Ջավախքի անդրանիկ պարբերականը / Վահան ՄԱՂԱԼՅԱՆ

Ուղիղ 100 տարի առաջ 1913 թ. հունվարի 12-ը հեռավոր Ջավախքի կենտրոն Ախալքալակում նշանավորվեց պատմամշակութային կարևոր իրադարձու­թյամբ: Ձմեռային այդ ամպամած ու խստաշունչ օրը գավառական փոքրիկ քաղաքում բացվեց բարի ավետիսով ու աշխույժ իրարանցումով: Ձյունածածկ փողոցների խաչմերուկներում ու «խաս բախչայի» շրջակայքում խմբերով հավաքված մարդիկ միմյանց բարևելու փոխարեն աչքալուսանք էին տալիս` իրար պարզելով «Ջավախք» շաբաթաթերթի անդրանիկ համարը: «Ջավախքը» ոչ միայն Վրաստանում, այլև ողջ հայ իրականության մեջ գավառական առաջին թերթերից մեկն էր, որը հիմնադրվել էր նույն լեռնաշխարհի երախտավոր զավակ Վարդան Շահպարոնյանի (1872-1941) կողմից: Ղազարոս Աղայանի ու Հովհ. Թումանյանի կրտսեր բարեկամն ու մտերիմը, Ներսիսյան դպրոցի երբեմնի լավագույն շրջանավարտն իր առջև խնդիր էր դրել հայրենի գավառում վաղուց ի վեր կուտակված հրատապ խնդիրները լուծել մտածված ու գիտական բարձր մակարդակով: «Մենք անում ենք առաջին փորձը հրատարակելու Ախալքալակում պարբերական գրական-հասարակական օրգան` նվիրված գավառի կարիքներին,- գրում էր նա թերթի անդրանիկ համարի առաջնորդողում: – Ոչ դատարկ սնափառությունը և ոչ թեթևամիտ նմանությունը ուրիշներին, ստիպեցին մեզ սկսել այսպիսի մի ծանր և պատասխանատու գործ: Ինքը` բարդացած կյանքը ստեղծում է մի պարբերական օրգանի անհրաժեշտությունը, որը մի կողմից ճիշտ կերպով պիտի պարզե մեր գավառի տնտեսական և կուլտուրական դրությունը, մյուս կողմից՝ ցույց տա այդ դրությունը բարելավելու միջոցները»:
Հետագայում Վ. Շահպարոնյանը մի քանի անգամ ևս ընթերցողներին պարզաբանել է իր հրատարակած թերթի հիմնական խնդիրները: «Մեր թերթը մի ուղղություն ունի, այն է` ծառայել ժողովրդի շահերին և կռվել զանազան գույնի թե՛ նյութականը, թե՛ ֆիզիկականը և թե՛ բարոյականը շահագործող մարդկանց դեմ» (1913 թ., թիվ 26): Լինելով գավառական դեմոկրատիայի ներկայացուցիչ՝ իր թերթով պայքարում էր գյուղաշխարհի տնտեսական ու բարոյական հետամնացության դեմ, գյուղացիությանը պայքարի էր կոչում ո՛չ թե բռնության, այլ կրթության ու լուսավորության զենքով. «Այս տխուր իրականության մեջ դիմում եմ քեզ, հասարակությո՛ւն, սթափվի՛ր քո խոր թմրությունից, նետվի՛ր դեպի քաղաքակիրթ կյանքը: Այդ է պահանջում ժամանակի ոգին: Իսկ եթե դրան հակառակ հույսդ դնես կույր առաջնորդների վրա, նրանք քեզ երբեք չեն հասցնի քաղաքակիրթ ազգերի բարեկեցիկ վիճակին, այլ կթողնեն լուսո ու խավարի կես ճանապարհին» (1913 թ., թիվ 24):
«Ջավախքի» երկրորդ տարեմուտի անդրանիկ համարի «Մեր կոչումը» առաջնորդողում խմբագիրը կրկին բացահայտում էր թերթի նոր անելիքներն ու ծրագրերը: Նա մի փոքր խիստ ու ընդ­գծված գույներով, բայց և սրտի ցավով է ներկայացնում ժամանակի գավառահայ (և ոչ միայն) իրականությունը: «Հունձը շատ է, բայց մշակը՝ քիչ: Մենք հարուստ ենք տգիտությամբ, մեծամտությամբ, փառասիրությամբ: Խավարն է մեր ընկերը, աղքատությունն է մեր տնտեսականը, աղքատ է մեր հոգին… Թշվառ է մեր գյուղացին, ամուլ է մեր ծննդավայրը, խոպան ու ժայռոտ է մեր լեռ ու դաշտը»: «Բայց ի՞նչ ենք անում մենք՝ գիտակից հասարակությունս, մենք՝ գիտակից հարուստներս, մենք՝ պոռոտախոս, մոլի փիլիսոփա-գիտնական կարծող փոքրիկ մեծություններս, մեր եսին, մեր կրքին կեր գնացած սնափառներս»,- հարցնում է հեղինակն, ու անմիջապես հետևում է պատասխանը՝ «ոչինչ ու ոչինչ»: «Ի՞նչ է եղել մեր ձգտումը,- շարունակում է նա,- միայն ու միայն ֆրազներով, չհասկացված ու չմարսված բարձր մտքերով թոզ փչել տգետ ամբոխի աչքին և վաստակել թոշնոմած դափնիներ… Գործ չկատարել, միայն գրել ու գրել, զանազան փաստաթղթեր թողնել, որպեսզի ոչինչ չարած՝ անմահանանք մեր ապագա սերնդի առաջ, որպեսզի ապագայի անգիտակ պատմիչը, երբ պրպտի մեր արխիվները, այնտեղ գտնի մեր անփառունակ խոսքի հերոսի անունը»: «Եվ այժմ մենք՝ հոգով աղքատ խեղճերս, ինքնաբավական մեր դիրքով, պաշտոնով, մեր շքանշաններով, մեր լրագրերի կամ արձանագրությունների մեջ փառավորված անունով՝ հանգիստ ննջում ենք տգիտության օրորներով» (1914 թ., թիվ 1, էջ 3): «Դրա համար էլ խեղճ է մեր դպրոցը,- եզրակացնում է հեղինակը,- խեղճ է մեր բարեգործական ընկերությունը… Խեղճ է մեր ամեն մի հասարակական գործ, իսկ մենք էլ զբաղված ենք միայն ու միայն մեր առօրյա անասնական պահանջներով: Ահա թե կատարելու ինչ գործեր կան առաջիկայում, ահա թե ինչ է «Ջավախքի» կոչումը: Եվ մենք, որքան էլ մեր ուժը պատի, պիտի կռվենք մեր ամենամեծ թշնամի չարիքի, այն է՝ համատարած խավարի ու տգիտության դեմ» (նույն տեղում):
«Ջավախքի» հրապարակ իջնելը երևույթ է դառնում գավառի տնտեսական, հասարակական-քաղաքական ու գրական-մշակութային կյանքում: Առաջին իսկ համարից հրատարակվում էր որպես գրական-հասարակական շաբաթաթերթ, որը շուտով դառնում է մարդկանց միտքը շարժող, հոգին կրթող հրապարակային մի ամբիոն: Նրա երևան գալը մեծ ոգևորությամբ են ընդունում Արսեն քահ. Բլրցյանը, Վ. Կերյանի ավագ եղբայր, նշանավոր գյուղագիր Ջավախեցին (Ղազարոս Տեր-Գրիգորյան) և շատ ուրիշներ: Նրա մասին դրվատանքի խոսքեր են գրում Թիֆլիսի և Բաքվի թերթերը, առանձին նյութեր արտատպվում են հանրապետական մամուլի էջերում: Այդ նյութերում հույս է հայտնվում, որ թերթը կդառնա մի «խարազան՝ Ջավախքի ցավերը խարազանող» և «բազմաթիվ վերքերին սպեղանի դնող» մի բալասան:
«Ջավախքը» ասպարեզ է իջել որպես շաբաթաթերթ և առաջին տարում տպագրվել է 39 համար: Սակայն երկրորդ տարվա սկզբից մինչև փակվելը եղել է երկշաբաթյա: Նրա հրատարակությունը, իր սուր ելույթների համար, ցարական իշխանությունների կողմից մի քանի անգամ դադարեցվել է, համարները՝ բռնագրավվել, իսկ 1915 թ. սկզբից ութ ամիս այն լույս չի տեսել, որից հետո կրկին վերականգնվել է, իսկ 1916-ին 6 համար տպագրելուց հետո ընդմիշտ փակվել: Իր գոյության շուրջ 4 տարիների ընթացքում տպագրվել է ընդամենը 69 համար:
«Ջավախքը» լույս էր տեսնում նկարազարդ, հարուստ ու բազմաբովանդակ նյութերով, ուներ «Գավառ», «Տեղական կյանք», «Մամուլ», «Բանասիրական», «Հայկական հարց», «Բալկանյան պատերազմ», «Ֆելիետոն», «Նամակ խմբագրությանը», «Վերջին լուրեր» հիմնական բաժինները: Դրանց տակ զետեղված նյութերում քննարկվել են գավառի լուսավորության, սոցիալ-տնտեսական ու կրոնաբարոյական բազմաթիվ խնդիրներ: Թերթը, վեր կանգնած լինելով կուսակցական նեղ մտայնություններից, քննարկել է նաև համազգային հարցեր, անդրադարձել միջազգային նշանակություն ունեցող շատ խնդիրների:
Այս ամենով հանդերձ, «Ջավախքի» գործունեության կարևոր ոլորտներն են եղել լուսավորության տարածումը, գրականության ու արվեստի նվաճումների քարոզումը, կրթական գործի բարելավումն ու անգրագիտության վերացումը գավառում, ակումբների, գրադարանների ու մշակութային օջախների ստեղծումը հեռավոր գյուղերում, արծարծել է սոցիալ-տնտեսական խնդիրներ, կռվել հետամնացության ու խավարամոլության դեմ: Տպագրել է պատմաբանասիրական, տնտեսագիտական, մանկավարժական, բարոյախոսական, առողջապահական բնույթի հոդվածներ, ակնարկներ, գրախոսություններ, նամակներ, գեղարվեստական ինքնուրույն ստեղծագործություններ ու թարգմանու­թյուններ: Թերթը տպագրել է նաև գրական-գեղարվեստական հավելվածներ, որոնցից են Հովհ. Մալխասյանի «Ջավախքի երազը» (1913 թ.), «Լևոնի դատը», «Կեանքի ճամբին» (1914 թ.) և այլն: Նրա ուշադրության կենտրոնում են եղել նաև գավառի թատերական ներկայացումների արմատավորման հարցերը, ընթերցողներին ծանոթացրել է հայ թատրոնի նվաճումներին՝ «Թատրոն» մշտական խորագրի տակ տպագրելով բեմական կյանքին վերաբերող բազմաթիվ թղթակցություններ ու լուրեր, ներկայացրել է Ջավախք այցելած նշանավոր դերասանների կյանքն ու գործը, Ախալքալակում հիմնել է թատերասերների ընկերություն: «Ջավախքը» լայնորեն նշել է հայոց գրերի գյուտի 1500 և հայկական տպագրության սկզբնավորման 400-ամյակները, անդրադարձել է Անդրկովկասի ազգային նշանավոր դպրոցների հոբելյաններին, էջեր է նվիրել Ռոմանովների ռուսաց թագավորական տան 300-ամյակի (1613-1913 թթ.) հոբելյանական արարողություններին, մեծարել է հայ դասական գրողներին՝ հոբելյանների առիթներով, լուրեր ու թղթակցություններ է տպագրել Հայաստանից ու Ռուսաստանից, հարևան Ախալցխայի, Բորժոմի, Աբասթումանի, Ծալկայի, Գորիի և այլ հայաբնակ գավառների տնտեսական ու մշակութային կյանքից, մշտական թղթակիցներ ունեցել այդ վայրերում: «Ջավախքն» անդրադարձել է նաև Հայկական հարցին ու Հայոց Մեծ եղեռնին, այդ օրերին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող ողբերգական անցքերին, դատապարտել է Թուրքիայի վարած հայաջինջ քաղաքականությունը Առաջին աշխարհամարտի տարիներին:
«Ջավախքի» էջերում մի շարք հրատապ թեմաների շուրջ բացվել են բանավեճեր, որոնց արդյունքներն ամփոփվել ու տպագրվել են նրանում: Թերթը լուրջ ավանդ ունի նաև գավառի գրական գործիչների ստեղծագործությունները պարբերաբար տպագրելու, ժողովրդական բանահյուսության նմուշները հավաքելու ու մշակելու գործում:
«Ջավախքն» ունեցել է թղթակցական լայն ցանց. նրան աշխատակցել են ժամանակի շատ նշանավոր գրողներ ու մտավորականներ, որոնց թվում՝ Հովհ. Մալխասյանը, Ջավախեցին, Ջալալ Տեր-Գրիգորյանը (Սալլումյան), Մուշեղ Բագրատունին, Վարդան Այվազյանը, Արտաշես Բուդաղյանը, Արամ Չոպանյանցը, Արսեն Բլրցյանը, Հարություն Խաչատրյանը, Աբիսողոմ Տեր-Հակոբյանը և ուրիշներ: Թերթի յուրաքանչյուր համար բացվում է Վ. Շահպարոնյանի գրչին պատկանող առաջնորդող հոդվածով, որոնց մեջ քննարկվում են գավառի անհետաձգելի խնդիրները, իսկ «Բանասիրական» և «Ֆելիետոն» բաժիններում նրա ստորագրությամբ տպագրված ուսումնասիրություններն ու հրապարակումները այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը և ունեն ճանաչողական ու գրական-գեղարվեստական անուրանալի արժեք: «Ջավախքում» տպագրված նյութերի մեծ մասն ասես գրված լինի մեր ժամանակների հուզող խնդիրների մասին: Չնայած «Ջավախքն» ունեցել է կարճատև կյանք, սակայն իր արծարծած հարցերի կարևորությամբ ու քարոզած առաջադիմական գաղափարներով իր արժանի տեղն է գրավում անցյալի հայ մամուլի պատմության մեջ և կազմում է նրա լուսավոր էջերից մեկը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.