Ռոման ԿԻՍՅՈՎ

Roman-Kissiov(Բուլղարիա)

Ծնվել է 1962-ին, Կազանլիկ քաղաքում: Հեղինակ է տասնյակ բանա­ստեղծական ժողովածուների, ար- ժանացել է Բուլղարիայի Ազգային մրցանակին: Թարգմանված Է շատ լեզուներով, այդ թվում՝ առանձին գրքերով. չինարեն, խորվաթերեն, մակեդոներեն: Մենք ծանոթացանք 2012-ի աշնանը, Արցախում, պոեզիայի միջազգային առաջին փառատոնի օրերին: Եվ ահա կրկին հանդիպեցինք, այս անգամ Բելգրադում, գրողների միջազգային համաժողովի ժամանակ: Գրկախառնվեցինք այնպես, ասես հարյուր տարվա ընկերներ լինեինք:

ՈՉ ՈՔ ԻՆՁ ՉԻ ՀԱՐՑՐԵԼ
Ինձ չի հարցրել ոչ ոք,
ուզո՞ւմ էի ծնվել,
ոչ ոք ինձ չի հարցրել,
ուզո՞ւմ էի ապրել
այս աշխարհում, հիմա,
ժամանակում իմ այս,
ոչ ոք երբևիցե ինձ չի հարցրել նաև,
ուզո՞ւմ էի իրոք լինել հենց այսպիսին,
ինչպիսին կամ:

Կյանքս ե՜ս չեմ ընտրել,
ինձ ընտրել է կյանքը,
ու երբ ինչ-որ մի օր
ձանձրացնեմ նրան,
կհեռանա հանկարծ,
չհարցնելով անգամ,
ուզո՞ւմ էի, արդյոք, որ բաժանվենք:

ՄԻՍՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԴԸ
Ո՞րն է գաղտնիքը քո
իմ հոգու վարդ.
դու մեկ թառամում ես
շողերի մեջ քնքուշ ցողերի մեջ
մեկ էլ բացվում հանկարծ
սառնամանիքի մեջ ու երաշտի

Իմ հոգու վարդ
ո՞րն է քո գաղտնիքը.
այդ ինչ հեղհեղուկ է
գույնը թերթիկներիդ –
կարմիր – դեղին – կարմիր և սպիտակ
ու մեկ էլ՝ սև հանկարծ ու սևավոր

Իմ հոգու վարդ
ծանիր առեղծվածդ վերին.
գեղեցկությունը քո և բուրմունքդ
ինչո՞ւ ես միշտ բաշխում ուրիշներին –
անհայտ և անանուն –
իսկ ինձ բաժին հանում
այս պսակը – հյուսված քո փշերից:

ԱՆԳԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ
Հնոտիների շուկայում կյանքի
մեր քաղաքագետ այրերը հանգիստ
հոգի են ծախում – առնում ու ծախում
(հոգիներն իրենց ծախել են վաղուց)

Հնոտիների վաճառաճահճում
մեր գործիչները մթին անցյալով
խոստանում են մեզ լուսե ապագա
(նոր բարդակներ են
կառուցում սակայն)

Նոր բարդակներում գործիչները հին
սնում են մոլի սատանաներին –
այնքան ջանադիր ու ճշտակատար
(իսկ ես սնվում եմ երգերով փշոտ)

Անգին հայրենիք –
երկրային դժոխք*:

———————–
*«Անգին հայրենիք – երկնային դրախտ» (Բուլղարիայի օրհներգից)

ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ
Զմրուխտե լուռ մի ծով
ադամանդե լողափ
շափղնագույն թևեր
հրեշտակի
և արծաթե ծառեր
և պտուղներ ոսկե

Այս ամենը մի օր
ես տեսել եմ այնտեղ
ուր չեմ եղել երբեք

ԱՊԱԳԱ
Եվ ճանապարհը կհրաժարվի
հետքերից ամեն
հետքերը՝ փոշուց,
տարածությունը մեջքով
կշրջվի քամիների դեմ
իսկ ժամանակը կհրաժարվի
ժամ ու վայրկյանից

Բանաստեղծությունն ընդմիշտ կմերժի
բառերն աշխարհիկ
և հոգիներին ապաստան կտա
երկնքում Խոսքի
որ արարում է անհայտ աշխարհներ
և հավերժություն

ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ
Կվերադառնա արցունքն առաջին
որ ծնվեց աչքում առաջին մարդու
առաջին օրը
առաջին մեղքին հաջորդած պահին

Կվերադառնա արցունքն առաջին
որ մայրը եղավ մարդկության բոլոր
արտասուքների
կվերադառնա
երբ հնչի Տիրոջ դատաստանն Ահեղ

Կվերադառնա արցունքն առաջին
ահեղ ու հսկա
և կհեղեղի աշխարհը համայն

Եվ դանդաղ քաշվող ջրերի միջից
կելնի նոր աշխարհ
առանց արցունքի:

ՍՏՈՐԱԿԵՏԵՐ
Կյանքը
շարան է ստորակետերի

Եվ այդ շարանը ստորակետերի՝
հարցականներով –
Մանկությունն է մեր

Եվ այդ շարանը ստորակետերի՝
ընդմիջումներով բացականչական –
Պատանությունն է

Եվ այդ շարանը ստորակետերի՝
բազմակետերով –
Ծերությունն է մեր

Իսկ վերջակետը
ամենավերջում
դնում է մի ձեռք – անտեսանելի

ՀՈՎԻՎԸ
(Օրփեոսի խոսքը աշակերտին)
Յուրաքանչյուր պոետ
արոտներն է քշում
նախիրն իր բառերի՞

Հովի՞վ ես դու պոետ

Մտաբերիր հապա այն օրերը
երբ անբարբառ էիր դու տակավին
ու երբ մեռնում էիր
քաղցից ու ծարավից
կենդանարար Բառի
հիշիր թե ինչպես են բառերը քեզ հանել
արոտները երկնի
և առաջին անգամ
հոգիդ ճաշակել է
սնունդն անապական
և հագեցել ջրից անմահական –
հավերժական Բանի որ է՜ր ի սկզբանե…

Մտաբերիր մի պահ և
մեկընդմիշտ հիշիր
որ Բառը քեզ երբեք չի պատկանել
այս երկնքի ներքո

Բառը Հովիվն է քո

Թարգմանությունը՝ Գագիկ Դավթյանի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.