Բանաստեղծությունը` ահազանգ

Վահան-Անդրեասյան

Դեկտեմբերի 5-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, երգահան Վահան Անդրեասյանի (Տեր Թովմա քահանա) «Թիթեռների աշխարհում. դատաստան» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գրքի նոր, համալրված տարբերակը լույս է տեսել «Ժամանակակից հայ պոեզիա» մատենաշարով: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, ներկայացնելով Վ. Անդրեասյանին որպես լուրջ զգացմունքների, մաքուր քրիստոնեական արժեքներ դավանող բանաստեղծի, նշեց, որ նա ժամանակակից մտածողության տարրերը գեղեցկորեն զուգակցում է ավանդական բանաստեղծության արմատների հետ: «Ժողովածուում ընդգրկված բանաստեղծությունները բարի, անչար լույսի ներքո ամբողջական պատկերացում են տալիս Տեր Թովմայի նկարագրի, նրա ապրումների, մտահոգությունների մասին»,- վստահեցրեց Էդ. Միլիտոնյանը:
Ըստ բանաստեղծ Արևշատ Ավագյանի, ով նաև վարում էր շնորհանդեսը, Վ. Անդրեասյանը իր հանդարտության, խաղաղության մեջ ներկայացնում է այսօրվա աշխարհի ցավը, թախիծը, նաև ուրախու­թյունը: «Լինելով հոգևոր աշխարհի ներկայացուցիչ` Տեր Թովմա քահանան անդրադառնում է կյանքի ստվերոտ կողմերին, և նրա մեջ ի հայտ է գալիս կասկածանքը անարդար աշխարհի հանդեպ»,- ասաց Ա. Ավագյանը: Բագրատ Ալեքյանը վստահեցրեց, որ Վ. Անդրեասյանը, իր տեղն ունենալով ընդհանուր գրական հոսքի մեջ, զատվում է բառ ու բանի իր զուգորդումներով: Գրականագետ Հայկ Համբարձումյանը նշեց, որ ծառայությունը եկեղեցուն ոչ թե նախորդում է բանաստեղծությանը, այլ հաջորդում է, այսինքն` բանաստեղծությունն է առաջնորդում հասկանալու այն ընտրությունը, որ կատարել է Տեր Թովման` Վահան Անդրեասյանը: Նա գնահատեց ժողովածուն ոչ միայն բովանդակային և պատկերավոր բազմազանու­թյան իմաստով, այլև այն տեսանկյունից, որ գրողի ստեղծագործությունները ցույց են տալիս, թե ինչպես կարելի է պահպանել հոգևոր մաքրությունը, ինչը չկորցնել, ինչը պահպանել ապագայում, ինչով առաջնորդվել և մնալ մարդ: «Իսկապես գիտի խոսքի զորությունը` ասված թե՛ եկեղեցում և թե՛ գրականության մեջ»,- շեշտեց գրականագետը: Ելույթ ունեցան նաև Վարդան Վանատուրը, Տեր Արսեն ավագ քահանան և ուրիշներ: Գրքից բանաստեղծություններ կարդացին Սոնա Կոստանյանը, Սաթենիկ Մկրտչյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.