Լևոն Խեչոյանի բերանում լեզվահող էր

Լևոն ԽեչոյանԼևոն Խեչոյանի բերանում լեզվահող էր
Խաղաղ հոգի էր: Ջավախքի բարբառ ուներ, բարբառի մեջ՝ սևահող: Բերանում ունեցած հողով լեզուն դարձնում էր զորավոր: Ընդվզում էր գրով, դառնում ակոսդիր: Խաղաղ հոգի չլիներ՝ չէր կարող ուժեղ լինել: Արթուն գրիչ էր: Հայոց պատմության բացատ-հովիտ-եզերք-խութերում որոնում էր մեր կորածը: Եղածը պահել-զորացնելով կորցրածը գտնելը արվեստ է: Արձակագիր էր ու… Պայքա՛ր էր երգում: Իր եզերքից դուրս էր գալիս դեպի մեծ աշխարհ: …Եղել եմ նաև Լևոնի ծննդավայրում: Նորոգել էին եկեղեցին ու… Խնկաբույր պատարագ էր: Ի՜նչ արծաթ էր երկինքը: Երեխաները, պատանիները ասես խրտնած լինեին օրվա գուրգուրանքից: Լևոնն այնտեղ չէր, բայց ասես երևում էր իր գյուղացիների խոսվածքի ու շարժմունքի մեջ: Չգիտեմ, թե քանի՜-քանի անգամ եմ հանդիպել Լևոնին, բայց այդ օրը նրան տեսա իր ծննդավայր Բարալեթում, անցած ու եկող ձայների մեջ ասես սաղմոսում էր: Օրվա պարգևած ժպիտ-թախծի մեջ Լևոնի ժպիտ-թախիծն էր: Շնորհակալ եղա քեզ, Ջավա՛խք, քեզ, Բարալե՛թ, Լևոն ծնելու, մեր գրականությանը, մշակույթին լեզու ունեցող, ցավ ունեցող, հավատ ունեցող, կռիվ ունեցող Լևոն պարգևելու համար:
…1993-ի սեպտեմբերյան վեց համարում «Հայաստան» թերթում շարունակաբար տպագրվեցին «Ցավի ծաղիկ» խորագրով իմ արցախյան մանրանվագները: Արցախից վերադառնալու ճանապարհին, Վայքի շրջկենտրոնում հանդիպեցի զինվորագրյալ Լևոն Խեչոյանին, ով Սասուն Միքայելյանի ղեկավարած ջոկատով գնում էր պատերազմ, որ կանգնի, կռվի ու հաղթի: Հիմա կարող եմ ասել. «Փա՛ռք քո լեզվահողին, գրող և զինվոր Լևոն, ամեն ինչով սիրելի, որոնված կերպար: Մեր վիպերգի հազարափսոս-հեյվախը էս անգամ քեզ համար արթնացավ: Ափսոս, էսքան շուտ: Ձեռդ գրիդ հետ դեռ երկար ճանապարհ ուներ անցնելու»:

ՀՐԱՉՕ

Մարմինդ՝ ավեր, մորուսդ՝ բոց
Իր դժվար նկարագիրը, իր դժվար հարաբերվելը, իր դժվար բանավոր խոսքը, իր դժվար կյանքը և իր եզակիորեն պայծառ գիրը: Որովհետև քիչ-քչերից էր, ով գրականություն թողեց: Աստծու ամեն արարածի հետ խոսելով՝ առնչվում ու առնչություն էր փնտրում՝ թերևս ավելի փակվելով, ավելի դժվար դառնալով, բայց և խորքերը, միջուկին գնալով: Ամեն անգամ զորություն խնդրելով, որ կարողանա: Մինչև իր բնական-դժվար ընթացքով հասավ ու տասներեք տարի անշարժ պտտվեց բուն խնդրի՝ իր հայ տեսակի տխուր-ցնծուն առեղծվածի վրա: Վերջում՝ «գրականությունը չի կարող առանց հայրենիքի լինել» ասաց ու գնալուց առաջ փակեց իր պարտքը՝ «Մհերի դռան գիրքը», որ մեր՝ մեզ որոնելու անվերջ իմաստավոր շարժման մի շրջափուլի ճանապարհի գիրքն է, վստահ, լինելու:
Հիմա այլևս իր մարմնից, իր՝ «հայի ոտքերի տակ դեռ զրնգացող պղնձագույն լեռների երկրից» հեռացած՝ Լևոն Խեչոյան մեր եղբայրը մնացողներիս սերն ու պարտքն է չափելու՝ մեր գրականության մեջ իր տխուր-ցնծուն-արդար ներկայությամբ:

Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.