Լևոն ԲԼԲՈԻԼՅԱՆ

Լևոն-ԲլբուլյանԲԱԽՏ
Բա՛խտ, որքան էլ պատրաստ եղա
Քո զանազան մութ խաղերին`
Հարվածներդ հանկարծ եղան
Ու դեռ անհայտ ցավեր բերին:

Չհաջողվեց խույս տալ կյանքում
Իմ այս անտես վթարներից,
Կռիվներից լուռ ու թաքուն,
Անակնկալ կորուստներից:

Ու չստացվեց մի հուսալի՜,
Կայո՜ւն դաշինք կնքել քեզ հետ`
Վստահ արդեն, որ չի խոցի
Ինձ դավադիր էլ ոչ մի նետ…

Այս ամենին կգա՞ մի վերջ,
Թե՞ այսպես էլ պիտի գնա,
Ու մեր միջև հավերժ մի վեճ,
Լուռ մի կռիվ միշտ կմնա:

ՀԱՐՑԵՐ
Քանի՞ երգով կարողացար
Ինչ-որ նոր հարց նետել կյանքին,
Ոգու ինչ-որ գաղտնիք բանալ,
Ճար անել գեթ մեկի վերքին:

Հոգիդ քանի՜ տենչով ծաղկեց,
Լուսարձակվեց աշխարհի դեմ,
Բայց ո՞ւմ բախտը արդյոք զուգեց,
Ո՞ւմ ընծայեց սիրո եդեմ:

Սիրտդ` թիրախ մի անպաշտպան-
Հազա՜ր տեսակ ցավի դիմաց:
Ի՞նչ հարվածներ տարավ անձայն,
Քանի՞ զարկից ճչաց խոցված:

Դեռ ապրում ես, երգում էլի,
Եվ սե՛ր թե ցա՛վ միշտ քեզ հետ են:
Դեռ քանի՞ երգ պիտի սիրուց
Ու քանի՞սը` ցավից ծնվեն:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ո՞վ է պիղծը, ո՞վ է արդար.
Ո՞վ է զոհը, ո՞վ` դահիճ…
Խառնվել է ողջը իրար
Քաոսի մեջ ավերիչ:

Առ ու ծախի ժխոր անվերջ,
Վաճառքի է ամեն ինչ.
Տալիս-առնում են շարունակ,
Խլում, փախցնում իրարից:

Գնում է, ով ինչ կամենա-
Հագո՛ւստ, պաշտո՛ն, զե՛նք թե կի՛ն,
Վաճառում` ով ինչ կարենա-
Խիղճ, տուն, պատիվ թե մարմին…

Եվ…տնքում է, լքված ու մերկ,
Սերը` ընկած ոտնատակ,
Ամեն վայրկյան մեռնում մի երգ,
Կորչում լույսի մի վտակ:

ԳԻՇԵՐՎԱ ՀԵՏ
Մի երգ նվիրիր այսօր ինձ, գիշե՛ր,
Մի երգ, որ և՛ իմ, և՛ քո մեջ ծաղկի,
Մարի այս անկոչ խռովքը իմ մեջ
Ու քնի անուշ մշուշներ փռի:

Կոհակվի անվերջ ու ծփա իմ շուրջ,
Ինձ` քեզնով ու քեզ` ինձանով լցնի,
Առնի աստղերից երազ ու անուրջ
Ու նրանց գրկում հոգիս օրորի…

Մի երգ նվիրիր այսօր ինձ, գիշե՛ր,
Երգ, որ հույսի տաք նվագներ ունի
Եվ ամոքելով` հնչյուն առ հնչյուն
Ինձ այս կյանքի հետ
նորից հաշտեցնի:

ԴԱՌԸ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ
Առաջվանը չէ, փոխվե՜ց ամեն բան,
Անհայտ, անծանոթ օրեր դեռ կգան.
Երգ ու երազից կխլեն շուտով,
Քեզ ուրիշ կյանքի ուղեգիր կտան:

Մի բոլորովին ուրիշ աշխարհում,
Այլ օրենքներով դու արդեն կապրես.
Էլ ո՛չ այլազան պահանջներ հոգու,
Ո՛չ խղճի ինչ-որ
կապանքներ անտես…

Հրաժեշտ կտաս բոլոր անտեղի
Սովորույթներին քո ամենօրյա.
Էլ աննպատակ հոգիդ չե՜ս պեղի,
Մուսայիդ հետ զուր
չե՜ս առանձնանա:

Չի՜ գերի նա քեզ էլ առաջվա պես,
Չի՜ մատնի թովիչ
նոր պատրանքների,
Դու կսովորես ապրել վերջապես
Առանց ինքնակամ
այդ խաբկանքների.

Առանց սերերի՛, որ հազա՜ր անգամ
Կախարդել են քեզ ու հիմա չկան,
Հոգիդ հսկող հին-նոր կարոտների՛,
Որ թաքցնում են դեռ
քեզնից ներկան…

Հետո…իր տեղը կընկնի ամեն ինչ,
Անցյալից քեզ էլ ոչինչ չի մնա,
Բացի կիսավարտ քո այն տողերից,
Որ գուցե երբեք էլ երգ չեն դառնա:

ՔԱՌՅԱԿՆԵՐ
* * *
Այս ճամփին դեռ նոր կորուստներ
կհաշվես,
Անհայտ, անտես արգելքների
կբախվես,
Սա՛ է կյանքը. թե նորից էլ գաս
աշխարհ,
Վաղ թե ուշ նույն երազներից
կխաբվես:

* * *
Մի՛ տանջիր քեզ, մեկ է կյանքը
էլի նույնը կմնա,
Դու էլ կանցնես, բան չի՛ փոխվի ,
նույն իր հունով կգնա,
Քանի՜ – քանիսն են քեզ նման փորձել աշխարհը շտկել,
Բայց ո՛չ զենքով, ո՛չ էլ երգով
գործը գլուխ չի եկել:

* * *
Տե՛ր, քո կանչով ե՛ս էլ եկա երգելու,
Իմ կարոտի, ցավի դաշտը հերկելու,
Չարության հետ սո՜ւտն ու
բի՜րտը հերքելու
Եվ իմ չափով սերն
աշխարհում փրկելու:

* * *
Ուրիշներին շատ հեշտ
խրատ ես կարդում,
Բայց դեռ քանի՜ կասկած
ունես քո սրտում,
Անպատասխան քանի՜ հարց կա
դեռ քո մեջ,
Որոնց վրա անվերջ
գլուխ ես ջարդում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.