ՍՑԻԼԼԱՅԻ ՈՒ ԽԱՐԻԲԴԱՅԻ ԱՐԱՆՔՈՒՄ / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աշոտ Ալեքսանյան

Սկիզբը՝ այստեղ

ԱՂՃԱՏՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ-ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
Իրական և հնարավոր Հայաստանների պայքարը օրավուր մոտենում է անձնապաստան տուրևառությունների վտանգավոր սահմանին. սովորույթի համաձայն մարդիկ սկսել են քաղաքական վերլուծաբանությունների ան­թափանց քողի ներքո առասպելականացնել ժամանակավոր և ըստ այդմ՝ անարդյունք գործողությունները, փոխանակ վերժամանակյա ու կենսահաստատ հնարավորությունների դուռը բախելու: Փիլիսոփայությունը, աներկմիտ ասված տրամախոհությունը հայոց մեջ իսպառ վերացել է, փոխարենը փթթում է փաստերով ձեռնածություններ անելու բնազդածին սովորույթը… Մարդիկ ավելի խելամիտ են երևում, քան իրականում կան և ավելի անողորմ, քան որ իրականում գիտակցում են: Երբ ուղեղը հոգնելով՝ խարխափում է քաղաքական հաշվարկների բազմակնճիռ որոգայթներում, ընտրվում է ամենակարճ ու նվազ կենտրոնացում պահանջող ճանապարհը՝ փոխբացառումի հանգեցրած փոխլրացումից դեպի կողմնորոշում. Ապավինել որևէ մեկի պարտադրողական, հաճախ նաև պատահաբար ընտրված ուժին. Այսպես գոնե կարող ես միառժամանակ դիրքերդ չզիջես, իսկ հետո էլ՝ Աստծու նախախնամությամբ կամ որ նույնն է՝ հանգամանքների բերումով, գուցե նույնիսկ իրավացի դուրս գաս և պատմության կողմից հեռատես ու հաշվենկատ քաղաքագետների շարքը դասվես: Այսպիսով՝ փաստականության ոգին առաջ մղելով, դրանով իսկ մենք վերստին հայտնվում ենք նույն մեր ձեռքով կոտրած տաշտակի առաջ, մոռանալով, որ երկիրն ուժեղ է ո՛չ ի հաշիվ բնական պաշարների ու աշխարհագրական դիրքի, այլ հոգեմտավոր պաշարների ողջախոհ արդյունահանման: Ընդսմին՝ եսի ու մենքի միջև առկա ակնհայտ խզումը ինքնին արգասիք է իրականության մեջ գոյող հնարավորությունների անշրջահայաց մսխման…

ՆՊԱՏԱԿՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԸ
Աշխարհում թաքուն գործընթացներ են տեղի ունենում, որոնց ներքին կապակցումներն ու նրբիմաստները մարդկանց մեծամասնությանն անհայտ են մնում: Մարդիկ ամեն Աստծու օր արթնանում են հոգեպարար ու մեղսավոր քնից և առանց որ ուղեղները լարելու կամ պրկելու, իրենց մեջ բնավորված հերթապահ բնազդային սովորույթի ուժով, ամենատարբեր արագու­թյուն­ներով՝ ծուլորեն կամ գլխապատառ, նետվում են իրենց հայացքի առաջ բացուխուփ արվող ինքնահնար ու ձեռակերտ գրավչությունների, հասարակական պայմանականությունների տեղապտույտ տվող հորձանուտը: Ուղեծիրը միշտ նույնն է. տնից գործի, գործից տուն, մանրումեծ պարտականություններ, բազմիցս տրորված, ծանոթ երթուղիներ, բարձր դռների շքամուտքերի առաջ, մայթեզերքին խռնված ամբոխ, համակերպվածներ ու բողոքավորներ, պետականաշեններ ու պետականամետներ, սեփական խղճի թելադրանքով առաջնորդվողներ ու հեղինակությունների կեսբերան ասածի կույր հետևորդներ, անկեղծ ու շինծու ողջագուրումներ, սեթևեթանք և, ի վերջո, հոգնու­թյան ու մտավոր թմբիրի հաղթարշավ: Մարդկանց զբաղվածության ապահովման հրեշավոր մեխանիզմը գործի է գցված: Մեխանիզմը խժռում, ծվատում է առօրյա վազվզուքին անձնատուր ծակոտկեն ու թաղկացյալ հոգիները՝ ժամանակի գերխիտ սահմանների մեջ սեղմելով, ճզմելով, մաղաքամելով մարդկային ուժատ մարմինները: Ապա վրա է հասնում վաստակած հանգիստը վայելելու պահը. մի կտոր հաց ու ջերմաշունչ գինի, իսկ խոսակցության նյութ՝ որքան ասես, քաղաքականությունից ու ամենօրյա գոյության պայքարից մինչև մանրումիջին հեռահարության թեմաներ. սպորտ, կինո, պարերաժշտություն, հեռուստատեսային հաղորդումներ ու շոու-ծրա­գրեր, մասնակցություն հոբելյաններին ու շնորհանդեսներին, մի խոսքով՝ միջմարդկային շփումների ողջ համախումբը՝ պաշտոնական ձևականություններից մինչև սեռական ոտնձգությունների մասին ինքնախոստովանական զեղումներ՝ մշտապես բամբասանքի ու ինքնագովության ելևէջանքին ընդելուզված: Եվ այդուհանդերձ ո՛չ ոք չի՛ ապրում իր կյանքը, անգամ երբ յուրաքանչյուր ոք իր ու իր իմացած նյութի մասին է խոսում: Քանի որ խոսողի միտքը, միևնույն է, ուղղված է դեպի դուրս, նույնիսկ երբ ամենուր և ամեն ինչում ինքզինքը ցուցանելու մոլուցքին ի տրիտուր՝ իրերի ու մարդկանց մասին սեփական թերկատար պատկերացումները հայտնագործություն արածի պես փաթաթում է դիմացինի առանց այն էլ նկուն ու սեփական թերատեսություններից գլուխ չհանող մտապատկերներին: Թե բա չե՞ս ասի՝ այս մեկն այսպես ասաց, մյուսը լավ դրստեց իր գործերը, ճոխ տուն-տեղ է դրել, արտասահմաններում է ֆռֆռում, երրորդը մարդ չէ ընդհանրապես՝ մի բան ասացի՝ չարեց, ինքզինքը օրինապաշտ ներկայացնելով, չորրորդը մարդ է մեծատառով՝ մի կես բերան չասած՝ զանգով հարցերը լուծեց, սա սրանից բաժանվեց, մյուսի հետ միացավ, մեկին գցեց, մյուսին փողով առավ, երրորդի պորտը տեղը դրեց, դե թող գնա ու արդարության մասին իր քարոզները միամիտներին պատմի… Ու ամենավերջում հնչեցվում է գլխավորագույն հարցը՝ աշխարհում թաքուն գործընթացներ են տեղի ունենում, որոնց անմասնակից ենք մենք (մենք աշխարհի խորթ տղերքն ենք, մեզ փայ չկա աշխարհից): Ո՞նց անենք, որ մեզ էլ մի բան հասնի, աշխարհում, ինչպես ընդունված է կարծել, մեռնել կա, ուստի, միջոցների միջև խտրականություն չդնելով, պետք է օգտվել նրա բարիքներից, իսկ բարիքների ցանկը, միջինացված սպառողների համար, վաղուց հրապարակված է և այս հարցում կարիքը չկա ավելորդ անգամ ուղեղները լվալու: Ցուցակը գլխավորում, իրենով լցնում ու նաև եզրափակում է իշխանություն և փող կոչվող փոխլրացնող՝ կոմպլեմենտար զույգը: Մնացյալը այս զույգի ազդեցության ոլորտում ընդգրկված մանր-մունր գործառնություններ են. հեղինակություն, հռչակ, սեր, երջանկություն, բավարարվածություն, հոգեկան անդորր ու խղճի խաղաղություն… Ասել է թե՝ հարկավոր է օր առաջ գլուխն ազատել ինքնահնար գրավչությունների, մանավանդ հասարակական պայմանականությունների տեղապտույտ տվող հորձանուտից, որը ոչ մի բանի չի բերում, ընդհակառակը, ավելացնում է կյանքից դժգոհների և սեփական բախտը դրստածների ուղղությամբ քար նետելու պատրաստ վրեժխնդիր-նախանձախնդիրների գումակը: Հարկավոր է դուրս գալ այս արատավոր և բնական ընտրու­թյունը խաթարող ուղեծրից ու վերջապես հասկանալ, որ մարդիկ թեև հավասար են, բայց միայն դժբախտ պատահարների զոհ գնալու փաստականության շրջանակում: Իսկ մնացյալ հարցերում ամեն ոք ինքն է իր ներկան ու ապագան կռում-կոփում, ընդ որում՝ որքան միջոցների առաջ խտրականություն չես դնում, այնքան ավելի մեծ է սեփական անձդ ուրիշներին պարտադրելու հավանականությունը: Եվ ուրեմն՝ նպատակն արդարացնում է միջոցը:

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹՆՋՈ՞ՒԿ, ԹԵ՞ ՀԱՅ-ՀԱՅԿԱԿԱՆ ՔՆՋՈՒԹ
Հայտնի փաստ է, որ հայերս ու թուրքերը, մեղմ ասած, իրար չենք սիրում: Բայց չսիրելուն էլ, ինչպես և սիրելուն, չափ ու սահման կա: Սակայն սա այն դեպքն է, երբ ո՛չ մեկը կա, ո՛չ էլ մյուսը, ընդսմին՝ երկուստեք: Մեր՝ թուրքերին չսիրելու պատճառները, գոնե մեզ համար, թերևս հիմնավոր են և միանգամայն պատճառաբանված… Չթվարկենք… Բայց թուրքերին միայն մենք չէ, որ չենք սիրում, ուրիշ-ուրիշ շատ ազգեր էլ կան… Չթվարկենք… Միայն նշենք, որ հիմնական պատճառը ժամանակին, ընդհանուր պետության կազմում մեր համատեղ կյանքից քաղած դառը հիշողու­թյուններն են և որպես դրա գագաթնակետ՝ 1915-ին մեզ պատուհասած, գործնականում այլևս անհակաշրջելի թվացող արհավիրքը: …Չնայած այս չկարգավորված ու չչափաբերված աշխարհում ամեն ինչ հնարավոր է, եթե, իհարկե, միայն Աստծու ողորմածության ու հանգամանքների բարենպաստ դասավորության վրա հույսդ չես դրել: Երրորդ տարբերակը, այն է՝ բարի, գեղեցիկ, առաքինի և, որ ամենակարևորն է, անձնուրաց, հավատակից արդարասերների ձեռքով մեզ համար կրակից շագանակներ հանելու տվայտանքը ևս արդեն իսկ բավականաչափ փորձարկված է, որպեսզի այն մեզանում վերստին կյանքի իրավունք ստանալու հավակնությունն ունենա: Այս տարբերակը բացառելի է նաև ելնելով այն հույժ բացարձակ ճշմարտությունից, որն ասում է, թե պատմությունից հա՛րկ է դասեր քաղել: Եվ ուրեմն այս երրորդ տարբերակը բացառելով բացառեցինք: Վերևում շրջանառությունից հանեցինք նաև Աստծու ողորմածության ու բարենպաստ հանգամանքների մասին մատից ծծած առասպելանման նյութը: Ուրիշ էլ ի՞նչ գործիք ունենք մեր ձեռքի տակ: Թերևս մի բան, որի մասին հնարավոր չէ բարձրաձայնել՝ հենց թեկուզ սեփական ձեռնարկելիք քայլերդ չմատնելու, չգաղտնազերծելու խիստ տրամաբանական մտավախությունից ելնելով: Բայց հիմա ի՞նչ անենք, հիմա է՞լ լռենք… Հայտնի է, սակայն, որ գործողությունը կատարվում է, քանի որ դրան մեկ ուրիշ գործողություն է նախորդած լինում, որին էլ ուրիշներն են հետևում: Ինչպես Պոլ Վալերին կասեր. Պատահարները՝ դժբախտ կամ երջանիկ, հանկարծակի չեն ծնվում, հասունանում են ժամանակի մեջ, ընդսմին՝ իրադարձություններն էլ ծնունդ են առնում անծանոթ հորից. անհրաժեշտությունը լոկ նրանց մայրն է: Փիլիսոփայաբար ասած՝ ժամանակի ընթացքում մենք մանրումեծ սխալներ ենք գործել, կիսատ-պռատ ապրումներով լցրել ենք մեր անհատական, համայնական ու ազգային մինուճար կյանքը ու այդպիսով մեր ամբողջականությունը խարխլել… Լա՛վ, եթե Աստծու ողորմածության ու բարենպաստ հանգամանքների մասով էլ այլևս սպասելիքներ չկան, ուրեմն մեզ ի՞նչ է մնում անել… Հիշեցնեմ, որ լռելն այլևս հնարավոր չէ: Ինչ է մնո՞ւմ… Մնում է մաշկից դուրս գալու գնով մեզ համար վերապրելու գործողությունների շարք մշակել մեր իսկ պատմական և հոգևոր հայրենիքում ապրելու ու արարելու տանելի պայմաններ ստեղծելու նպատակով:
Դա շատ հեշտ է անել, ընդամենը ատամկռճտոցի պես մի բան է. չե՛ս մուրում, չե՛ս քծնում, չե՛ս ինքնանվաստանում, չե՛ս մեծամտանում, շրջապատիդ ու հանրու­թյան վզին չե՛ս ինքնապարտադրվում, ինքնախաբեությամբ չե՛ս զբաղվում, մեծ ու անիրականանալի պահանջներ չե՛ս ներկայացնում մանավանդ նրանց, ումից սպասելիքներ առանձնապես չունես, ժպտում ես բոլորին՝ անխտիր, սիրում ես մերձավորիդ և երակներումդ տրաք-տրաք տվող վրեժի ու ցասման չմակարդվող արյամբ սնուցանում ես քո ու մերձավորիդ հավաքական ուժի հանդեպ ինքնավստահության սրտուղեղային մորմոքը, կամաց-կամաց ուղղում ես ողնաշարդ և քեզ ծնած հողից նոր ուժ ստացած ու հանրային սիրով գոտե­պնդված՝ բոլորովին անսպասելի մի հնարքով հեղաշրջում ես ողջը և ամենը և այդպիսով վերստին արթնացնում ես քեզանից փախ տված, այլև խլխլված, սեփական անձիդ ու մերձավորիդ ինքնության խորխորատներում անթեղված երջանկախոստում ամբողջականության ինքնագիտակցությունը: Դրա համար պետք չէ՛, քափուքրտինք մտած, քաղաքագիտության խորքերը ներթափանցել, փորձառու ու տեղեկացված այր լինել, բավական է ինքդ քեզ հետ և աշխարհի հետ լինես հաշտ ու խաղաղ և այդպիսով ներսումդ բուն դրած անհուն վրեժի և ատելության մոլուցքը վերափոխես ճշմարիտ կյանքով ապրելու ու արարելու մարդավայել նվիրումի:

ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքականությունը, բացի այն հանգամանքից, որ մարդկանց մեծամասնու­թյունը նրանից տհաճության հոտ է առնում, ինչպես ծխախոտի մնացորդից, իր պահանջվածության տեսական ու գործնական հիմնավորվածության այլազան կերպերը հավաստող զանազան այլ կռվաններ էլ ունի, որոնք նրան մշտապես պահում են հասարակական են հասարակական ուշադրության կենտրոնում, եթե չասենք կիզակետում, մասնավորապես այն, որ ժամանակ առ ժամանակ իրեն սպասարկող գործիքի՝ դիվանագիտության մատուցած արջի ծառայությանը դիմելով՝ արյան ու անբարոյականության սերմանման գնով հաստատագրում է սեփական կասկածելի գոյության իրավունքը: Կարող եք ասել, ուրիշը չի տրված, լավ թե վատ՝ այսօր նա է հանդես գալիս որպես ազգերի ու հասարակապետական կազմավորումների փոխհարաբերությունները կարգավորող գործիք: Եվ հետաքրքիրն այն է, որ քաղաքականության ԱՍ-երը կարծում են, թե ազգամիջյան լարվածությունների վերառմանը կարելի է հասնել նույն այդ ազգերի միջև գծված արտաքին ու ներքին սահմանների աստիճանական կամ կայծակնային եղանակով, խաղաղ կամ բռնի մեթոդներով վերաձևմամբ, ժողովուրդների տեղահանմամբ, վերադաստիարակությամբ (խոսքը, իհարկե, մանր-մունր ազգերին է վերաբերում), այնպես, ինչպես որ արդարության սիրույն ասպարեզ իջած մրցավարը խաղի կանոնների հիշեցման նպատակով հընթացս երբեմն-երբեմն միմյանցից տարանջատում է մեկմեկու փարած բռնցքամարտող զույգին, այն դեպքում, երբ մրցամարտի հերթական փուլի կոչնակը հնչեցված է, ու, թեկուզ հավուր թամաշայի, ազդարարված է միմյանց նկատմամբ առավելության հասնելու համար պայքարող (իրար աչքունք վերաձևելու, դիմացինին տեղախախտ անելու, բռունցքված դաստակով գլուխը ջարդելու) դիմակայության զույգ բևեռների իրար հոշոտելու պատրաստ անթաքույց ձգտումը: Հիմա, մեթոդի առումով, ինչո՞վ են իրարից տարբերվում ազգամիջյան լարվածությունների վերառման նպատակով ազգերին իրար դեմ հանող արտաքին քաղաքական միջամտությունը և դիմացինին մեթոդիկ ծեծի ենթարկելու մարդկությանն համակած բնազդային պոռթկումը. Մեթոդի առումով՝ թերևս շատ չնչին տարբերություն, և սակայն ծավալներն են, ո՛վ կմտածեր, դույզն-ինչ անհամադրելի:

ՀԱՅԻ ԽՐՏՎԻԼԱԿԻ ԱՀԱԳՆԱՑՈՂ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Մենք՝ հայերս, սովոր ենք մեզ պատուհասած դժբախտությունները արտածել Աստծուց ու արտաքին հանգամանքներից, բայց ո՛չ երբեք մեր ասածի ու արածի, այլև մտածածի անհամատեղելիու­թյունից: Մեր խոսքն ու գործը իրարից այնքան են տարբեր ու տարամիտված, որքան որ մարդուս ամբողջականության այս զույգ բևեռներն իրար կամրջող բանախոհական մեկնակետն ու հենապատվարը: Ասել կուզի՝ մենք կիսված ենք, երկփեղկված ու տարակայացված, եթե չասենք, որ ինքներս մեզ հետ ու մեր դեմ ենք կռիվ տալիս: Սա գալիս է հայ մարդու սեփական անլիարժեքության գիտակցումից, որ բնավորվել է մեր մեջ Աստծուց ու հանգամանքներից անկախ: Ամեն ինչում առաջինը լինելու մոլուցքը երևի թե հատուկ է մարդ արարածին ընդհանրապես, ինչպիսի ազգ ու ցեղի էլ որ նա պատկանելիս լինի: Սակայն մեզանում այս երևույթը հիվանդագին մոլուցք է դարձել և պատրաստ է խժռելու մեզ՝ ներսից ու դրսից: Հետևաբար մենք պետք է ձերբազատվենք մեզ այս գետնաքարշ վիճակին բերած այդ խարանից, հարկ էինք ինքներս մեզ ախտահարենք, մանավանդ որ ուրիշ ոչ ոք այդ բանը մեզ համար, առավել ևս մեր փոխարեն չի անելու: Մեր մտածածը, ասածն ու արածը հաճախ ո՛չ միայն իրար հետ կապ չունեն, այլև հակընդդեմ ու փոխբացառող տեսակի են: Մենք ասում ենք սիրել և մտածում ենք տիրելու և ո՛չ թե մեր ցանկալիներին կամ սիրեցյալներին ազատություն տալու մասին: Ասում ենք ազատություն և այդ ազատությունը դարձնում ենք մեր ձեռքերի կապանք, որովհետև մենք չենք ուզում ազատագրվել մեզ բռնատիրած ինքնահավան, այլև անհատապաշտական բեռից: Մինչդեռ ազատության նախնական իմաստը արտազատելն է՝ «ի բացարկ անելը»: Մենք սարսափում ենք աշխարհի ու ինքներս մեզ հետ մենակ մնալուց, ինքնաբավ ու ինքնիշխան լինելուց, որովհետև այդ ժամ մենք դեմ առ դեմ ենք հայտնվում Բարձրյալի հետ և այդ կերպ գիտակցում ենք մեր փոքրությունը, չնչինությունը, որը, սակայն, նախապայմանն է հավատավոր կենաց: Մինչդեռ մարդկանց միջավայրում՝ հավասարների մեջ կենալը և նրանց հետ հարաբերվելը մեզ համար ավելի դյուրին ու ընդունելի է պատկերանում. Այդպես դու քեզ աշխարհի տեր ու տիրական ես նախազգում ու դեռ հնարավորություն էլ ես տեսնում այդպիսին դառնալու: Զուր չէ, որ կյանք բառը առաջներում պարզ ասած գոյել է նշանակելիս եղել՝ գոլ, կեալ, ի հակադրություն ապրելու, որը փրկության իմաստ է ունեցել և միայն հետագայում է պարզ ապրուստի կամ առօրյա ու առտնին պետքերը հոգալու կարգավիճակին իջել: Մենք՝ հայերս, մեր բառապաշարից աստիճանաբար դուրս ենք մղել հոգևոր, նյութահալած բովանդակության բառամթերքը և կամ ախտաժետել ենք դրանց նախնական, բանիբուն իմաստները: Այսպես, հոգի կամ ոգի բառն անգամ, որ վաղնջահայոց բարբառում ոգել՝ ասել, խոսել իմաստն է ունեցել, ի հակադրություն հագագի, որ նշանակել է անհոդաբաշխ օդամուղ արտաշնչանք, մեզնից այնքան է օտարվել, որ դուրս է մղվել հայոց բառագանձից և միայն քրիստոնեության խողովակներով վերստին վերադարձվել է մեզ՝ իբրև տիեզերական ոգուց մեզ առանձնաշնորհված աստվածաշունչ մասնիկ, որ ի վերջո ենթակա է վերադարձվելու իր տվիչին՝ արարչին: Այսպես մենք աստիճանաբար կորցնում ենք մեր առինքնումի հավերժամուխ հոգեկերտվածքը՝ փոխարենը ձեռք ենք բերում համաշխարհային շուկայում վաճառքի հանված արտաքնազարդ հարմարավետության խաբուսիկ ու թվացյալ գանձերը: Այսպես շարունակվելու դեպքում հեռու չէ այն օրհասական պահը, երբ հայոց բարձրավանդակի գնալով անգոսնացող երկնակամարում կծածանվի հայի դատարկահունչ, հագագահունչ խրտվիլակը՝ սնամեջ ու բարձիթողի:

One thought on “ՍՑԻԼԼԱՅԻ ՈՒ ԽԱՐԻԲԴԱՅԻ ԱՐԱՆՔՈՒՄ / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

  1. Աշոտ ջան, խոկմունքդ տարա իմ էջ։ Թեև հանրային ցանցում ծավալուն նյութ ընթերցողներն առանձնապես շատ չեն, բայց ունեմ «քաջընթերցիկ», եթե կարելի է այսպես ասել, հանրային ընկերներ, որոնց ներդաշնակ մտածումները կարող են ակնարկածդ ներդաշնակ մթնոլորտի, հայանպաստ ու մարդանպա՛ստ մթնոլորտի կազմավորմանը նպաստել…
    Շնորհակալություն, եղբա՛յր։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.