն բանակները, եթե սեփական մշակույթի վրա չեն հենված, փլուզվելու կամ թափվելու են: Սա է հզոր պետականություն ունենալու ժամանակակից երկրների ուղենիշը:
Ապշած ենք, թե ինչո՞ւ է սկսվել հոգեւոր անկում: Այստեղ էլ ժողովուրդը լքում է հայրենիքը. անգամ Թուրքիա է գնում:
Պատրվակը միայն հացը չէ, հավատացած եմ, որովհետեւ բարոյականությունը, որ ցրտին, խավարին, սովին, պատերազմին էր դիմակայել, չխրախուսվեց: Նման հատկանիշը ապագայի ազգային ուղենիշ-կեցվածք չդարձավ…»:
Խեչոյանի կերպարը, ըստ իս, էպիկական դարձավ իր օրոք: Եվ որքան նա սակավ երևաց հանրությանը, այնքան ավելի հանրային դարձավ: Իր հրապարակումներով նա ստիպեց մարդկանց առավել շփվել իր գրականության հետ, քան իր անձի: Ըստ իս` նրա անձն ու գրականությունը նույնացած են. նա ներկա է իր` իմ կարդացած բոլոր գործերում, նրա գրականության ներվը բաց է, և դա ընթերցողին ավելի հարազատացրեց իրեն: Լևոն Խեչոյանը, ով արժանապատվորեն անցել էր հոգևոր Հայաստանի ճամփաներով, հավատի և իրական ու նոր Հայաստանի տեսլականն էր փնտրում` առանց վերամբարձ ու պաթետիկ խոսքի, առանց պաճուճանքների, առանց քարոզների: Հոգևոր Հայաստանի նվիրյալ քաղաքացին իրատեսորեն լծվել էր հայոց պետականակերտմանը: Նկատի ունենալով ժամանակաշրջանների նմանությունը` նա վերակենդանացրեց Արշակ Երկրորդ թագավորին, որի պատմական կերպարին բազմաթիվ գրողներ են անդրադարձել` երազելով այնպիսի թագավոր, որի համար առաջնայինը հայրենիքը լինի…
Սա՛ է պետական մտածողությամբ հայ գրողի հավատամքը: Եվ Լևոն Խեչոյանն այնպե՛ս էր տառապում, ասես ինքն էր պատասխանատու այն թերությունների, բացթողումների ու սխալների համար, որ տեղի էին ունենում մեր երկրում… Նա պատասխանատվություն էր կրում նաև մեր բոլորի՛ փոխարեն… Նա երբե՛ք չդավաճանեց իր սկզբունքին ու դավանանքին` համոզված. «Միակ բանը, որ գրողը կարող է անել… ազնիվ խոսք ասելն է: Գրողի զենքը իր ազնիվ խոսքն է… Այսօր ազնիվ խոսքի կարիք կա…», «գրողը խղճի ճանապարհով` լույսի զինվոր է»:
Իր ելույթներում և հարցազրույցներում Լևոն Խեչոյանը միշտ խոսեց առաջին դեմքով, երբեք չխուսանավեց, երբեք ինքն իրեն չպղծեց ու չխեղեց, երբեք չքծնեց ու չշողոքորթեց: Նա տեսավ «համընդհանուր վտանգվածության» սահմանը և միշտ լսեց իր` ստեղծագործողի ներքին ձայնն ու տառապեց, որովհետև, ինչպես ասել է տարբեր առիթներով, փողոցներում սպանվածների «հոգիները անարդար վերաբերմունքից ուրվականներ դարձած դեռ շրջում են քաղաքում, …աղբարկղերից կերակուր հանողներ կան, …անապահովության պատճառով մարդիկ լքում են իրենց նստակյաց տեղերը, …ապրուստ որոնող մեր որբ աղջիկը Թուրքիայի նկուղներում է խարխափում: Գրողը հանուն հայրենիքի շինարարու­թյան, բռնության դեմ խոսելով` հանուն ապագայի պիտի խոսի»:
Լևոն Խեչոյանն ուղենշված այս կամ այն չափանիշով չի ապրել, այլ իր տեսակին բնորոշ ինքնագիտակցությամբ: Ի դեմս նրա` հայ ժողովուրդը կորցրեց իր ազգային բարոյականության կառույցի մի անչափ կարևոր հիմնասյուն, մերօրյա Սասնա ծուռ… Լևոն Խեչոյանն ինձ համար նախ և առաջ ազգի ու հայրենիքի` երկու անանց` հավիտենական արժեքների խորհրդանիշ է…
Նրա գրականությունն ու Արցախյան շարժումը հասակակիցներ են: 1988-ից գրական առաջին գործերը տպագրվեցին հանրապետական մամուլում ու սերտաճեցին ազգային վերազարթոնքի հետ: Կամավորականների «Սասուն» ջոկատի կազմում նա մեկնեց Արցախ` մեզ պարտադրված պատերազմում դառնալով հայրենիքի ազատության զինվոր, հաղթակա՛ն զինվոր` ձեռքից վայր չդնելով գրիչը: Տարիներ անց Արցախում երիտասարդության հետ մի հանդիպման ժամանակ խոստովանել է. «Մենք ժամանակին եկել էինք այստեղ … մեռնելու, դրա համար հաղթեցինք…»:
Ըստ իս` հաղթեցին, որովհետև մարտի դաշտում զգացել էին թե՛ հայրենի «հողի դողը», թե՛ հայրենիքի սրտի զարկերն ու արյան շրջանառությունը: Զինադադարից հետո իր` գրողի կոչմանը հավատարիմ, Լևոն Խեչոյանը, հայոց անմահ էպոսը յուրատեսակ Ավետարան դարձրած, շարունակեց մեր գրականության լավագույն ավանդույթները՝ հավելելով իրենը: Նրա ստեղծագործությունը համեմատում եմ կոլաժի հետ: Ժամանակն այնտեղ անվերջանալի ներկա է, «գեղարվեստական ժամանակը»` անսահմանափակ…

***
Մեծերին և, ընդհանրապես, անհատականություններին համեմատել չեմ սիրում, ավելի ճիշտ` դեմ եմ արհեստականորեն վարկանիշներ կամ գնահատականներ թխելուն, որովհետև յուրաքանչյուր ոք անփոխարինելի է: Բայց համեմատում եմ մասնագետների, մասնագիտություններ, երևույթներ, ո՛չ մարդկանց. զուգահեռները երևույթների միջև շատ եմ կարևորում: Այսպես` 1992-ին չեմ մասնակցել Լեոնիդ Ազգալդյանի թաղմանը. ճանապարհի կեսից վերադարձել եմ: Հոգեբանորեն չկարողացա հաղթահարել նրա կորստի ցավը… Հետո միայն իմացա, որ Լեոնիդի վերջին հրաժեշտին մասնակցել են մարդիկ` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից ու քաղաքական հայացքներից… Նրա դագաղը բարձրացրել են վեց կուակցության ներկայացուցիչներ…
Ճակատագրի հեգնանքով` չեմ մասնակցել նաև Լևոն Խեչոյանի վերջին հրաժեշտին. մրսել էի և տանից դուրս գալ չէի կարողանում… Հետո միայն իմացա, որ նրան հրաժեշտ են տվել մեր հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները…
Սա ինձ հիշեցնում է Նժդեհի հայտնի արտահայտությունը մեծ մեռելների մասին, որոնք մահից հետո էլ ծառայում են իրենց ազգին ու հայրենիքին: Պարզապես փափագում եմ, որ մեր ժողովուրդն այսպես միավորվի ոչ միայն նման անհատականություններին հավերժի ճամփով ուղարկելիս, այլև հավաքական ուժերով իրականացնի վերջիններիս ազգային ու պետական նվիրական երազանքները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.