ՂԵՅՍԱՐ ԱՄԻՆՓՈՒՐ

gheysar-aminpour  (13)ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՕՐ*

Անցնող այս օրերում
Ամեն օր
Զգում եմ
Ինչ-որ մեկը
Հառաչում է քամու մեջ

Զգում եմ
Որ Ճամփաների մշուշապատ խորքից
Մի հեռավոր ծանոթ
Ձայնում է ինձ
Նրա ձայնի ծանոթ հնչյունը
Անցումի պես լույսի
Անցումի պես Նորուզի**
Ձայնի պես է
Օրվա գալու
Այն գալիք օրը անխուսափելի

Մի օր երբ կքած անցորդները
Կունենան մի պահ
Որ հպարտ
Բարձրագլուխ լինեն
Եվ տեսնեն երկնքում
Արևին

Մի օր երբ գնացքն այս հին
Կրկնության զուգահեռ անկողնում
Անառիթ կկանգնի մի պահ
Որպեսզի քնաթաթախ աչքերը հոգնած
Լուսամուտի ետևից
Տեսնեն ամպերի պատկերը
Շրջանակում
Եվ ջրի մեջ
Անտառի գծագիրը գլխիվայր

Այդ օրը
Կսկսի
Մտերմիկ ձեռքերի թռիչքը
Ընկերոջ որոնման
Մի օր երբ նոր օրվա թռիչքն է
Մի օր երբ բաց են նամակները
Մի օր երբ նամակի
Նամականիշի ու կնիքի փոխարեն
Ստորագրենք թևը աղավնու

Եվ առաքենք նամակի նման

Փոստային արկղերը
Այդ օրը կդառնան բույնը
Աղավնիների

Մի օր երբ կարճ կլինի ձեռքը խնդրանքի
Մի օր երբ պաղատանքը մեղանչել է
Եվ բնույթը Աստծո
Մայթով անցնող անցորդի ոտքի տակ
Չի քնի
Լրագրի վրա
Եվ չի տեսնի երազը թարմ հացի

Մի օր երբ դռների վրա
Կգրեն պարզ ձեռագրով
«Մուտքը արգելվում է միայն
Վիզը ծռած մարդկանց»
Եվ հպարտ հոգնած ծնկերը
Բացի սիրո ոտքի առաջ
Չի ծանոթանա հողի հետ

Եվ այսօրվա հեքիաթները իրական
Երազ կլինեն ու պատրանք
Եվ հեքիաթների նման հին
Բարի ավարտ կունենան

Օր հորդաբուխ ժպիտի
Շռայլաշուք ժպիտի
Ժպիտ առանց աչքերի խնայման
Այդ օրը
Առանց ժպիտի ակնկալիքի
Օրենքն է բարության
Մի օր երբ բանաստեղծները
Ստիպված չեն լինի
Հանգերի նեղ խցերում
Իրենց ժպիտը վաճառել
Մի օր երբ զգացումի արժեքը
Չեն սակարկի
Ինչպես արժեքը շորի
Այդ օրը
Բանաստեղծության գրքի էջերի միջից
Կթռչեն թիթեռները չորացած
Եվ քունը կհորանջի գնդացիրի բերանում
Եվ զինվորական մաշված կոշիկները
Հին թանգարանների անկյունում
Կքարկապվեն սարդոստայններին

Մի օր երբ թնդանոթները
Երեխաների ձեռքերում
Կլիցքավորվեն քամիով

Մի օր երբ կանաչը դեղին չի լինի
Ծաղիկները իրավունք կունենան
Ծլարձակել ուր որ ցանկանան
Սրտերը իրավունք կունենան
Փշրվել
Որտեղ պահանջ կունենան

Հայելին իրավունք չունենա
Սուտ խոսել աչքերով
Պատը իրավունք չունենա
Աճելու
Առանց լուսամուտների

Այդ օրը
Կարճ կլինեն այգու և դպրոցի պատերը
Միայն մտային մի ցանկապատ
Կցանկապատի եզրագիծը
Հեռու հեռավոր այգու
Որի վրայից կարելի է թռչել
Շատ հեշտորեն

Դպրոցական երեխաների գրպանից
Արևի ծագման օրը
Մի օր երբ այբուբենի կանաչ այգին
Մի օր երբ ջրի արտագրությունը
Հանրային կլինի
Եվ ծովն ու արևը
Չի լինի ոչ մի աչքի արտոնությունը

Մի օր երբ երկինքը
Աստղի կարոտ չի լինի
Մի օր երբ նման օրվա երազանքը
Կարիք չի ունենա փոխաբերության

Ով լավ օրեր որ ճամփին եք
Ով ճամփաներ մշուշում կորած
Ով շարունակական ծանր օրեր
Դուրս եկեք պահերի ետևից

Ով արևոտ օր
Ով Աստծո աչքերի պես կապույտ
Ով գալիք օր
Ով օր նման օրվա
Գալուստդ լուսավոր

Անցնող այս օրերում ամեն օր
Սպասում եմ քո գալստին
Սակայն
Ասա ինձ արդյոք ես ևս
Կամ
Քո գալստյան օրվա մեջ

* Բանաստեղծությունը գրված է առանց կետադրական նշանների:
** Իրանական Նոր տարի:

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶ

Մանկությանս երազներում
Ամեն գիշեր ինչ-որ գնացքի
Սուլոցի արձագանքը
Անցնում է կայարանից

Գնացքի վերջը
Ասես երբեք չի վերջանում
Ասես
Լուսամուտներ ունի հազարից ավելի
Եվ բոլոր լուսամուտներում
Միայն դու ես ձեռք թափահարում

Հետո
Լուսամուտների շրջանակներում
Բոցավառվում է գիշեր
Քամու մեջ ալիքվող քո վարսերի ծխով
Մշուշապատ ճանապարհի ընթացքում
Ծխի մեջ
Ծխի
Ծխի…

ՃԵՐՄԱԿ ՏՈՂԵՐ

Բառ առ բառ
Տող առ տող
Էջ առ էջ
Մաս առ մաս
Ճերմակում են իմ մազերը
Ինչպես տող առ տող
Սևանում են տետրիս էջերը

Ցանկացար համբերությամբ
Մեկ առ մեկ հաշվել
Պայծառ ու ճերմակ թելերը
Ասացի
Քնքշության ձեռքերդ
Կհոգնեն
Ճանապարհի սկզբին
Ասացի
Ուրիշ ելք փնտրիր

Թերթիր տետրը իմ
Կետ առ կետ
Տառ առ տառ
Բառ առ բառ
Տող առ տող
Մազ առ մազ հաշվիր
Իմ բանաստեղծությունների տետրը

ԼԱՐԱԽԱՂԱՑ

Հենվել եմ քամուն
Հասարակածային ձեռնափայտովս
Կանգնել եմ
Երկնքի պարանին
Հանկարծի զույգ անդունդի եզրին
Հանկարծակի ձայնից
Հանկարծակի լռությունից
Իմ ոտքի տակ
Բաց է մնացել
Գահավիժման անդունդի բերանը

Ստիպված
Լռության ձայնով
Մինչև մշտապես
Քայլում եմ
Զույգ անդունդների քավարանի վրա

Իմ ճակատագիրը երգելն է

Պարսկերենից թարգմ.
ԷԴ. ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.