Բնության հետ միաձույլ

Վաչագան Հովհաննիսյան, Անժիկ Հակոբյան, Սիլվա Կապուտիկյան, Մարգո Ղուկասյան

Վաչագան Հովհաննիսյան, Անժիկ Հակոբյան, Սիլվա Կապուտիկյան, Մարգո Ղուկասյան

Փետրվարի 4–ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր, հրապարակախոս Անժիկ Հակոբյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:
ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, Անժիկ Հակոբյանին բնութագրելով իբրև սկզբունքային անձնավորություն, վստահեցրեց, որ նա այն անհատականություններից էր, ով իր խոսքի արժեքով, երանգներով և աշխատաոճով ուրույն տեղն ունի մեր գրական, մտավորական միջավայրում: Ընդգծելով երիտասարդների նկատմամբ Ա. Հակոբյանի վերաբերմունքը՝ Պ. Դեմիրճյանն ասաց. «Մամուլի այն բոլոր օրգաններում, որտեղ նա աշխատել է, ընդառաջել է երիտասարդներին»: Ըստ Ղ. Սիրունյանի՝ այն տարիներին «Գարունն» յուրօրինակությամբ, իր խենթու­թյամբ, իր իմաստությամբ պահելու համար խմբագիրը բացառիկ շնորհք պետք է ունենար, ուստի Ա. Հակոբյանի մեծագույն արժանիքը համարեց այն, որ այդ գոլ ու գորշ, լճացման տարիներին կարողացավ պահել ամսագրի մշակութային, գեղագիտական և մարդկային գոյությունը մեր իրականության մեջ: «Այսօր մեր շուրջը անընդհատ դժժացող աղմուկ կա, որի մեջ հանիրավի կորչում են խնկելի անունները, նրա կերպարի կարիքը կա մեր իրականության մեջ»,- վստահեցրեց Ղ. Սիրունյանը: Բանաստեղծ Հակոբ Մովսեսը խոստովանեց, որ իրենք Ա. Հակոբյանի կողմից գրականություն ճանապարհվածներն են: «Եթե երբևէ 20-րդ դարի հայ մշակույթի և հասարակական կյանքի պատմությունը գրվի, Ա. Հակոբյանին պետք է առանձին գլուխ նվիրվի»,- ասաց նա: Նրա կարծիքով, Վարդգես Պետրոսյանի կողմից հիմնադրված «Գարունի» ազատական ավանդույթը շարունակելու և զարգացնելու համար մեծ անհատականություն պետք է լինել: Ըստ բանաստեղծ Արտաշես Արամի` Ա. Հակոբյանն իր ազնվական տեսակով մի բան էր ապացուցում` խմբագիր լինելը սևագործ բանվորի աշխատանք է: Ապա անդրադառնալով Ա. Հակոբյանի գործերին` նշեց, որ նրա գրքերի վերնա­գրերը` «Զուլալ առվակի պես» և «Հիրիկը քարափների մեջ», ինքնադիմանկար են հիշեցնում: «Լուսավոր մարդու տեսակ էր, որ գալիս էր իր տոհմից, իր արյունից, իր ծագումից: Նա մեզ համար ստեղծեց հուսալի, հավատի մի ճանապարհ, առանց որի, առանց այդ լավատեսու­թյան հնարավոր չէր անցնել այդ ճանապարհը»,- ամփոփեց Ա. Արամը: Ելույթ ունեցան նաև Գ. Ջանիկյանը, Ա. Վարդանյանը և ուրիշներ: Գայանե Սամվելյանը հատվածներ կարդաց Ա. Հակոբյանի արձակից: Հուշ-ցերեկույթը վարում էր Ղուկաս Սիրունյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.