ՆՈՐ ՏՈՂԻՑ / Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Հովհաննես…ու այս մի քանի տողը՝ այս առիթով, դժվարությամբ է գրվում, որովհետև նա՝ մեր Հովհաննես Գրիգորյանը, անընդհատ հեգնում էր մահը, հեգնում էր ապրողների պահվածքը մեռյալների ետևից, նրանց՝ հանգուցյալների հիշատակը հարգելու կերպն էր հեգնում, իր մահն ու թաղումն էր հեգնում, մեր ողբը իր դագաղի մոտ ու մեր արցունքախառն ճառերը, այստեսակ՝ հոբելյանական խոսքերն էր հեգնում, որ մի օր պիտի գրվեն իր հիշատակին կամ մահվան որևէ տարելիցի առիթով… «Հետամնաց երկիր ենք, դեռ լաց ենք լինում հանգուցյալների ետևից»… Ու այս մի քանի տողը՝ այս առիթով, նաև ամաչելով է գրվում, որովհետև երբ անգամ մահից անդին նա շարունակում է հեգնել մահը, երբ իր բացակայու­թյամբ «Գերեզմանիա» վիպակն է լույս տեսնում, ուր անխնա ու դաժան հումորով ծաղրվում է մեր՝ «գնա մեռի, արի սիրեմ»-ի տրամաբանությամբ հոգեբանությունը, ակամա ամաչում ես ամենաանկեղծ խոստովանություններիդ ու սիրո և հարգանքի հավաստիացումներիդ համար… Ու այս մի քանի տողը՝ այս առիթով, նաև անպատեհության զգացողությամբ է գրվում, որովհետև, ճշմարիտ եմ ասում, նրանը՝ մեր Հովհաննես Գրիգորյանինը, բացակայություն չէ, ու փետրվարի 7-ն էլ, եթե կուզեք, նրա մահվան տարելիցն էլ չէ, ու հիշատակի օր էլ չէ… Ի՛նչ բացակայություն, ինչ մահվան տարելից ու հիշատակի օր, երբ սեղանիդ նրա նոր գիրքն է, ու այն էլ՝ «Նոր տողից»՝ քեզ՝ հավուր պատշաճի մի քանի խոսք գրելուդ ճիգիդ մեջ է՜լ ավելի անզորացնող վերնագրով…
…ու, այնուամենայնիվ, եթե ուզում ենք փետրվարի 7-ը ամրագրել հուշերի ու հիշատակների մեր օրացույցում, ապա թող այն լինի Հովհաննես Գրիգորյանին բնորոշ հրաշալի բանաստեղծության, նուրբ հումորի, կենսուրախության, չպատմվող թախծի, աշխարհին ու ինքդ քեզ թեթև ու անքեն հեգնելու մեր ընկալման կարողություններն ու զգացողությունները ստուգելու օր, ու դա էլ այն դեպքում, եթե, անհնար բան եմ ասում, Հովհաննես Գրիգորյանին տարվա մեջ ընդհանրապես չենք հիշելու…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.