ԵՎ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ԿԱ ԵՐԿՆՔՈՒՄ / ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սուսաննա-Հարությունյան

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից

Դռների մեջ կանգնածներից մնացել էին երկուսը: Բժիշկն ասում էր, որ հոյակապ արդյունք է նման կարճատև բուժման համար: Բայց` ավելին պետք չէ սպասել, այդ երկուսը կմնան: Իհարկե, ժամանակակից բժշկության հնարավորություններն անսահմանափակ են, ինչի շնորհիվ երկու տեսիլքն էլ խելոք կլինեն, չեն քաշքշի, չեն ծաղրի տղային, ինչպես նրանց հետ խմբով եկածները. խելոք կլինեն, բայց` կլինեն:
Մոր շորերը տղային հուսահատության մատնեցին:
Նա տեղ գնալու սիրուն շորեր ուներ` իտալական, Թուրքիայից բերված, որ թանկուկրակ առել էր մարդամեջ մտնելու համար: Բայց հիմա եկել էր հողոտ, աշխատանքային շորերով, չստերով, որոնք երեք տարի տանը հագնելուց հետո տարել էր հողամաս` գործի մեջ հագնելու, և հաստատ իրեն հայելու մեջ չէր նայել, թե չէ կտեսներ աջ այտին քսված մուրը:
Մինչ քամին իր իմացածը համարձակ շրխկացնում էր աշխարհի երեսին, մայրը բժշկին համոզում էր, ցեղից բազմաթիվ օրինակներ բերելով` ապացուցում, որ իրենք այդպես են ապրում. կուզեն` կհայհոյեն, կուզեն` կգոռան, կուզեն` տնից մերկ դուրս կգան, լացելու տեղը կխնդան, խնդալու տեղը` կլացեն.
– Վերջին հաշվով դրանք օրենքով դատապարտելի չեն, չէ՞… ընդամենը ճաշակի հարց է: Բժի՛շկ ջան,- ձեռքը սեղանին հենած ու ճեփ-ճերմակ ծածկոցը հողոտելով` բացատրում էր նա,- ճիշտ չէ. մեր ազգում գժեր չեն եղել: Պապիս մորաքույրը ինքնասպան է եղել, որովհետև նրան կոմունիստները դաժանաբար ծեծել ու աստված գիտի էլ ինչեր են արել: Բա ո՞նց դիմանար: Ես էլ չէի դիմանա: Թե չէ էդ ո՞ր գիժն է գնում Լենինգրադ, ուսում ստանում, հետ գալիս գյուղում ուսուցչությամբ զբաղվում: Սուտ է, սուտ, բժի՛շկ ջան, գիժ չէր, ուղղակի չդիմացավ: Հորաքրոջս տղա՞ն: Նա ոստիկան էր գցել մեքենայի տակ: Այո՛, առանց պատճառի, և նրան էլ սովետական միլիցիան էր ծեծել: Գիտեք ի՜նչ կատարելագործված մեթոդներ կան ծեծելու: Մարդու մարմնի վրա էնպիսի տեղեր կան, որոնք ծեծից չեն կապտում… դրա համար տարան հոգեբուժարան, թե չէ` նա առողջ մարդ էր, ի՞նչ հիվանդ, բժի՛շկ ջան: Ամուսի՞նս… ա՜յ բժիշկ, դուք էլ եք տղամարդ, հիմա, խմած է եղել, գլուխը մի անգամ տվել է պատին: Էդպիսի մարդ կա՞, որ կյանքում գոնե մի անգամ գլուխը պատին տալու ցանկություն չունենա:
Բժիշկն ասաց` շատ լավ: Տղային նըստեցրեց կողքի աթոռին ու սկսեց ներարկիչի մեջ դեղ հավաքել: Մայրը աթոռին ընկրկած, շվարած նայում էր. «Բժի՛շկ ջան, հոգեկա՞ն է»: Բժիշկը տղայի արմունկի մոտ երակը չհավանեց, դաստակի վրա ուրիշն էր փնտրում. «Վախենալու բան չկա, բուժվող է»,- ասաց՝ ասեղը մաշկի տակ մտցնելով: Մայրը վախեցած ու գունատ նայում էր որդու երեսին` իբր մինչ այդ գիժ չէր տեսել, իբր նա առաջինն էր, իբր տղան չէր լսել, թե աբորտներից հետո ոնց էր արդարանում Տիրամոր պատկերի առաջ` գլխով ցույց տալիս խմած, չաշխատած, ինչ-որ տեղ ընկած ջարդուխուրդ եղած ու արնոտ քիթմռթով հորը. «Աստված ջան, ես սրա ցեղը ո՞նց շարունակեմ»:
Ներարկումից հետո տղային թողեցին նստած, առանձնացան կողքի սենյակում, և նա կիսաբաց դռնից լսում էր, որ բժիշկը ցուցումներ է տալիս` թե ինչպես պետք է պահեն տանեցիներն իրենց, որպեսզի բուժվի. պետք է նրա սրտով գնան, չնյարդայնացնեն, ոչինչ չպարտադրեն, երեխան պետք է ժամանակին ուտի, ժամանակին քնի, ժամանակին արթնանա…
Նրանք բժշկի մոտից դուրս եկան ու գնացին տուն, որովհետև նորածին հորթին կերակրելու ժամանակն էր: Խանութի մոտով անցնելիս մայրը գորովանքով հարցրեց.
-Կուզե՞ս կոնֆետ առնեմ:
-Չէ՛,- մրթմրթաց տղան,- թեև խանութից դուրս եկող՝ շաքարաքլոր լպստող երեխաներին միշտ նախանձել էր, բայց երբեք չէր համարձակվել մորից խնդրել, քանի որ գիտեր պատասխանը` փող չկա:

Խոյանում էր սարը` գնչուի գոտու պես ճամփաները մեջքին յոթ փաթ ձգած: Ամպերի ստվերները ընկել լանջերին` կարմիր որդերի պես կուչուձիգ լինելով սողում էին: Ամպն առաջ էր գալիս, ստվերն էլ հետը, ամպն առաջ էր գալիս՝ ստվերն էլ հետը: Եվ թվում էր, թե սարը քայլ-քայլ գալիս է քո վրա: Ու շրխկաց ամպրոպը… Քարե մամռոտ գլուխները թշշում, ցնցվում ու մնում էին կանգուն: Սարը ծեծկվում էր երկնքի թափից, անձրևը լցվում փոս ու ճաքի մեջ` սև-մութ լվացած գալիս էր, անձավ-պատռվածքներից խավար էր հորդում:
Անդինի հուները ցամքեցնել-քամելով` անձրևը եկավ ու եկավ: Ջրհեղե՛ղ: Մեծ-մեծ կաթիլներով` ջուրը, ամպերը, կապույտը և այն ամենը, ինչ կար երկնքում` լերդ-լերդ թափվում էին ցած:
– Վա՜յ,- գոռում էր մայրը,- գոնե մի տղամարդ լիներ… մի տղամարդ լիներ, ջրի հունը փոխեր, ծառերս արմատախիլ եղան:
Ջուրը քերել հողը, ոսկրախառը լվանալով գալիս էր` գազար ու կարտոֆիլ օդում պարացնելով: Ինչ-որ մեկի գոմն էր սրբել` սագ ու ոչխար ջրի երեսին տնգտնգում, բառաչել-կռկռալով ելնում-իջնում էին, ապա ալիքներում կորչում.
– Վերջ,- հուսահատվեց մայրը՝ սարսափած աղջիկներին ծնկներին կպցըրած,- ձմեռը չենք հանի… Մի տղամարդ լիներ, ջրի հունը փոխեր… ծառերս…- ու աղիողորմ նայում էր տղային:
Սկզբում ջուրը քիչ էր` ծնկներից, ու նա կարողանում էր բահն առաջ դնելով, նրա վրա հենվելով առաջ գնալ: Ամպրոպը երկինքը փլելով խորքերից դեռ գալիս էր… թե ինչեր էր քանդում իր ճամփին` անտեսանելի էր, բայց այդ ահավոր որոտը, որով փուլ էր գալիս երկնքի ներսը, առհավետ արձագանքվելու է տղայի ուղեղում:
Կայծակը խոցոտում էր ամպերի կողերը, ճլոթում իրեն կորցրած երկնքի երեսին, կապույտ կաշին պլոկում-հանում, ու անդինի խոժոռ դեմքը խանձվում` ավելի էր սևանում: Ապա թեքվեց ու կրակ թքեց ծառերին… Հսկա բարդին մեջտեղանց կիսվեց, այրված թևերը գցեց` աջ կեսը հողին, ձախը` ջրի մեջ, տղայի դիմաց, համարյա վրան: Ճյուղերը ջուրը պոռթելով խրվեցին հատակի մեջ, մամուռներում թաք կացած մի քանի գորտ խողխողեցին: Ագռավները կռկռալով թռան մամռակալած երկինք, բները թափվեցին շատացող ջրի մեջ, և բներում եղած ձվերը ջրախեղդ եղան:
Երկինքը դղրդոցով լուսավորվում-ցնցվում, ծեծկվում էր գագաթներին: Ծակ ամպերից ջուրն արդեն ֆշշում էր, և թվում էր` երկինքը արնաքամ եղած ջրազրկվեց, նրա երակներում կյանք չմնաց, և վաղվանից աստղերի փոխարեն ուղտափշեր պիտի աճեն: Այնտեղ` վերում, ինչ-որ մեկը փոփոխում էր իր գոյության սահմանները:
– Մի՛ վախեցի, ես էստեղ եմ, առաջ գնա,- քաջալերում էր մայրը սարսափած երեխային: Քամին ճղճղում էր նրա ձայնը, բզիկ-բզիկ ծեփծփում աջուձախ, ու տղային միայն «գնա՜» բառն էր հասնում… Երկինքը` մութ, անձրևը` պղտոր. աստծո աչքերից թարախ էր թափվում, բայց մայրը չէր ասում` ետ արի, նա կանչում էր` գնա՜: Եվ մտքից, որ ծառերը մոր համար ավելի թանկ են, քան ինքը, տղան շանթահարվեց, ջուր քաշած հողի պես մքռեց մնաց: Նա սարսափած նայեց վեր, որ ստուգի` էլ ի՞նչ կարող է թափվել իր գլխին որոտ-կայծակից բացի: Բայց վերն ամբողջությամբ պղտոր ջուր էր` բզորված երկինք: Ու նա այդ օրվա կայծակը, ամպրոպը, սարսափը յուրացրեց, սեփականեց. դա զե՛նք էր, որով կարելի էր պաշտպանվել, ինչը և բնազդորեն անում էր մակարդված անհունը:

Նրանք պատշգամբում նստած մածուն էին ուտում: Նախկինում մայրը մածունը առաջինը փոքր քրոջն էր տալիս, որովհետև նրա ստամոքսը խախուտ էր, իսկ հիմա դրեց տղայի առաջ: Տղան գոհ էր: Բայց նրան դուր չէր գալիս մեծ քույրը, որը պեպենոտ էր, և որի պեպենները մգանում էին արևից, ու դրա համար երբեք չէր մտնում այգի, այլ այգու կյանքին հետևում էր պատշգամբից ու մեկ-մեկ էլ նկատողություն անում եղբորը` լոբին լավ չջրվեց, կամ` էն ծառը ծարավ մնաց: Տղան` ճյուղերով պատշգամբ մտած ծառից տերևներ պոկեց ու լցրեց ավագ քրոջ մածունի մեջ.
– Մա՜,- անմիջապես տզզաց գդալը պատրաստ պահած աղջիկը,- դրա սևը տուր:
– Հա, լավ…- հանգստացրեց մայրը,- աշխարհը փուլ չեկավ, նորից կլցնեմ:
Տղան գոհ էր. գոհ էր, որ մեծ քույրը լաց է լինում, փոքրը ավելի ուշ ստացավ իր բաժինը, քան լինում էր սովորաբար… Բայց դա դեռ էն կայծակը չէր, ոչ էլ էն որոտը, որ գալիս էր երկինքը փլելով:
– Բալետ եմ ուզում նայել,- հանկարծ ասաց նա:
– Որ գնացի շրջկենտրոն` ձայներիզ կառնեմ:
– Իսկական համերգ,- պնդեց տղան,- ռեկլամ եմ տեսել հեռուստացույցով, ինչ-որ աշխարհահռչակ բալետ Երևանում հյուրախաղեր է տալիս:
Մեծ քույրը փռթկացրեց, փոքրը հարցրեց.
– Բալետն ի՞նչ է:
Տղան չէր կարող նրան պատասխանել, թե դա իրականում ինչ է, որովհետև գյուղերում միայն երբեմն-երբեմն կյանքի գովազդն է տեղ հասնում, ոչ թե կյանքն ինքը: Բայց հեռուստատեսային գովազդից հասկացել էր, որ կիսամերկ մարդկանց պարը` բութ մատերի ծայրին, թանկ արժե: Եվ ուզում էր, որ մայրը վճարի, թանկ վճարի, համարյա թե պարի իր առաջ բութ մատերի վրա:
Նա խռոված գդալը շպրտեց հատակին.
– Բայց շատ թանկ արժե,- շեշտեց մեծ քույրը:
– Էնքան էլ չէ,- ասաց տղան,- մեր հորթի գնին:
– Բայց մենք էլ կով չենք ունենա,- տխուր ժպտաց մայրը,- էլ ո՞նց կապրենք, էլ ի՞նչ գյուղացի առանց կովի:
Տղան ուզում էր ասել. «Ոչինչ, երբ շատ սոված լինեք, կմոռանաք, որ մեծ աղջիկը պեպեններ ունի ու նրա մաշկը պետք է պահպանել, բահը կտաք ձեռքը, կիջեցնեք այգի, ու ես պատշգամբում նստած կհուշեմ, թե որ ծառը ծարավ մնաց: Կմոռանաք, որ մյուսի ստամոքսը խախուտ է ու ճաշի միջի փափուկ մսերը պիտի ուտի, կաթի սերը…»:
– Ուզում եմ…- պնդեց ու հայացքը սառեցրեց մի կետի:
– Շա՛տ բան ես ուզում,- չարախնդաց մեծ քույրը:
– Գործ չունես,- նրան սաստեց մայրը,- էլի կվատանա:
Ապա մոտեցավ, ցնցեց տղայի ուսը: Տղան չարձագանքեց: Նա նորից ցնցեց տղայի ուսը, ցավակցորեն քշտեց քիթը, փարվեց տղային ու լաց եղավ:
Տղան նրան ետ հրեց.
– Հիմա,- մայրը քիթը սրբեց թաշկինակով,- հիմա կգնամ շըրջկենտրոն և տոմս կառնեմ:
– Շրջկենտրոնում դրանից չի վաճառվում, պետք է հեռախոսով պատվիրես,- ասաց տղան:
– Կպատվիրեմ,- խոստացավ մայրը:
– Պա՜հ,- ծոր տվեց փոքր քույրը:
– Հենց հիմա,- պնդեց տղան, ապա իջավ աթոռից ու կուզեկուզ քայլեց սենյակով,- գնամ կոշիկներդ բերեմ:
-Իսկ ինչի՞ կուզեկուզ,- գդալը լպստելով ծիծաղեց քույրը,- ուղիղ քայլիր:
– Չէ՛,- մերժեց տղան,- ուղիղ որ քայլեմ, գլուխս կխփեմ երկնքին, արևը կփշրվի, կթափվի ցած:
Մայրը կծեց ափի մեջ գունդ արած թաշկինակը, որ հանկարծ չփղձկա.
– Հենց հիմա,- ու վազեց կոշիկ հագնելու,- ճանապարհին էլ կպայմանավորվեմ մսի մթերման կայանի հետ, որ գան հորթը տանեն:
– Դու հո չե՞ս գժվել,- գոռաց մեծ քույրը,- էդ ով դառավ որ… իր պատճառով սոված նստենք:
Մայրը դռան մոտից ձեռուոտով հասկացնում էր աղջկան, որ ձայնը կտրի, թե չէ կվատանա,- շշնջում էր նա:
Տղան գոհ էր: Նա առայժմ չգիտեր` վրե՞ժ է լուծում մորից այն ամպրոպի համար, թե՞ երջանիկ է, որ մայրը մտածում է նաև իր մասին: Բայց գոհ էր և ուրախ-ուրախ վազեց դեպի դուռը, որ ճանապարհի նրան: Դռների մեջ կանգնածները ևս գոհ էին: Բայց անկախ ամեն ինչից` բժիշկն ասել էր, որ նրանք կմնան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.