ՀԱՅԸ, ԿԱՄ` ԼՔՄԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ /

Ռուզան ԱսատրյանԵրբևիցե հարցրե՞լ եք, թե ինչու էր Դիոգենեսը օրը ցերեկով, լապտերը վառած, իր մոլորակի մարդկանց որոնում:
Վերջին 25 տարիների անսպասելի իրադարձությունները մեզ` անկախ հանրապետության բնակիչներիս, նույնպես անկանխատեսելի որոնումների ճանապարհ են դուրս բերել, միայն թե` առանց լապտերների: Երկրաշարժի ու պատերազմի ավերի տակ դեռևս անհայտ են մնացել հարազատներ ու մտերիմներ: Արտագաղթի հայկական հեղեղի հետ երկրից հեռացել են արվեստագետներ, գիտնականներ, ճարտարապետներ, բժիշկներ ու երաժիշտներ… ամենակարևորը` սովորական քաղաքացիներ: Շնորհալի մարդիկ, որոնք մեր նորաստեղծ պետության քաղաքական ու սոցիալական մշակույթի արտադրողներն էին նաև: Մենք կարոտում ենք մեր մոլորակի բնակիչներին, որոնում նրանց և սպասում վերադարձի հրաշքին: Արտագաղթը ժանտախտի նման տարածվել է մեր փոքրիկ երկրի լեռներում ծվարած գյուղերում, մտել տնից տուն, քաղաքից քաղաք, և կարծես թե արդեն սովորական են դարձել և՛ պատաս­խանատուների լռությունը, և՛ փակ դռների ետևում միայնակ կյանքին հրաժեշտ տվողների մասին լուրերը: Ի՞նչ եղավ մեզ, ինչո՞ւ հանկարծ որոշեցինք խռովել մեզ համար այնքան թանկ Արարատների վեհությունից, մեր սառնորակ ու քաղցրահամ ջրերից, մեր ժողովրդի սիրալիր ու բարի աչքերից… ո՞վ խլեց երկրի սերը: Խրիմյան Հայրիկը իր թողած իմաստնության պատառիկներից մեկում գրել է. «Ներքին անհամերաշխությունն ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»: Ուրիշ էլ ի՞նչ պատճառով կարող էր հայը, այն էլ հաղթանակ տարած հայը, լքել իր հայրենիքը: Զանազան այլանուն կազմակերպությունների ու կուսակցությունների, իրենց շահերի համար լեզու առած քաղաքական մարմինների խոստումներն ու մտքերի փայլատակումները` ընտրություններից առաջ, այլևս հավատ չեն ներշնչում: Բարոյականության շերտերի ինքնաոչնչացնող իրականության մեջ Հայաստանը կանգնել է հայաթափության տագնապալի փաստի առաջ: Թե նախադրյալները ինչպիսին են եղել, առանց զուգահեռներ անցկացնելու, մեջբերում եմ FBI-ի նախկին ղեկավար Ալեն Դալեսի ճառից մի հատված. «Մենք պետք է օգնենք և բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գտակցության մեջ սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով՝ որևէ անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարության մեջ մենք քաոս և անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ և մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը: Ազնվությունն ու օրինավորությունը կծաղրվեն: Միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում, բայց նման մարդկանց կդնենք անօգնական վիճակի մեջ, կհամարենք խեղկատակ, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և հասարակության տականք հայտարարելու համար»: Կարծում եմ` խոսքերն ավելորդ են: Տեսեք, թե ինչ հերթեր են ռուսական դեսպանատան առջև: Կա՛նգ առեք, հայե՛ր, մի՛ դավաճանեք ինքներդ ձեզ, մի՛ ավելացրեք կարոտախտի հիվանդությամբ տառապողների բանակը, ում պատճառով որ լքում եք ձեր հողը, նա հենց այդ էլ երազում է. անպատերազմ խաղաղություն՝ իր համար: Առանց հեռուն նայելու, հողն ու գենոֆոնդը կորցնելու ծանր վտանգի առաջ ենք կանգնել: Երկրում աղի նման ցամաքել է սերը, մարդիկ, հոգնած անմարդկային այս վերաբերմունքից, ճամպրուկային տրամադրությամբ քնում և արթնանում են Զաքյան փողոցից համեմատաբար էժան գներով Ռուսաստանի տարբեր քաղաքներ մեկնող ավտոբուսների մեջ: Դե ինչ, եթե երկրի կրտսեր պաշտոն­յան հայտա­րարում է, որ գնա­ցողները ապրանք են, շա­տերը «հավատում» ու հեռանում են:
Այսօր ամենօրյա կրակահերթերի տակ ապրող մեր սահմանային գյուղերում դեռ երեխաներ կան, որոնք փակ դռների ետևում էլ թշնամու գնդակից չեն խուսափում: Եվ քանի դեռ երեխա կա, գյուղը շնչում է, իսկ եթե երեխաներին ինքնապաշտպանության բնազդով հանեն գյուղերից, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվելու: Փաստ է. հողը դատարկվեց, օտարի ոտքի կոխան է դառնալու: Եթե այսպես շարունակվի, ապա, ի՞նչ եք կարծում, տարիներ անց, ինչպես Արևմտյան Հայաստանից, այդ գյուղերի՞ց էլ պիտի հող բերենք ու սփոփվենք` ասելով, որ սա մեր հայրենիքի հողն է:
Ո՞վ է այն հայը, որ մի օր՝ գիշերը քնելուց առաջ, Անդրանիկ Օզանյանի նման հայրենիքի մասին է մտածելու և առավոտյան վճռականորեն բռնելու է արտագաղթի ճանապարհ հարթողի բազուկը: Հավաքվենք նրա շուրջը. ձեռք ձեռքի տանք ու շենացնենք հայրենիքը: Սիրիայի օրինակը մեզ դաս չեղա՞վ, թե՞ մենք դաս առնողներից չենք: Հազարավոր հայեր անտուն մնացին, բոլորը Հայաստան կգային, եթե հայրենիքը առողջ լիներ: Ո՞ւր եք ուղարկում դարեր շարունակ սովի ու կոտորածի բարդույթներով ապրող մեր բարի ու ազնիվ ժողովրդին: Թե՞ կարծում եք՝ խեղճերին խղճացող կա: Անգլիացի պատմաբան Առնոլդ Ժոսեֆ Թոյնբին, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, ցինիկաբար հայտարարել էր, որ այն «հայ սփյուռքի կողմից վտանգված մեծամասնության ինքնապաշտպանություն է»: Ո՞ւմ ենք ապավինում, ո՞ր տերության վրա կարող ենք հույսներս դնել, երբ դատարկում ենք մեր հողը: Անգլիան, Գերմանիան, Հայոց եղեռնի օրերին Թուրքիայի դաշնակիցներն են եղել, չմոռանանք և հրեական գործոնը: Ֆրանսիան սիրով ու լռու­թյամբ իրենով արեց Կիլիկիան, Ստալինը քրթմնջում էր Թուրքիայից հայկական հողերը վերցնելու մասին, երբ Ամերիկան ռմբակոծեց Հիրոսիման ու Նագասակին: Լենինը ոսկի ու զենք տվեց թուրքերին, և համարյա թե պարտված ենիչերիները ոչ միայն Արևմտյան Հայաստանի՝ մեզ հատկացրած հատվածը վերցրեցին մինչև Տրապիզոն, այլև կոտորածներով հասան Զանգեզուր ու Ղարաքիլիսա: Ուզում եմ մեջ բերել Ցեղասպանության մեր շատ թանկ նահատակներից մեկի՝ Ռուբեն Սևակի խոսքերը. «Եվրոպան, այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե»: Եթե առարկում եք, ապա գիշերով մտեք Կոմայգի, տեսեք, թե ձեր իսկ թույլտվությամբ, Եվրոպայից ներմուծված օրենքների առաջ չընկրկելու արդյունքում, գույնզգույն կանացի շորերով ու շպարներով հայ տղամարդիկ ինչ անտարբերությամբ են թքում բարոյականության ճակատին: Էլ չեմ խոսում դարերի ամոթխածությունը ոտնատակ արած հայ մարմնավաճառների մասին: Եվրոպականացման շփացածությունն այնտեղ է հասել, որ կարմիր խնձորը դագաղի մեջ են դնում և թաղում… չզարմանանք, եթե մի օր չինացիների հետ կուսաթա- ղանթներ ներկրողները, ինչ-որ անհասկանալի անվան տակ, Հայաստանում սկսեն բարեգործական, կրթական կամ գենդերային ծրագրեր մշակել:
– Ո՞ւր է մնացել իր ցեղի ու ժողովրդի նախաստեղծ հանճարի հայը: Ո՞ւր է մերը, ազգայինը, հայկականը, հոգևոր հզոր հայրենիքը, հոգու զորությամբ իշխող մշակույթը, ո՞ւր է մտավոր, ազնվական հայը,- հարցնում էր հայ գրականության նահապետներից մեկը` Կոստան Զարյանը:
Ո՞ւր է այն հայը, որին մենք վստահել ենք հայ հանճարների` Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Դավիթ Անհաղթի, Մխիթար Գոշի, Հերացու, Նարեկացու, Սարգիս Պիծակի ու Թորոս Ռոսլինի… Հրանտ Մաթևոսյանի և Լևոն Խեչոյանի հայրենիքը:
Եթե 1990-ականներից մինչև օրս 1.5 միլիոն հայ է դուրս եկել Հայաստանից (ես ասում եմ՝ եթե), ուրեմն՝ Պարույր Սևակի ասած) «սպիտակ եղեռնը» արդեն իրականացրել ենք:
Որտե՞ղ է այն հայը, որ առանց դավադիր գնդակ արձակելու, բարոյական ոչնչացման ու սև փիառների փոխարեն, ոսկեկուռ լողարաններում խոնջանալու տեղակ, երամ-երամ հայրենիքը լքող իր հայրենակիցներին հայրենաուրաց ճանապարհներից հետ վերադարձնելու ջանքեր է թափում, ճշգրիտ գործի մեջ` ոչ թե սեփական թիմի անգրագետ ու պնակալեզ կեղծարարին, այլ երկրի քարը քարին դնող հայորդուն է ընդառաջում: Միլիարդները այս կամ այն օտար կազմավորումներին տալու փոխարեն, երկրի պարտքերն է փակում, օրեցօր լքված գյուղերում աշխատատեղեր է ստեղծում, քաղաքի կենտրոնում իր իսկ կառուցած բազմահարկ բնակելի շենքը տրամա­դրում է երկրորդ գաղթ ապրած իր հայրենակիցներին` սիրիահայերին, ձմռանը գազի ու էլեկտրաէներգիայի գինը չի բարձրացնում, ամռանը` ջրի վարձը: Ո՞ւր է հայ ժողովրդի երազած այդ միակ ու եզակի հայը, նա մեր ժամանակի իսկական հերոսը կդառնար: Ինձ հարցնում են, թե ինչո՞ւ անուններ չեմ գրում, եթե մեկը լինե՜ր, կամ դրանից ինչ օգուտ: Հարցնողն ինքն էլ գիտի, որ կրկնությունը գիտության մայրը չէ…
«Ազգայնական, պայքարունակ հայության զգացողություն պիտի ունենալ»: Գարեգին Նժդեհի այս տողերը արյունով են գրվել՝ ընդմիշտ հիշելու համար:
Ազգի համար չկա պաշտոնյա. կա ազգի որդի, ով ստանձնելով իր ժողովրդի մահապարտը լինելու հանդգնությունը, նրանց պահում է ի վերուստ տրված իր շնորհների ու առաքինության մեջ: Ո՞վ է հայը. ոչ թե ազգերի ու ազգությունների, այլ ի՛ր համար, ինքն իր ներսում: Անկախություն չունեինք, անկախություն էինք երազում, իսկ երբ ունեցանք, փախչում ենք նրանից: Ողբում էինք հայոց պատմական տարածքների համար` արցախյան հաղթանակով ավարտվեց մեր պատերազմը: Երկիր-պետություն-հաղթանակ, թվում է՝ ազգային պետական գաղափարախոսությունը ոտք էր դրել հայրենիք, սակայն կարճ ժամանակ անց ընչաքաղցությունը գլուխ բարձրացրեց, և արժեքները խոնարհվեցին: Մենք միշտ էլ պատերազմի վտանգի առաջ ենք կանգնած, և մեր բանականությունը չպետք է նահանջեր ոսկու առաջ…
Ընդամենը վերջերս հողին հանձնեցինք իր պարտքը հայրենիքի նկատմամբ կատարած հերոս հայորդուն` Արմեն Հովհաննիսյանին: Իսկ ամե՞ն ինչ էր իր տեղում: Աչքերիս առաջ 1990-1992 թթ. էին, երբ Արցախից Ազատության հրապարակ էին բերում զոհված տղաներին և հետո ուղեկցում Եռաբլուր: Ափսո՜ս, արցունքն ի՛նչ էր 19-ամյա այս հերոսի համար: Նա ծառայության էր մեկնել՝ հայրենիքն իր հետ տանելով և հավատարիմ մնաց իրեն և հայրենիքին: Սա էլ է հայի տեսակ, ինչպե՞ս չխոնարհվես այս անձնուրաց քաջի հիշատակի առաջ: Սակայն հենց նույն օրը, Վանաձորի զորամասերից մեկում, դաժանորեն ծեծի էին ենթարկել մի զինվորի: Այս մասին ես կարդացի էլեկտրոնային կայքերից մեկում, այստեղ էլ աչքիս առաջ եկան Ազատության հրապարակում, ծառայության մեկնած և ընկերների կողմից սպանված զինվորների մայրերը, որոնք Ազատության հրապարակից պահանջում էին վերադարձնել իրենց զավակներին: Գոնե հայրենիքի համար հերոսաբար ընկնեին որդիները, ոչ թե… Մինչև ե՞րբ ենք հանդուրժելու մեր պաշտպանության ուժի քաղցկեղը: Նման արարքներ կատարող անհայրենիք «վրիժառուները» որքա՞ն պիտի անպատիժ արատավորեն մեր ամենամեծ հաղթանակի` հայոց բանակի հեղինակությունը: Ես կարծում եմ՝ նման ոչնչություններին պատժելու հետ, քրեական գործ պետք է հարուցել նրանց այդպիսին դարձնողների դեմ:
Ուկրաինայի նման հզոր երկրում եղբայրասպան պատերազմ է սկսվել, սոցիալական խնդիրը վերաճել է քաղաքականի, և այսօր դրսի ուժերի դիրիժորական փայտիկը տեղի է տալիս: Ժողովրդական հեղեղը անկառավարելի է: Զոհվեց նաև մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանը: Ուկրաինացիները նրան սպանողի համար գլխագին նշանակեցին… Ո՞վ է գլխագին նշանակելու զորամասում «միամտաբար» սպանված հայ զինվորի սպանողին հայտնաբերելու համար…
Մեր ժողովրդի զսպվածությունը սահմաններ չի ճանաչում, հազար խոնարհում քեզ, բազմաչարչար հայ ժողովուրդ, դանակը ոսկորիդ քանի՜ անգամ հասավ, ու երբ ոտքի ելար, առաջնորդներդ հուսախաբ արեցին քեզ, իսկ դու հավատիդ վրա հոխորտալով ու քեզանից խռովելով, ներողություն խնդրեցիր պապերիդ շիրիմներից, հայացքդ գամեցիր քո իսկ կառուցած տան վրա, որ հեռանալուցդ հետո չփլվի, և դիմեցիր արտագաղթի փրկության փրփուրներին: Ամեն հայ մի գիրք է. գիրք չկարդալով ու հեռանալով մեր պատմությունից՝ մենք ուրանում ենք մեր սրբերի թողած հետքերը…
Ո՞վ է այն հայը, ով թույլ չտվեց՝ խաղաղ օրերում որդիդ բանակում զոհվի, ու նրա համար տուն կառուցեց, աշխատատեղ ստեղծեց, իսկ քեզ, հայ մարդ, այնքան կենսաթոշակ նշանակեց, որ հպարտությամբ հյուրասիրեցիր ընկերոջդ ու կարողացար թոռանդ համար օրինակ դառնալ` քարոզելով երկրիդ հանդեպ սեր ու պաշտամունք…
Հայի գենետիկ տեսակը ես շատ երկար եմ որոնել, բանաստեղծությունը թողած, նույնիսկ զբաղվել եմ պատմական փաստերի ուսումնասիրությամբ՝ հայկական գենից մինչև հայոց մշակույթ: Հայը թափառական գնչու չէ: Նա տիեզերական հրաշք է, Աստծո ձեռագիր, ո՛չ կռվասեր է, ո՛չ պատերազմասեր. հայը հոգևոր երևույթ է Երկիր մոլորակի վրա: Նա 11000 տարեկան Պորտասար է կառուցել…
Մեր ժողովուրդը գրավոր թե բանավոր իր ստեղծած-ունեցածի մասին միշտ է հիշատակել, և չեմ կարող չասել նաև, որ երբ ինքնաթիռից իջնում ես օդանավակայան, զգում ես, որ պետություն ես մտնում: Երբ մայրաքաղաքից ճանապարհ ես դուրս գալիս դեպի մարզերը, մտածում ես, որ օտարերկրացին քեզ չուկչիի տեղ չի դնի, երբ նայում ես նորակառույց հիվանդանոցներին, գերատեսչական շենքերին, մտածում ես, որ երկրումդ հալոցք կա, սակայն ինչպիսի լավ գործեր էլ որ անելու լինենք, երբ նայում ես քաղաքի բազմահարկ շենքերի լուսամուտների սև խոռոչներին ու լսում լքված գյուղերի կիսավեր տների հառաչանքները, աչքերիդ առաջ մշուշ է. ուրեմն` ոչինչ չենք արել:
Ամենաթանկարժեք կապիտալը յուրաքանչյուր պետության համար իր ժողովուրդն է: Ժողովուրդն իր իշխանավորի հայելին է: Փայփայե՛ք, պաշտպանե՛ք հայրենաստեղծ այդ կախարդական հայելին, որ նրա խորքերում գտնեք հայի պատվավոր ձեր տեսակը, որպեսզի գալիք սերնդի համար հար ու հավետ մնայուն արժեք լինի մեր ու ձեր՝ բոլորիս հայրենիքը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.