ԲՆԱՏՈՒՐ ՁԻՐՔՈՎ ՕԺՏՎԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Սամվել-ՄարգարյանՀիմա շատերն են գրում և այն էլ ամենատարբեր ժանրերով, սակայն բանաստեղծ, արձակագիր ու դրամատուրգ են քչերը: Մեզանում կան գրողներ, որոնք համաքայլ են քաղաքակիրթ աշխարհի ընդհանուր գրական մթնոլորտին, կան գրողներ, որոնք հիանալի յուրացրել են 20-րդ դարի հայ դասականներին և յուրովի հետևում են նրանց, ձայնակցում նրանց, սակայն նրանց ձայնը զատվում է որպես գեղեցիկ համահնչունություն: Ահա այդ բանաստեղծներից մեկն է Սամվել Մարգարյանը, ով ապրում ու ստեղծագործում է հայրենի Երազգավորս գյուղում ու իր մեջ ամբարել է Շիրակ աշխարհի հինավուրց ու լեգենդար նախնիների հիշատակները: Նա հայրենի եզերքի նվիրյալ է, կորած ու կեղեքված, օտարի զավթած սահմանների մեջ խեղդվող հին Հայաստանի հոգեզավակը, ում գրքերը մեծ մասամբ անցյալի պատմական փառքին ուղղված յուրօրինակ ներբողյաններ են: Ուշադիր կարդացել եմ Սամվել Մարգարյանի վերջին երկու ժողովածուները` «Սրբազան լեռնաշխարհ» և «Խաղաղ գետահովիտ, խռով լեռնահովիտ»: Երկրորդ գրքում, որը լույս է տեսել 2013-ին, Մեծ Հայքի լեռները, գետերը, լճերը, քաղաքները, վանքերը շնչավորված հայտնվել են բանաստեղծի տեսադաշտում, այդ դիտակետում է նաև Կիլիկյան Հայաստանը: «Հասնել կատարյալին» բաժնում Սամվել Մարգարյանը քերթվածներ է ձոնում իր գրական ուսուցիչներին` Սայաթ-Նովային, Ավետիք Իսահակյանին, Եղիշե Չարենցին ու Հովհաննես Շիրազին:
«Խաղաղ գետահովիտ, խռով լեռնահովիտ» գրքում վերստին առաջատարը հայրենասիրական մոտիվն է. նրանում եղած բանաստեղծությունների զգալի մասը իսկական քնարական բյուրեղացումներ են, համակող զգացմունքային խոհեր, երաժշտական հաճելի տաղաչափությամբ: Ովքեր եղել են Անիի ավերակներում, Անին դիտել նաև այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքից, ովքեր գիտեն Հայաստանի Անի մայրաքաղաքի անցյալի փառքը, չեն կարող առանց հուզմունքի կարդալ «Այն ափից բուրող ծաղկին» բանաստեղծությունը.
Բաժանում է այս սահմանը, մեզ այս գետն է բաժանում,// Ու գնալով տարեց- տարի մեր կարոտն է թեժանում://…Ես այս ափից, դու այն ափից, անվերջ կանչում ենք իրար,//Տե՛ր, ապավեն եղիր դու մեզ, բացվի՛ր հույսի ճանապարհ:
Բանաստեղծը, ով տեսել է Անիի մայր տաճարը, զգացել Անիի ճարտարապետության վեհաշուքությունը, տառապանքով գիտակցել, թե թուրքական իշխանություններն ինչպես են ջանում ջնջել Անիի հայկական ոգին, դրա համար էլ Անիի մայր տաճարի անունից դիմում է հայ ժողովրդին, իր ժամանակակիցներին` տեր կանգնելու ճարտարապետական այդ հոյակերտ հուշարձանին: Անիի մայր տաճարն անձնավորված աղերսում է մեզ բոլորիս, համայն հայությանը.
Ես` տառապյալ մի մարգարե, որ տեսել է հազար ձյուն,//Կողերիս մեջ դեռ նետեր կան, կրծքիս ունեմ հազար վերք,//Սպառվում են իմ ուժերը, իմ երազն է սպառվում://Խոնարհվում եմ, իմ զավակներ, խոնարհվում եմ, փրկեցե՛ք:
Ինչ-որ առումով Սամվել Մարգարյանը դարձել է Բագրատունյաց թագավորական տոհմի հիշատակի պահպանման կամավորական զինվոր, այդ հիշատակը պահպանվում է թե՛ իր գրչով և թե՛ ստեղծարար գործով: Պատահական չէ, որ հենց նա է մտահղացել իր ծննդավայր Երազգավորս գյուղի մերձակայքում հիմնել Բագրատունյաց թագավորների` Աշոտ Առաջինի, Սմբատ Առաջինի, Աշոտ Երկաթի, Աշոտ Ողորմածի արձանների հուշապուրակը, երախտագիտության զգացմունք արթնացնող կարևոր ձեռնարկ, որը պերճախոս ձևով խոսում է բանաստեղծի ազգանվեր նկարագրի մասին: Նա չի մոռացել նաև մերօրյա հերոսներին և Գյումրու թիվ 19 դպրոցի դիմաց կանգնեցնել է տվել Վազգեն սպարապետի մարմարյա կիսանդրին:
Այսօր Հայաստանի Հանրապետու­թյունը և Արցախի Հանրապետությունը քաղաքական լուրջ խնդիրներ ունեն: Հայոց եղեռնի կազմակերպիչներ Թուրքիան և նրա զինակից Ադրբեջանը աշխարհի մեծ պետություններին վերստին իրենց կամքն են թելադրում և առանց ամոթի զգացման, առանց պատմական փաստերի հետ հաշվի նստելու՝ երազում են վերստին հայոց պետականության վերացումը: Սամ­վել Մարգարյանի այս­- օրինակ հայրենաշունչ քնարը շարունակում է Ռափայել Պատկանյանի և Հովհաննես Շիրազի քնարի խիստ սթափեցնող շեշտադրումը.
Երնե՜կ, թե այս Նոր տարին//Ազատ շընչեր Հայաստան,//Եվ շուրջ Մասիս մեր սարին//Փայլեին արտ-անդաստան:
Բանաստեղծը չի համակերպվում իր փոքրացած, սակայն անցյալը չմոռացած հայրենիքում մի չարագուշակ օր անցյալը մոռանալու անհանդուրժելի փաստի հետ: Ամենատարբեր ձևակերպումներով իր մտքում, իր գրչով վերարթնացնում է անցյալի սրբատեղիները, երախտագիտությամբ լցվում իր նախնիների նկատմամբ.
Յոթը հազար տարի առաջ իմ նախնիք//Այստեղ ապրել ու կերտել են հայրենիք:
Կա մի ճշմարտություն, որ գիտակցում է ամեն մի մտավոր բավարար գիտելիքներ ունեցող հայ. եթե համայն աշխարհում օրենսդրորեն դատապարտվի 1915-ի երիտթուրքերի կազմակերպած և մինչև 1923 թվականը շարունակված հայաջինջ եղեռնը, ապա ինքնին կլուծվի նաև միջազգային ձևով Արցախի անկախության ճանաչումը:
Սամվել Մարգարյանը երազում է նման արդարության հաղթանակը, որը կբերի ոչ թե մարդկային կյանքեր խլող չարագուշակ պատերազմը, այլ համընդհանուր մարդկային բանականությունը` ազդարարելով հարցի խաղաղ լուծումը.
Տիրոջ կամքով, հրամանով շանթահեղ//Պիտի բացվի հայոց ատյանը ահեղ,//Ոչ թե զենքով, պատերազմով, այլ խաղաղ//Կգա հայոց հաղթանակը փառահեղ:
Մշեցի պապի հայրենակարոտ հիշատակները Սամվել Մարգարյանին տարել են Արևմտահայաստան: Այն վայրերը, որոնք պապի երազների աշխարհում էին, ինքը տեսել է իր աչքերով: Հայրենիքը և պապը նույնանում են բանաստեղծի մոտ, հենց այդ արյունակից նախնուն էլ նա նվիրում է անմոռաց տողեր.
Պապս հանգավ, գյուղը սգաց,//Հանգավ ռանչպար մշեցին,//Կռունկները հանդում իջան,//Երկար, տխուր կանչեցին://…Պապս հանգավ, արև թողեց,//Թողեց մասունք ու նշխար,//Ոգին, որպես կապույտ թռչուն,//Սուրաց դեպի Մուշ աշխարհ:
«Խաղաղ գետահովիտ, խռով լեռնահովիտ» ժողովածուում կան մայրական, քրոջական սիրո պատկերներ, հայուհիներին նվիրված հուզաթաթախ ձոներ: Ժողովածուն հարուստ է նաև այլ մոտիվներով ու ավարտվում է «Ներբող իմ քաղաքին» քերթվածով, որը գրվել է Ե.Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» հանճարաշունչ բանաստեղծության զորեղ ներշնչումով:
Սամվել Մարգարյանի բանաստեղծական երկու ժողովածուները նոր սերնդին կապելու են իրենց հայրենիքի անցյալի հետ, միաժամանակ լավատեսությամբ ու կենսասիրությամբ են լցնելու դեպի մեր հայրենիքի գալիքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.