ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Mono PrintԽոսքը ՌԱԴՅԱՐԴ ՔԻՓԼԻՆԳԻ «ԵԹԵ» վերնագրով բանաստեղծության մասին է: Այն առաջին անգամ տպագրվել է 1910 թվականի հոկտեմբեր ամսին՝ «Ամերիկեն մեգեզին» ամսագրում, որը միանգամից շատերի ուշադրությունը գրավեց:
Այդ ժամանակ Քիփլինգն արդեն գրական աշխարհում ճանաչված ու մեծ փառքի հասած հաղինակներից էր, Նոբելյան մրցանակ շահած աշխարհի բոլոր գրողներից ամենաերիտասարդը:
«Եթե»-ն հեղինակի լավագույն և միաժամանակ ամենաշատ թարգմանված գործերից է: Թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն և աշխարհի շատ այլ լեզուներով: Միայն ռուսերեն թարգմանվել է վեց անգամ՝ տարբեր հեղինակների կողմից, տարբեր վերնագրերով, միայն Ս. Մարշակն է հարազատ մնացել բնագրի վերնագրին: Մնացածները, օրինակ Լ. Մոզինսկին, վերնագրել է «Պատգամ», Վ. Կոռնիլովը՝ «Երբ», Ա. Շարապովան՝ «Դուք նրանցի՞ց եք, արդյոք» և այլն: Ստորև ներկայացվում է վերոհիշյալ բանաստեղծության հայերեն՝ Մուշեղ Իշխանի, Սամվել Մկրտչյանի և Վլադիմիր Գասպարյանի թարգմանությամբ:
Բանաստեղծությունը նվիրված է Առաջին աշխարհամարտում զոհված որդուն:

ԵԹԵ
Եթե կրնաս պահել գլուխդ առանձին,
Երբ խուճապի մեջ է չորսդիդ ամեն մարդ,
Եթե կրնաս վստահ ըլլալ քու անձին,
Երբ ուրիշներ կը կասկածին քու վրադ,
Եթե կրնաս միշտ սպասել անձանձիր
Կամ չստել՝ շրջապատված սուտերով,
Ատողներու միջև մնալ սիրալիր,
Եթե կրնաս ըլլալ բարի, բայց ուժո՛վ
Եթե կրնաս դուն երազել և սակայն
Չըլլալ գերին երազներուդ գերիշխող,
Հաղթանակեն ետք հանդիպել պարտության
Եվ նո՛ւյն ձևով ընդունիլ զույգն այդ խաբող,
Եթե կրնաս լսել քու խոսքդ վճիր
Չարափոխված հիմարներու ծուղակի
Ու խորտակված տեսնել մեծ երկը կյանքիդ,
Բայց վերստին զայն շինելու գաս ծունկի,

Եթե կրնաս շահը հազար ճիգերու
Մեկ հարվածով հանձնել բախտի սեղանին
Եվ անտրտունջ, առանց երբեք ողբալու
Վերսկսիլ ծայրեն ամեն ինչ կրկին,
Եթե կրնաս սիրտ ու ջիղեր ու մկան
Մաշումեն ետք նորեն լարել անդադար
Եվ դիմանալ, երբ մեռած է ամեն բան,
Բացի կամքեն, որ կը մնա մեջդ վառ,

Եթե կրնաս արքաներու հետ՝ պարզուկ,
Ամբոխին մեջ՝ առաքինի ըլլալ միշտ,
Եթե թաղես կրքի րոպեն վաղանցուկ,
Եթե մարդիկ անզոր են քեզ առթիլ վիշտ,
Եվ ամենուն կու տաս արժեքն իր արդար,
Եթե սիրես, բայց սիրո խենթ չդառնաս,
Քո՛ւկդ է Երկիրն ու իր գանձերն անհամար
Եվ ավելին՝ այն ատեն Մա՛րդ ես, տղաս:

Թարգմանությունը՝ ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆԻ

ԹԵ

Թե կարող ես դու դիմանալ, երբ քո շուրջը մշտապես
Մարդիկ իրենց մեղքի համար քեզ մեղավոր են ընտրում,
Թե կարող ես քեզ վստահել, կասկածում են երբ որ քեզ,
Կասկածելու համար անգամ թույլտվություն են խնդրում:
Թե կարող ես դու սպասել ու չհոգնել դրանից,
Հազար ու մի սուտ լսելով մնալ ազնիվ ու շիտակ,
Թե կարող ես հեռու մնալ ատելության խարանից,
Ոչ չափազանց համեստ լինի, ոչ պարծենկոտ մի գիտակ:

Թե կարող ես դու երազել, բայց չգերվել երազին,
Թե կարող ես դու մտածել, բայց մտքերով չհարբել,
Թե կարող ես դիմակայել խինդն ու վիշտը միասին
Եվ այդ երկու խարդախների հանդեպ լինել անտարբեր:
Թե կարող ես դու համբերել, երբ քո խոսքերը արդար
Խարդախ մարդիկ շուռ են տալիս, որ թակարդը գցեն քեզ,
Ու տեսնելով, որ փլվում է քո շինածը անարդար,
Կարողանաս հին գործիքով նորը կերտել մշտապես:

Թե կարող ես քո շահածը դարձնել փողի չնչին կույտ,
Ունեցածդ գրավ դնել ու տանուլ տալ հավիտյան,
Թե կարող ես դու տանուլ տալ, հետն էլ ասել, թե՝ ի՛նչ փույթ,
Եվ ոչ մեկին չտրտնջալ, թե կորցրել ես ինչ-որ բան:
Թե կարող ես այնպես անել, որ քո սիրտն ու մկանը
Շարունակեն քեզ ծառայել, երբ ապրելն է անհնար,
Եվ դիմանա՛լ, երբ թվում է, թե հասել է քո ժամը,
Եվ գերազոր կամքն է միայն հրամայում ողջ մնալ:

Թե կարող ես ամբոխի հետ լինել ազնիվ ու բարի,
Արքաների հետ ոտք մեկնել ու միշտ մնալ հասարակ,
Թե քեզ երբեք չվնասեն բարեկամ ու թշնամի,
Այլ միշտ քեզ հետ հաշվի նստեն (բայց ո՛չ ամեն ստահակ):
Թե կարող ես անագորույն րոպեն դարձնել ամեն օր
Երկարաձիգ, իմաստալից ու վեց տասնյակ ակնթարթ,
Քոնն է այդժամ ողջ աշխարհը և բարիքները բոլոր,
Եվ ամենից կարևորը՝ դու կլինես, տղաս, Մա՛րդ:

Անգլերենից թարգմանեց ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ԹԵ ԿԱՐՈՂԱՑԱՐ

Խենթ, խռովահույզ խառնամբոխի մեջ
Միշտ հաստատակամ, աներեր եղիր,
Հոգուդ մոմերը պահիր դու անշեջ
Ու կարողացիր տանել մարդկային
Ատելությունը նախանձաժպիրհ՝
Չմեղադրելով երբեք ոչ ոքի…
Ամենադաժան, չարաղետ պահին
Եղիր քո ուղուն միշտ հավատարիմ.
Եղծ ստի դիմաց՝ երբեք չստել,
Չհալվել տենդով սպասումների,
Ներել կարենալ ու չցուցանել
Բնավ, թե որքան լավն ես ու բարի:

Մի՛ դարձիր գերին երազանքների,
Բայց գիտցիր նաև երազել կյանքում.
Եվ խորհել գիտցիր ու քեզ մի՛ տանջիր
Խրթին մտքերի սև մղձավանջում…
Հավասարապես դու դիմավորիր
Հաջողություններ և անարգանքներ,
Զույգ դիմակներ են դրանք, իմացիր,
Երկու կեղծ դիմակ՝ նույն երեսն իր վեր,
Ճշմարտությունը, թեև տառապած,
Խեղդվում է գրկում պիղծ արարածի,
Երբ ամեն ինչ է հիմքից ավերված,
Առ սուրդ կրկին ու վեր սլացիր…

Եվ կարողացիր դու վառ հույսերով
Խաղասեղանին դնել ամեն ինչ…
Ազնիվ քրտինքով վաստակածը քո
Տանուլ տալ մեկեն, չունենալ ոչինչ
Առաջվա նման ու կյանքում, բնավ,
Չզղջալ երբեք արածիդ համար…
Ու ձգտիր ստիպել, որ քեզ ծառայեն
Սիրտդ, մարմինդ, նյարդերդ ամեն,
Երբ քո կրծքի տակ դատարկություն է
Եվ ավերված է, այրված անխնա
Ամեն-ամեն ինչ, ու լոկ կամքդ է,
Որ հուշում է քեզ՝ «Պոկվիր ու գնա»:

Ու մնա անեղծ, պարզ ու հասարակ
Արքաների հետ՝ զրույցի պահին,
Ամբոխների մեջ՝ ազնիվ ու շիտակ,
Թշնամու հետ քո ու բարեկամի
Զուսպ ու ամրակամ, նաև ուղղամիտ,
Թող հաշվի նստեն ամենքը քեզ հետ:
Իմաստավորիր քո կյանքի բոլոր
Ակնթարթները՝ քո իսկ քրտինքով,
Ու մաքառումով դու հասնես պիտի
Քո տենչանքների բարձունքին վսեմ,
Այդժամ աշխարհը քոնն է, հիրավի,
Ավելին, որդիս, դու ՄԱՐԴ ես, կասեմ:

Անգլերենից թարգմանեց ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Մեկ մեկնաբանություն

  1. Թարգմանությոնով զբաղվելը, ստեղծագործելուց դժվար է կասեի շատ դժվար, բայց վերոնշյալ գործերը այնքան հաջողված են, որ կարելի է հաճախակի կարդալ և նույնիսկ անգիր անել: Երեք թարգմանություններն էլ իրենց թե բանաստեղծական և թե գաղափարական որակով մեկը մյուսին չեն զիճում: Բանաստեղծություն հասկացողը դրանք կարող է պանել գրպանում
    ՛՛հեռախոսի մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.